Armenian Pataphysics - ԳՅՈՒՐՋԻԵՎ Գ.Ի.
Tuesday, 2017-03-28, 1:34 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  March 2017  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԳՅՈՒՐՋԻԵՎ Գ.Ի.

ԳուրջիեւԳԵՈՐԳԻ ԳՅՈՒՐՋԻԵՎ
 
(1877 Գյումրի - 1949 թ. Փարիզ)
 
Գեորգի Իվանի Գյուրջիևը ծնվել է 1877 թվականի հունվարի 1-ին Ալեքսանդրապոլում, ուր և անցել են նրա մանկության ու պատանեկության տարիները: Այնուհետև ուսանել է Կարսի ու Էջմիածնի կրթօջախներում` ստանալով աշխարհիկ ու հոգևոր կրթություն: Մասնակցել է Անիի հնագիտական պեղումներին:
Այնուհետև մոտ երկու տասնամյակ ճանապարհորդել է Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի հեռավոր վայրերում: Այդ տարիները վճռական նշանակություն ունեցան նրա գաղափարների ձևավորման համար: Վերջին անգամ Ալեքսանդրապոլում եղել է 1916-ին, երբ հայրը դեռ կենդանի էր (զոհվել է 1917-ին` թուրքական արշավանքի ժամանակ): Առաջին Աշխարհամարտի նախօրեին հաստատվելով Մոսկվայում` նա շուրջն է հավաքագրում մի խումբ իր ուսմունքի հետևորդ-աշակերտների, պարապում նրանց հետ: 1917 թ. ռուսական հեղափոխության առաջին տարում ժամանակավորապես իջևանում է Հյուսիսային Կովկասի Էսենտուկի բնակավայրում, ապա և Թիֆլիսի, Կոստանդնուպոլսի, Բեռլինի ու Լոնդոնի վրայով հաստատվում է Փարիզի մերձակայքում գտնվող Պրիորե դղյակում, որտեղ էլ 1922-ին վերաբացում է իր ՙՄարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտը՚:
          Գյուրջիևը մահացել է Փարիզում 1949 թվականին, ավտովթարից:
 
Իրական և տիեզերական իմացությանը հետամուտ նրա համառ ու անխոնջ որոնումների պատմությունը, դավանած գաղափարները արտահայտություն ու զարգացում են ստացել նրա գլխավոր երկերում.
1. ՙԲեհեղզեբուղի զրույցները իր թոռան համար՚,
2. ՙՀանդիպումներ նշանավոր մարդկանց հետ՚,
3. ՙԿյանքը իրական է միայն այնժամ, երբ ես կամ՚ և
4. ՙԴիտարկումներ իրական աշխարհից՚,
որոնք ամփոփված են ՙՈղջը և ամենը՚ ընդհանուր խորագիրը կրող երկաշարում:
 
Առաջին գրքում Գյուրջիևը իր բառերով ասած ՙնպատակ էր դրել ամենաանխնա կերպով ջախջախելու մարդուս մտավոր ու զգացական մարզերում դարերի ընթացքում արմատացած հավատալիքներն ու պատկերացումները` ձգտելով ընթերցողի ուղեղում վերարթնացնելու անսովոր մտքերի շիթը՚: Երկրորդում` նրա հետապնդած գլխավորագույն նպատակն է ՙի ցույց դնել այն նյութը, որ աշխարհի նորովի ու ստեղծագործ ընկալման պահանջ էր դնում՚, Երրորդ և չորրորդ գրքերում նա ձգտում է ՙօժանդակել մարդուս մտքում ու զգացմունքների մարզում իրական աշխարհի վերհանմանը, փոխանակ պատրանքային աշխարհի, որը նա այժմ ընկալում է՚: Իր հիմնած դպրոցը նա ամենաընդհանրական բնորոշմամբ կոչում էր Տիեզերական Եղբայրություն` առանց դույզն-ինչ մասնավորեցման:
 
Գյուրջիևի գործը բազմաշերտ է ու բազմապլան, բայց ինչ կերպ էլ նա ինքնարտահայտվելիս լինի, նրա ձայնը որպես կանչ է լսվում:
 
Նա կանչ է արձակում, որովհետև ինքն էլ տառապում է այն ներքին քաոսից, որի մեջ մենք ապրում ենք:
 
Նա կոչ է անում մեզ` բացելու մեր աչքերը:
 
Նա հարցնում է մեզ` ինչու՞ ենք մենք այստեղ, ի՞նչ ենք ուզում, ի՞նչ ուժերի ենք ապավինում կամ ենթարկվում: Նա մեզ գլխավորապես հարցնում է` արդյո՞ք մենք հասկանում ենք մեր ինչ կամ ով լինելը:
 
Նա ցանկանում է, որ մենք ողջը ետ բերենք` վերածելով հարցի:
 
Եվ որովհետև նա համառորեն պնդում է ու իր այդ պնդման մեջ մեզանից ստիպողաբար պատասխան է ակնկալում, դրանով իսկ կապ է ստեղծվում նրա և մեր միջև, ինչը նաև նրա ստեղծագործության համընդգրկուն, անքակտելի մասն է կազմում:
 
Մոտ քառասուն տարի շարունակ այդ կանչը հնչում էր այնպիսի ուժով, որ մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից նրա մոտ էին գալիս:
 
Բայց նրան հանդիպելը մշտապես փորձություն է եղել: Նրա ներկայությամբ ամենայն հարաբերակցություն ու իրավիճակ արհեստական էր թվում. ՙերկոտանի ուղեղակիր մարդու՚ վրայից հանվում էր դիմակը և մի պահ նա երևում էր այնպես, ինչպես իրականում կար:
 
Դա մի անողոք փորձություն էր և շատերի համար անտանելի:
 
Գյուրջիևը միայն գրող չէր և չէր կարող սոսկ այդպիսին լինել: Նրա խնդիրը բոլորովին այլ էր:
 
Գյուրջիևը վարպետ էր:
 
Արևելքում այնքան հոգեհարազատ Վարպետի այս գաղափարը դժվարությամբ էր ընկալվում արևմտյան աշխարհում: Այն ոչինչ որոշակի չէր նշանակում, նրա բովանդակությունը ծայրահեղորեն անորոշ էր, անգամ կասկածահարույց:
 
Ավանդական պատկերացումների համաձայն վարպետի գործունեությունը չի սահմանափակվում միայն ուսմունքների դասավանդմամբ, այն իր մեջ ներառելու պես ենթադրում է արդիական իմացության վերամարմնավորում, որի շնորհիվ ի զորու է արթնացնելու մյուսներին, իր սոսկական ներկայությամբ օգնելու նրանց իրենց որոնումներում:
 
Նա ներկա է, որպեսզի պայմաններ ստեղծի այն փորձառության համար, որի միջոցով իմացությունը ի զորու կլինի հնարավորինս լիակատար ձևով կենդանանալու:
 
Սա’ է Գյուրջիևի կենսափիլիսոփայության իրական բանալին, որը նաև, նրա կտակի համաձայն, փորագրված է Գյումրի գերեզմանատանը ննջող իր աշուղ հոր գերեզմանաքարին.
 
Ես դու եմ,
Դու ես եմ,
Նա մերն է,
Մենք երկուսս նրանն ենք:
Թող ուրեմն ամենը լինի
Մեր մերձավորների համար:
 
 
ՙԲԵՀԵՂԶԵԲՈՒՂԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ ԻՐ ԹՈՌԱՆ ՀԱՄԱՐ՚
Մարդկանց կյանքի անաչառ-անկողմնապահ քննադատություն գրքից
Հատված
 
Մեծարգո, արժանապատիվ, կամքով արի և, բնականաբար, հույժ համբերատար ազնիվ պարոնայք և գերապատիվ, շլացուցիչ ու անկողմնակալ տիկնայք… ներողություն, ես ամենակարևորը մոռացա ասել` և բնավ երբեք հիստերիկ տիկնայք:
 
Ես պատիվ ունեմ ձեզ հաղորդելու, որ թեև իմ կենցաղավարության վերջին փուլերից մեկում ծնունդ առած հանգամանքների բերումով այժմ ինձ գրքեր գրելուն եմ նվիրել, սակայն ողջ կյանքիս ընթացքում ո’չ որևէ գիրք եմ հեղինակել, ո’չ զանազան այսպես կոչված ՙուսուցանող հոդվածներ՚, ո’չ էլ նույնիսկ մի նամակ, որում անպատճառ կերպով անհրաժեշտ լիներ այսպես կոչված ՙքերականագիտությանը՚ ուշադրություն դարձնել, այդ պատճառով ես, թեև հիմա արհեստավարժ գրող դառնալու մարմաջով եմ տոգորված, սակայն ո’չ առկա մասնագիտական կանոնների ու հնարքների, ո’չ էլ այսպես կոչված բարեհունչ` ՙbon-ton գեղարվեստական լեզվի՚ հարցերում բնավ փորձառություն չունեմ, ուստի հարկադրված եմ գրել ոչ այնպես, ինչպես ամենասովորական ՙարտոնագրված գրողներն՚ են անում, որոնց գրելաոճին դուք, ամենայն հավանականությամբ, արդեն այնպես եք ընտելացել, ինչպես ձեր սեփական մարմնաբույրին…
 
Սակայն ամենակարևորը ես դեռ չեմ վճռել. ո՞ր լեզվով պետք է գրեմ:
 
Թեև սկսեցի ռուսերեն գրել, սակայն այդ լեզվով չի կարելի, ինչպես իմաստուններից ամենաիմաստունը` Խոջա Նասըր-Էդդինը կասեր, շատ հեռուն գնալ:
 
Ռուսաց լեզուն անշուշտ շատ լավն է: Ես նույնիսկ սիրում եմ այն, և սակայն… միայնումիայն անեկդոտներ պատմելու և որևէ մեկի տոհմածառը նվազ պատվաբեր մակդիրներով հիշատակելու համար:
 
Ինչպես ռուսերենը` անգլերենը նույնպես շատ լավն է, բայց միայն ծխասենյակում հարմարավետ բազկաթոռին ընկողմանած միջոցին, ոտքը ոտքին գցած, Ավստրալիայից բերած սառեցված ձկնեղենի կամ էլ երբեմն-երբեմն հնդկական հարցի մասին խոսելու համար:
 
… Պետք է նաև ասեմ, որ պատանեկության տարիներին բոլոր հնարավոր պատահական և գուցե ոչ պատահականորեն ձևավորված հանգամանքների բերումով ստիպված էի շատ լեզուներ սովորել, դրան գումարած` ամենայն լրջմտությամբ և, բնականաբար, մշտառկա ինքնահարկադրանքով խոսել դրանցով, կարդալ-գրելու մեջ վարժվել, և այնպես էի տիրապետում դրանց, որ, ճակատագրի կողմից անսպասլիորեն այժմ ինձ պարտադրված այս մասնագիտությանը կամ կոչումին հետևելով, եթե վճիռ կայացնելու լինեի վարժանքի միջոցով ձեռք բերված ՙավտոմատիզմին՚ դույզն-ինչ գերապատվոււթյուն չտալու վերաբերյալ, ես, համենայնդեպս, նրանցից յուրաքանչյուրով կարող էի գրել:
 
Բայց եթե մեքենայաբար ձեռք բերված, երկարատև ինքնավարժանքի միջոցով արդեն իսկ հեշտությամբ առաջխաղացող այս մեքենայականությունը լավագույնս կիրառել ուզենամ, հարկ է ռուսերեն կամ հայերեն գրեմ, որովհետև կյանքիս այս վերջին երկու կամ երեք տասնամյակներին հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ուրիշների հետ հաղորդակցվելու համար այս երկու լեզուները պետք է գործածեի և, հետևաբար, ամենամեծ փորձառությունը նրանցում ունեմ:
 
Այս առնչությամբ ժողովրդական մի իմաստնախոսություն է միտքս գալիս, կամ ինչպես ասում են, ուղեղիս մեջ մի արտահայտություն է պտտվում, որը շատ հին ժամանակներից ի վեր գոյություն է ունեցել մարդկանց կյանքում և մեր օրերում հետևյալ ձևակերպումն է ստացել. ՙԱմեն փայտ պետք է անպատճառ երկու ծայր ունենա՚:
 
…Այլ կերպ ասած, եթե ես օգտվելու լինեմ նախապատվությունը մեկին կամ մյուսին տալու ինձ ընձեռված արտոնությունից, և փայտի ծայրերից մեկը` տվյալ դեպքում լավագույն համարվողը, իմ ձեռքում պահեմ, ապա մյուսը` վատ հորջորջվելիք ծայրը, պետք է անպատճառ ընթերցողի գլխին իջնի:
 
Դա իսկապես էլ կարող է պատահել, քանի որ այսպես կոչված փիլիսոփայական հարցերի նրբությունները, որոնցից ես շռայլագույնս պետք է օգտվեմ իմ գրվածքներում, ռուսերենում չեն կարող արտահայտություն գտնել, որին հակառակ, հայերենում դրանք միանգամայն հնարավոր է արտահայտել, և սակայն, ի դժբախտություն բոլոր ներկայումս ապրող հայերի, ժամանակակից հասկացությունները ոչ մի կերպ չեն կարող արտահայտվել:
 
Այդ պատճառով իմ հոգում բնավորված ցավը մեղմելու նպատակով` ես պետք է ասեմ, որ իմ վաղ պատանեկության տարիներին, երբ ես փիլիսոփայական հարցերով էի հետաքրքրվում և ծայրեիծայր լցված էի դրանցով, այն ժամանակվա իմ խոսացած բոլոր մնացած լեզուներից, անգամ իմ հայրենական լեզվից, գերապատվությունը հայերենին էի տալիս:
 
Ժամանակին հայերենը գլխավորապես այն պատճառով էր ինձ համար ամենասիրելին, որովհետև այն ինքնատիպ էր և ոչնչով չէր նմանվում հարևան կամ ցեղակից լեզուներին:
 
Բոլոր նրա, ինչպես գիտնական բանասերներն են ասում, նրբերանգները միմիայն իրեն էին հատկական և այն ժամանակվա իմ ըմռնողությամբ կատարելապես համապատասխանում էին հայազգի մարդկանց հոգեկան կերտվածքին: Բայց այս վերջին երեսուն-քառասուն տարիների ընթացքում այդ լեզուն իմ աչքերի առաջ այնպես էր փոփոխվել, և հեռավոր անցյալներից մեզ հասած ինքնատիպ, ինքնուրույնագույն լեզվի փոխարեն այնպիսի մի բան էր գոյացել, որը ներկայումս էլ գոյատևում է, որ, թեկուզ և լինելով ինքնատիպ ու ինքնուրույն, սակայն կարելի է ասել լեզուների ՙծաղրածուական խառնափնթորություն՚ է ներկայացնում, որի հնչյունները, ամբողջության մեջ, ավել կամ պակաս գիտակից ու բանիմաց ունկնդրի ականջին ճիշտ և ճիշտ որպես թուրքական, պարսկական, ֆրանսիական, քրդական ու ռուսական բառահնչություններ էին թվում և կամ այլևայլ ՙդժվարամարս՚ ու անհոդաբաշխ հնչակազմություններ:
 
Գրեթե նույնը կարելի է նաև իմ հայրենական լեզվի` հունարենի մասին ասել, որով ես խոսում էի իմ մանկության տարիներին, որի, եթե կարելի է ասել ՙմեքենայականորեն զուգաբանական ուժահամը՚ մինչև օրս ես պահել եմ իմ մեջ: Դրանով ես կարող եմ արտահայտել այն ամենն, ինչ ուզում եմ. չնայած դրան, սակայն, ես անհնարին եմ համարում այն իմ գրվածքների համար գործածել հենց թեկուզ այն պարզագույն հեգնական հիմնապատճառից ելնելով, որ որևէ մեկը իմ գրվածքները պետք է ընդօրինակի և այլ պետքական կամ գործածական լեզուների թարգմանի: Բայց ո՞վ կարող է արդյոք դա անել:
 
Վստահաբար կարելի է ասել, որ ժամանակակից հունարենի լավագույն գիտակն անգամ պարզապես ոչինչ չէր հասկանա նրանից, ինչը ես իմ հունարենով, այնպես, ինչպես որ ես եմ այն իմ մանկության հասակում յուրացրել, գրելու լինեի, որովհետև, իմ թանկագին, ինչպես որ նրանց կարելի է կոչել, ՙհամերկրացիները՚, որոնք ևս տենչանքով են համակված ժամանակակից քաղաքակրթության ներկայացուցիչներին ամեն գնով նաև իրենց խոսակցականով համահավասարվել, մինչդեռ այս վերջին երեսուն-քառասուն տարիներին իմ սիրելի հայրենական լեզվի հետ ճիշտ և ճիշտ այնպես են վարվել, ինչպես հայերն իրենց լեզվի հետ` ռուսական մտավորականությանն ընդօրինակլեու իրենց ձգտմամբ:
 
Հունարեն լեզուն, որի ոգին և էությունը ժառանգել եմ ես, և այն, որ խոսվում է այսօրվա հույների կողմից, իրար այնքան են նման, ինչպես որ Մոլլա Նասըր-Էդդինի արտահայտությամբ` մեխը հոգեհանգստյան արարողությանը:
 
Այսպիսով, ի՞նչ է պետք այստեղ անել:
 
Ա~խ… միայն թե հոգ չէ, իմ խելամտությունների հարգարժան գնորդներ… քանի դեռ բավականաչափ ֆրանսիական Արմանյակ և ՙհայսարիական բաստուրմա՚ կա, անգամ այս դժվարագույն վիճակից ես մի ճանապարհ կգտնեմ:
 
Անգլերենից թարգմանությունը` Աշոտ Ալեքսանյանի