Saturday, 2024-04-20, 10:51 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

Կոստան Զարյան
Պիտի ծնվի' Արարատյան մարդը…
 
ՙՀայության կոչումը՚, հոդվածից,
ՙԳոյամարտ՚ շաբաթաթերթ, Բաղդադ 1952 թ., 24 հուլիսի, թիվ 38
 
 
Մենք` հայերս, կանգնած երկու այս աշխարհների` մշակութային Արևելքի և քաղաքակրթական Արևմուտքի միջև` ի՞նչ կերպով պիտի կարողանանք իրագործել մեր պատմական ճակատագիրը: Պիտի կառչե՞նք մեռնող եվրոպական քաղաքակրթության, թե առաջին պլանի վրա կանգնած` արևելյան մտքի նոր ճառագայթումի և նոր ստեղծագործական թափին հետ, պիտի հանդիսանանք ներուժ մշակութային կենդրոն: Պիտի կրկնե՞նք մեր նախնիքների սխալը, թե գիտակցորեն, հերոսաբար, պիտի կարողանանք` հակառակ մեզ շրջապատող անողոք պայմաններին` դրսևորել մեր ազգային եսը, ընդունել պատմությունից մեզ վիճակված խորհրդավոր, հակատրամաբանական ճակատագրական դերը: Քաջությունը ունենանք խորհելու և նաև քաջությունը ունենանք համարձակելու:
 
Մեծ մշակույթները առաջ են եկել միշտ էլ հակառակ առարկայական, հակառակ տնտեսական և քաղաքական պայմաններին: ...Եթե մենք հայերս, կուրորեն ենթարկվենք ներկա քաղաքական պայմաններին, մեզ վիճակված է ռուսական ապագա հսկա տնտեսական կազմակերպության մեջ չնչին արտադրողի դիմազուրկ և աղքատիկ վիճակ... Սակայն, բավական է թեթև հայացք նետել մեր քարտեզի վրա, ըմբռնելու համար, որ մեր երկիրը մեծ արդյունաբերական ապագա չունի: Հայոց աշխարհը, ինչպես Հիմալայի ստորոտը և Հռոմեական բլուրները, գերազանցապես կրոնական է: Աշխարհը խաչաձևող տնտեսական ճանապարհներից դուրս` դրանք հանդիսանում են իբրև խորհրդավոր կետեր, ուր երկրագունդը մի վայրկյան կանգ է առնում և երկար շնչում:
 
Մեր հոգեկան սնունդը Արարատից է գալիս` չոր ու ցամաք, տնտեսապես անպետք մի լեռ: Եվ ի զուր չէ, որ հայ ժողովուրդը պատմության մեջ չտեսնված չարչարանք է կրել, միլիոնավոր զոհեր է տվել, ծով արյուն է թափել` այդ լեռը չկորցնելու համար:
 
Եթե մենք ուրանանք մեր անցյալը, դավաճանենք մեզ, և հետևելով իրապաշտ առաքյալների դավանանքին, ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակված փոքրիկ խանութպանի դերը, մենք կստորագրենք մեր մահը: Հայաստանը կլինի, ինչպես այսօր, Մոսկվայի առջև դողացող մշտնջենական մուրացիկ, որը պետք ունի դրամագլխի, որպեսզի աշխատի, պետք ունի շուկայի, որպեսզի ծախսի, պետք ունի դրական գիտության, որպեսզի մտածի:
 
Ես ուրանում եմ ծխնելուզային և ստամոքսային այդ Հայաստանը:
 
Մեր երկիրը այն բախտավոր ծայրերից է, որոնք չեն կերակրում, այլ կերակրվում են: Այդպես էր Աթենքը, այդպես էր մասամբ Հռոմը և այդպես էր Արևելքի մեծ մասը: Ուստի, հայ լինելը պահանջում է մեծ ճիգ, հոգեկան կենդրոնացում, զոհաբերության ոգի, խոր հավատք և առաքելական մոլեռանդություն:
 
Արևմուտքը խենթացած գազանի նման քերում է երկրագնդի մակերեսը նոր գանձեր գտնելու համար, և անգիտակցաբար փորում է իր գերեզմանը: XVIII դարից նա ժառանգել է նյութապաշտ իմացականության դյուրին զենքը, որով կարողանում է հաղթել բնության տարրական ուժերին: Նա ուրանում է հոգեկան արժեքների ավանդական շաղկապումը, մարդը իրի է վերածում, ազգությունը` տնտեսական ազդակի ու խորհուրդը` նախապաշարումի: Ու իր ծոցից դուրս եկած լավագույն խորհողները` Շպենգլեր, Կայզերլինգ և շատ ուրիշներ, վկայում են նրա մոտավոր մահը:
 
Նոր մշակութային շրջանը սկսվում է Արևելքում: Չմոռանանք, որ քրիստոնեությունը առաջ եկավ Հրեաստանի ամենահետամնաց աղքատիկ գավառի մեջ, Հռոմեական կայսրության հզորագույն դարում:
 
Հայոց աշխարհը, արյունի ու մահի ողբերգական այդ երկիրը այլևս հղի է բոլոր կարելիություններով: Արարատի աստվածաշնչական ոգին պատրաստ է ճառագայթելու, նրա թաքնված ստեղծագործական թափը, հսկա սերմի նման պայթելու վրա է, ու դարը մոտենում է, երբ վերջապես հայ ժողովուրդը պիտի գտնե ինքն իրեն: Լինի ա'յն, ինչ որ է: Կատարի իր դերը, ասի իր խոսքը:
 
Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա: Մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը: Վա՛յ մեզ, եթե վար իջնենք. կընկնենք արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ, մեքենայի մաս կը դառնանք կամ խանութպան:
 
Հայաստանում դեռ հովիվներ կան: Նրանք ճանաչում են աստղերը և քաջ գիտեն բոլոր ճանապարհները:
 
Մշակույթը հովիվների գիտություն է...
 
 
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ, ՙՆավատոմար 3-4՚
 
Հայը - պետք է արձանագրել հոգեբանական տարօրինակ այս երևույթը - իր ներկան չի ուզում և չի կարողանում տեսնել: Նա ուզում է ապրել խաբուսիկ ու կեղծ երազով: Հայ մտայնությունը` հին կահկարասիներով կահավորված այս աղքատիկ տունը` մգլոտած պատի տակ փռված գորգի կտորով, ջարդից ազատած խարխուլ աթոռներով, կապարե ոտքերով քայլող մարդերով, մաշված գրքերի մեջ բառ փնտրող կամ կուսակցական հայտագրերի մեջ իր լինելիությունը արդարացնող կետ որոնող մտավորականներով, իմաստակ ու բթամիտ վարժապետներով, գոռոզ ու ինքնահավան տգիտությունով` մտել է աշխարհ և մի անկյունում կուչ եկել ինչպես չհրավիրված և անհաճո հյուր:
 
Հայ աչքը չի դիտել աշխարհը, մինչև իսկ այն միջավայրը, ուր ապրել է: Հայը, որ պատմության այս վայրկյանին, փաստորոն, ֆիզիկապես, ապրում է համաշխարհային կենտրոններում, ոչ միայն գիտակցությունը չունի իրեն շրջապատող միջավայրի, այլ նույնիսկ դեռ չի հասել իր համազգային իդեալին: Նա կարողանում է ըմբռնել այդ իդեալը` Միացյալ Հայաստանը, ոչ իբրև հոգեկան ուրույն արժեքով օժտված և տիեզերական կյանքի մեջ իր որոշ աշխարհազգացումը բերելու կոչված մի ստեղծագործող ազգի բնակավայր, այլ ինչպես շատ հող, մեծ տարածություն ու հարստություն ունեցող նյութական պահանջ: Նա կապված է հողին, ֆոլկլորին, սովորություններին, ջուրերի ձայնին, լեռների գույնին, իր գյուղի լեռների գույնին, բայց դեռ անկարող է ըմբրնել այն, ինչ որ կազմում է իր տարօրինակ պատմության կենտրոնական ոգին, իր զորությունը պահող և մղող թափի շեշտը, իր մկանունքների տակ թաքնված գերագույն ռիթմը և իր ճակատագիրը հավասարակշռության բերող կշռույթը:
 
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ, ՙՀռոմեական հուշատետր՚-ից,
1948 թ. Բոսթըն ՙ
 
Բոլոր հոգեպաշտական շրջաններում Արմենիան օրակարգի վրա է: Էզոտերիկ բացատրությամբ Արմենիան պատ է նշանակում: Այն, որ պիտի առաջը առնի, պաշտպանի: Այնտեղից պիտի վերսկսվի նոր աշխարհը՚: