Saturday, 2017-12-16, 4:27 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  December 2017  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԳԵՈՊՈԼԻՏԻԿԱ

Քաղաքականությունը պատերազմի շարունակությունն է հարևնման միջոցներով...
Ռ.Մուզիլ - Հակադրություն Քլաուզեվիցին
 
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԱՆԱՐԽԻՍՏԻ ՀՈԳԵԽՌՈՎՔԸ
 
ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
          Չլինելով ապաքաղաքականացված մտածող` Ռոբերտ Մուզիլը իր ստեղծագործություններում, հոդվածներում և մեծարժեք օրագրային գրառումներում անթաքույց անկեղծությամբ է անդրադարձել մարդուս կյանքում քաղաքականության դերի ու նշանակության խնդրին, արժեվորելով վերջինիս հանիրավի գերագնահատված, այլև պարտադրանքի ուժով նվաճած իրական տեղը մարդուս` որպես հասարակական էակի կենսագործունեության ոլորտում:
          Մուզիլի երկերում բազմաթիվ են այն վերլուծությունները, որոնցում սոցիոլոգիական, հոգեբանական, գիտագործնական ու գործառնական դիտանկյուններից ներկայացվում են ժամանակակից մարդու անհատականության տրոհման, ամբողջականության կորստի, եսի ոչնչացման խնդիրները: Մարդուս պարտադրված հրաժարումը սեփական գործողությունների ՙինքնիշխանը՚ լինելու նախանշված ճանապարհից, ժամանակակից աշխարհում ՙմարդակենտրոն տիեզերակարգի փլուզումը՚ իր ամբողջացմանն է հասնում ՙհատկություններով աշխարհը` առանց մարդու՚ մուզիլյան սկզբունքի մեջ: Ժամանակակից մարդու թեթևամիտ, անկայուն ճախրանքն ու անմիտ աշխուժությունը, թափառիկ բռնկումներն ու անորոշ ազդակներից մղված շողարձակումները, հասարակական սանդուղքով հանկարծահաս վերմագլցումն ու կտրուկ անկումները, ոգեշունչ թմբիրի թևերին բարձրանալն ու անհատականության տրոհում-ոչնչացումը բխում են ամենազոր, երկաթի պես ամրակայուն պետական-հասարակական հաստատությունների հետ անխուսափելի բախման պարտադրանքից: Հասարակության ինքնաներփակումը, անձնապաստան, երևակայական ազատությանը սահմանափակում դնելու հակվածությունը տարրալուծում է բուն իսկ այդ հատկությունների խաղադաշտը, պետական մեքենայի հետ շփման ընթացքում մարդկանց մղում անորոշ տեղապտույտներ տալուն, հասարակական սանդուղքի ստորոտում շնչահեղձ լինելուն և կամ` մարդուս մեջ բուն դրած մոլագար համակվածությունների թանձրացմանը:
          Ինքնապահով, ռացիոնալ /բանախոհական, բայց ոչ բանական իմաստով/ կառավարման ձգտող պետական մարմինների գործելակերպը, եղանակավորելով մարդուս մեկուսացվածությանը, ծնունդ է տալիս բարքերի վայրենացմանն ուղղված հնավանդ-հնադրոշմ ցնցումներին` այսպես կոչված դժբախտ պատահարների կամ պատուհասային վիճակների հաճախացմանը, այլև բազմազանեցմանը, բռնության դրսևորումների աճին, երևակայական մոլախաղերի բռնկումներին, մարդը մարդուն խժռելու հրամայականին: Երբ հասարակությունը, բյուրեղանալով, սառն անտարբերության կամ մահվան է մատնվում, այդժամ անհատների մեջ բոցկլտալով եփ են գալիս կրակի լեզուները: Մարդիկ ակամայից համակվում են ինքնահրկիզման գաղափարով` ձգտելով իրենց ծրագրային նկրտումներին դեմք ու դիմագիծ հաղորդել: Մի կողմից` մարդս չի ցանկանում մսխել իր մեջ անթեղված ցասկոտ ինքնահաստատման կրակը, իր ներսում բնավորված հուզախանդ բոցի արմատը, բայց և, մյուս կողմից, չի ուզում ազատություն տալ իր ներսում խլրտացող կրակի բոցերին` շուրջբոլորը հրդեհ ճարակելով: Արդյունքում` յուրաքանչյուր ոք դառնում է այնպիսին, ինչպիսին բոլորն են` մարդ առանց հատկությունների, ընդսմին` առանց ֆիզիկաքիմիական հատկությունների: Ճանաչելով իրականությունը, պետական-հասարակական մեքենայի բնույթը` մտածողբանական մարդը սկսում է սահմանազատվել ամենուր իշխող հասարակական կյանքից, ներփակվել ինքն իր ներսում, որն արտահայտվում է ՙկյանքից արձակուրդ վերցնելու՚ մուզիլյան մեկ այլ գաղափարի մեջ. կյանքից արձակուրդ վերցնել` իրական կյանքով ապրելու համար, որպեսզի ի զորու լինես վերահսկելու քո իսկ անհատականության փլուզմանն ուղղված հայտարարված գործընթացի հետևանքները: Ընդունված, նորմալ համարվող դժոխային կենսակերպի այլընտրանքը գտնելու նպատակով Մուզիլը օրինակի (անտիկ exempla-ների) ուժով քննում է բոլոր այն հակազդեցությունները, անհատականության ինքնահաստատման ձևերը, որոնք, ի վերջո, իրենց վախճանն են գտնում եսի ոչնչացման, հանցագործությունների աճի, խելացնոր մտագարության շքահանդեսի, գաղափարական փախուստի, այլասերման դրսևորումներում:
          Որպես հետևանք մշտնջենապես վերհայտնվող ու վերաձևավորվող այս երկբևեռ հակադրության` իրար կողք-կողքի գոյատևում են իշխանության ինքնապահպանիչ ռազմավարությունն ու նրա տապալմանն ուղղված ամենակործան ընդդիմադիր մարտավարությունը: Տապալման գործընթացը, լինի այն պառլամենտարիզմով սքողված խորամանկ-խելամիտ դիմադրողականություն, բացազատ անհանդուրժողականություն կամ բացահայտ պարտիզանական պայքար, ժամանակակից աշխարհում ընթանում է հեղափոխականությունից հրաժարման և իշխանության բուն իսկ կոչվածության չճանաչման հակընդդեմ ծայրաբևեռներում: Երկուստեք ինքնահաստատման պայքար է ընթանում. մի կողմից` իշխանությունը պայթեցնել ձգտող պարտիզանական մարտավարության հավատավորների, որ է` մտավոր քոչվորների, մյուս կողմից` իշխանական տեխնոլոգիաները մշտապես նրբացնել ձգտող շահառու, ինքնաբավ համախոհների բանակի միջև: Այստեղ Մուզիլի մոտ ծնունդ է առնում ՙբռնության ծառի՚ գաղափարական առանցքը, որ խարսխված է ռացիոնալիզմ կոչվող պահվածքի տիրապետության վրա. ռացիոնալիզմ` իր գերկոշտ գործելակերպով, ամբողջի մեջ թերահաշվարկը բացառող, դանակի պես հատու, հաղթահարման և տիրապետության ձգտող, անշարժ ու սառը, մշտազգաստ ու ողջախոհ, չարամիտ, պատերազմատենչ, սեփական ամենազորությանն ակնդետ, զգացմունքները իսպառսպուռ չեզոքացնող ռացիոնալիզմ: Ռացիոնալիզմը կազմում է պետական կառավարման մարմինների շրջանակում գործառող քաղաքական իշխանության պատմականորեն ավարտական աստիճանը, որի առաջ հեղհեղուկ նյութից` ավշահյութից բաղադրված մերկանդամ անհատը կանգնած է ՙանդեմ ու անկերպարանք՚, ինչպես Մուզիլն է բնորոշում` ՙգազային վիճակում՚, որպես ՙթափառիկ մշուշ՚, որն իրեն բաժին հանված ՙկեցության ակնթարթը՚ ընկալում ու տեսանում է ՙճնշվածության ու ցնդելու՚ հատկությունների մեջ: Անհատը տեղ չունի հասարակական-պետական կառույցներում: Սրա լավագույն արտահայտությունն է ՙգերամերիկյան քաղաքի՚ մուզիլյան կերպավորումը, որն ուղղակիորեն իր միջից ի դուրս ծնունդ է տալիս գրողի հնարակերտած ՙկենդանի մահվան՚ գաղափարին:
           ՙՆմանօրինակ մի սևեռուն մտապատկեր արդեն վաղուցվանից դարձել է գերամերիկյան քաղաքը, ուր ամենքը, վայրկյանաչափը ձեռքում բռնած, շտապում են կամ անշարժացած` տեղում մեխվում: Օդն ու հողը մի մրջնանոց են կազմում` երթևեկ փողոցների ցանցի հարկաբաժիններով գծանկարված: Օդաչու գնացքները, վերգետնյա գնացքները, ստորգետնյա գնացքները, փոստի պես խողովակաշարերով առաքվող մարդիկ, ավտոմեքենաների շղթաները սուրում են հորիզոնական կտրվածքով, արագընթաց վերելակները ուղղահայաց պոմպով դուրս են փչում մարդկային զանգվածներին երթևեկի մի մակարդակից մյուսը. հանգուցվող կետերում մարդիկ շարժական մի տեղափոխասարքից դեպի մյուսն են ցատկում, դրանց ռիթմից, որ որոտընդոստ, իրարից պոկվող զույգ արագությունների միջև մի թալկացում, դադար, քսանրոպեանոց մի կարճատև փորվածքավիհ է գոյավորում, որ առանց դույզն-ինչ ըմբռնելու` ներծծվում են ու կուլ գնում, այդ համընդհանրական ռիթմի միջնադադարներին շտապ-շտապ իրար հետ մեկ-երկու կցկտուր խոսքեր փոխանակելով: Հարց ու պատասխանները սողնակների պես հպվում են իրարու` ինչպես մեքենաների մասեր, ամեն ոք միայն խստիվ որոշակի խնդիրներ ունի, մասնագիտությունները տեղաբաշխված են առանձին խմբերի մեջ` որոշակի վայրերում, ուտում են հընթացս` ոտքի վրա, զվարճալիքները քաղաքի այլ մասերում են հավաքված, և նորից ինչ-ինչ այլ վայրերում վեր են խոյանում աշտարակասյուները, ուր գտնում ես կնոջդ, ընտանիքդ, գրամոֆոնը և հոգին: Լարվածությունն ու ընդարմացումը, գործունեությունն ու սերը ճշգրիտ հստակությամբ տարանջատված են ժամանակի մեջ և հիմնավոր լաբորատոր ստուգումից հետո` վերատեղա-բաշխված: Այդ գործունեություններից մեկի ժամանակ ինչ-որ դժվարության ես բախվում` գործը պարզապես թողնում ես, քանզի մեկ ուրիշ գործ ես ձեռնարկում կամ էլ` պատահմամբ ավելի լավ մի ճանապարհ գտնում, կամ մեկ ուրիշն է գտնում ճանապարհը, որից դու շեղվելով վրիպել ես: Դա բոլորովին էլ դժբախտություն չէ, քանզի համընդհանրական իմաստով ոչինչ այդչափ եռանդուժ չի մսխում, որչափ այն հանդուգն հավակնոտությունը, թե մարդս կոչված է չհրաժարվելու որոշակի անձնական նպատակների հետապնդումից: Ուժային որակներով հատկանշվող կոլեկտիվում ցանկացած ճանապարհը լավ նպատակի է տանում, եթե միայն շատ երկար չես վարանում ու խորհրդածում: Նպատակները կարճ հեռավորության վրա են, բայց նաև կյանքն էլ կարճ է, նրանից այդպիսով հասանելիի առավելագույնն ես ստանում, ավելիի կարիք մարդս չունի իր երջանկության համար, քանզի այն, ինչին հասնում ես, կազմավորում է հոգին, մինչդեռ այն, ինչը տենչում ես առանց բավարարման, միայն աղճատում, խեղում է այն. երջանկության համար դույզն-ինչ կարևոր չէ, թե ինչ ես ուզում, բայց միայն այն, որ հասնես նրան: Բացի այդ` կենսաբանությունը ուսուցանում է, որ անլիարժեք անհատների գումարից, ըստ ամենայնի, կարող է և միանգամայն հանճարև մի ամբողջություն բաղադրվել՚:
 
          Ստորև ներկայացվում է Ռոբերտ Մուզիլի հասարակագիտական հայացքների ընտրանին, կենտրոնանալով գլխավորապես երեք կարևորագույն թեմաների շուրջ գրողի մտորումների ու բանաձևումների վրա. անհատ և հասարակություն, ազգություն և քաղաքականություն, պատմություն և ժողովուրդ: Ժամանակակից աշխարհում խնդիր է դրված` մարդուս ապաանհատականացումը /դիմազրկությունը կամ հատկութենազրկությունը/ ծրագրի վերածել. մարդս հակված է ոչինչ չանել` մերժել հասարակական ակտիվ կեցվածքը և դրանով իսկ խուսանավել ազատազրկման սպառնալիքից, ճկուն-շարժունություն դրսևորել, բայց և, միաժամանակ, հեգնական, անգամ ժխտողական կեցվածք ընդունել, գիտելիք կուտակել` բնավ համոզված չլինել վերջինիս իսկության վերաբերյալ, հետքեր թողնել իրականության մեջ, սակայն ինքնաքողարկվել մտածության աներևույթ կացավայրում, քոչվորի կյանք վարել ճանաչողության երկնաքերներում ու հետնաշխարհներում, չունենալ և ոչ մի տեսակետ, սակայն` բազմաթիվ հեռանկարներ, չպայքարել, սակայն գերազանց մարզավիճակում լինել, ագահության ու ցանկասիրության թատերախաղին հետամտել, չմատնելով սակայն դրան ընդդիմանալու սեփական հակվածությունը, ստվերում մնալ, սեփական անձի դեմ ապրել, ինքն իրեն չսիրել, լինել սառն ու անտարբեր, կենտրոնացած նախահարձակ ագրեսիվ պահվածքի վրա, սողանցաճեղքերի ու ծակոտկենության նշանների հասկացողություն զարգացնել ճշմարտության կառույցներում, սա' է առանց հատկությունների մարդու բնույթը, որն իր ձեռքի տակ ունենալով աշխարհակործանիչ, տապալողական, ժխտողական, ծաղրա-հեգնական ու քննադատական գաղափարների մարտավարական զինանոցը, չունի այլընտրանք և դիրքորոշում` մշտապես գործելով ինքնահաստատման ու ժխտման միջնատարածքում:
          Մուզիլից հետևյալ քաղագրումները ներկայացվում եմ առանց մեկնաբանության, այնքան որ դրանք ինքնին խոսուն են ու հատկանշական այսօր նաև մեր երկրում հաստատագրված բարոյահոգեբանական իրավիճակին:
          Մուզիլն իր դատողությունները ժամանակակից մարդու մասին սկսում է իր իսկ մշակած համակարգում կանխադրույթային, պոստուլատային նշանակություն ունեցող բնորոշիչների մի հիմնախմբից, այն է` ՙՄարդիկ մի արտակարգ անտարբեր, զգացականությունից զուրկ զանգված են ներկայանում բոլոր բարոյական խնդիրներում: Մթնոլորտային թշնամության այն գերիշխող հոգեվիճակը, որով լիքն է մեր օդը, պայմանավորված է ինքնիշխան անհատականության, որ է` ազատ ոգու ոչնչացման առկախված սպառնալիքով: Այսօր արդեն մեր բոլորի բարոյական պարտավորությունն է այդ մասին բարձրաձայնելը: Այսու` տվյալ պահին ոգու գլխավոր խնդիրն է առկա լարվածությունները գիտակցելի դարձնելը և դրանց տեսանելի մատուցումը: Մարդու` որպես պետության քաղաքացու, ինքնուրույնության կորստի և գլուխ բարձրացրած ղեկավարելու պահանջախտի պայմաններում երևակվում է անհատականության ճգնաժամը, որը, բռնատիրության պայմաններում լիովին մսխում, ոչնչացնում է մարդկային արժանապատվությունը: Մարդը` որպես պետության քաղաքացի, այսօր այնպես է հասարակականորեն կազմակերպվում, որ նրա անհատականությունից դույզն-ինչ հետք չի մնում, բայց միայն այն, որ նա ձգտում է դառնալ ամենատարբեր հասարակական հավակնությունների թող որ անսահմանորեն փոքր, աննշան հատման կետը՚:
          Այստեղից արդեն մի քայլ է դեպի մուզիլյան այն հիմնարար կանխավարկածը, որ գրողը սահմանել է որպես ՙՄԱՐԴՈՒՍ ԿԵՐՊԱՐԱՆԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԹԵՈՐԵՄ՚, ահավասիկ.
          ՙՄարդս անկերպարանք, անասելիորեն պլաստիկ, ամեն ինչի ընդունակ էակ է£ Մենք մի զանգված ենք, որն ամեն ձև կարող է ընդունել, որի մեջ այս կամ այն կերպ, այս կամ այն հանգամանքի բերումով ընկնում ենք: Առանց առաջնորդող գծերի մարդս կործանվում է: Հենց իր կառույցի անկերպարանությունն է ստիպում մարդկանց որոշակի ձևեր ընդունել, բնավորություններ, բարքեր, բարոյականություն, կենսաոճեր և մի ողջ պետական-հասարակական կառույցի կազմակերպությունն ընդունել... Մարդս միայն արտահայտչական պլանում է դրսևորում ստանում, ինչը մղում է հասարակական ձևերի մեջ տեղակայվելուն, իսկ բովանդակության պլանում` բոլորը սկզբունքորեն նույնն են և անինքնուրույն՚:
          Մուզիլը իր նշանավոր ՙՕրագրերում՚ հետևյալ կերպ է բնորոշում քաղաքականության հանդեպ իր ուեցած վերաբերմունքը.
          ՙԵս նախկինում բնավ չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ: Քաղաքականությամբ զբաղվող մարդը` պատգամավոր կամ նախարար, ինձ թվացել են որպես սպասավորներ իմ սեփական տանը, որոնց խնդիրն է հոգ տանել կյանքի անտարբեր, անկարևոր բաների համար... Եթե պետք է անպայման անուն տալ, ապա ես մի պահպանողական անարխիստ էի... Ես կարծում էի, որ բոլոր մարդիկ, ըստ էության, հավասար են ու եղբայրներ, որոնք մշտապես հակված են դեպի զգացական չափազանցությունը և նույն կերպ էլ մտածում եմ նաև այսօր՚: Այստեղ ուշագրավ է ՙպահպանողական անարխիստ՚ արտահայտությունը: Վերջինս բնորոշումն է մի մարդու, որը ցանկություն չունի իր օժանդակությունը բերելու աշխարհի վերափոխմանը, բայց և անհամաձայնության մեջ է այդ նույն աշխարհի հետ:
          Մեկ այլ տեղ Մուզիլը գրում է. ՙԿան մարդիկ, որոնք ասում են, թե չպետք է հրաժարվել քաղաքական խնդիրներից: Ես իմ ողջ կյանքի ընթացքում խուսանավել եմ դրանից, քանի որ ինքս իմ մեջ դրա հանդեպ տաղանդ չեմ զգացել: Այն առարկությունը, թե քաղաքականությունը մի այնպիսի բան է, որը բոլորին է վերաբերում, ես ոչ մի կերպ չեմ կարողացել հասկանալ: Հիգիենան նույնպես բոլորին է վերաբերում, սակայն ես երբեք հրապարակավ չեմ արտահայտվել հիգիենայի կարևորության մասին, քանի որ ես հիգիենաբանների հանդեպ նույնքան քիչ տաղանդ եմ զգացել, որքան քաղաքագետների կամ երկրաբանների՚:
          Ահա', թե ինչպես է Մուզիլը բնորոշում քաղաքագետ կոչվածների հոգեմտավոր կարողությունների սահմանները. ՙՔաղաքագետները. ստեղծագործող մարդկանց, օրինակ` մեծ վաճառականների համեմատությամբ, արվեստագետներ են: Իսկ արվեստագետների համեմատությամբ` գործնական մարդիկ են: Նրանք իրենց մեջ միավորում են գործնական մարդկանց և հոգևոր ուղղվածության մարդկանց թերությունները` առանց որ նրանց դույզն-ինչ առավելություններն ունենալու՚:
          Այսու` մուզիլյան աշխարհաճանաչողական համակարգում վճռական է դառնում Ոգու ըմբռնողության երևույթը, քանզի ըստ գրողի ՙոգու՚ սխալ հասկացողության արդյունքում /մատերիային հակադրվելու իմաստով` աշխարհի բաժանումը հոգևորի և նյութականի/ սխալ հետևություններ են արվում քաղաքական գործունեության համար: Այստեղ Մուզիլը անցում է կատարում իր հիմնարար եզրահանգումներից մեկին` հավերժությանը սպասարկու ոգու և այն ոչնչացնել ձգտող քաղաքականության իրար փոխբացառող հակադրության քննությանը: Կարելի է ասել, որ այն ամենը, ինչը մենք մինչև այս պահը տեսել ենք կամ լսել, ընդսմին` լոկ գաղափարների սխալ գործածության հատուկ դեպք է.
          ՙՔաղաքականությունն ինքնին, ինչպես որ այն այսօր է հասկացվում, իր գաղափարազուրկ հիմքով զտագույն հակադրությունն է իդեալիզմի (գաղափարի վրա խարսխված տեսական գիտելիքի), ընդսմին` վերջինիս կատարյալ այլասերումը: Մարդկանց ստորին բնազդներն ի չարս գործադրող մարդը, որն իրեն իրատես քաղաքագետ է կոչում, իրական է համարում միայն մարդկային ստորությունները, ասել է թե` միայն դրանք է նա դիտում որպես վստահելի: Նա իր գործողությունները կառուցում է ոչ թե իր ներքին համոզմունքից ելնելով, այլ մշտապես ստիպողականության ու խորամանկության հաշվարկով՚:
          Մուզիլը մերժում է պատմության մեջ որոշակի ներունակային գաղափարների, ոգու ինքնածավալման, զարգացման հավատավորների քարոզչությունը, նկատելով, որ ՙայդ հավատը գերազանցապես ի սպաս է դրվում իրադարձությունների պարզունակացմանը, ինչպիսին որ մեր թշնամիների պատերազմական հակաքարոզչությունն է՚, որ ինքնին պարզունակ է և կեղծ:
          Նա մերժում է նաև ոգու ինքնածավալմանը սպասարկու հերթապահ իդեալների` ազգի, խաղաղության, մարդկության, առաքինության, արդարության (և այս կարգի այլևայլ, նույնքան կարևորագույն համարվող իրողություններին առնչվող) մեզ համար ամենից ավելի թանկարժեք համարվող խնդիրների իրական գոյությունը, համարելով, որ վերջիններս ՙիրենց մեջքի վրա կրում են ամենաէժանագին ու աղքատիկ հոգևոր բուսականությունը՚:
          Մուզիլը հարց է տալիս, թե ի՞նչ հարաբերակցության մեջ են գտնվում ոգին և քաղաքականությունը և ինքն էլ պատասխանում է. ՙԱյսօր դրանք այնքան են իրարից տարամիտվել, տարանջատվել, որ վերածվել են իրար փոխադարձաբար բացառող հակադրությունների: Ոգու անկարողությունն ու կասկածամիտ անգործ-նականությունը ծնունդ է առնում երկու բնագավառների գործառնական տարբերությունից: Ոգին մեծ հաշվով կոչված է առաջադրելու բազմաթիվ հնարավորություններ, քաղաքականության խնդիրը, ֆունկցիան դրանց իրականացումն է՚:
          Ոգին սահմանելով որպես զտագույն հնարավորության ոլորտը, Մուզիլն այն դիտում է հանցավոր անգործության մատնված: Մթնոլորտում ժամանակ առ ժամանակ ճայթեցվող հասարակական կյանքի կազմակերպման իդեալները փոխանակ հասարակությանն ուղղված լինելուն, ծառայեցվում են խմբակային, կուսակցական քաղաքական շահերին: Ժողովրդավարության, հասարակական ինքնակառավարման իդեալի կոպտագույն ոտնահարման պայմաններում ցանկացած գաղափարախոսություն, հասարակական-քաղաքական իդեալի ներկայացում ինքնանպատակ ու ինքնաբավ է դառնում: Ոգին զրկվում է իր ինքնածավալման համար անհրաժեշտ խաղադաշտի ապահովման հնարավորությունից: Այս պայմաններում ՙպատմությունը արարվում է ինքնաբավ անհատների կողմից և ոչ հասարակական զանգվածների: Զանգվածը, բաղկացած լինելով անգամ ազնվագույն հոգիներից, անկարող է իր համար իդեալներ որսալ` դրանցով առաջնորդվելու նպատակով՚: Այսու` պատմության թատերաբեմում խաղարկվող որոշակի ներունակային գաղափարները կորցնում են իրենց հավատարժանությունը:
          Այստեղից էլ` ոգու անզորության կամ իսպառ բացակայության, թող որ նաև` կասկածահարույց ներկայության պայմաններում ՙքաղաքական դաշտը ուղղորդվում է իր համար նախանշված մեն-միակ նպատակի իրագործմանը. քաղաքականության գերակա առաջադրանքն է դառնում հասարակության վերապրման, կենսագործունեության պայմանների ապահովումը: Կարևորը, ընդսմին, ոչ թե ոգու վերարտադրությունն է, այլ սննդի, հագուստեղենի, պաշտպանվածության, հասարակական կարգուկանոնի՚: Քանի որ քաղաքականությունը բնական կարիքների հոգալուն և փոխզիջումների ոլորտին է վերաբերում, ապա բանական պահվածքը այստեղ մշտապես հակվում է դեպի չափավորի, ոսկե միջինի կարգը, նրա հիմքում ընկած է միջին գծի քաղաքականությունը: Դրան հակառակ` արմատական քաղաքականության հասցրած սոսկալի բարոյական վնասը կայանում է այն վստահության արմատավորման մեջ, որ այն ոչնչացնելուց հետո ի վիճակի չէ որևէ բան կառուցելու՚:
          Մուզիլը ոչնչացնող քննադատության է ենթարկում ժամանակի գործող քաղաքական կուսակցություններին: Վերջիններս հեռու են գաղափարների միջնորդի և հասարակական փորձի հաղորդիչի դերից. ՙՄեր կուսակցություններն ու քաղաքական խմբավորումները իրենց գոյությունը պաշտպանում են տեսության նկատմամբ անասնական վախի միջոցով. սա այն կետն է, երբ քաղաքականությունն առնչակցվում է ոգու տիրապետության ոլորտին: Ցանկացած գաղափարի դեմ, որի վերացականությունից սարսափում է ընտրողը, մշտապես մեկ այլ ժխտական գաղափար է հանդես բերվում: Դրա համար էլ կուսակցությունները պաշտպանություն են գտնում փոխնիփոխ շրջանառության մեջ դրվող մի զույգ հնամաշ գաղափարների ոգե-կոչման մեջ, որոնց ուղղակի ժառանգորդն են համարում իրենց: Նրանք ապրում են ոչ ի հաշիվ այն բանի, ինչ իրենք խոստացել են, այլ ուրիշների, հակառակորդների խոստացածները ի դերև հանելու, վիժեցնելու միջոցներով: Այդ նրանց ընդհանրական շահերն են, որ լռելյայն ընդունելություն են գտնում: Միմյանց նկատմամբ այդ փոխադարձ արգելքների հարուցումը, որը սոսկ մանր-մունր գործնական նպատակներ է հետապնդում, նրանք կոչում են ՙիրատեսական քաղաքականություն՚: Նրանցից ոչ ոք իսկապես չգիտե, թե զարգացումներն ուր կտանեն, եթե, ասենք, ագրարայինների ծրագրային դրույթներին հետևելու լինեն, կամ ասենք, խոշոր արդյունաբերողների պահանջներին կամ էլ` սոցիալ-դեմոկրատների: Նրանք չեն ուզում որևէ քաղաքականություն անել կամ դիրքորոշումներ ներկայացնել, այլ համեստագույն ցանկությունների և հաճկատար չափավորության դիմաց կառավարության ունկը շոյել՚, ասել է թե` բարյացկամությունը շահել:
          Ոգու և քաղաքականության փոխհարաբերությունները Մուզիլը ընդհանրացնելով` սահմանում է հետևյալ կերպ. ՙԳլորվող տակառի մեջ քամու դեմ նետվել` սեփական ճանապարհը որոշարկելու նպատակով: Դա քաղաքականությունն է: Տակառը ոգին է՚:
          Իսկ ինչի՞ է հանգեցնում ոգու բացակայությունը քաղաքականության մեջ. հանգեցնում է իրարահաջորդող ազգամիջյան ու քաղաքացիական մշտնջենական պատերազմների, հասարակական լարվածությունների, որոնք Մուզիլը բնութագրում է` Բոլոր գծերը պատերազմին են ըմբերանում բնորոշիչով: Կերպափոխելով Քլաուզեվիցի հայտնի ասույթը քաղաքականության և պատերազմի փոխհարաբերակցության մասին, Մուզիլը ապացուցողական ուժով եզրահանգում է. ՙՔաղաքականությունը պատերազմի շարունակությունն է հար և նման մեթոդներով՚: ՙՊատերազմը` լինելով մի զանգվածային փորձություն, ապացուցեց, որ մարդս հեշտությամբ կարող է շարժվել դեպի արտաքին ծայրահեղությունը և վերստին հետ վերադառնալ` առանց որ իր էությունը փոխելու: Նա ճիշտ է` փոխում է ինչ-որ բան, սակայն իրե'ն չի փոխում, նրա էությունը մնում է անփոփոխ՚:
          Քննելով պատերազմների անխուսափելիության թեման` Մուզիլը գուժում է. ՙՉկա որևէ արմատական միջոց պատերազմի դեմ: Քանի որ ոչ մի արմատական միջոց գոյություն չունի հիմարամտության, զառանցամիտ երևակայության և մարդկային անասնականության դեմ՚: Խնդիրը չի փոխվում նաև քաղաքականության մեջ ներգրավված այսպես կոչված` հասարակական ուղղվածության դաստիարակությամբ /ժողովրդի ծոցից ելած/ մարդկանց պարագայում, որոնք, առավել քան մյուսները, ՙհակվում են դեպի ռազմաուժային քաղաքականությունը՚:
          Անցում կատարելով ազգություն հասկացության սահմանմանը, վերջինիս հև-հեղիկությունը նկատի ունենալով` Մուզիլը խնդրո առարկային հետևյալ բնորոշումն է տալիս. ՙԵս ոչ միայն համոզված եմ, որ այն, ինչ ես հիմա եմ ասելու և արդեն իսկ ասում եմ, սխալ է, բայց նաև այն, ինչը դրան հակառակը կասվի: Եվ սակայն ինչ-որ ձևով, մի ինչ-որ պահից սկսած հարկավոր է այդ մասին խոսել. ճշմարտությունը, այսօրինակ առարկայի պարագայում` ինչպիսին ազգությունն է, գտնվում է ոչ թե մեջտեղում, այլ շրջակայքում, ինչպես պարկը, որն իր մեջ նետվող յուրաքանչյուր նոր կարծիքի հետ փոխում է իր ձևը, բայց գնալով ավելի ու ավելի ամրապինդ ու ուռուցիկ է դառնում: Ուղղակի ասած` ազգությունը մի երևակայածին բան է բոլոր այն ըմբռնումներում, որ մենք նրան տալիս ենք՚:
          Մոտեցումը նույնն է նաև իր անորոշության առումով այնպիսի մի երևույթի հանդեպ, ինչպիսին պատմական արդարություն կոչվածն է և նրա մշտնջենական արբանյակն հանդիսացող պատմական իմաստնությունը: Վերջինս թվում է վերին աստիճանի խորհրդավոր, սակայն ըստ էության այլ բան չէ, քան առաջինը: ՙՀոգեզգացական խռովքը, որին անձնատուր` եռ էր գալիս ու թաթախվում էր կյանքը, այժմ հանդարտվեց: Եվ դա շատ հասկանալի է, սակայն այստեղ կարելի է մի բան էլ հավելել. հատկապես այն, որ արդարությունը և իմաստնությունը համարձակվում են դատել լոկ վաղ անցյալի մասին: Նա, ով, օրինակի համար ինձ պես ջանում է դրանք գործադրել ժամանակակիցների վերաբերյալ, նրան անմիջապես էլ բնութագրում են որպես համառ-իրասածիի մեկը, մարդախույս, այլև մարդագայլ և գոյություն ունեցող աշխարհակարգի չարամիտ խափանարար՚:
          Մուզիլը սահմանում է նաև պետական կամ հասարակական կազմակերպվածություն կոչվող երևույթի խաբուսիկության աստիճան պատրանքային բնույթը.
          ՙԱյն, որ հանրության կամքը առանձին վերցրած եզակի մարդկանց կամքի պարզ միագումարը չէ, նորություն չէ... Կարծում եմ` նորություն չէ նաև այն, որ հանրային կամք կոչվածը ևս որպես այդպիսին որակավորվելու համար կարիքն ունի մի այնպիսի մարմնի կամ հաստատության, որը համընդհանրացված ձևով կսահմանի հանրային կոչված այդ կամքի տարածաժամանակային ուրվագծերն ու չափորոշիչները: Անհատական կամ եզակի և հանրային կամքի ինքնագործունեության արդյունքում ձևավորվող պետական-հասարակական կառույցը ինքնին մեծ հաշվով չի արտահայտում անհատական և հանրային կամքի առանձին վերցրած այդ զույգ բաղկացուցիչների համընդհանրական կամքը՚:
          Մուզիլը մերժում է ՙԺողովուրդը եզակիների կամքի հանրագումարն է` գումարած կազմակերպվածությունը՚ տիրապետող ըմբռնումը, քանի որ, ըստ նրա` ՙայդ կազմակերպվածությունը շատ առումներով ինքնուրույն կյանք է վարում, ընդսմին` մի տեսակ խզում առաջ բերելով այդ երկուսի միջև, ինչը և պահանջվում էր ապացուցել՚, եզրահանգում է նա:
          Ինքնակազմակերպվածությունը, որպես և ինքնությունը` ինքնավար կյանքի այդ զույգ բևեռները պատմության մեջ հանդես են գալիս ոչ թե որպես ՙիրագործում՚, այլ որպես պակասավորություն: Ըստ այդմ էլ` մենք Մուզիլի մոտ չենք կարող գտնել ինքնակազմակերպված անհատական կամ ուժային-քաղաքական համակարգերի դրական ձևակերպվածություն, այլ լոկ դրանց ժխտում` հոռի իրականության ներկայացմամբ:
          ՙԱռանձին վերցրած եզակի մարդու սովորական, առօրյա հարաբերակցությունը մի այնպիսի մեծ կազմակերպության հետ, ինչպիսին պետությունն է, բնորոշվում է վերջինիս լիակատար կամ հիմնականում գործելու ազատություն տալու հանգամանքով՚... Այս արտահայտությունն, ըստ Մուզիլի, ընդհանուր առմամբ ներկայացնում է մեր ժամանակի բանաձևումներից մեկը: ՙԿատարված գործողությունը կամ ակտը խորհրդանիշն է պետության և մարդու միջև հաստատագրված անուղղակի հարաբերության... Սովորական մարդը ուղղում է անուղղակի հարաբերության վրա խարսխված այդ սխալմունքը, իմա` անարդարությունը, նրանով, որ ինքն էլ սկսում է գողանալ և ըստ իր ցանկության շրջանցել սեփական գործողությունները սահմանափակող, կաշկանդող հրահանգները՚: Ահա' և կազմակերպվածության իրական վախճանը:
          Ժողովուրդ կոչվող իր ահռելիության մեջ անհամասեռ այդ զանգվածը ի վիճակի չէ ոչնչի վրա դույզն-ինչ ճնշում բանեցնել, անընդունակ գտնվելով անգամ ընդհանրապես ճնշում գործադրել, նրա բաղադրությունն օրըստօրե փոխվում է իրեն պատշաճող հմայքին համաչափ. ՙահա' այդ ամրակուռ հաստատունության ու հեղհեղիկության միջև տարուբերվող զանգվածը, այն է` ոչ-զանգվածը, այդ ոչինչը, որ հանդես է գալիս առանց հաստատուն զգացմունքների, գաղափարների ու վճռականության, չլինելով եթե ոչ անգամ ազգ, ապա գոնե իր կյանքը ըստ էության պահպանող էություն՚:
           Եզրակացությունը մեկն է. ցանկացած գաղափարական հանդերձավորում ընկալվում է որպես կեղծ ՙմենք՚: Դա մի այնպիսի ՙմենք՚ է, որն իրականությանը չի համապատասխանում: Ճշմարիտ մենքը նա է, որ մենք միմյանց հանդեպ գոյություն չունենք՚: Մենք (յուրաքանչյուր ազգությունը միայն ինքն իր համար) իրար քիչ ենք հասկանում և պայքարում ենք իրար դեմ կամ խաբում ենք իրար ուր որ կարողանում ենք:
          Համարելով, որ ՙգաղափարները բնավ չեն նշում ապագայի ուղին, բայց միայն ուղղությունը...՚, Մուզիլը հռետորական հարց է տալիս. ՙԱյսպիսով` ինչպիսի՞ ապագա մենք ունենք: Արդյո՞ք ժամանակի ընթացքում մեր կրած ձախորդության, անարդարության դիմաց վերստին գիրանալու միջոցով մխիթարվելը... Ռևա՞նշը` առանց մեզ շարժող, մեր առաջընթացը կասեցնող համաշխարհային քաղաքական նպատակների: Կամ` բոլորովին մի նոր համաշխարհային քաղաքական նպատակի ոգեկոչում-հորինաստեղծու՞մը՚:
          Անդրադառնալով ժողովրդավարության թեմային, Մուզիլը եզրահանգում է. ՙժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունը չէ, այլ նրա մասը կազմող կազ-մակերպությունների՚: Ժողովրդավարությանը բնորոշ փաստականության ոգին Մուզիլը համարում է մեր ժամանակի տիրապետող միտումը, որն ինքնին ենթա-դրում է պրագմատիկ մտածողության տիրապետությունը: Իսկ պրագմատիկ կոչվող մարդուն գրողը բնորոշում է որպես փաստերից, վիճակագրական ցնդաբանություններից ամուր կառչող աճպարար: Այստեղից հետևություն. ՙինքնաբավ փաստականության այդ ոգին, լինի դա գիտության մեջ, վիճակագրության, մեքենաների, մաթեմատիկայի, պրագմատիզմի ու թվերի, ահա փաստերի այդ ավազակույտերն ու մարդկայնության մրջնանոցներն են այսօր հաղթանակ տարել՚:
          Ամփոփելով` ներկայացնենք գրողի դավանած պատմափիլիսոփայական հայացքները. պատմության մուզիլյան երեք ըմբռնումները.
          Գրողի պատկերացմամբ պատմություն հասկացության վրա կախված է Սիզիփոսի խարանը: Պատմությունը դեպքերի մի պարզագույն քանակակազմ է, անզուգադրելի, նույնական գծեր չունեցող հնարավորությունների մի բազմություն, հնարավորություններ, որոնք առանց իսկ նկատելի անհրաժեշտության իրականություն են դառնում: Գրողն առաջարկում է պատմության ընթացքի ըմբռնողության երեք բնորոշումներ. ճոճանակաձև, շրջանաձև և զարտուղի ձևեր ընդունող:
           Պատմության մեջ հնարավոր չէ ոչ գծային, ոչ էլ զսպանակաձև առաջընթաց դիտարկել: Ավելի շուտ տեղի է ունենում ՙժամանակների անիմաստ հավերժական հեղաշրջումը՚, որ նույնական է ճոճանակի կամ ճոճանակաձև շարժմանը, ինչպես անձրևի ու ծիածանի հերթափոխությունը: ՙԻրականում տատանումների միջոցով ողջը հիմնովին փլուզվում-ոչնչացվում է: Համաշխարհային պատմությունը լավատեսական է. նա միշտ նախապես կողմ է քվեարկում հօգուտ մի բանի, ապա և` նրա իսկ հակադրությանը: Կամ նա անդադար ՙանիմաստ շրջապտույտի՚ մեջ է ընթանում: Պատմափիլիսոփայական երկու պատկերացումների` ճոճանակի և շրջանի համար ընդհանուրը տեղի ունեցողի սկզբունքային կրկնության հաստատագրումն է: Այստեղից էլ` հարևնմանի ՙմշտական վերադարձի՚ նիցշեական գաղափարը:
          Պատմության ընթացքի ըմբռնման երրորդ տեսությունը հետևյալն է. ՙՊատմության ուղեծիրը նման չէ բիլիարդի գնդակի ուղեծրին, որը, հարված ստանալով, գլորվում է որոշակի ուղղությամբ, այլ այն նման է ամպերի ուղեծրին, փողոցներում տարուբերվող մարդու ուղուն, որ շարունակ զարտուղի ձևեր է ընդունում` գրավվելով մեկ մի ինչ-որ ստվերից, մեկ մարդկանց խմբից, կամ էլ` տների տարօրինակ կերպով ճկված գծագրումներից և, վերջիվերջո, հայտնվում է այնպիսի մի վայրում, որը միանգամայն անծանոթ էր իրեն և ուր ցանկություն չուներ հասնելու: Համաշխարհային պատմությունն աչքի է ընկնում նրանով, որ այն ասես ընթանալիս լինի իր իսկ ճանապարհից մշտապես շեղվելով: Ներկան միշտ էլ ասես քաղաքի եզրագծին ընկած այն վերջին տունը լինի, որ կարծես այնքան էլ չի պատկանում քաղաքային տներին: Յուրաքանչյուր սերունդ զարմացած հարց է տալիս` ո՞վ եմ ես և ովքե՞ր են եղել իմ նախորդները: Նա ավելի լավ կաներ հարցն այսպես դներ` որտե՞ղ եմ ես, ենթադրելով, որ իր նախնիները ևել են ոչ թե ինչ-որ ուրիշներ, այլ սոսկ մի ինչ-որ ուրիշ տեղում: Այդպիսով գուցե ինչ-որ բան տեղից շարժվեր՚:
          Այս կետից և այսօրինակ տրամաբանությունից ելնելով` Մուզիլն անցում է կատարում պատաֆիզիկային. ՙՄի ժողովրդի ազգային ոգին ես բնորոշում եմ որպես նրա կարծիքների ու հակումների համաձայնությունը, այլև նմանությունը այն առարկաների հետ, որոնց վերաբերյալ մեկ այլ ազգ ուրիշ կերպ է մտածում և զգում…՚: Քանակակազմության փորձը նրա համար է վերընթաց աճում, քանղի ՙմարդկանց հավերժության ձգտման և նրա գոյության վերջավոր բնույթի՚ միջև գոյավորված խորխորատը այլևս հնարավոր չէ մետաֆիզիկորեն եզրահանգման ենթարկել: Այստեղից էլ` ՙօրինաչափության նկատմամբ բացառությունների տիրապետությունը՚, որ Մուզիլը հայտարարում է որպես ՙստեղծագործող մարդու հայրենիք՚ և խնդիր դնում ՙմեր մտածողության կողմնորոշիչների փոփոխության՚, ստեղծագործող մարդուն հռչակելով որպես ՙժամանակների ստեղծիչ՚:
          Մարդս հաճախ հավատ է ընծայում որոշակի գաղափարների ՙոչ ամենևին այն պատճառով, որ դրանք ճշմարիտ են, այլ որովհետև նա պե'տք է հավատա՚: Այստեղից` մետաֆիզիկայից, բնազանցությունից զերծ ես-ի պահանջը: Այստեղից էլ` կերպարանազրկության արարչագործության ժամանակներից ի վեր մարդուս մեջ ներդրված պատաֆիզիկական աքսիոմը, ինչը կարիքը չունի ապացուցման: