Friday, 2024-04-26, 8:15 AM
Welcome Guest | RSS
Categories
My articles [5]
All and Everything
World Literature [1]
Poetry-Prose-Phylosophy
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Publisher

Main » Articles » Non-Armenian Pages » My articles

ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Գրականությունը համարելով իրականության ճանաչողության բարձրագույն հնարավորությունը, Մուզիլն այն դիտարկում էր որպես արտահեղման միջոցով արարչագործված աշխարհի մշտանորոգ ինքնաճանաչողության գերակա աստիճանը: Ընդսմին` քաղաքականությունը ևս, ըստ նրա, իրականության բազմաթիվ կերպերից մեկն է միայն, պատահականության աստիճանը, այլ խոսքով` իրականության հնարավոր կերպավորումներից մեկը, որը, հնարավորության պլանում կարող է նաև, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, որպես անհրաժեշտություն ներկայանալ: Մինչդեռ գրականության մեջ պատահական ոչինչ չկա, քանի որ ողջն այստեղ համագոյակից է էությանը: Նույնը վերաբերում է նաև փիլիսոփայությանը, ճիշտ է` մասնակի վերապահումով: Գրականությունն ավելին է, քան փիլիսոփաներին հուզող մետաֆիզիկական հարցադրումները: Գրականությունը նույն այդ հարցադրումների ինքնարար, արարչագործվող արտահեղումն է` առանց դույզն-ինչ պատասխանի ակնկալիքի: Ու թեև ՙառանց փիլիսոփայության ժամանակակից աշխարհում միայն հանցագործներն են համարձակվում խաթարելու մարդկանց առօրյան՚, հեգնում է գրողը, սակայն, երբ սկսում ես փիլիսոփայական տրամաբանությամբ առաջ ընթանալ, երբ մի միտքը ինքնին նախորդին է հետևում, ապա վերջում երբեք չես իմանա, թե որտեղ այն կավարտվի: Գրականությունը հենց այդ անավարտության հիմնապատին տպված հոգու սահանկող տրամաբանությունն է:
     Երբ ապրում ես Մուզիլի գծած այն հստակ գիտակցությամբ, որ ՙհասարակության առաքինությունները բեռ են սրբերի համար՚, մանավանդ երբ վստահ ես, որ ցանկացած այլ զգացմունք, բացի անսահմանից, անարժեք է, ստեղծված իրավիճակում մի գերագույն, համընդհանրական գաղափար, ուղեցույց-լապտերի հանգույն, սկսում է ներսից լուսավորել մեծազոր հոգիների մարմնապատյանը, համախմբելով նրանց` հանուն միասնական նպատակի, այն է` գոյելու միակ հնարավոր եղանակի մուզիլյան մեկ այլ ընդհանրացնող նշանացույցի մատույցներում, համաձայն որի` ՙմիայն մեկ հարց գոյություն ունի, որի առթիվ շահեկանը մտածելն է, և դա ճշմարիտ կյանքին է վերաբերում՚:
     Մարդու էությանը մերձենալու մուզիլյան այս փորձը ուսանելի է, թերևս, մեկ այլ առումով ևս, ընդսմին` խիստ անսպասելի դիտանկյունից դիտված. այն, որ անհատապաշտության նորօրյա քարոզը հենց միայն այն պատճառով է դատապարտված չկայանալու, կյանքի քննությունը չբռնելու, քանի որ քարոզիչներն իրենք կտրվել են իրենց քարոզած նյութի հանդեպ մետաֆիզիկական հավատից և ընդամենը նյութապաշտություն են քարոզում: Նույնպես և ազգերը, որ երկրիս երեսին շարունակում են ապրել ու պայքարել սեփական ինքնության հաստատագրման համար, թեև այս երկիրը վաղուց արդեն` բաբելոնյան աշտարակաշինությունից ի վեր, ձանձրացել է իր երեսին խաղարկվող մարդկային հավակնոտության տևական դրսևորումներից: Մարդիկ աշխարհ են գալիս, իրենց կյանքն ապրում ու աշխարհից հեռանում են այդպես էլ չհասկանալով կամ չընկալելով գոյության գերագույն խորհուրդը (սահմանափակվելով թերևս միայն երբեմնակի քչերին այցելող պայծառատեսության պահերով), սակայն թեժ բանավիճում են պետական ու հասարակական կառավարման նպատակահարմար եղանակների շուրջ` առանց որ հստակորեն դրանից գլուխ հանելու: Ինքնասիրահարվածության և սեփական անփոխարինելիության գիտակցումը որդեգրածներին հազվագյուտ է լքում երկրային վայելքին անձնատուր կեղծ-գաղափարախոսական տուրևառությունների աղջամուղջում հենց թեկուզ մի քայլ էլ դեպի առաջ ընթանալու վայելչածին ձգտումը:
     Այսպես, մարդկային հոգու բնագավառին աղերսվող գիտելիքի պակասը, սեփական ուժերի հանդեպ անվստահությունը, շրջապատի ազդեցություններին ենթակայությունը մշտապես փոխարինվում է հավաքականության ուժի հանդեպ հավատի պարտադրման մատից ծծած առասպելով:
     Մուզիլյան դաժանագույն եզրակացությունն է.
    Մենք անաստվածներ ենք ու հակամետաֆիզիկներ, կամ այդպիսին դարձել ենք` հանգամանքներին տուրք տալով: Մետաֆիզիկայից ամբողջովին զերծ մի աշխարհ է սա, այն աշխարհը, ուր այսօր մեր կյանքն է ինքնածավալվում: Մեր մեջ խախտված է եսակենտրոն սիրո և անանձնական ազատության միջև հաստատագրված համահավասարակշռող սկզբունքը, որի վրա ողջ տիեզերակարգն է պահվում, կայունացվում է լուսնի շրջապտույտը երկրագնդի շուրջը և վերջինս, թերևս զուտ պատահաբար, իր ուղեծրից դեռևս դուրս չի սայթաքում:
     Եվ ևս երկու խոսք` հոգու մասին: Այսօր էլ, ինչպես Մուզիլի օրերում, կարելի է փաստել, որ ոգին ո’չ թե սովորականի պես մաքառում է իմացության մշտանորոգ մարգագետնում, այլ դարձյալ ու վերստին մակաղում է փշատատասկահեղց, անջրդի անապատում... Թվում է` խիստ է ասված, չափազանցություն է... Սակայն ի±նչ անուն տաս անհոգ ինքնագոհության թմբիրի գիրկն ընկած այն մատաղացու գառնուկին, որ թռչկոտում է ամառային կիզիչ տապի ջերմահալոցում, չմտածելով, որ հաջորդ պահին որոճալու խոտ չի գտնելու` ածխափոշու խանձամրուրից զատ...
     Նյութի տիրապետության դարաշրջաններում հոգևոր մշակույթն արհամարհված ու անտեսված է հասարակության կողմից, դուրս է մղված նրա սպառողական զամբյուղից, կարոտ մնալով հոգեպարար նրբազգացության այն տեսլական հորիզոնին, որին շարունակ մոտենում ես, սակայն ինքը` տեսլականը, մնում է նույն անտարբեր հեռահարության վրա... Կարճ ասած` մշակույթն այլևս հոգևոր պահանջմունք չէ, եթե չկա նրա սպառմանը սպասարկու հոգին, ասել է, թե` նյութի կապանքներից ազատագրված մարդը... Մարդ էակն այդժամ ապրում է հարստության կուտակման աննախադեպ տենդի ու երկրային գետնաքարշ գոյության ինքնապահովման զուգաշխարհում, ընդսմին` առաջինը հանդես է գալիս որպես երկրորդին հիմնովին գերազանցող մի ուժ` երկուսի միջև նետված հոգեմտավոր համահաղորդակցման կամուրջներն իսպառ խորտակելու սպառնալիքով...
     Մթնոլորտային թշնամության անձնապաստան խրամատներում դիրքավորված մարդ-անհատի` որպես պետության քաղաքացու, ինքնուրույնության կորստի և հարստանալու մոլուցքին անձնատուր` գլուխ բարձրացրած ղեկավարելու պահանջախտի պայմաններում, մարդուս պաշարած մտացրիվ կրավորականության ու թափառիկ բռնկումների, ամբողջականության կորստի ու անորոշ ազդակներից մղված հավակնությունների ծիրում հոգևոր մշակույթը, սակայն, եղել և մնում է այն միակ համերաշխիքը, որը փրկօղակի դեր կարող է խաղալ հասարակական հավակնությունների կարոտախտից ձերբազատվելու և համաշխարհային թոհուբոհում ինքնահաստատվել ձգտող, մարդուս շուրջառած, իր անորոշության մեջ նկուն ոգորումներին, թոթափել տալու փողի ոգեղինացված կայսրության բռնադատիչ կապանքները, ճշմարիտ սիրո և անհավակնոտ հայրենասիրության հանգրվան տրամադրելու հասարակապետական կյանքի կազմակերպմանն հետամուտ մի վերջին հնարավորության առաջ կանգնած, մտքի օնանկանությամբ տառապող մարդկության ՙմնացորդաց՚ փշրանքներին:

     ***
     Մուզիլը ևս աշխարհաճանաչողական գործընթացում մետաֆիզիկայից անցումը դեպի ճանաչողական այլ գիտանքների համակարգին, բացատրում է մետաֆիզիկ մտածողության սահմանափակությամբ և դրանից բխող բնության մեջ հակակշռող-համակշռող սկզբունքի խաթարմամբ, կատարյալ հավասարակշռության հիմնանպատակից շեղմամբ, որի վերականգնման համար ասպարեզ է նետվում բռնությունը` որպես սիրո և ազատության միջակայքում տնկված, երկրային կյանքի` հոգսերի, բնազդային պոռթկումների և գաղափարների այդ եռամասնյա միախառնուրդն ուղղորդելու կոչված այլևս անբեկանելի գործնական մեխանիզմ: Այս գործողության ներդրմամբ մարդս ավելի հեռու է նետվում իր նախասկզբնական տիեզերական կարգավիճակից:
     Էսսեիզմը` որպես պատաֆիզիկական մտածողությանն սպասարկու զտագույն հնարավորության զգացողություն և երևակայական ճշգրտության վերհանմանը միտված համադրող կառույց, փորձում է վերառել արարչագործությամբ բաժանված, տարակայացված մարդ-տիեզերք հարաբերակցությունը, նպատակ ունենալով միացնել, համադրել դրանք: Հենց այստեղ էլ թաքնված է Մուզիլի Աստվածը, թաքչատեսական, խորհրդավոր մի էություն, որը հենց աշխարհային կարգն է, բայց ոչ իբրև տրվածություն, այլ իբրև մշտապես և ամենուրեք ինքնադրսևորվող գործունեություն:
     Ըստ Մուզիլի, մենք` մարդիկս, գիտենք, թե որքան սահմանափակ է մեր ճանաչողության շրջանակը` մեր հետաքրքրությունների շրջանակի համեմատությամբ: Մենք տարբերակում ենք լոկ միստիքական հետաքրքրությունը, քանի որ նրանց երկուսի առարկան էլ մետաֆիզիկականն է, և քանի որ երկուսի ձգտումն էլ ճանաչողությունն է, մինչդեռ էսսեի համար մենք միայն մարդկային վերակրթության խնդիր ենք դնում: Ըստ Մուզիլի` գրող-փիլիսոփաներ Մետերլինկը, Էմերսոնը, Նիցշեն տրանսցենդենտալի` այնկողմնայինի վերացարկման պարագայում միստիկներ են, բայց նաև ՙկյանքի փիլիսոփայության՚ հիմնադիր Վիլհելմ Դիլթայը, պոզիտիվիստ Իպոլիտ Տենը... այդպիսով նրանք բոլորը պատկանում են էսսեի շրջանակին, մի բնագավառ, ուր հանգրվանում է կրոնի մարդկային չափումը: Մենք կանգնած ենք հոգևոր գործունեության ոլորտների նոր վերաբաժանման շեմին: Դրանք երկու խմբի են պատկանում, գործունեության ոլորտներ, որ ճանաչողությանն են ուղղված և այնպիսիք, որ մարդկանց վերակրթման խնդիր են դրել: Եվ հենց այստեղ է, որ պոզիտիվիստների, էմպիրիոկրիտի-ցիստների ասած զգայական կոմպլեքսները պայքար են մղում իրենց տիրապետության հաստատման համար:
     ՙԳերմանացի մարդը որպես հայտանիշ՚ էսսեում Մուզիլը մետաֆիզիկան սահմանում է որպես ապերցեպտոր` ընկալուչ մեծություն, որպես չափազանց բարձր զգայականություն կամ գերզգայականություն: Այս առումով, ՙՍովորական, միջին մարդը շատ ավելի կրքոտ մետաֆիզիկ է, քան որ նա խոստովանում է...՚: ՙՓոխանակ իր զգացմունքը խորացնելու ... մարդս ձգտում է մետաֆիզիկորեն իրեն նշանակալի դարձնել, ազնվականացնել: …Մարդս պետք է ինչ-որ կերպ գլուխ հանի, համակերպվի իրեն շրջապատող աշխարհի հետ: Սա’ է մետաֆիզիկական վարկի, հավատամքի ֆենոմենը՚: Ընդսմին` տիեզերականը, մետաֆիզիկականը, համենայնդեպս` հենց է’ անսովորն ու անձնականը: Շրջանի մեջ տեսանվող անցքը ինքնին մետաֆիզիկական է, քանի որ դա հենց այն անսովորն է, որ միայնանձնական պրիզմայով է նկատելի դառնում:
     Ի տարբերություն սովորական, միջին մարդու, ստեղծագործող մարդիկ, ըստ Մուզիլի, ՙմետաֆիզիկորեն անհանգիստ են, իրականությունն արհամարող, հակաիդեալիստ: Ողջ տրամաբանությունը և իմաստնությունը ընկած է ոչ թե շատ իմացության մեջ, մետաֆիզիկական տրակտատի կամ աստվածաբանական գիտությունների ամբողջականության մեջ, այլ սոնետում կամ թատերախաղի մեջ` անակնկալ ... հուզիչ ... սովորականության շղթաները կազմաքանդող՚: Ստեղծագործող մարդկանց մեջ մետաֆիզիկական հավատն, ըստ էության, մարդակենտրոն է և, այդ առումով, ո’չ ամբողջապես մետաֆիզիկական, քանի որ ստեղծագործողը ներշնչված է ավելի շուտ տեսական-բարոյական խնդիրներով, և հակված չէ դեպի ապրիորի ճանաչողությունը: Նրա ողջ ստեղծագործությունը կարելի է ՙլրագրողական-մետաֆիզիկական փաստագրություն համարել, ինչպես Շպենգլերի պարագան է... Գաղափարախոսության բացակայությունը և պրակտիկ կյանքի ճանաչողության պակասը ժամանակ առ ժամանակ բերում են պայթյունների, մետաֆիզիկական կրախի՚: Այստեղից էլ Մուզիլի հիպոթետիկ եզրակացությունը. ՙՉի’ կարող որևէ կասկած լինել, որ մենք փաստագրական գիտությունների միջոցով հնագույն մետաֆիզիկական կարդինալ հարցերի առնչությամբ նոր հայեցակարգեր ենք զարգացնելու՚:
     Տիեզերական կարգի բացատրության և մարդու ճակատագրի ընկալման մետաֆիզիկային հակադրվող պատաֆիզիկական և միստիքական աշխարհընկալումներին զուգահեռաբար Մուզիլը ոտք է կոխում նաև թաքչատեսական ուսմունքների ընձեռած ճանաչողական հնարավորությունների ոլորտը: Ուսումնասիրողներից ոմանք Մուզիլի ՙՄարդն առանց հատկությունների՚ վեպը համարում են 20-րդ դարի ամենանշանավոր էզոտերիկ` բնազանցական երկը, գլխավորապես նկատի ունենալով նաև նրանում արտահայտված, միստիքական քողով շղարշապատված, ասոցիալական ուղղվածությունը, ա’յն, որ գրողն ասես վերջնականապես իր վիպական պատումից դուրս է մղել նրա հասարակական բովանդակությունը: Այստեղ առաջին հերթին նկատի է առնվում վեպի երկրորդ` ՙԴեպի հազարամյա թագավորությունը՚ մասի գաղափարական ուղղվածությունը: Վեպի այս երրորդ մասն, իրոք, իր էական գծերով սահմանակցում է միայն առանձնաշնորհյալներին տեսանելի գաղտնի ուսմունքների` էզոտերիկայի բնութագրական նյութին:
     Այստեղ, ինչպես և ավելի վաղ` 1911 թ. լույս ընծայած ՙԽոնարհ Վերոնիկայի գայթակղությունը՚ նովելում, միստիքականից սահուն անցում է կատարվում դեպի աշխարհընկալման թաքչատեսական կառույցը. Կրոնը այլևս մեռած է: Արվեստը և գիտությունը էզոտերիկ երևույթեր են, որոնք ձգտում են մարդկանց հետ շփման մեջ մտնել` իրենց թաքչատեսական, բնազանցական, աշխարհի հետ հաշիվները փակած, պոստմոդեռնիզմի տերմինաբանությամբ ասած` դիսկուրսի միջոցով: Վերոնիկայի և Յոհաննեսի, ինչպես և Ուլրիխի և Ագաթեի` քույր-եղբոր սերը, որ պատկերվում է այլ կացության կառույցի մեջ, պետք է համապատասխանի ՙթիթեռնիկի լեզվին՚, սոցիալական կյանքը, նույնպես և սեքսուալության, ցանկասիրական տեսլականը նրանում վերառված են ի սկզբանէ, սիրային զբաղմունքի հաղթահարումն արտահայտվում է սիրախաղի մասնակիցների, քույր-եղբայր փոխհարաբերությունների էզոտերիկ իմաստավորման միջոցով:
     Այս առնչությամբ Մուզիլը ՙԺառանգության՚ մեջ գրում է. ՙՄեդիտացիան մարդուս ազատ է արձակում բանական կյանքի պատկերացումներից` թույլ տալու համար տիեզերական բանականության ազատորեն ներխուժումն այնտեղ: Այս օրենքին անձնատուր` սովորական կամ վերջավոր գիտակցությունից վերանալով, ծածուկ հաղորդակցվում ես տիեզերական գիտակցությունը՚: Այստեղ ՙԶգացումների հերթագայությունը կարգավորվում է հուզագրգռությունների միջոցով, իսկ պատկերացումների ու հասկացությունների հերթափոխությունը` համաբանության օրենքների միջոցով... Երբ երկու զգացումներ միաժամանակյա կամ անմիջական հերթագայության մեջ են գտնվում գիտակցության մեջ, նրանցից յուրաքանչյուրը, երբ նրանք որպես զգացում կամ պատկերացում են հանդես գալիս, միտում ունեն գիտակցության մեջ նաև ուրիշներն արթնացնել՚:
     ՙՄԱՀ՚-ը վեպի նախնական տարբերակներից մեկում, երբ գլխավոր հերոս Ուլրիխը հանդես էր գալիս դեռևս Անդերս` ՙուրիշը՚ ծրագրային անվամբ, ՙԺառանգության՚ մեջ Մուզիլը նկատում է. ՙՄարդս իրեն որպես անձնավորություն է զգում տիեզերական կարգավորման միջոցով: Իռացիոնալի մեջ արմատավորված է կյանքի ներքին անվտանգությունը: ...Օկկուլտիզմը մատերիալիստական փորձ է, միայն թե` մատերիայի մեկ այլ հասկացության հիմքի վրա: Ապացուցողական ցանկությունը ռացիոնալիզմին է վերաբերում՚:
     Ըստ Մուզիլի` այդ էզոտերիկ հայեցողության մեջ ի սկզբանէ վերառված է ողջ կրոնականն ու տիեզերականը, նա, ով միայն տրամաբանական և հոգեբանական հաշվարկներով է առաջնորդվում, երբեք չի հասկանա, որ հաշվեկշռված, հաշվարկելի բանականությունից անդին ապրում է հոգու թագավորությունը: Խորապես գիտակցելով և հստակորեն սահմանազա-տելով խորհրդավորի, բնազանցականի և թաքչատեսության ճանաչողական նշանակությունը, Մուզիլը գտնում էր, որ մարդկային կյանքը գոյավորող և ուղղորդող ՙՏիեզերական ծուխը երեք առանձնահատուկ ձևեր ունի. ա. հերոսականը, բ. ցանկասիրականը, գ. մոգականը՚: Մեկնաբանության մեջ նա հատկապես շեշտադրում է մոգականի` էզոտերիկ գիտելիքի աշխարհաճանաչողական նշանակությունը, ճիշտ է` թեկուզ և առանձնաշնորհյալներին հասանելի, քանի որ վերջինս, փորձառության գերզգայական ձևի փոխանցման միջոցով, միջնորդավորված կապ է հաստատում տվյալ ճանաչողական ձևին անհաղորդակից մարդկային պարզ հոգիների և տիեզերական կարգի պահապաններից այս մի կարևորագույն գործառնության միջև:
...շարունակելի...
Category: My articles | Added by: Chateau (2010-11-01)
Views: 689 | Rating: 5.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: