11:30 PM Օտարումի շքահանդես | |
Օրերն անկարգ ու անկամորդ հավաքվում են մի օր ի մի ու կատարվում է հոգեխորթ շքահանդեսն օտարումի: Մնում ես դու մերկ ու մոլար աշխարհի դեմ`ականջը խուլ, ներսում` մտքեր խռովարար, դրսում`տագնապ ամենակուլ: Կրկնվում ես ամենայն օր` ինքդ քեզ ես արդեն ցիտում, ու քայլում ես մտամոլոր` տնից գործի ու գործից տուն: Դատարկվել է միտք ու հոգի ու ողորկվել հերկն անպտուղ, ցանքսը սակավ եղավ կրկին, բերքը մնաց անտերուդուս: Մի վհատվիր, քայլիր անկանգ, արբեցումի դուռը թակիր, ու թե բացվի` խրախճական սեղաններին մատռվակվիր: Հակի'ր աչքդ աստանդական, ձիրքդ մսխի'ր`հանուն գոյի, ու ցասումով արարչական գոցիր դուռը երկնավորի: Հոգ չէ' սակայն, կգան օրեր բազմախոստում ու հոգեշահ, և դու նորից կչափոգես անցյալների վարկն անկաշառ: Պեղես ընդերքն ու գտածոն շաղ տաս դատարկ օրերի մեջ, և լիացումն անմնացորդ մսխես իսպառ ու անտնտես: Վերջին օրով` այս կյանքի հետ հաշիվները դեռ չփակած, դեռ մի բան էլ պիտի անես` վարկատուին օրհնելուց զատ. վարկի տոկոսը պիտ մարե'ս` պարտամուրհակն ապակնքած, դողդոջ ձեռքդ անուժ հակես ու մրափես` աչքերդ բաց: | |
|
Total comments: 0 | |