Saturday, 2017-04-29, 4:32 PM
Welcome Guest | RSS
Categories
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

File Catalog

Main » Files » My files

ԳՈԹՖՐԻԴ ԲԵՆՆ
2010-10-31, 10:23 PM
1886-1956

Եղյամ

Մի բան պոկվեց մառախլապատ
մթնոլորտից ու աճեց.
գիշերվա մեջ’ մոխրաճերմակ,
ծառ ու սոճուն փաթաթվեց: 

Լույսն էր փայլում թավշափափուկ,
այն, որ ամպից էր կաթել,
և լուծվում էր աշխարհն անձուկ
գեղեցկության մեջ անդեմ:


Համադրություն

Լուռ գիշեր է: Եվ տունն է լուռ:
Ես մի աստղ եմ խաղաղավետ,
Եվ իմ լույսն եմ արտանետում
Իմ գիշերվա քղանցքից դեն: 

Ուղեղս տուն դարձավ` թողած
Քարայր, երկինք, գոմաղբ ու կեղտ,
Եվ կանացի մարմնում պարպած
բնահյութն իմ քաղցր ու հյութեղ: 

Աշխարհը` խաղ: Մահը` ավար:
Գոհ եմ` գրկած հաջորդ էգին,
Հետ չեն դարձնի` դեպի աշխարհ,
Ինձ` ո’չ մահը, ո’չ աղտ, ո’չ կին:

Մեղեդիներ


Ու՞ր էր թե մենք նախնյաց սաղմը լինեինք:
Մի կույտ լորձունք մառախլապատ գոլ ճահճում:
Կյանքն ու մահը, պտղավորում ու ծնունդ
կաթկթային բնահյութից համրաշունչ:

Թումբն ավազի, թերթիկները ծովաստղի,
քամուց հղկված ու ծանրացող` ներքևում:
Թևը ճայի կամ գլխիկը ճպուռի
կտառապեր այդժամ ցավից` խուլ հեռվում:

II
Սիրահարներն անարգված, ծանակողները մերժված,
ողջը հույս է ու կարոտ, բայց հուսացողը չկա:
Մենք ցավագար աստվածներ` համաճարակն ընդունած,
սակայն խորհում ենք հաճախ Աստծո մասին մեն-միակ:

Անտառային անուրջներ: Շիկակարմիր ծովածոց:
Ձնագնդի ծանրության սերմնաչափ աստղեր:
Հովազացատկն անմռունչ ծառերի մեջ անմատույց:
Ծովի կա’նչն է ամենուր: Ա’փ է ամեն տեղ:


Տե’ս աստղերը, Որսորդին

Տե’ս աստղերը, Որսորդին,
ծով ու երկինք ու լույսեր,
օ~ հովվերգեր սնոտի,
որ դեպի մեզ են հոսել,
դու էլ` շրջանդ լրած`
ոգեկոչող ձայներից,
սանդուղքներով - իջիր ցած -
գիշերային բանբերի: 

Հեռացի’ր, երբ սպառած
լինես խոսք ու առասպել,
աստվածների նոր բանակ
դու չես տեսնի այսուհետ,
ո’չ իսկ գահը Եփրատի,
ո’չ էլ գիրը քարի մեջ –
Միրմիդոնե, արդ, հեղի’ր
թանձր գինին հողի մեջ: 

Ինչ էլ ժամերը կոչվեն`
կենաց ցավ կամ արտասուք,
ողջն հոսքի մեջ է ծաղկում
գիշերային այս գինու,
լուռ հոսում է Էոնեն,
հազիվ ափից հեռացած –
ե’տ տուր թագը - բանբերին -,
աստվածներն ու անրջանք:


Մի բառ

Մի բառ, մի խոսք -. վեր են հառնում գրքերից
ապրված կյանքն ու իմաստն անմեկնելի,
արևն անշարժ, երկնոլորտներն անմռունչ,
և ամեն ինչ սեղմվում է նրա շուրջ:

Մի բառ-մի փայլ, հոգու ճախրանք, հրոզմունք,
աստղից փրցված լույսի ծվեն ու հուզմունք,
և վերստին` աշխարհն ու ինձ շուրջառող
դատարկություն` մութ ու խավար, ահավոր:


Եկե’ք

Եկե’ք, խոսենք շարունակ,
ով խոսում է` չի մեռել,
կրակներն են բովանդակ
մեր կարիքը փեռեկել:
Եկե’ք, ասենք մենք կապույտ,
ասենք կարմիր, ասենք սև,
մենք լսում ենք ու տեսնում,
ով խոսում է` չի մեռել:

Անապատում միայնակ`
քո Գոբիում մոխրագույն,
մենակ ես դու, և չկա
ո’չ կուրծք, ո’չ կին, ո’չ արցունք,
շրջանցում ես խոչուխութ
մակույկում քո կիսավեր,
բացե’ք շուրթերը ձեր ձույլ,
ով խոսում է` չի մեռել:


Ամբողջը

Արբունքում կար մի մասնիկ` ջինջ արցունքի մեջ,
երբեմնակի կար և փայլ, կար և ավելին,
տարիներում այս կար սիրտ, ուր կային նաև
փոթորիկներ հորդաբուխ` հույժ երևելի:

Միշտ սքողված, զի նրա խորքում էր ողջն արարվում,
Չլինելով երջանիկ, չունենալով ուղեկից,
հորձանքները համորեն հորդում էին` ծավալվում,
և ողջ դրսինը միայն ներքինին էր մերձակից:

Մեկը քեզ չոր էր նայում, մյուսը` նուրբ ու հեշտագին,
մեկն հայացքով կործանող, մյուսը` տիրական,
նրանց տեսածը, սակայն, պատկերներ էին անմարմին,
քանզի ամբողջն է միայն` լո’կ քեզապատկան:

Լուսավոր էր նախապես, այն, ինչը դու’ էիր ուզում,
նշանառու, ակնբախ և հավատավոր,
բայց երբ հայացք նետեցիր նրան, ինչ դու’ էիր ուզում,
ինչն ամբողջին էր նայում` քարացած, խոտոր,

դա ոչ փա’յլ էր, ոչ կրա’կ, ո’չ իսկ թույլ մի վախ,
որին բախվեց քո վերջին հայացքը շաղված,
այլ արյան մեջ թաթախված մի մերկ գլուխ, մի ճիվաղ,
որի քունքից արցունքի կաթիլ էր կախված:


Ես կորուսյալ

Կորուսյալդ Ես` երկնոլորտների պայթյունից ծնված,
իոնացման զոհ - Գամմա-ճառագայթ - Գառ - դաշտ և մասնիկ -.
անսահմանության սին մղձավանջներ`հավերժ մակտպված
Նոտր-դամի քո մոխրագույն քարին:

Օրերն անցնում են քո կողքով`առանց լույս ու գիշերի,
և տարիներն են զսպում` ձյունազերծ ու մրգազուրկ,
վտանգն առկախված`անսահմանության ծպտյալ եզերքի – աշխարհը` փախուստ:

Որտե՞ղ կավարտվես, ու՞ր կծվարես, ու՞ր կծավալվեն
ոլորտները քո – հաղթանակ, կորուստ և պարտություն-.
գիշատչախաղում այս մշտահավերժ,
որ գլխապատառ`ճաղավանդակի մեջ են մխրճվում:

Գիշատչի հայացք. փորոտիք-աստղեր և ջունգլիների
մահն իբրև պատճառ ամենայն գոյի ու արարչության,
մարդ, ճակատամարտ և պատերազմներ ի մեջ ազգերի`
գիշատչի կոկորդն ի վար ընկլուզված:

Աշխարհ մտագար: Եվ ժամանակներ ու տարածություն`
մտասևեռումն հանուր մարդկության,
անսահմանության գործառույթն է բուն,
որ առասպելն է ստում շարունակ:

Որտեղի՞ց և ու՞ր – չկա ո’չ գիշեր, ո’չ արևածագ,
ո’չ կանչ ցնծության‚ ո’չ իսկ եղերերգ,
դու կարգախոս ես փնտրում քեզ համար,
հայտնի չէ` որտե՞ղ:

Երբ որ բոլորն են հակվում միջինին,
գիտուններն են լոկ Բարձրյալին հիշում,
վերընձյուղվում են գառանն ու հովվին,
երբ որ արյունն են գավից ըմբոշխնում,

և ճողոպրում են վերքից ու կտրում
հացը` վայելքն այդ չապականված–
ով ժամ լիացման` հեռընկեց, հնում`
կորուսյալ ես-ը իր մեջ ամբարած:

Ամեն բառի մեջ…

Ամեն բառի մեջ և ամենայն ժամ
արյուն է ծորում վերքն արարչության,
մեղր է կաթեցնում գոյերի սրտին,
փխրեցնում հողն ու տուն դառնում կրկին:
Եվ թև է տալիս Աստծո զարմերին`
սկյութներին պայտ, կճղակ հոներին,
պետք չէ հարցեր տալ, պետք չէ հասկանալ,
տա’ր դեպի երկինք` գիրկն հավերժության
ժամն այս մենավոր, լույսն առասպելի,
ու նաև վերքը, չկա’ ավելին:
Հերկե’լ դաշտերը` հովվի կանչն է սա’,
կապույտն ըմբոշխնիր, նշա’նը, ահա’,
սուզվիր դեմքի մեջ հեռաստանների.
սա’ է հավատը, չկա’ ավելին,
սակավն ընդունի’ր, ուր ամեն ինչ կա,
անսա’ նշանին, որ կա ու չկա,
փոխարկում, շուրջպար, լույս առասպելի,
լուռքի արբեցում, չկա’ ավելին:

 

Լոկ երկու բան

Բազում ձևերի միջով անցկացած,
եսի ու մենքի ու դուի միջով,
բայց ողջն հավաստյավ տանջանք է ու ցավ’
հավերժական մի հարցի մեջ`ինչու՞:

Եղածը հարց է, այն էլ` մանկական:
Դու ավելի ուշ հասկացար սակայն,
որ լոկ մի բան կա. համբերություն` 
- իմաստի, կրքի, հավատի, ձգտման -
ապրի’ր և տոկա` պարտավո’ր ես դու:

Թեկուզ վարդ լինի, լինի ծով, թե ձյուն,
այն, ինչ ծաղկում է, թոշնում է նաև,
լոկ երկու բան կա. դատարկություն
ու երկփեղկված Ես:


Բառերը

Բառերի հետ մենակ ես դու` 
մենություն է իսկական, 
այստեղ չկան փող ու թմբուկ 
և կամարներ հաղթական:

Նրանց հոգին ես ներհայում` 
բառերես ու բառարմատ, 
տարեցտարի` դու քեզ վատնում 
ու չես գտնում հույս-հավատ: 

Այնտեղ լույսերն են առկայծում 
մենության մեջ աներկբա, 
շուրթերից` թաց ու վարդագույն, 
բառն է հղկվում ձույլ-երկաթ:

Լոկ տարիներն են քո դեղնում` 
հանգերն անշուք ու տարտամ, 
և քայլում ես, քայլում ես դու, 
լուռ, գլխահակ ու կամկար: 

Թախիծ

Ստվերներն անձև անփոփոխ են լոկ հովտում մահագույժ, 
ուր տարածվում են մեռելածաղկի շարքերն հրկեզ, 
նրանք մեր մեջ են փոփոխվում, գրկում քո անփաղաքուշ, 
երբ անուրջն է սին օրորում քեզ:

Ինչ է մարմինը` վարդերի խուրձ է, փուշ ու տատասկ, 
և ինչ է կուրծքը` խորշոմներ, թավիշ լուսաթախիծ, 
ինչ են վարսերը, ուսերն, անութներն ու խճողված 
խորացումները, որ բռնկվում են ջերմ հայացքից. 

Իր մեջ անցյալն է նա կրում` նախկին համախոհներին, 
նաև ապագան. երբ այլևս չես համբուրի այն, 
մ’ի անսա նրա մեղմ ու բարձրագոչ հավաստումներին, 
որ սեղմ ժամկետի մեջ կան միայն:

Ապա` նոյեմբեր, մենություն, թախիծ, մահաբեր նախճիր, 
մի զույգ անթացուպ` անդամալույծի բեռն ամոքող, 
երկինքն այլևս չի բարեբանում, բայց միայն նոճին` 
անշարժ ու վերձիգ և ծառը սգվոր:

Նա, ով մենակ է

Նա, ով մենակ է, գաղտնիք ունի նա, 
կանգնած հորձանքի դեմ պատկերների, 
նրանց ծննդյան ու պտղավորման, 
երբ ստվերն անգամ կիզվում է ներսից:

Հղի է բազում տրոհումներով, 
հավերժ մտազբաղ, նաև ի զորու 
ոչնչացնելու մարդկայինը ողջ, 
այն, որ սնվում է ու զուգավորվում:

Փոխակերպումն է տեսնում մայր հողի` 
անմասն սակայն. ո’չ ծնունդ, ո’չ մահ. 
արարչությունն է նայում անհոգի` 
անձև, անմարմին ու անկաղապար: 

Հրաժեշտ

Ես լիքն եմ քեզնով, ինչպես որ վերքը արյունարբու, 
արտաթորվում ես` թաղկացյալ ավշին ընդելուզված, 
ընդարձակվելով`որպես թե ժամին գիշերաբուն` 
լույսն հովիտների ստվերների մեջ հարընկլուզած, 
դու ծաղկում ես հանց պարտեզի վարդը հույժ ծանրացյալ, 
դու’ մենակություն, դու’ ծերունազարդ կորստյան դուռ, 
դու’ գերհագեցում, երբ անուրջներն են մեռնում անձայն, 
տառապյալդ հույժ, դու’ ամենիմաց և իմաստուն: 
Խորթացած ես դու խենթ ցնորքներից կենսաթրթիռ, 
և հրաժարված քեզ տրված կյանքից ամենօգուտ, 
այլևս հոգնած բյուր կապանքներից մանրախնդիր, 
անկարող` նույնիսկ բավարարելու իղձը հոգուդ, 
ա’րդ, նույն այդ խորքից, առանց պեղելու մանրակրկիտ, 
դու նայում ես քեզ, ուր խորտակված են նշան ու բառ, 
հարկ է որ լռես և քո հայացքը շրջես կրկին 
դեպի գիշերը, վարդերը թախծոտ և ուշահայտ: 
Խորհում ես մեկ-մեկ անցածիդ մասին խինդով լիաթոք. 
մի՞թե այդ դու էիր… ա~խ ինչպես էիր մոռացել նրան, 
քո պատկե՞րն էր դա, մշտապես հուզող հարցը չէ՞ր արդյոք, 
քո խոսքն ու նաև լույսը երկնառաք, որ քոնն էր միայն: 
Իմ խոսքն ու նաև լույսը երկնառաք, որ իմն էր առաջ, 
իմ խոսքն ու նաև լույսը երկնառաք` խորտակված ընդմիշտ… 
Ով վերապրել է այդ ամենը, նա հարկ է մոռանա 
ու էլ չհիշի իր անցած կյանքը, դառնություն ու վիշտ: 
Եվ օրը վերջին. երկնային հրդեհ, հեռավոր ափեր, 
ջուրը քեզ դեպի երկինք է տանում ծերպ ու քերծերով: 
Լույսը ծառերի մեջ է թափանցում ծեր ու բարձրաբերձ` 
ինքզինքը կրկին ստվերների մեջ վերստեղծելով, 
ո’չ կեղևն հասկի, ո’չ մրգերն հուռթի չեն հուզում բնավ 
և հունձքի մասին հարցուփորձելու ոչ մի ասպարեզ, 
լուսաշող խաղն է նախազգում միայն ու լույսն անկենդան, 
հիշողություն չի’ք. սույնով ամեն ինչ ասված է կարծես: 

Ես քո կոպերին քունս կառաքեմ

Ես քո կոպերին քունս կառաքեմ, 
ու քո շուրթերին իմ համբույրը տաք, 
քանզի միայնակ ես պիտի պարպեմ 
գիշերվա վիշտն ու երազն անհատակ:

Դիմագծերիդ ես սուգ կկապեմ, 
ու կպարուրեմ լույսով հրճվալից, 
քանզի գիշերն ու դողը մահադեմ 
կրծքիս միջով են լույս աշխարհ գալիս:

Դու, որ տկար ես, որ ինձ ներհայես, 
դու, որ չես տեսնում, չես զգում ինձ– 
ուստի գիշերով ես վեր կհառնեմ 
ու կառաքեմ քեզ համբույր ու նինջ: 

Ո’չ երբեք մենակ

Ո’չ երբեք մենակ` քան օգոստոսին. 
ժա’մ է արբունքի -, երակի մեջ տաք 
հունդերն են վառվում դեղնածուփ ոսկի, 
ու՞ր է քո այգու հրճվանքն ու հեշտանք:

Պարզկա երկինք է ու վճիտ լճեր, 
դաշտերը մաքուր ու լուսապայծառ, 
ու՞ր են հաղթության ապացույցները 
քեզ ներկայացնող թագավորության:

Երբ ապացույցը կիրքն է մարմնական` 
գինեբույրի մեջ զգլխիչ ու գիրգ, 
պագշոտ հայացքներ ինքնահաստատման, 
դու պարտությունը ընտրեցիր` ոգին: 

Մեկ անգամ էլ

Մեկ անգամ էլ մեռնել ու լալ` 
քեզ հետ զգալ համն անծանոթ, 
իմաստը մութ սիրո, մահվան` 
աստվածների օտար ու խորթ:

Բայց չես կարող քաղել դու այն, 
մոտ է թեև ու մերձակից, 
ցավի մեջ է ողջն ամփոփված, 
թե ծնունդ չէ ծով ու ծաղկի:

Խորտակվել ու նորից հառնել, 
մոռանալ ու գտնել կրկին, 
վերջին կոհակն անդրադարձնել, 
վերջին բոցերն հանել երկինք:

Հյուսվածք` առանց պնդօղակի, 
սին, անհեթեթ եզերակար. 
արցունք, աճյուն, ափ մը մոխիր 
աստվածների խորթ ու օտար: 

Երբ շուրջը քո

Երբ շուրջը քո խշշոց է ու սոսափյուն` 
պատն այս զուգած պատատուկի պես շքեղ, 
ժամ է ապա` սգալու բախտը քո սև, 
որ հարուստ չես, անսպառ ու անհատնում,

ո’չ ինչպես լույսն ու ծաղիկը` հարևնույն 
փոփոխական պատկերներին առնչվող, 
որ գալիս են ճառագայթի պես շենշող 
և ամբողջը խշշյունի մեջ ներհյուսում,

թավիշի մեջ, ուր հանգչում են աստնվոր 
իրերը մունջ` աներկփեղկված, հոսանուտ, 
հարինքնամփոփ, ժամանակից անգամ դուրս, 
անմասնակից անցուդարձին այդ սգվոր: 

Կյանք` մղձավանջ խելահեղ

Ի՞նչ ես սպասում դու, մի՞թե
սքանչացման անմեկին, 
փոխատեղմա՞ն ժամերի 
աշխարհի ու քո միջև:

Այր ու կի՞ն ես փնտրում դեռ, 
մի՞թե տրված չէ՞ր կյանքում 
քեզ հավատ ու սահանկում 
և կործանում այնուհետ:

Հավատ ու գործ` ձև է զուտ, 
որոնց ձեռքն է դիպչում նախ, 
ապա ձեռքից վրիպած` 
կուռքերն են սերմն անթեղում: 

Ի՞նչն է վատ

Չիմանալով անգլերեն` 
լսել անգլիական ընտիր դետեկտիվի մասին, 
որի թարգմանությունն ավաղ չկա: 
Ամռան տապին աչքդ գարեջրին հառել, 
երբ վճարելու միջոց չկա: 
Գլխումդ նոր միտք որոճաս` 
անկարող այն զետեղելու հյոլդեռլինյան բանատողի մեջ, 
ինչպես վարպետներն են անում: 
Գիշերով ականջ դնել ճողփյունին ծովալիքների 
և համոզել քեզ, որ դա սովորական զբաղմունքն է նրանց: 

Շատ ավելի վատ է` հյուր գնալու հրավերքն ընդունել, 
երբ գիտես, որ տանն ավելի խաղաղ է, 
սուրճն ավելի բուրումնավետ 
և խոսելու ցանկություն չկա: 
Իսկ ամենավատը` 
չմեռնելն է ամառ ժամանակ, 
երբ շուրջդ ամեն ինչ լույսով է ողողված 
և հողը թեթև է` բահն ընդունելու:
 
 
Հուշեր

Հուշեր -, հնչյուններ, գիշերակարկուտ, 
գույներ, որ սյուքն է շարժում ծովերից, 
թույլ մի պատկեր է երազից հառնում, 
մի վերջին պատկեր` հույժ անկարեկից: 
Առափնյա դղյակ` մարմարե սանդուղք 
և հանկարծաբուխ` գերհզոր մի երգ -, 
գիշերերգում են ջութակները բյուր, 
այստեղ` ծովափին, գիշերում հրկեզ: 
Բայց շատ չեն,- մեկը շատը չի տանում, 
միակ աղեղն են բռնում փոխնիփոխ – 
խաղ` ոչնչի մեջ -, պատկեր, մենություն, 
բոլոր գույներում` Կապույտը Մեռնող:





Category: My files | Added by: Chateau
Views: 444 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: