Saturday, 2024-04-20, 0:46 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԲՆԱԶԱՆՑԱԿԱՆՔ

DaliԲՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՄԵՏԱՖԻԶԻԿԱՅԻ
 
ՄՈՒԶԻԼ ԵՎ ԳՅՈՒՐՋԻԵՎ
 
Աշխարհաճանաչողական գործընթացում մետաֆիզիկայից անցումը ճանաչողական այլ գիտանքների համակարգին բացատրելի է մետաֆիզիկ մտածողության սահմանափակությամբ և դրանից բխող` բնության մեջ հակակշռող-համակշռող սկզբունքի խաթարմամբ, կատարյալ հավասարակշռության հիմնանպատակից շեղման հանգամանքով, որի վերականգնման համար ասպարեզ է նետվում բռնությունը` որպես սիրո և ազատության միջակայքում տնկված, երկրային կյանքի` հոգսերի, բնազդային պոռթկումների և գաղափարների այդ եռամասնյա միախառնուրդն ուղղորդելու կոչված այլևս անբեկանելի գործնական մեխանիզմ: Այս գործողության ներդրմամբ մարդս ավելի հեռու է նետվում իր նախասկզբնական տիեզերական կարգավիճակից: Բնազանցական մտածողությունը որպես երևակայական ճշգրտության վերհանմանը միտված համադրող կառույց, փորձում է վերառել  արարչագործությամբ բաժանված, տարակայացված մարդ-տիեզերք հարաբերակցությունը, նպատակ ունենալով միացնել, համադրել դրանք: Հենց այստեղ էլ թաքնված է Բնազանցական Աստվածը, թաքչատեսական, խորհրդավոր մի էություն, որը հենց աշխարհային կարգն է, բայց ոչ իբրև տրվածություն, այլ իբրև մշտապես և ամենուրեք ինքնադրսևորվող գործունեություն:
 
Մենք` մարդիկս, գիտենք, թե որքան սահմանափակ է մեր ճանաչողության շրջանակը` մեր հետաքրքրությունների շրջանակի համեմատությամբ: Մենք տարբերակում ենք լոկ միստիքական հետաքրքրությունը, քանի որ նրանց երկուսի առարկան էլ մետաֆիզիկականն է, և քանի որ երկուսի ձգտումն էլ ճանաչողությունն է, մինչդեռ բնազանցական գիտելիքի համար մենք սոսկ մարդկային վերակրթության խնդիր ենք դնում: Գրող-փիլիսոփաներ Մետերլինկը, Էմերսոնը, Նիցշեն տրանսցենդենտալի` այնկողմնայինի վերացարկման պարագայում միստիկներ են, բայց նաև ՙկյանքի փիլիսոփայության՚ հիմնադիր Վիլհելմ Դիլթայը, պոզիտիվիստ Իպոլիտ Տենը... այդպիսով նրանք բոլորը պատկանում են բնազանցության շրջանակին, մի բնագավառ, ուր հանգրվանում է կրոնի մարդկային չափումը:
 
Մենք կանգնած ենք հոգևոր գործունեության ոլորտների նոր վերաբաժանման շեմին: Դրանք երկու խմբի են պատկանում, գործունեության ոլորտներ, որ ճանաչողությանն են ուղղված և այնպիսիք, որ մարդկանց վերակրթման խնդիր են դրել: Եվ հենց այստեղ է, որ պոզիտիվիստների հորինաստեղծած զգայական կոմպլեքսները պայքար են մղում իրենց տիրապետության հաստատման համար:
 
ՙԳերմանացի մարդը որպես հայտանիշ՚ էսսեում Մուզիլը մետաֆիզիկան սահմանում է որպես ապերցեպտոր` ընկալուչ մեծություն, որպես չափազանց բարձր զգայականություն կամ գերզգայականություն: Այս առումով, ՙՍովորական, միջին մարդը շատ ավելի կրքոտ մետաֆիզիկ է, քան որ նա խոստովանում է...՚: ՙՓոխանակ իր զգացմունքը խորացնելու ... մարդս ձգտում է մետաֆիզիտորեն իրեն նշանակալի դարձնել, ազնվականացնել: …Մարդս պետք է ինչ-որ կերպ գլուխ հանի, համակերպվի իրեն շրջապատող աշխարհի հետ: Սա' է մետաֆիզիկական վարկի, հավատամքի ֆենոմենը՚: Ընդսմին` տիեզերականը, մետաֆիզիկականը հենց է’ անսովորն ու անձնականը: Շրջանի մեջ տեսանվող անցքը ինքնին մետաֆիզիկական է, քանի որ դա հենց այն անսովորն է, որ միայն անձնական պրիզմայով է նկատելի դառնում:
 
Ի տարբերություն սովորական, միջին մարդու, ստեղծագործող մարդիկ, ըստ Մուզիլի, ՙմետաֆիզիկորեն անհանգիստ են, իրականությունն արհամարող, հակաիդեալիստ: Ողջ տրամաբանությունը և իմաստնությունը ընկած է ոչ թե շատ իմացության մեջ, մետաֆիզիկական տրակտատի կամ աստվածաբանական գիտությունների ամբողջականության մեջ, այլ սոնետում կամ թատերախաղի մեջ` անակնկալ ... հուզիչ ... սովորականության շղթաները կազմաքանդող՚: Ստեղծագործող մարդկանց մեջ մետաֆիզիկական հավատն, ըստ էության, մարդակենտրոն է և, այդ առումով, ո'չ ամբողջապես մետաֆիզիկական, քանի որ ստեղծագործողը ներշնչված է ավելի շուտ տեսական-բարոյական խնդիրներով, և հակված չէ դեպի ապրիորի ճանաչողությունը: Նրա ողջ ստեղծագործությունը կարելի է ՙլրագրողական-մետաֆիզիկական փաստագրություն համարել, ինչպես Շպենգլերի պարագան է... Գաղափարախոսության բացակայությունը և պրակտիկ կյանքի ճանաչողության պակասը ժամանակ առ ժամանակ բերում են պայթյունների, մետաֆիզիկական կրախի՚: Այստեղից էլ Մուզիլի հիպոթետիկ եզրակացությունը. ՙՉի’ կարող որևէ կասկած լինել, որ մենք փաստագրական գիտությունների միջոցով հնագույն մետաֆիզիկական կարդինալ հարցերի առնչությամբ նոր հայեցակարգեր ենք զարգացնելու՚:
 
Տիեզերական կարգի բացատրության և մարդու ճակատագրի ընկալման մետաֆիզիկային հակադրվող պատաֆիզիկական և միստիքական աշխարհընկալումներին զուգահեռաբար Մուզիլը ոտք է կոխում նաև թաքչատեսական ուսմունքների ընձեռած ճանաչողական հնարավորությունների ոլորտը: Ուսումնասիրողներից ոմանք Մուզիլի ՙՄարդն առանց հատկությունների՚ վեպը համարում են 20-րդ դարի ամենանշանավոր էզոտերիկ` բնազանցական երկը, գլխավորապես նկատի ունենալով նաև նրանում արտահայտված, միստիքական քողով շղարշապատված, ասոցիալական ուղղվածությունը, այն, որ գրողն ասես վերջնականապես իր վիպական պատումից դուրս է մղել նրա հասարակական բովանդակությունը: Այստեղ առաջին հերթին նկատի է առնվում վեպի երկրորդ` ՙԴեպի հազարամյա թագավորությունը՚ մասի գաղափարական ուղղվածությունը: Վեպի այս երրորդ մասն, իրոք, իր էական գծերով սահմանակցում է միայն առանձնաշնորհյալներին տեսանելի գաղտնի ուսմունքների` էզոտերիկայի բնութագրական նյութին:  Այստեղ, ինչպես և ավելի վաղ` 1911 թ. լույս ընծայած ՙԽոնարհ Վերոնիկայի գայթակղությունը՚ նովելում, միստիքականից սահուն անցում է կատարվում դեպի աշխարհընկալման թաքչատեսական կառույցը. Կրոնը այլևս մեռած է: Արվեստը և գիտությունը էզոտերիկ երևույթեր են, որոնք ձգտում են մարդկանց հետ շփման մեջ մտնել` իրենց թաքչատեսական, բնազանցական, աշխարհի հետ հաշիվները փակած, պոստմոդեռնիզմի տերմինաբանությամբ ասած` դիսկուրսի միջոցով: Վերոնիկայի և Յոհաննեսի, ինչպես և Ուլրիխի և Ագաթեի` քույր-եղբոր սերը, որ պատկերվում է այլ կացության կառույցի մեջ, պետք է համապատասխանի ՙթիթեռնիկի լեզվին՚, սոցիալական կյանքը, նույնպես և սեքսուալության, ցանկասիրական տեսլականը նրանում վերառված են ի սկզբանէ, սիրային զբաղմունքի հաղթահարումն արտահայտվում է սիրախաղի մասնակիցների, քույր-եղբայր փոխհարաբերությունների էզոտերիկ իմաստավորման միջոցով: Այս առնչությամբ Մուզիլը ՙԺառանգության՚ մեջ գրում է. ՙՄեդիտացիան մարդուս ազատ է արձակում բանական կյանքի պատկերացումներից` թույլ տալու համար տիեզերական բանականության ազատորեն ներխուժումն այնտեղ: Այս օրենքին անձնատուր` սովորական կամ վերջավոր գիտակցությունից վերանալով, ծածուկ հաղորդակցվում ես տիեզերական գիտակցությունը՚: Այստեղ ՙԶգացումների հերթագայությունը կարգավորվում է հուզագրգռությունների միջոցով, իսկ պատկերացումների ու հասկացությունների հերթափոխությունը` համաբանության օրենքների միջոցով... Երբ երկու զգացումներ միաժամանակյա կամ անմիջական հերթագայության մեջ են գտնվում գիտակցության մեջ, նրանցից յուրաքանչյուրը, երբ նրանք որպես զգացում կամ պատկերացում են հանդես գալիս, միտում ունեն գիտակցության մեջ նաև ուրիշներն արթնացնել՚: ՙՄԱՀ՚-ը վեպի նախնական տարբերակներից մեկում, երբ գլխավոր հերոս Ուլրիխը հանդես էր գալիս դեռևս Անդերս` ՙուրիշը՚ ծրագրային անվամբ, ՙԺառանգության՚ մեջ Մուզիլը նկատում է. ՙՄարդս իրեն որպես անձնավորություն է զգում տիեզերական կարգավորման միջոցով: Իռացիոնալի մեջ արմատավորված է կյանքի ներքին անվտանգությունը: ...Օկկուլտիզմը մատերիալիստական փորձ է, միայն թե` մատերիայի մեկ այլ հասկացության հիմքի վրա:
 
Ապացուցողական ցանկությունը ռացիոնալիզմի ճյուղին է պատկանում:  Ըստ Մուզիլի` այդ էզոտերիկ հայեցողության մեջ ի սկզբանէ վերառված է ողջ կրոնականն ու տիեզերականը, նա, ով միայն տրամաբանական և հոգեբանական հաշվարկներով է առաջնորդվում, երբեք չի հասկանա, որ հաշվեկշռված, հաշվարկելի բանականությունից անդին ապրում է հոգու թագավորությունը: Խորապես գիտակցելով և հստակորեն սահմանազատելով խորհրդավորի, բնազանցականի և թաքչատեսության ճանաչողական նշանակությունը, Մուզիլը գտնում էր, որ մարդկային կյանքը գոյավորող և ուղղորդող ՙՏիեզերական ծուխը երեք առանձնահատուկ ձևեր ունի. ա. հերոսականը, բ. ցանկասիրականը, գ. մոգականը՚: Մեկնաբանության մեջ նա հատկապես շեշտադրում է մոգականի` էզոտերիկ գիտելիքի աշխարհաճանաչողական նշանակությունը, ճիշտ է` թեկուզ և առանձնաշնորհյալներին հասանելի, քանի որ վերջինս, փորձառության գերզգայական ձևի փոխանցման միջոցով, միջնորդավորված կապ է հաստատում տվյալ ճանաչողական ձևին անհաղորդակից մարդկային պարզ հոգիների և տիեզերական կարգի պահապաններից այս մի կարևորագույն գործառնության միջև:
 
Այս կետում մուզիլյան ճանաչողական ձգտումը առնչակցվում է ժամանակին ասպարեզ իջած էզոտերիկ ուսմունքների, մասնավորապես Գեորգի Գյուրջիևի (1877-1949թթ.) նշանավոր ՙՉորրորդ ուղու՚ թաքչատեսական գաղափարների աշխարհի հետ: Իրական և տիեզերական իմացությանն հետամուտ երկու մտածողների համառ ու անխոնջ որոնումների պատմությունը, դավանած գաղափարները իրենց բարձրակետում մի պահ միայն, սակայն տևական ժամանակով, ասես խաչվում են ու միահյուսվում: Գյուրջիևյան գաղափարները, որ արտահայտություն ու զարգացում են ստացել նրա ՙՈղջը և ամենը՚ ընդհանուր խորագիրը կրող երկաշարում, գլխավորագույն նպատակ էին հետապնդում պայմաններ ստեղծելու այն փորձառության համար, որի միջոցով իմացությունն ի զորու կլինի հառնելու իր մեռյալ վիճակից և հնարավորինս լիակատար ձևով կենդանանալու: Ընդսմին` դրան հասնելու համար առաջին գրքում Գյուրջիևը, իր բառերով ասած, իր առաջ ՙնպատակ էր դրել ամենաանխնա կերպով ջախջախելու մարդուս մտավոր ու զգացական մարզերում դարերի ընթացքում արմատացած հավատալիքներն ու պատկերացումները` ձգտելով ընթերցողի ուղեղում վերարթնացնելու անսովոր մտքերի շիթը՚:
 
Երկրորդում` նրա հետապնդած գլխավորագույն նպատակն էր ՙցուցանելու այն նյութը, որ աշխարհի նորովի ու ստեղծագործ ընկալման պահանջ էր դնում՚, երրորդ և չորրորդ գրքերում նրա ձգտումն էր` ՙօժանդակել մարդուս մտքում ու զգացմունքների մարզում իրական աշխարհի վերհանմանը, փոխանակ պատրանքային աշխարհի, որը նա այժմ ընկալում է՚:
 
Մուզիլի և Գյուրջիևի համար ընդհանուր կարելի է համար հայացքի ուղղվածությունը. Մուզիլի դեպքում` գիտելիքի ձեռքբերումը վիվիսեկցիա է. ՙԱյսպիսով` գիտելիքն այլ բան չէ, քան օտար մի բանի յուրացում. մարդս այն սպանում է, պատառոտում և մարսում, ինչպես կենդանին: Հասկացությունը` անշարժ դարձած սպանվածն է: Համոզմունքը` այլևս անպատասխանատու, սառած հարաբերակցությունը՚: Գյուրջիևի պարագայում` նույն գաղափարն արտահայտվում է անկողմնակալ դիտարկողի կամ հետազոտողի կերպարով: Ընդսմին` Գյուրջիևի անկողմնակալ դիտարկողի կամ ներքին մարդու դատողականության համար բնութագրական է, որ, կյանքը դիտարկող մուզիլյան գիտնական-հետազոտողի համաբանությամբ, այն իրականացվում է կանխակալ դատողություններից զերծ, առանց սեփական շահի և ինքնասիրության միջամտության: Մուզիլը, ասես գյուրջիևյան դիտարկումի զուգաբանությամբ, իրարից հստակորեն տարբերակում է ներքին և արտաքին մարդուն, իր հերթին նշելով, որ շատուշատ սովորական մարդկանց կամ արտաքին մարդկանց չի հաջողվում նմանօրինակ դատողականություն հանդես բերել: Իրերի ոգու նրանց տեսանումը հաճախ աղավաղվում-աղճատվում է ուժգին հուզագրգռությունների պատճառով, որոնք առաջ են գալիս, օրինակ, ինքնասիրության, նախանձի ու ատելության միջոցով:
 
Մուզիլն ու Գյուրջիևը բազմիցս անդրադառնում են ակնհայտորեն և սիստեմատիկորեն անսիստեմատիկ գործող, սեփական ստրկությունից ազատագրվել ձգտող մարդկանց որոշումների կայացման, գիտելիքի կուտակման խնդրին և վերջինիս վրա անհատականությունից կախված ազդեցության գործոններին: Էզոտերիկ ուսմունքներում, մասնավորապես` Գյուրջիևի պարագայում, հույզերը, զգացմունքները, բնազդները, ըստ էության կազմում են ռացիոնալի բաղկացուցիչները: Նույնն է նաև Մուզիլի վեպում, ուր ասվում է. ՙԳիտելիքը մի գործելակերպ է, վարվեցողություն, կիրք: Քանի որ` ինչպես հարբեցողության կիրքը, սեռական կիրքը և բռնության կիրքը, այդպես էլ` գիտելիք կուտակելու հարկադրանքը մի այնպիսի հատկություն ունի, որը դուրս է հավասարակշռության վիճակից: Ճիշտ չէ, որ հետազոտողը հետապնդում կամ դարանակալում է ճշմարտությանը, ճշմարտությունն ինքն է դարանակալում հետազոտողին: Վերջինս տառապանքով է ձեռք բերում գիտելիքը՚: