Friday, 2024-04-19, 3:10 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ՄԱՐԴՆ ԱՌԱՆՑ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Musil
Գրականությունը Մուզիլի համար զգացական ընկալումների առիթ չէ, այլ գիտություն` խստիվ ճանաչողական հավակնությամբ:

Նա դառնում է գրող, որպեսզի կարողանա փորձեր դնել գիտելիքի համաշխարհային լաբորատորիայում, որի համար գիտությունը պիտանացու չէ:

"Այս վեպի պատումի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պատմություն կոչվածը, որն այստեղ պետք է պատմվի, չի պատմվում", վեպում այսպես է արտահայտվում Մուզիլը վիպական պատումի մասին, որպես շքեղաշուք ձախողման ինքնախոստովավանք: Գրողի գեղագիտական մտածողությանը, ի դեմս էսսեիստական սկզբունքի որդեգրման, հակադրվում է գեղարվեստական պատումի ընդունված նկարագրական ոճին: Գրողը նախապատվությունը տալիս է տրամախոսությունների և խորհրդածությունների հանդեպ իր նախասիրությանը, տեղ չթողնելով շարունակ ընդլայնվող աշխարհի  նկարագրականությունը: Ինչպես ՙՄիացումների՚ առնչությամբ է գրում` ՙԻր այս պատմվածքները հղացված են պատմելու հանդեպ զզվանքի միջոցով՚: 

Վիպական գործողության վայրը Ավստրո-հունգարական միապետությունն է, ժամանակը 1913 թվականի օգոստոսը, իրադրային աստառը` կայսրության փլուզման օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների վերհանումը` գերազանցապես մարդկային ուղեղներում նախապատրաստված: Վեպի գլխավոր հերոսը Ուլրիխն է, որի ազգանունը ՙիր հոր նկատմամբ ակնածանքից դրդված` լռությամբ շրջանցվում է՚, հեգնում է Մուզիլը: Ուլրիխը 32 տարեկան է, գրողի տարեկիցը, և արդեն երեք անգամ փորձ է ձեռնարկել նշանավոր մարդ դառնալու ուղղությամբ, ընդսմին` փորձելով 20-րդ դարի բոլոր երեք տիրապետող մասնագիտությունները` սպա, ինժեներ և մաթեմատիկոս: Տղամարդկային այս երեք հիմնարար տիպերը արտացոլում են դարաշրջանի վեհությունն ու ողբերգականությունը, դրանք դիմակազերծում են դարաշրջանի դեմքը, որ նշանակնքված է զինվորականության, տեխնիկայի և բնագիտության տիրապետող գոյությամբ և լավագույնս ի ցույց են դնում մարդուս հնարավոր ինքնաոչնչացմանն ուղղված հատկանշական գծերը: Ուլրիխը բոլոր երեք ձեռնարկումներն էլ անհաջողության են մատնվում, և , ի վերջո, նա հասկանում է, որ իր համար հնարավորը ավելի մեծ նշանակություն ունի քան իրականությունը: Եվ նա որոշում է կայացնում ՙմեկ տարով արձակուրդ վերցնել սեփական կյանքից՚, փորձելով հասկանալ այդ իրականության ՙպատճառներն ու թաքուն մեխանիզմը՚: Դրանով իսկ նա վերադարձ է կատարում դեպի կրավորական դիրքորոշումը: Նա իրեն ընկալում է որպես մարդ` առանց հատկությունների, քանի որ նա այլևս ոչ թե մարդուն, այլ նյութն է դիտարկում որպես ժամանակակից իրականության կենտրոնական բաղկացուցիչը: Ուլրիխը ընդհարվում է իր ժամանակի խնդիրների հետ, այն հակասականությանը, որ առկա էր տրամաբանության ու զգացմունքի, պատճառականության և համաբանության սկզբունքների, գիտական հավատարժանության և մշակութային հոռետեսության անհաշտ երևույթների միջև: 

Վեպի առաջին հատորում Ուլրիխը հանդես է գալիս որպես ՙՀայրենասիրական գործողության՚ քարտուղար: Պետական և հասարակական բարձր շրջաններից կազմված մի հանձնախումբ նախապատրաստական աշխատանքներ է տանում է 1918 թ. նշելու կայսր Ֆրանց Յոզեֆ‎ Առաջինի գահակալության 70-ամյակը` ի հակադրություն նույն թվականին դաշնակից և մրցակից Գերմանիայում նախատեսվող Վիլհելմ Երկրորդ կայսեր կառավարման 30-ամյակի: Ընդսմին` այդ ակցիան պայմանական անունով կոչվում է ՙզուգահեռ գործողություն՚: Վերջինիս հեգնական կրկնադիմագիծը արտահայտվում է նրանում, որ հենց այդ նույն` 1918 թվականն էլ դառնում է երկու կայսրությունների կործանման տարեթիվը: Պլանավորված հոբելյանական տոնակատարությունը ի սկզբանէ ձեռք է բերում հուղարկավորության սգահանդեսի բնութագրական գծեր: Ժամանակի ընթացքում, սակայն, զուգահեռ գործողությունը, այն պատրաստող մասնակիցների կամքից անկախ, նույնիսկ հակառակ նրած հետապնդած բարի, խաղաղասիրական նպատակների, պատերազմական նախապատրաստության է վերածվում, դրանով իսկ ձեռք բերելով ՙիր մեծագույն գաղափարը՚: Թափած բոլոր ջանքները ապարդյուն են, քանի որ, ըստ Մուզիլի, տվյալ դարաշրջանը բնութագրվում է մարդկային գաղափարների և մարդկային արարքների ճակատագրական խզվածությամբ, երբ մարդասիրությունը կարող է նույնքան դաժան լինել, ինչպես որ մարդատյացությունն է:

Զուգահեռ գործողության նախաձեռնության շրջանակում Ուլրիխն հանդիպում է հարյուրավոր կերպարների, ընդհարվում ու հարաբերություններ հաստատում նրանց հետ: Այսպես նա ծանոթանում է զգայուն հոգի ունեցող Էրմելինդա Թուցցիին, որին նա հեգնանքով անվանում է Դիոտիմա, նրա ամուսնուն` բարձրաստիճան դիվանագետ Թուցցիին, Զուգահեռ գործողության հոգևոր հայր Կոմս Լայնսդորֆ‎ին, բանակի գեներալ Շտումմին, ինչպես նաև ՙմեծն գրող՚ և խոշոր գերմանացի ձեռնարկատեր Առնհայմին, որի հանդեպ Դիոտիման պլատոնական սեր է տածում, իսկ Առնհայմը օգտվելով դրանից` նպատակ ունի Դիոթիմայի ամուսնու միջոցով ձեռք գցել Բոսնիայի ու Գալիցիայի նավթահորերը: Մինչ Ուլրիխը պատեպատ է խփվում ճշմարտության որոնման չարչարանաց ճանապարհին, նրան որպես հակընդդեմ կերպար ներկայացող Առնհայմը, որի համար հոգին ևս շուկայական ապրանք է, ամենուր տարփողում է բանախոհության և հոգու համադրման արդյունքում իր հայտնագործած նոր բարոյականության մասին: Տեղախախտված աշխարհի ծայրահեղ շեղվածության խորհրդանիշն է հանդիսանում խելացնոր պոռնկասպան Մոոսբրուգգերի կերպարը, որի գործով ընթացող դատավարությանը մասնակցելով` Ուլրիխն հասկանում է, որ Մոոսբրուգգերի խելացնոր պատկերացումները համապատասխանում են իր փորձառություններին: Բոլոր այս կերպարների հետ շփման արդյունքում ձեռք բերած փորձառությունները Ուլրիխին ստիպում են քննադատորեն վերաիմաստավորել իր ճանաչողական ունակությունները: 

Ինքնակենսագրական բնույթի իր մի դիտարկման մեջ, իր մասին երրորդ դեմքով խոսելով, Մուզիլը հետևյալ կերպ է բնութագրում ՙՄարդն առանց հատկությունների՚ վեպի տարբերությունը իր մյուս ստեղծագործություններից. ՙԱյս վեպում Մուզիլը հրաժարվում է իրականության հողեղեն խորխորատներում պեղած մանրուքները դուրս կորզելու սկզբունքից և նկարագրում է իր աշխարհը նրա համընդգրկուն լայնքով մեկ՚: Մեկ այլ առիթով նա ասում է, որ ՙնովելները  մարդուս հայտանիշային արարքներն են՚, իսկ ժամանակակից վեպը, ըստ իր հասկացողության, ՙկյանքի սուբյեկտիվ փիլիսոփայական բանաձևումն է՚, որն ընդգրկում է մարդուն իր ամբողջության մեջ, ժամանակի, ինչպես նաև պատմության ու պետության հետ նրա հարաբերության ողջ բարդությունը:
Մուզիլն ինքը իր վեպն համեմատում է գաղափարների կարկասի հետ, որի վրա, գոբելենների հանգույն, կախ են ընկած պատումի առանձին կտորները, որոնցից ամենամեծ պաստառը վերոհիշյալ ՙզուգահեռ գործողությունն՚ է:

Ուլրիխը որպես ՙմարդ առանց հատկությունների՚, ոչ միայն Մուզիլի ժամանակակից մարդու ներքին ՙկերպարանազրկությանն՚ առնչվող հայտնի զգուշավորությունների տեսանելի մարմնացումն է, այլ նաև փորձ է գիտակցելու դրա ՙանխուսափելիությունը՚, այսպես ասած` դրական հեռանկարում, հասարակության և մարդու համար նրանից կորզելու կառուցողական դասեր: Ուլրիխը մի մարդ է, որն օժտված է ոչ թե ՙիրականության զգացողությամբ՚, այլ, ընդհակառակը` ՙհնարավորության զգացողությամբ՚, այսինքն այնպիսի մեկը, ում ֆ‎իզիկա-քիմիական հատկությունները դեռևս չեն քարացել մի ինչ-որ եզակի, կոնկրետ մի բանի սահմաններում, նա կերպարանազուրկ մեկն է, ժամանակակից մարդուն հատկանշող մի հատկություն, գտնվում է մշտական շարժման, արարչագործության մշտատև ակտի իրավիճակում: Նա գիտի, որ կարող է ամեն ինչ դառնալ, ամեն ինչի փոխարկվել, և այդ իմացությունը հետ է պահում նրան եսակենտրոնությունից, սեփական տեսակետների ու արարքների հանդեպ մահու չափ լրջմիտ վերաբերմունքից, ինչը բնորոշ է այն մարդկանց, որոնք բանտարկված են ՙբնավորության՚ բանտում: Ուլրիխը օժտված է ՙինքն իր կողքով՚ ընթանալու ձիրքով և հաշվի չնստել իր բնության քմահաճույքների հետ: Կյանքը նրա համար ոչ թե ՙբեմ՚ է, ուր ինքնադրսևորվում է ՙեսը՚, այլ գեղադիտակ, որ հնարաստեղծում է զարդանախշերի մեծաքանակ բազմություն, ուրաքանչյուր շրջադարձին` տարբեր: Ուլրիխի համար, ըստ Մուզիիլի, ՙաշխարհը մի մեծ հետազոտական փորձասենյակ է, ուր փորձարկվում ու վերստին ստեղծվում են մարդկային լավագույն կաղապարները՚: 

Այսպիսով` առանց հատկությունների մարդը դրական ծրագիր է: Այդպես էր նայում դրան նաև Թոմաս Մաննը, գրելով, որ Մուզիլի գեղարվեստական համակարգը ՙմաքրության, անկեղծության, բնականության մի զենք է` ընդդեմ ամենայն խորթության, մռայլատես կեղծիքի, նրա, ինչն ինքը իր երազկոտ արհամարհանքի մեջ ՙհատկություններ՚ էր անվանում՚:
 
Երկրորդ հատորում Ուլրիխը փորձում է իր քրոջ` Ագաթեի հետ համատեղ ապրելու իր դրական ուտոպիան իրագործելու կոչված ՙայլ կացությունը՚` ՙսիրո մեջ այլ կացության ուտոպիան՚, ասել է, թե ոչ բանախոհականը, չպատճառաբանվածը: Եվ հենց այստեղ է, որ Մանկությունից ի վեր երկար բաժանումից հետո քույրն ու եղբայրը հանդիպում են իրար իրենց հոր հուղարկավորության ժամանակ: Այդ ընթացքում Ուլրիխը հասկանում է, որ միայն այժմ` իր քրոջ հետ համատեղ կեցության ընթացքում, իր կյանքը իմաստ է ստանում: Երկուսի միջև անբարեվայելուչ հարաբերություններ են սկիզբ առնում, որոնք սակայն, Ուլրիխի իսկ հասկացողությամբ, որևէ հեռանկար չունեն: Երկուսի միջև ձևավորվում է հոգևոր մերձակցության` միստիքական միության (unio-mystica) մի մթնոլորտ, ինչը վերաճում է փոխադարձ համակրանքի, և ի վերջո` սիրո: Վերջինիս արգելված բնույթը առաջին հերթին էական է ոչ իբրև ձեռնոց` նետված հասարակությանը, այլ իբրև իրենք իրնեց վրա բարձրագույն կենտրոնացվածության արտահայտություն: Այստեղ է, որ իրենց համակած հոգեվիճակը բնութագրելով, Ուլրիխը հռչակում է ՙհազարամյա թագավորության՚ տեսլականը, հնարավորը` ըստ հավանականության, բայց ոչ երբեք իբրև իրականություն: Այս գաղափարը, ձայնակցելով դեռևս ՙզուգահեռ գործողության՚ հանձնախմբի նիստերից մեկի ժամանակ Ուլրիխի կողմից արված կիսահեգնական առաջարկությանը` ՙճշգրտության և հոգու գլխավոր քարտուղարության ստեղծման՚ մասին, այս անգամ արդեն ՙայլ կացության՚ մեջ հայտնված լինելու դիրքերից, մղում է հաղորդում համընդգրկուն համադրողականության գաղափարին, թախծելով ՙիրական կյանքի օրենքի՚ մասին, սառը գիտելիքը հավատի և իդեալների հետ համադրելու ձգտման, որից ՙծնունդ են առնում մարդուս գեղեցկությունն ու բարությունը՚: 

Շուտով, սակայն, ողջը փուլ է գալիս: Ինչպես երևում է վեպի սևագիր գրառումներից, Ուլրիխն ու Ագաթեն ուղևորվում են հարավ, ծովափ` ի խույզ ՙհազարամյա թագավորության՚: Սկզբում նրանք տրվում են հափշտակությանը, որ ծնունդ է առնում նրանց միջև հաստատված հարաբերությունների կատարելությամբ ու գեղեցկությամբ պայմանավորված: Հետո հիասթափություն, անգամ մեծագույն նողկանք է ծնունդ առնում: Այստեղ է, որ Ուլրիխն ասում է. ՙՍերը կարող է այցելել ի հեճուկս, բայց այն չի կարող գոյություն ունենալ ի հեճուկս: Այն կարող է գոյություն ունենալ միայն միացված լինելով հասարակությանը… Չի կարելի ապրել զտագույն ժխտումով՚: Վտանգավոր այս էքսպերիմենտը` ձախողվելով, հերոսին հետ է շպրտում: Նա, ինչպես և Ագաթեն, տարվում էն ինքնասպանության գաղափարով: 


Մուզիլ և Չարենց 


20-րդ դարի պատմական աղետները Գերմանիայում և Ավստրիայում ծնունդ են տալիս գրականության մի յուրահատուկ տեսակի, որը մյուս ժողովուրդների պարագայում այդ ծավալով և ընդգրկումով առկա չէ: Խոսքս վերաբերում է պատմության վերաբերյալ լայնածավալ խորհրդածությունների և պատմության ախտորոշմամբ տոգորված պատմական ժամանակը և դարաշրջանը վերհանող վիպական ստեղծագործություններին: Նկատի ունենք գերմանալեզու գրականության մեջ Թոմաս և Հայնրիխ Մանների, Յոզե‎ Ռոթի, Հերման Բրոխի և այլոց համայնապատկերային վեպերը, որոնց շարքում իր ուրույն տեղն ունի Ռ.Մուզիլի ՙՄարդն առանց հատկությունների՚ վեպ-եռագրությունը:

Վիպական պատումի պատմական իրադրային հենքի իմաստով որոշակի նմանություններ կան Ռոբերտ Մուզիլի վեպի և Եղիշե Չարենցի ՙԵրկիր Նաիրի՚, գաղափարական առումով նաև ՙԳիրք ճանապարհի՚ երկերի միջև: Երկու վեպերն էլ սկսել են գրի առնվել 20-ական թվականների սկզբնավորությանը: Երկու դեպքում էլ գործ ունենք զույգ կայսրությունների կործանման (մի դեպքում` Ավստրո-Հունգարական և Գերմանական, մյուս դեպքում` Օսմանյան և Ռուսական կայսրություններ), այնտեղ ապրող փոքր ժողովուրդների պատմական ճակատագրի, պատմական ժամանակից դուրս դրված, դիմազուրկ զանգվածների և արժեզրկված ու օբյեկտի վերածված մարդ-էակի ոգորումների ու խարխափումների հետ: Միայն մեկ տարբերությամբ, որ Մուզիլի վեպում պայմանականորեն ասած գործողությունները տեղի են ունենում առաջին աշխարհամարտից անմիջապես առաջ` կայսրության մայրաքաղաք Վիեննայում, ուր ցույց է տրվում, թե ինչպես է մարդկանց թերկատար ուղեղներում նախապատրաստվում բուն իսկ անցումը պատերազմին, Չարենցի վեպում` գավառական Կարս քաղաքում: Ժամանակակիցներն այդ պատերազմը ընկալեցին ոչ որպես տանուլ տված պատերազմ, այլ որպես հնի կործանման և դեռևս անծանոթ նոր աշխարհին անցման բեկումնային, ճեղքում նախապատրաստող մի կետ: Երկու դեպքում էլ երկրները կոչվում են անիրական, հեգնական անվանումներով` Կականիա (Ավստրո-հունգարական միապետությանը տրված ՙկայսերական և թագավորական՚ հավելատիտղոսի սկզբնատառերը) և Նաիրի, երկու կործանվող երկրներ` իրենց խիստ բնորոշ հատկություններով, իրենց բնակիչներով ու մտածելակերպով, որ այլևս ենթակա են վերանալու: Երկու հեղինակներն էլ փոխում են ժամանակային ուղղվածության իմաստային սլաքը, նրանց հայացքը ուղղվում է դեռևս անորոշության մեջ գտնվող ապագան, բայց ոչ երբեք հետ` դեպի անցյալը, որը վաղուց արդեն դարձել է ապօրինի, հակաբնական մի բան, և միայն մեկ բանի է ծառայում` հաղթահարված լինելու ու դեն նետվելու: Քանի որ միայն այդժամ նոր լույս ու նոր հնարավորություններ կարող են բացվել: 
Երկու վեպերն էլ տոգորված են ուտոպիայի ոգով: Կականիան իր արդեն կիսով չափ անիրական իրականությամբ իդեալական միջոց է ծառայում ռոմանտիկական իրոնիայի ծավալման համար, նույնը վերաբերում է նաև Նաիրի երկրի անիրական տեսլականին: