Saturday, 2024-04-20, 9:02 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆՔ

Պլատոն ԱրիստոտելԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆՔ
 
Հին աշխարհի դիվանագիտության սկզբնավորումը
 
Ծագումնաբանորեն դիվանագիտության ակունքները խորանում են մինչև հնագույն քաղաքակրթությունների` եգիպտական ու ասորա-բաբելոնական ժամանակները : Հիշատակելի է, մասնավորապես, Եգիպտոսի փարավոն Ռամզես 2-րդի և Հեթիթների թագավոր Հաթթուշի 2-րդի միջև դեռևս մ.թ.ա. 1278 թ. կնքված պայմանագիրը :
 
Եգիպտոսի Ամառնա բնակավայրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են պաշտոնական թղթակցություններ, նամակներ, որոնց միջոցով եգիպտական փարավոնները կառավարում էին իրենց հսկայածավալ կայսրությունը : Այդ նամակներից երևում է, որ երկրի վրա Աստծո տեղապահի տիտղոսը կրող փարավոնները, ներգրավված լինելով դիվանագիտական հարցերում, հավասարի իրավունքով համագործակցում էին իրենց հպատակեցված, հարևան երկրների մահկանացու միապետների հետ: Նպատակն էր` խաղաղության պահպանումն ու միջազգային հարաբերություններում կարգուկանոնի հաստատումը:
 
Հայտնաբերված պաշտոնական գրագրությունները վերաբերում են Եգիպտոսի պետական կառավարմանն ու արտաքին քաղաքականությունը, միջազգային իրավունքի նորմերին ու առևտրական գործունեությանը, ուր շոշափվում են աշխարհաքաղաքական ու դիվանագիտական հարցեր, ներկայացվում են հետախուզական գործունեության արդյունքներն ու կայացվում են որոշումներ :
 
Պաշտոնական գրագրություններ վկայված են նաև եբրայական, չինական ու հնդկական քաղաքակրթությունների հնագույն աղբյուրներում, հունա-եգիպտական պապիրուս-նամակների ժողովածուների կազմում : Մասնավորապես Անտիկ Հունաստանում` պաշտոնական վավերագրերն ընդմիջարկված են Քսենոֆոնի, Թուկիդիտեսի, Արիստոփանեսի պատմական ու գրական երկասիրություններում :
 
Հելլենիզմի տիրապետության շրջանում` նոր աշխուժություն է ապրում հելլենիստական միապետություններում իրականացվող գրասենյակային-դիվանագիտական ոճի գրագրությունների ավանդույթը: Դրանք գրված են գործնական առիթներով և հասցեագրված են իշխանության մարմիններին, պետական-պաշտոնական անձանց: Դիվանագիտական բովանդակությամբ գրագրությունների միջոցով էր ապահովվում արտաքին աշխարհի հետ համահաղորդակցությունը, ինչպես նաև իրականացվում էր երկրների ներքին վարչականն կառավարումը :
 
Նոր ժամանակների դիվանագիտության ակունքներում
 
Եվրոպական քաղաքական մշակույթում, ընդհուպ մինչև Վերածննդի դարաշրջանը, դիվանագիտությունն այն տեսքով, ինչպիսին որ մենք այն այսօր ենք ընկալում, գոյություն չուներ: Տարբեր պետությունների կողմից առաքված լիազորված անձինք` դեսպանները, սահմանափակվում էին լոկ բանագնացնի կամ սուրհանդակի դերակատարությամբ և չունեին բանակցողի կարգավիճակ: Եվ միայն Վերածննդի դարաշրջանից սկսյալ, պետական իրավունքի տեսական հիմնադրույթների հռչակման հետ միասին, ի հայտ եկավ դիվանագիտություն հասկացությունը, որն իր սկզբնավորման փուլում, իր տեսակի մեջ այլընտրանք էր ներկայացնում պատերազմին կամ պատերազմի միջոցով խնդիրները լուծելու տիրապետող միտումին: Այսպես, առանձին դեպքերում, դեսպանները սկսեցին փոխարինել գեներալներին, առանց որ նվազեցնելու կամ իսպառ ի չիք դարձնելու վերջիններիս դերակատարությունը, քանի որ բանակցությունների ընթացքում զինված ուժերի առկայությունը առաջվա պես մնում էր որպես ամենահամոզիչ ու ՙծանրակշիռ՚ կռվանը:
 
Ըստ ՙՍառը պատերազմի դարաշրջանի՚ ամերիկյան հեղինակավոր և բազմահմուտ դիվանագետ, 1994-ին լույս ընծայված ՙԴիվանագիտություն՚ մենագրության հեղինակ Հենրի Քիսինջերի` Արևմտյան Եվրոպայում մեծ ճանաչման արժանացած առաջին դիվանագետը Կարդինալ դը Ռիշելյոն է (1586-1642), Ֆրանսիայի թագավոր Լուի 13-րդի Առաջին նախարարը: Վերջինս, իտալացի մտածողներ Նիկոլա Մաքիավելիի և Ջովանի Բոտերոյի օրինակով, առաջիններից մեկն էր, որ արտաքին քաղաքականության առնչությամբ հռչակեց Raison d’état հասկացությունը: Այս սկզբունքը հռչակում էր պետության և տարածքի (նրա սահմաններում բնակվող ազգաբնակչությամբ հանդերձ) գերակայությունը այլևայլ առաջնահերթությունների նկատմամբ:
Դելակրուա
17-րդ դարասկզբին Ֆրանսիան դեռևս չէր հասցրել ապաքինվել նախորդ դարի կրոնական պատերազմների հետևանքով կրած ծանր վերքերից, իսկ եվրոպական մեկ այլ պետական միավոր` Հռոմի Սուրբ Աթոռը, դեռևս գտնվում էր կատարյալ քաոսային վիճակում, փոփոխական հաջողություններով պայքար մղելով բողոքականությունն ընդունած գերմանական իշխանների դեմ: Այդժամ Ֆրանսիայի միջազգային դրությունը խիստ վտանգված էր ու խոցելի, քանի որ Իսպանիայի թագավորությունը և Սուրբ Աթոռը գտնվում էին Հաբսբուրգների ընտանիքի ամենազորեղ ձեռքերում: Աքցանի մեջ առնված լինելով` Ֆրանսիան ամեն վայրկյան ենթակա էր Պիրենյան լեռներից և Հռենոսի ափերից կրկնակի հարձակումների վտանգին: Երկրի ապագան վտանգող առկախված սպառնալիքին վերջ դնելու համար ՙխորամանկ՚ կարդինալը կայացնում է մի որոշում, որը միանգամայն հակառակ էր իր իսկ դավանած սկզբունքներին. նա կարգադրում է ֆինանսական, ռազմական և նյութական միջոցներ հատկացնել բողոքականություն դավանող գերմանական իշխաններին, նպատակ ունենալով ապակայունացնել Հաբսբուրգների կայսությունը և, հնարավորինս տևականորեն, թուլացնել Հռոմի Սուրբ Կայսրության իշխանությունը: Արդյունքում, չնայած երկրի ներսում և դրսում կարդինալի հասցեին արված մեղադրանքներին, դիվանագիտական այդ ճշգրտագույնս հաշվարկված քայլը ապահովեց Ֆրանսիայի հարավային և հարավ-արևելյան սահմանների անվտանգությունը: Իսպանիայի կողմից վերահաս սպառնալիքը կանխվեց, քանի որ վերջինս զրկվեց իրեն սատարող հզոր դաշնակցի օժանդակությունից: Կարդինալի դիվանագիտական ճկուն քայլի արդյունքում Լուի 14-րդ-ի թագավորության տարիներին Ֆրանսիան օգտագործեց իր համար ստեղծված բարենպաստ աշխարհաքաղաքական դրությունը` ընդլայնելով թագավորության սահմաններն ընդհուպ մինչև Հոլանդիա: 17-րդ դարում Raison d’état-ի սկզբունքը որդեգրվեց անխտիր բոլոր եվրոպական երկրների կողմից` Ֆրանսիայից ՙխլելով՚ արտաքին քաղաքականության մարզում իր ունեցած արտոնյալ կարգավիճակը:
 
Նապոլեոնյան պատերազմների շրջանի գերմանացի բարձրաստիճան զինվորական և ռազմական պատմաբան Կարլ ֆոն Քլաուզեվիցը (1780-1831) հետևյալ կերպ է ձևակերպել դիվանագիտության մասնահատուկ առարկան. ՙՊատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով՚: Այստեղ քաղաքականություն ասելով հարկ է հասկանալ միջազգային հարաբերությունները: Այսպիսով, ըստ Քլաուզեվիցի, պատերազմը և դիվանագիտությունը պարտադիր կերպով իրար հակադիր չեն, այլ ավելի շուտ` փոխլրացնող են, մի պայմանով, եթե միայն առաջադրված խնդիրը հստակեցված է ու ամրագրված:
 
Այսպես և` հասարակական-քաղաքական մտքի անդաստանում քաղաքական գործունեությանը տրված այնպիսի (թեև բացարձականության հավակնող, սակայն հարաբերականորեն ընդունելի) որակավորումներ, ինչպիսիք են, ասենք, ՙՈւժն է ծնում իրավունք՚, ՙՔաղաքականությունը հնարավորի արվեստն է՚, անգամ` ՙքաղաքականությունն անբարոյականություն է՚ և այլն, ի մասնավորի` հավասարապես վերաբերում են նաև բուն իսկ դիվանագիտությանը:
 
Խորենացի
Հայ դիվանագիտության սաղմնավորումը
 
Հայկական իրականության մեջ, դեռևս վաղ միջնադարաից սկսած, գրավոր ավանդված են նամակային կամ ուղերձային ձևի մեջ դրված հաղորդագրություններ, թղթակցություններ, օտար պետությունների արքունական ու եկեղեցական դիվանների միջև փոխանակված քաղաքական, դիվանագիտական, այլև դավանաբանական բնույթի պաշտոնական գրագրություններ, որոնք անմիջականորեն առնչվում են միջպետական քաղաքական, դիվանագիտական հարաբերությունների, այլև միջեկեղեցական վիճահարույց խնդիրների բնագավառին:
 
Անտիկ և հելլենիզմի շրջաններից ժառանգված և վաղ միջնադում լայն տարածում գտած պաշտոնական թուղթը կամ ուղերձը առանձնակի գործածականություն և հատուկ նշանակություն է ստացել քրիստոնեությունն ընդունած երկրների, այդ թվում և Հայաստանի, պետական-հասարակական կառավարման համակարգում: Դրանք նամակի ձևի մեջ դրված և հրապարակման համար նախատեսված գրավոր հաղորդագրություններ են, որոնք ունեն հասարակական-քաղաքական բովանդակություն (օրենսդրական, վարչա-պետական, դատավարական, արտոնագրային, դիվանագիտական), իրավական միտվածություն (պատվիրագրեր, հրամանագրեր, պայմանագրեր, լիազորագրեր, հավատարմագրեր): Պաշտոնական նամակները (աշխարհիկ կամ կրոնական բովանդակության), դիվանագիտական բնույթի փաստաթուղթ-ուղերձները հայ իրականության մեջ ավանդված են գլխավորապես պատմական երկասիրությունների և դավանաբանական խնդիրներ շոշոփող Թղթոց ժողովածուների կազմում, գրված են գործնական առիթներով և հասցեագրված տարբեր երկրների աշխարհիկ և հոգևոր իշխանության օրգաններին, պետական մարմիններին կամ պաշտոնական անձանց: Ո’չ միայն արտաքին հաղորդակցությունը, այլև ողջ ներքին վարչական կառավորումն իրականացվում էր նամակների միջոցով, մի սովորույթ, որը գալիս էր Արևելքից: Հայաստանը նույնպես, կանգնած լինելով արևելքի և արևմուտքի մշակույթների խաչաձևման կենտրոնում, վարչա-պետական և միջպետական հարաբերությունների մի ստվար մասի կառավարումն իրականացնում էր հաղորդակցության այդ կարևորագույն միջոցի ընձեռած հնարավորության սահմաններում:
 
Միջնադարյան հայ պատմիչների երկասիրություններում վկայված գրեթե բոլոր թղթակցությունները, ընդմիջարկված ուղերձները վերաբերում են պաշտոնական գրագրությունների բնագավառին: Դրանք, ըստ իրենց բնույթի, ունեն իրավա-քաղաքական միտվածություն, իսկ ըստ գործառնական առանձնահատկությունների`
Վարդան
խմբավորվում են երկու մեծ ենթաբաժինների մեջ. ա. ներքին կառավարում և բ. արտաքին քաղաքական շրջանների հետ տարվող թղթակցություններ: Պատմագիրների աշխատություններում վկայված է նաև պաշտոնական փաստաթղթի հատուկ տարատեսակը` պայմանագիրը, այն է` պետությունների միջև կնքված պայմանագրային բովանդակությամբ գրագրությունները: Մովսես Խորենացին դրանք կոչում է ուխտի պայմանագիր. ՙ…եւ առաքեցաք ըստ խնդրոյ ձերոյ զայս պայման ուխտի՚ (Գիրք 3, գլ. ԽԸ) կամ ՙզգիր ուխտին՚ (Գիրք 2, գլ. ԻԸ, ԻԹ, Լ): Փավստոս Բուզանդն այն կոչում է ՙուխտից նամակ՚ (Դպր. 4, գլ. ԻԱ), Ղազար Փարպեցին` ՙթուղթ խաղաղութեան՚ (Դրվագ Գ, գլ. Խ): Վկայված է նաև փաստաթղթերը մատանիով կնքելու ընդունված սովորությունը: Փարպեցու Պատմության մեջ կարդում ենք. ՙԵւ արարեալ նամակ իշխանին Սիւնեաց Վասակայ իւուրով մատանեաւ կնքեալ…՚ (Դրվագ Բ, գլ. Լ): Բուզանդի մոտ. ՙԵւ նա ետ բերել աղ, կնքել վարազ նկարագիր մատանեաւ՚ (Դպր. 4, գլ. ԾԳ):
 
Դիվանագիտությունն ի սպաս դավանաբանական վեճերի
 
Հայ միջնադարյան գրավոր մշակույթն իր աչքը բացեց հասարակական-քաղաքական, այլև գաղափարախոսական այնպիսի պայմաններում, երբ քրիստոնեությունն իր հաղթարշավն էր տոնում հելլենիզմի և հեթանոսության երբեմնի աստվածարյալ մշակույթի նկատմամբ : Դա մի ժամանակաշրջան էր, երբ նոր ուսմունքի նվիրյալները ջանում էին չեղյալ հայտարարել, ջնջել սոցիալական ու ազգային սահմանները և հավատի սահմաններով բաժանել մարդկային ՙդիմազրկված՚ խմբակցությունները: Առաքելական ու ջատագովական դարերին հաջորդած հակաճառական ու հակաաղանդավորական պայքարի թեժ մթնոլորտում ջախջախիչ հաղթանակ տարավ նորահայտ կրոնը և իր դիրքերն ամրապնդեց պետական միջոցառումների մի համակարգի ձևով, որն շտապեց վավերացնել քրիստոնեական եկեղեցու առաքելությունը, պաշտոնապես ճանաչեց ու վարչա-պետական գործառույթներ տրամադրեց նրան:
Քարտեզ
Ասվածը վերաբերում է 4-րդ դարին, երբ ընդհանուր քրիստոնեական աշխարհում տիրապետող էր դարձել եկեղեցու հայրերի կողմից սրբացված ու առասպելականացված քրիստոսաբանական աշխարհըմբռնումը և եկեղեցու` որպես Քրիստոսի միջնորդի պետականորեն ճանաչման գաղափարը: Սրանով վերջնականապես բացահայտվեց քրիստոնեության հավատավորների քարոզած քրիստոնյա-անհատի հասարակական ու ազգային պայմանականություններից վեր կանգնած լինելու առասպելի կեղծությունն ու կյանքի նկատմամբ քննություն չբռնելու իրողությունը: Հայտնի է, որ բոլոր ազգային եկեղեցիները շուտով զինվորագրվեցին սեփական պետական միավորումների վարչա-տնտեսական և ռազմական մեքենային ամեն կերպ օժանդակելու գործին: Կրոնադավանաբանական թեժ վեճերի մեջ ներքաշված հայ դավանաբանական-աստվածաբանական միտքը (որ կազմում է հակաճառական աստվածաբանության կարևորագույն ենթաբաժինը) իր մի ստվար մասով արտահայտություն է գտել ուղերձատիպ գրագրությունների կառույցում: 451 թ. Քաղկեդոնի 4-րդ տիեզերական ժողովից քիչ անց, 5-6-րդ դարերի սահմանաբաժանին, կապված դավանաբանական-աստվածաբանական սուր պայքարի ծննդյան հետ, նոր աշխուժություն է ապրում քրիստոսաբանական նամակագրությունը: Ամենատարբեր էթնիկ կազմ ունեցող ժողովուրդներ, միևնույն քրիստոնեական վարդապետությունը դավանող կրոնական միություններ ու ազգային եկեղեցիներ, հարևան դավանակից եկեղեցական թեմերին շտապում էին գրավոր տեղեկացնել դավանաբանական նորահայտ վեճերում իրենց որդեգրած դիրքորոշման, սեփական ճշմարտության և ուղիղ դավանանքի ըմբռնումները: Այստեղ նկատելի են այն քաղաքական-հասարակական դրդապատճառները, որոնք տարբեր ժողովուրդների պետական ու եկեղեցական ղեկավարներին ստիպում էին, սեփական ինքնուրույնության ու անկախության պահպանման նպատակով, հակադրվել գերիշխանության հավակնող հռոմեական և բյուզանդական պետական-եկեղեցական մեքենաներին: Քաղաքական աստառ կրող այդ ընդդիմությունն ընթանում էր կրոնական-դավանաբանական տարաձայնությունների քողի ներքո: Հռոմի և Բյուզանդիայի զավթողական քաղաքականությունը նպատակ էր հետապնդում կրոնական միության հասնելու միջոցով` հավատակից ժողովուրդներին հեշտ ճանապարհով քաղաքական գերիշխանություն պարտադրել: Փոքր ժողովուրդները, սեփական ինքնիշխանությունը պահպանելու նպատակով, կառչում էին կրոնական խնդիրներին:
 
Քաղկեդոնի ժողովի որոշումն է’լ ավելի բորբոքեց կրոնական հուզումները, որոնք նոր թափ ստացան և, փոխանակ եկեղեցիները միության բերելու, է’լ ավելի սաստկացրեց նրանց միջև ծագած տարաձայնությունները: Եգիպտոսի, Պաղեստինի, Ասորիքի առաքելական աթոռներն ընդդիմացան Հռոմին ու Կոնստանդնուպոլսին, ինչը հանգեցրեց սուր բախումների: Հայ եկեղեցին ևս սկսեց հեռանալ հունա-լատինական եկեղեցուց և մոտենալ ՙուղղափառ՚ ասորիներին: Հայ եկեղեցու մերթ թաքուն, մերթ բացահայտ ընդդիմության պսակն հանդիսացավ Բաբգեն Ա. Ոթմսեցի կաթողիկոսի (490-516) գլխավորությամբ 506 թ. Դվինում գումարված եկեղեցական ժողովը, ուր, կտրականապես մերժելով Քաղկեդոնի որոշումները, հայ եկեղեցին ընդդիմացավ կրոնական անհանդուժողականությանը, կանգնելով ազգային-եկեղեցական ինքնուրույնության սկզբունքի պաշտպանության դիրքերում: Այս ընթացքը բռնեցին մասնավորապես Ներսես Բ. Աշտարակեցի (548-557), Հովհաննես Բ. Գաբեղինացի (557-574) և հաջորդ կաթողիկոսները:
 
Ձեռագիր
Օգտվելով 6-րդ դարում Բյուզանդիայի և հայոց եկեղեցիների միջև ընթացող թունդ ու անզիջում բանավեճի ընձեռած առիթից, վրաց Կյուրիոն նորընծա կաթողիկոսը ձգտում է խախտել հայ-վրացական եկեղեցական միությունը և բյուզանդական կողմնորոշում է որդեգրում: Քաղաքական դրդապատճառներ են ընկած Կյուրիոնի եկեղեցական անջատողական քաղաքականության հիմքում: 6-րդ դարի վերջում և 7-րդ դարասկզբին, Բյուզանդիայի ու Հռոմի պատրիարքությունների հետ ունեցած կրոնական վեճերը մի կողմ թողած, հայ եկեղեցին, հարկադրված, մի նոր բանավեճ է սկսում` Վիրքի ու Աղվանքի եկեղեցական թեմերն իր գերիշխանության տակ պահելու նպատակով, որն ի վերջո ավարտվեց հայ-վրացական եկեղեցական բաշանմամբ: Այս առթիվ կողմերի միջև ծայր է առնում պաշտոնական գրագրություների մի ամբողջ շարք, մեկը մյուսին պարտադրելով սեփական դավանաբանական ըմբռնումները:
 
Ակնհայտ է, որ դավանաբանական թղթակցությունների միստիկ-ոգեղինացած կեղևի ներքո բաբախում է իրական ազգային-քաղաքական և հասարակական կյանքի զարկերակը: Իսկ այնտեղ, ուր ազգամիջյան խնդիրներ են քննարկվում, առաջին պլան է մղվում դիվանագիտորեն գործելու արվեստը, այն է` գործնական դիվանագիտությունը: