Friday, 2024-04-26, 7:26 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  November 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2010 » November » 21 » ԿԱՐԼ ԲԱԼՄԵՐ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
9:12 PM
ԿԱՐԼ ԲԱԼՄԵՐ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
Ոմն Կարլ Բալմերի մի գրվածքի առիթով
 
Փա'ռք Տիրոջը, ժամանակի տվիչին:
Ընթերցեցի մեր հայ մտավորականության բազմաքանքար սերուցքի անինքնակամ վտարանդի ներկայացուցիչներից մեկի` Կարեն մակնավանյալ Սվասյանի հերթական թարգմանությունը և նույնի հույժ խորաթափանց վերջընթեր մեկնաբանությունը շվեյցարացի իմաստնասեր ոմն Կարլ Բալմերի ստեղծագործության մասին:
Տվյալ դեպքում ոչ Կարեն Սվասյանը և ոչ իսկ խորագրում հիշատակված Կարլ Բալմերը կապ չունեն ստորև շարադրվելիք նյութի հետ, այստեղ կարևորն այն է, որ հայոց մեջ դեռ կան մարդիկ ու անուններ, որոնք դեռ հավատում են հոգեմտավոր մշակույթի աներևույթ ներկայությանը մեր մեջ, հանգամանք, որ վաղուց անտի ոչ ևս է մեր առօրեական նիստուկացի, վարքուբարքի, խոսքուզրույցի մեջ:
Խոսքիս ծեքծեքուն, հնադրոշմ ոճավորումը բնավ ինքնանպատակ չէ և ոչ իսկ ասելիքը քողարկելուն կամ սքողելուն միտված ճարտասանական հնարանք, այլև ժամանակների փոխներթափանցման, հարակրկնության պարբերականությունն հավաստող առհավատչյա:
Ասելիքիս նպատակը ոչ բնավ մեր հասարակությանը օտարոտի ու քաջանհայտ շվեյցարացու հոգեմտավոր ներաշխարհի ներկայացումն է ազգիս համակած հասարակապետական տուրևառությունների համապատկերում, որքան որ մեր ինքնակամ վտարանդի համերկրացու հականե հանվանե հիշատակությունը` անանցյալ անցյալի համաբանությամբ այլևս հիմնահատակ եղած մերօրյա աններկա ներկայի տարեգրության մեջ:
 
Եվ այսպես, ընթերցվածքից մեջս հարց առաջացավ. ո՞րն է մեր ազգին պատուհասած անիմաստասեր վարքուբարքի բանիբուն պատճառը: Ասես թե Ղարաբաղյան պատերազմը չի եղել: Մեր ազգը չունի համակարգ: Ունի բարոյագիտական պատկերացումներ, բայց ո'չ բարոյականություն: Ունի գեղեցիկի ուրույն, հաճախ նաև սուր զգացողություն, բայց ո'չ դրանով առաջնորդվելու անհրաժեշտության գիտակցում: Ունի արդարության ձգտում, բայց ո'չ հանուն արդարության տևական պայքարի կամք: Ունի ազատության երազային պատրանք, բայց ո'չ այն կյանքով լցնելու հրամայական պահանջի գիտակցություն: Ունի հատկանիշներ, բայց չունի դրանց իրացման նպատակային ծրագիր: Ունի զոհի հոգեբանություն, բայց ո'չ ինքնազոհաբերման վերանձնական գաղափար: Ունի կրոն, բայց ո'չ անանձնական հավատ, … սեփական ուժերի հանդեպ: Կարոտ է ներանձնական կամ միջանձնական շփումների, բայց անպատրաստ է անհատույց ինքնանվիրաբերման: Ունի հատկություններ, բայց չի տիրապետում դրանց կիրարկման հնարավորությունը:
 
Մեր ազգը նյութ է` առանց ձևի: Ձևավորվելու հակումը դեռևս չի վերածվել շարժման, դեռևս չի հասել հոգեմտավոր այն սահմանին, որից անդին սկիզբ է առնում ՙնյութահալած շարժունակ ձևակազմության՚ անձեռակերտ, անարարչագործ բաղադրիչը` կյանքի իմաստից վեր կանգնելու անանձնականության ձգտումը: Մեր ազգը չունի պատմություն. ունի պատմական հիշատակներ, բայց ո'չ պատմական հիշողություն: Չկա կամ չեղածի հաշիվ է բանախոհական այն ներուժը, որը տրամաբանության ուժով կամ աստվածային զորությամբ ի զորու կլինի պատմական ցաքուցրիվ հիշատակները շարակարգելու իրադարձությունների պարզագույն, մեխանիկական գումարից վեր կանգնած համընդգրկուն պատմափիլիսոփայական շղթայական հանգույցի մեջ: Ունի վեհ ձգտումներ, երազանքներ, բայց չունի դրանց իրականացման ամբողջական կամք ու գիտակցություն:
Ամեն ինչ առինքնելու, սեփականելու, հայացնելու, հայեցիացնելու անգիտակից մոլուցքը ձևախեղել է հայապահպանության, սեփական ինքնության անտեղիտալի ատաղձը կազմող հանրային բարեկեցության առաջնությունն ընդունելու, սեփական եսը հանրային շահին ստորադասելու պարտադիր պայմանը, որից միայն յուրաքանչյուրը կարող է շահել:
Views: 653 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: