Thursday, 2024-03-28, 1:21 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  March 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ՊԱՏԱՖԻԶԻԿԱ


 ՊԱՏԱՖՒԶՒԿԱՆ ՈՐՊԵՍ ՈՒՂՒՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Վիան1Երկրիս երեսին միայն Պատաֆիզիկայի դպրոցն է,
որ աշխարհը փրկելու նպատակներ իր առջև չի դնում: 


Ես դեռ նոր էի ծաղկում, նոր-նոր բարգավաճում,
Երբ թռչնակը գունատ, խեղճ ու ղունղունացող,
Ձիթենու ճյուղն առած կտուցի մեջ իր կոր
Դեպի այնտեղ, դեպի Հայաստան էր թռչում:

 
Բորիս Վիան
<Բառախաղի ինքնապաշտպանությունը> քերթվածից



Այսպես Մեծն Պատաֆիզիկը ամենայն միանշանակությամբ մատնացույց է անում իր արվեստի նախա-նախամեկնակետն ազդարարող առասպելական ժամանակների բուն իսկ նախատեղին` ՙբիբլիական՚ Հայաստանը: Իսկ ՙՊատաֆիզիկ դոկտոր Ֆաուստրոլի սխրագործություններն ու հայացքները՚ ոչ նվազահռչակ վեպի հեղինակ, պատաֆիզիկայի հայր Ալֆրեդ Ժարրին (1873-1907 թթ.) իր դավանած գիտակերպ ռացիոնալ ուսմունքի ակունքներում տեսնում է ՙմարդու աստվածացման ու աստծո մարդեղացման՚ շուրջ գոյաբանական զրույցների նստած Իբիկրատես Երկրաչափին և ՙնրա աստվածային ուսուցիչ Սոֆրոտատես Հային՚: Չարագուշակ թե բարեպատեհ մի համընկնումով այդ Սոֆրոտատես Հայի ծնունդը թվագրված է պատաֆիզիկական օրացույցի սեպտեմբերի 21-ին: Ասել է թե` Հայաստանի զույգ ծնունդները` աստվածաշնչյան և նորագույն-անկախական, դաջված են պատաֆիզիկայի դպրոցի բնազանցական կառույցի ոգեղեն հիմնապատին...

պատեհ ֆիզիկա
Ի՞նչ է և հատկապես ինչպիսի՞ ինչ է պատաֆիզիկան 

Պատաֆիզիկան գիտակերպ իռացիոնալ ուսմունք է, որ հավատարմագրված չէ երկրիս երեսին գոյության իրավունք նվաճած այլազան գիտանքների համակարգում: Պատաֆիզիկա եզրաբառն իսկ ծագում է երևակայածին հունարեն հյուպատաֆիզիկա նախածանցավոր բառակազմությունից, որ նշանակում է` ֆիզիկայից, բնությունից բարձր կամ առաջ (մետաֆիզիկայի հակահամաբանությամբ), այլ խոսքով` վերբնական, գերբնական կամ մինչբնական: Պատաֆիզիկան իր մի էական մասով ուսումնասիրում է ՙբանի մարմնեղացման՚ արարչագործական, նախաստեղծ իմաստները: Այն գիտություն է աշխարհի մետաֆիզիկական ընկալումից անդին, որ է թե` ասդին ընկած, նրա կողքին գոյություն ունեցող, սակայն հանիրավի կամ հանգամանքների բերումով անտեսված զուգաշխարհի մասին, որը սակայն, ըստ հարկի և պատշաճի տիրապետող գործածականության դաշտ ունի մեր ամենօրյա կյանքում, խոսքում ու գործողություններում:

Պատաֆիզիկայի տարրերը 

Այն, ինչը հավելադրվում է որևէ ֆենոմենի (կամ հայկաբան ձևակերպմամբ` երևույթի), կոչվում է էպիֆենոմեն: Պատաֆիզիկան, որի ստուգաբանական իմաստը պետք է արտահայտվեր այդ նույն epi /վերա/ նախածանցով և որի իրական ուղղագրությունը պիտի լիներ 'պատաֆիզիկա, պարտադիր նախորդված ապաթարցով (պարզագույն բառախաղից խուսափելու նպատակով), գիտություն է այն մասին, ինչը հավելադրվում է մետաֆիզիկային, լինի հենց նրա մեջ, թե նրանից դուրս, տարածվելով մետաֆիզիկայից նույնքան անդին, որքան որ վերջինս է հեռու ընկած ֆիզիկայից: Այսու, քանի որ էպիֆենոմենը հաճախ պատահականության դրոշմն է իր վրա կրում, ուստի պատաֆիզիկան ամենից առաջ գիտություն է մասնավորի, բացառիկի մասին, հակառակ ընդունված կարծիքի, թե գիտությունը միայն համընդհանուրին է վերաբերում: Պատաֆիզիկան ուսումնասիրում է օրենքները, որոնք կառավարում են բացառությունները և բացատրում է աշխարհը` վերջինիս լրացման իմաստով: Կամ, եթե նվազ հավակնոտություն հանդես բերելու լինենք` նկարագրում է աշխարհը, որը հնարավոր է և կարելի է որ պե'տք է տեսանելի լինի ավանդականի փոխարեն, մանավանդ որ օրենքները, որ կարծվում է, թե հայտնագործվել են ավանդական աշխարհում, նույնպես բացառությունների հարաբերակցության մեջ են գտնվում, թեկուզև ավելի հաճախակի հանդիպող, բայց ամեն դեպքում պատահական փաստերի հավաքական գումար են, որ սղվելով վերածվել են նվազ բացառիկ բացառությունների, զերծ մնալով անգամ եզակիության դույզն-ինչ արժանիքից:

Վիան ստոպ
Պատաֆիզիկայի սահմանումը 

Պատաֆիզիկան գիտություն է երևակայական լուծումների մասին, որոնք խորհրդանշական կերպով հատկացվելու պես վերագրվում են իրենց երևակայական հնարավորության մեջ նկարագրվող առարկաների հատկանիշների տարբերակիչ գծերին: Մյուս կողմից` պատաֆիզիկայի նպատակներից է նաև այդ երևակայական լուծումների ծառայեցումը կյանքի գործնական խնդիրներին:


Ուբու

Պատաֆիզիկան` կրոնական գիտակցություն

Ուբու արքայի, 
որ է` Հայր Ուբու, 
միակ ճշմարտացի 
եւ հավաստյավ վավերական լուսանկարը 
...այժմ եւ միշտ եւ 
յաւիտեանս 
յաւիտենից 
ամէ'ն... 

Կրոնի պատմությունը բաժանվում է երեք դարաշրջանի. մատերիալիստական (նյութապաշտական) կամ բնական կրոնի զարգացման վերջին շրջանն ավարտվել է բրոնզե դարում: Մետաֆիզիկական կրոնը սկզբնավորվել է Զրադաշտականության ծնունդով և հառաջադիմել Հուդայականության, Քրիստոնեության Ի Իսլամի մեջ, իր հասունացմանն հասնելով ռեֆորմացիայի դարաշրջանում: Պատաֆիզիկան, որ հայտնաբերվել է խոր միջնադարում` Իբիկրատես Երկրաչափի և Սոֆրոտատոս Հայի հին գրվածքներում, լինելով երրորդ կրոնական դարաշրջանը, նոր ժամանակներում տիրապետություն է նվաճել մարդկային մտքի վրա` սկսած Ալֆրեդ Ժարրիի կողմից 1896 թ. ուսմունքի վերահայտնագործմամբ, վերջինիս կողմից ՙՈւբու արքայի՚ գրական կերպարանավորմամբ: Բնական կրոնը նյութական գոյության հոգևոր հաստատագրումն է: Մետաֆիզիկական կրոնը ներկայացնում է շատ ավելի խորացող անդունդի հաստատագրումը նյութական և հոգևոր կյանքի միջև: Մեր այս գիտության դարաշրջանում մետաֆիզիկական մշակույթի պահպանման անհեթեթությունը ներկայացված է Սյորեն Կիերկեգորի գրվածքներում, ուր գիտելիքի քրիստոնեական համակարգի առնչությամբ հաստատագրված է, որ այն ի դեմս աբսուրդի` կարիքն ունի հավատի: Իսկ թե ինչու՞, պատասխանը հետևյալն է. աշխարհիկ իշխանությունները կարիքն ունեն իրենց իշխանության հոգևոր արդարացման: Ֆիզիկական աշխարհի հանդեպ մետաֆիզիկական ընդդիմությունը (կատարելապես աշխարհիկացված) լիակատար պարտություն կրեց: Գիտությունը այդ վիճաբանությունից դուրս եկավ որպես միակ հաղթողը: Այսու` որևիցե կրոն չի կարող օբյեկտիվորեն ճշմարիտ համարվել, եթե նրա ճշմարտությունը բախվում է գիտական ճշմարտություն կոչվածի հետ: Եվ այն կրոնը, որն ի զորու չէ ներկայացնելու ճշմարտությունը, այլևս կրոն չէ: Առաջիկա զարգացումները կհանգեցնեն այն համընդհանուր ճանաչմանը, որ այդ հակասությունը լուծվել է Պատաֆիզիկայի կողմից: Ժարրին և նրա հետ¢որդները բացարձակի աստիճանին բարձրացրին ժամանակակից գիտության հիմնարար գաղափարը, ասել է, թե` համարժեքության հաստատականության սկզբունքը: Սրանով իսկ հող նախապատրաստվեց Աստծո առջև մարդու հավասարության համարժեքության քրիստոնեական հայեցակարգի տեսության համար, ընդհուպ մինչև` սոցիալական հավասարության գաղափարը: Սրանով իսկ հիմքը դրվեց աշխարհի հանդեպ պատաֆիզիկական բացվածության խաղի:

պատեհապաշտ
Պատաֆիզիկան` բացառությունների գիտություն 

ՙՊատաֆիզիկայի դպրոցի՚ կարելի է ասել վերահիմնադիր Բորիս Վիանը դպրոցի հետապնդած հիմնական նպատակներն արտահայտող կանոնիկ հռչակված շրջաբերականի` ՙՆամակ պատերազմի զեղծարարների մասին՚ փաստաթղթի հեղինակը, պատաֆիզիկան սահմանում է նաև որպես Բացառությունների գիտություն, կամ` ՙկարելի է ասել, որ պատաֆիզիկան այնպես է հարաբերվում մետաֆիզիկային, ինչպես որ մետաֆիզիկան է հարաբերվում ֆիզիկային: Այս իմաստով` պատաֆիզիկայի հիմնարար սկզբունքներից մեկը հավասարակշռությունն է կամ համարժեքությունը... Եվ միայն շահեկանության դիտավորությունն է, որ պատաֆիզիկներին մղում է ավելի շուտ դեպի բացառությունները, քան թե ընդհանուր օրինաչափությունները: Հայտնի է որ ֆիզիկայի ընդհանուր օրինաչափությունները համարվում են որպես բացառություններ թույլ չտվող բացառությունների լիագումար ամբողջություն և, հետևաբար, առանց որևիցե շահեկանության հավակնությունների, այստեղ միակ շահեկան գործոնը բացառության բացառիկությունն է: Այսպես ուրեմն, քանի որ համաձայն մեկ այլ բանաձևումի` ՙՊատաֆիզիկան Գիտություն է՚, հետևաբար պարզ պետք է լինի, որ գիտության մեջ միմիայն բացառություններն են, որ առաջ են մղում վերոհիշյալ գիտություն կոչվածին... Անկանոնությունը, անոմալիան է, որ հայտնաբերել է տալիս... հայտնագործությունը, եթե միայն կարելի է այս կրկնաբանությունն օգտագործել: ...Ես վստահ եմ, որ իմ այս նախնական բացատրությունները պետք է բոլորի մեջ ցանկություն առաջ բերեն շատ հեշտությամբ և կարճ ժամկետում մերձենալու Պատաֆիզիկային, ահա' թե որն է գլխավոր գայթակղիչ գործոնը. ՙԵս հաճույքով ջանում եմ մտածել բոլոր այն բաների մասին, որոնց շուրջ, իմ կարծիքով, բոլոր մյուսները չեն մտածելու երբեք՚: 
 
Վիանի կողմից կարկառուն պատաֆիզիկների պատվավոր փաղանգին հատկաշնորհված Ռոբերտ Մուզիլն իր հռչակավոր ՙՕրագրերում՚ կանխելով Մեծն Պատաֆիզիկին գրում է. ՙՕրինաչափությունների նկատմամբ բացառությունների տիրապետությունը ստեղծագործող մարդու հայրենիքն է՚:
Պատաֆիզիկան սառնարյուն անվրդովության ոլորտն է (բայց ո'չ անտարբերության, այլ նախանձախնդիր մտահոգության), որից անդին ոչինչ գոյություն չունի, այն նաև մեր ինքնապաշտպանական ամենավերջին սահմանագիծն է: