Armenian Pataphysics - ՊՈԼ ՎԱԼԵՐԻ
Monday, 2017-02-20, 0:14 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  February 2017  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ՊՈԼ ՎԱԼԵՐԻ

Վալերի Պ.

1879-1945



ՀԱՅԱՑՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԻՆ

 

 

Չկա մի կուսակցություն, որ դաված չլինի սեփական հայրենիքին:
Ահա այն, ինչի առիթով ցանկացած կուսակցություն խուսափում է բացատրություններ տալ,
ա/ յուրաքանչյուրն ունի իր մասնահատուկ ստվերները` իր պահեստային ուժերը
բ/ արյունոտ դիակների գետնափորներն ու ամոթալի տենչանքների իր գաղտնի նկուղները
գ/ թեթևամիտ խոսքերի ու անկշռադատ արարքների իր գանձերը,
դ/ ինչը նա մոռացել է իր նպատակների մեջ և ինչը կուզենար մոռացության տալ:
 
Նրանք ձեռնպահ են մնում կյանքի կոչելուց այն, ինչի գոյությունն ապահովելու համար խոստումներ էին տալիս:
Իշխանության հետ նրանք իրար արժեն, իշխանությունից դուրս էլ նրանք արժեն իրար:

Պետք չէ տատանվել անելու համար այն, ինչը ամրապնդում է ձեր համակիրների մի մասի կախվածությունը ձեզանից և ինչը եռապատկում է մնացածների սերը ձեր նկատմամբ:

Այն, ինչը դուր է գալիս սեփական քաղաքական կուսակցության մեջ` տեսլականի (իդեալի) անորոշությունն է: Մյուսը, որ նույնքան հաճելի է աչքի առաջ ունենալ, առաջիկա խնդիրների որոշակիությունն է:

Ողջ քաղաքականություն կոչվածը հիմնվում է շահագրգիռ անձանց մեծամասնության անտարբերության վրա, առանց որի քաղաքականությունը երբեք չի կարող հնարավոր դառնալ:

Սկզբնական շրջանում քաղաքականությունը հանդես է գալիս որպես իրեն զննող աչքի հետ միախառնվելուց մարդկանց մի խմբին հեռու պահելու վարպետություն:
Հաջորդ փուլում` սրան ավելանում է վարպետությունը` մարդկանց հարկադրելու վճիռ կայացնել իրենց համար անհասկանալի բաների մասին:
Այս երկրորդ սկզբունքը զուգամիտվում է առաջինին:
Ահա և նրանց համակցման արդյունքներից մեկը. ընդհանուր ընտրական իրավունքի երկրներում գոյություն ունեն պետական գաղտնիքներ: Զուգակցումն անհրաժեշտ է և, արդյունքում, կենսունակ, բայց այն երբեմն մեծ փոթորիկներ է առաջ բերում, որը կառավարություններին ստիպում է առանց շունչ առնելու կամ ձեռքերը ծալելու շարունակ մանևրել: Իշխանությունը միշտ հարկադրված է իր սկզբունքների դեմ թիավարել: Նա կառավարում է սկզբունքից հնարավորին չափ աննշան շեղումով` բացարձակ լիիշխանության ուղղությամբ:

Բոլոր հասարակական կազմակերպվածքները պատրանքների պահանջ են առաջադրում:
Մի հասարակարգում համաձայնության են գալիս քաղաքացիների անհավասարության մասին: Մյուսում` նախօրոք պայմանավորվում և կազմակերպում են հավասարությունը:
Սրանք են այն նախապայմանները, որ հարկավոր են խաղը սկսելու համար: Հենց որ մեկը կամ մյուսը հաստատվում է, թե չէ, խաղն սկսվում է, որն անհրաժեշտաբար կայանում է անհատների կողմից անընդհատ ու հակընդդեմ գործողություններ ձեռնարկելու մեջ:
Հավասարների հասարակության մեջ անհատը գործում է ընդդեմ հավասարության: Անհավասարների հասարակարգում ամենամեծ թվով մարդիկ աշխատում են ընդդեմ անհավասարության:
   
Քաղաքական պայքարի արդյունքը ուղեղներում շփոթ առաջացնելն է, ամենամեծ կարևորության ՙխնդիրների՚ և արտակարգ միջոցառումների հասկացության կեղծումը:
Այն, ինչ կենսական կարևորություն ունի, փոխարինվում է նրանով, ինչը պարզապես կարող էր լինել: Ինչը ապագային է վերաբերում` օրվա խնդիր է հայտարարվում: Այն, ինչ հրատապ է ու անհետաձգելի` նրանով, ինչը շոշափելի է ու զգայելի: Այն, ինչ խորն է ու դանդաղընթաց է  ենթադրում` նրանով, ինչը գրգռիչ է ու հրահրող:
Այն ամենը, ինչը գործնական քաղաքականությանն է վերաբերում, անհրաժեշտաբար մակերեսային է ու ոչ խորը:

Անկարելի է ՙքաղաքականություն անել՚ առանց սեփական կարծիք հայտնելու բոլոր այն խնդիրների առթիվ, որոնց մասին ոչ մի ողջախոհ մարդ չի կարող իրեն թույլ տալ ասելու, թե ինքը գիտի: Պետք է հիմար լինել կամ անսահման տգետ` համարձակվելու համար կարծիք հայտնել խնդիրների այն մեծամասնության առթիվ, որ առաջադրում է քաղաքականությունը:

Կարծիքներ:

Ողջ կարծիք կոչվածը պարզագույն թարգմանություն-մեկնաբանությունն է հակընդդեմ կամ թշնամաբար ասված կարծիքի: Եթե գործողությունների դիմելը ամենահեշտերից մեկը չլիներ, ուղեղի ծուլությունը նրան դեպի հավերժանփոփոխության խաղադաշտը կառաջնորդեր:
Քաղաքական կամ արվեստական կարծիքը պետք է այնքան անսահմանորեն անորոշ լինի, որպեսզի մի և նույն արտաքին երևույթի, թվացողականության քողի տակ մի և նույն անհատը այն մշտապես իր նախատրամադրությանը և սեփական շահերին հարմարեցնել կարողանա. արդարացնել իր գործողությունը. ՙբացատրել՚ իր կատարած ընտրությունը, ընդունած որոշումը:

Ես ճանաչում էի մի տարօրինակ, զվարճալի արարածի, որը հավատում էր այն ամենին, ինչ կարդում էր մի որոշակի ամսագրում, և ոչ մի բանի, ինչը մեկ ուրիշում էր ընթերցում:
Դա օրիգինալ մեկն էր. ընդսմին` գաղջահոտող ու լճացած տեսակի:

Պատմաբանը անցյալի նկատմամբ կատարում է նույնը, ինչ որ խաղաթղթերով բախտ բացող գուշակուհին` ապագայի հանդեպ: Բայց հենց կախարդուհու նկատմամբ է ստուգման հարց բարձրացվում և ոչ պատմաբանի:

Քաղաքական բացահայտում:

...Մարդը բարձրանում է ամբիոն: Աղմուկ-իրարանցում, ՙչարացած ու անհաշտ՚ ընդդիմություն, ևն:
Սկսում է խոսել... Բանավե՞ճ է: Սակայն կամաց-կամաց մտքի աշխատանքն իրեն զգացնել է տալիս` ուշադրությունը գրավելով: Եվ հենց մտքի աշխատանքն է, որ բացահայտում է իրեն: Այլևս չկան հեշտ լուծումներ, պարզ բանաձևումներ, չկան քաղաքական ծրագրեր, չկա հնարավոր պառլամենտական մարտավարություն, չկան մտքի վայրկենական լուսաճառագումներ, հաղթական հակահարվածներ...
Այլ հորինաստեղծ ու ինքնավստահ հսկայական դժվարություններ. ապագան անհայտ, ներկան թյուր ճանաչված, տրամաբանությունը անբավարար, գիտելիքները թերի, խորաթափանցությունը պակասավոր, առարկան անբռնելի ու անորսալի, խոսքը կոպտատաշ, անվայելուչ, վճիռը միշտ պատահական... Այն ամենը, ինչ դիմակավորում է ճառասացի արվեստը, ինչպիսին որ այն կա մտքի մեջ, նույնական է բացահայտելիք առարկաների իրական խառնաշփոթին...
 
Իշխանությունը և փողը անսահմանության գրավչությունն ունեն. մեկի կամ մյուսի, գործունեության այս կամ այն ընդունակության համար չէ, որ ցանկություն են ունենում դրանց անտեղիտալի տիրապետելու: Ոչ ոք խենթանալու աստիճան չի տենչում ողջամիտ կամ չափավոր իշխանության. ո°չ կառավարության կենսագործունեության իրականացումն է որպես պարզ ու հստակ, կանոնակարգված մասնագիտություն դիտարկվում, ո°չ էլ փողը` որպես հստակագույնս որոշարկված առարկաների արժեք:
Սակայն հենց իշխանության անսահմանությունն է, որ մեծ ցանկություն է ծնում, որովհետև ես երբեք չգիտեմ, թե ինչ ցանկություններ կարող են իմ մեջ ծնունդ առնել: Ես երբեք չեմ տենչում այն, ինչը հաշվարկված է, և ուզում եմ գնել միայն այն, ինչը չկա վաճառքում:
Ահա թե ինչու բոլորը գերհզոր և մեծահարուստ մարդու մեջ միշտ էլ մի երջանիկ խաղամոլի են տեսնում: Մի արտակարգ հաջողակություն է ենթադրվում այդ մեծամեծ հարստությունների կուտակման սկզբնափուլում: Ո°չ թափած ջանքը, ո°չ էլ ավարտին հասցված տքնաջան աշխատանքի արդյունքը չի թվում, թե կարող է այդ Մեծությանն առաջնորդել, որ պատկերանում է այնկողմնային ու կատարյալ:
Վերջապես, իշխանության չարաշահման, գերազանցման հենց այդ բնազդն է, որ այնպես կրքոտությամբ երազել է տալիս իշխանության մասին: Իշխանությունն առանց գերազանցման կորցնում է իր հմայքը:

Պետությունը, այդ ԵՍ-ը:

Խոսում է մարդը:
Չի կարելի, որ գայլը գառանն ուտի: Դա անբարոյականություն է... Որովհետև այդ ԵՍ պետք է գառանն ուտեմ:
Չի կարելի, որ մոլախոտը խեղդի բարի ցորնահասկին: Քանի որ այդ ԵՍ պետք է փշրեմ բարի հատիկը:
Այսպես է խոսում մարդը: Բայց, է°լ ավելի բարձր, այսպես է խոսում ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:
 
Գայլը կախման մեջ է գտնվում գառից, որն էլ իր հերթին կախված է խոտից:
Խոտը միայն հարաբերականորեն է պաշտպանվում գայլի կողմից: Գիշատիչ կաթնասունը հովանավորում է խոտին, որն իրեն կերակրում է անուղղակիորեն:

Ծեր գայլերի միջև ճակատամարտը շատ ավելի դաժան է, ավելի խորամանկ ու նենգմիտ, բայց նրանում նաև հանդիսավորության պահ կա:

Հարևանների առկայությունը հավերժական քաղաքացիական պատերազմից խուսափելու ազգերի միակ երաշխիքն է:

Մեծ, աղմուկ հանած իրադարձությունները գուցե այդպիսիք են թվում միայն փոքրիկ ուղեղների համար:

Ավելի լրջմիտ ուղեղների կողմից հենց անզգայելի, աննկատ ու տևականության դրոշմը կրող իրադարձություններն են, որ հաշվի մեջ են մտցվում:

Իրադարձությունները ծնունդ են առնում անծանոթ հորից: Անհրաժեշտությունը լոկ նրանց մայրն է:

Իրավունքը ուժերի միջնադադարն է: