Thursday, 2024-03-28, 8:30 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  March 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԵՐԳԵՐԻ ԳԻՐՔԸ

ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


ԵՐԳԵՐԻ ԳԻՐՔԸ
Տասներկու երգ փխրափափուկ աղջկան


ԹԱԳՈՒՀԻՍ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ԱՆՈՒՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿ
ԽԱՎԱՐՈՒՄԻ ԳԻՇԵՐ
ՊԱՏԱՀԱՐ
ՄԱՀԱԶԱՏ
Ո'Չ ԱՋ, Ո'Չ ՁԱԽ
ԵՐԿ)Ր(ԵՐԵՍ
ՄԻԱՅՆ ԴՈՒ
ՍԽԱԼՄՈՒՆՔ
ԱՆՈՒՇ ԳԱՐՈՒՆ 
ՏԱԹԵՎԻԿԻՆ


ԹԱԳՈՒՀԻՍ
Փոխադրություն Վ. Տերյանից

Տարիներն արագ, ամպերի նման, անցնում են հերթով,
Մոխիր է հիմա իմ հոգում մաղում ջերմ ու հոգեթով,
Հուշերը բոլոր, խոսքերը բոլոր մարել են անհետ,
Եվ ինչը մաքուր ու քաղցր էր առաջ – ցնդել է հավետ:

Երկար տարիներ իրարից բաժան, հեռու ափերում,
Դու ինձ մոռացած, ես քեզ հիշելով – մեր կյանքն ենք մաշում,
Դու’ ցնորական, անհաս թագուհի, ես` հեռու-հեռվում,
Ես` անհետացած, մոլորված հավետ աչքերիդ մուժում…

Դու գալիս ես մութ գիշերապահին և կանգնում ես լուռ,
Ես չեմ հիշեցնում ցնորքներդ հին, քեզ չեմ վրդովում,
Հասկանում եմ ես քո խենթ աչքերի հրեղեն լեզուն,
Խոնարհվում եմ ես, որպես քո գերին, քեզանով լեցուն:

Մարմրում է մոմը դողդոջուն մի անկյունում,
Դու ելնում ես ու քայլում ես, մոտենում ես դու,
Ինձ ես մոտենում` մահապարտի պես քարացած,
Ես շրջվում եմ, դու ցնցվում ես` խելագարված:

Թափվում է ահա հագուստդ` վարագուրվելով,
Կապվում են կրկին աչքերս ցնծության քողով,
Կանգնում ես դու մերկ, ով թագուհիդ, ես` քո գերին,
Քո արքան ու քո դահիճը` խորթ ու մտերիմ:

Սահում են դանդաղ օրերը դժկամ, անձրև ու քամի,
Լույսերս ոսկի քո առաջ հանգան` կեսճանապարհին,
Լռել է հեռվում երգը ցնծության, որ գուցե չկար,
Գուցե ինքս եմ` ես, իմ ծնված օրից, հորինել նրան:

Ամպերը տխուր կամար են կապել, անձրև ու քամի,
Պարուրել են իմ աչքերն անկրակ շղարշով մահի:
Խաբկանքին գերի, ապրում եմ օրերն իմ` թարս ու շիտակ,
Փայփայանքներին ու կարոտներին խորթ ու անգիտակ:

Գիշերվա մենության մեջ հիշում եմ ես նորից
Ծփանքը ծովի` քո շնչառության պես թովիչ,
Երեկոների խաղաղությունն եմ ես հիշում,
Օրերս անցած-գնացած, գիշերների չուն:

Հիշում եմ խոսքերդ ու խրատներդ անիրական,
Ու լուսապատկեր հայացքդ, խոլ ու տիրական:
Եվ այսպես տխուր-տրտում օրերն ենք մեր մաշում,
Ես իմ զնդանում` բանտված, դու քո լուսե մահճում: 


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ


Երբ հեռանում ես դու անձայն ու անարի,
հոգիս փողոցներում մոխիրն է քո փնտրում,
և վշտի մեջ անտակ և ցասումի ժամին
հեղեղատն է կենաց ճամփիս ահագնանում:

Մոխիրներում` թավալ, ավազներում` կորած
քո հետքերն են ժայթքում ոտնախաչի տեսքով,
ես խաչվում եմ ամեն հանդիպումից առաջ
խաչհամբույրի տրտում ու թալկացող հևքով:
 
Եվ իմ հոգին հիմա կկվի բույն է կարծես,
որ ով ուզի այնտեղ ջերմություն է գտնում,
բայց իմ արծվաթռիչ ապրումները անտես
քո մի հատիկ կենաց ակունքներն են փնտրում:
 
Գիտե'մ, որտեղ է քո հոգին հանգրվանում,
գիտե'մ, ամառը քո որ կողմերում փնտրեմ,
բայց հեռու է անչափ և դժվար է ուղին.
աստվածները քրտինք ու ջանք են սահմանել
ընտրյալներին իրենց տիրանալու ճամփին,
խոչ ու խութեր են ամենուր նրանք դրել:

Անհայտ աշխարհների կորուստով սրբազան
և իմ խեղճ ու մոլար, անհանգրվան կյանքով,
եսª քո շնորհապարտն ու կարեկիցն անճառ
քո խաչերի առաջ աղոթում եմ տենդոտ:

Եվ ուխտավոր որպես` ելած կամոքն աստծո,
անհայտ աշխարհներով ճամփա ընկնեմ պիտի,
և հասանեմ պիտի, խելակորույս վարգով
բնակավայրը քո` քնով, թե արթմնի:


ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ԱՆՈՒՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿ

Մենք սպառել ենք մեր ողջ ուժերը,
մենք սպառել ենք ինքներս մեզ,
հատնել-մարել է մեր հոգու սերը,
ցնդել-անցել է կարոտը կեզ:

Բայց մենք դեռ ողջ ենք, ողջ և առողջ ենք,
մեզ դեռ հիշում են այս ու այնտեղ,
մեկ-մեկ հիշում են, մեկ-մեկ հուշում են
և հիշեցնում են մեր տեղը մեզ:

Բոլորն այնտեղ են ու մեզ կանչում են,
իսկ մենք անդին ենք` կանք ու չկանք,
աստ մենք հանգչում ենք, այստեղ թաքչում ենք,
ու հետադարձի հնար չկա:

Այսպես ապրում ենք ու համառում ենք,
թե մեր գալիքն ենք կռում-կոփում`
ներկա անկատարն ու կորուսյալ անցյալը
դարպասում են մեզ ամեն քայլափոխում:

Ահա այսպես էլ` մենք-մեզ ապրում ենք
Երեվիեննա անվանակարգում,
լավ-վատ ապրում ենք, քիչ-շատ լափում ենք,
եփում-թափում ենք, մեկ-մեկ էլ մաքրում:

Ու երբ չենք ապրում մենք` գործով վազում ենք,
ու դեռ չմթնած`թը~խկ մահճապառկում,
մեկ-մեկ լինում է քնից զարթնում ենք
ու ինքնահնար այս երգը վանկարկում:

Հիշում ենք, որ մենք մի օր ապրել ենք,
սիրել-սիրվել ենք` հնում-առաջ, 
բայց արդեն ուշ է, հուշն էլ խամրել է,
ու հիշատակն է մարել անդարձ:

Մենք, որ անտուն ենք, նաև անտեր ենք,
մենք արդեն ծեր ենք ու անպաշտպան,
արդեն հաշտվել ենք, համակերպվել ենք
աշխարհի հետ այս ինքնապաստան:

Հնչում է ժամը… ու երբ շրջվում ենք`
ամայություն է արարչական,
մեզ համոզում ենք, թե մեզ հիշում են,
բայց հիշողները վաղուց չկան:


ԽԱՎԱՐ-ՈՒ-ՄԻ ԳԻՇԵՐ
Հազար ու մի հուշեր

Ես փնտրել եմ քեզ ապրողների մեջ,
կասկածել եմ ես գոյությանը քո,
իրիկվա լույսով, մայթերին անվերջ
ես փնտրել եմ քեզ աստղերի ներքո
և կասկածել եմ գոյությանը քո:
 
Իմ վեճերի մեջ ու կռիվներում
հազար քնքշանք եմ ես անխոս բանտել,
լույսերն են վառվել իմ ուղիներում,
երբ քո կրակից մի կայծ եմ փախցրել,
հազար կարոտ եմ ես իմ մեջ բանտել:
 
Եվ աշխարհի դեմ այս մութ ու խրթին
փնտրել եմ ես միշտ պատկերը քո լույս,
իրիկվա շողն եմ տենչացել նրբին
և խճճվել եմ ցանցերում անհույս`
փնտրելով անէ պատկերը քո լույս:
 
Ես քեզ փնտրեցի ու գտա կարծես,
և դու կարեկից եղար իմ ցավին,
դու մեղմ թեքվեցիր տենչերով անտես
և իրիկնացար իմ խենթ աչքերին,
և դու կարեկից եղար իմ ցավին:   
 
Ես փնտրել եմ քեզ ապրողների մեջ,
կասկածել եմ ես գոյությանը քո,
իրիկվա լույսով, մայթերին անվերջ
ես փնտրել եմ քեզ աստղերի ներքո
և կասկածել եմ գոյությանը քո: 

Ցնծում են ահա’ հոգի ու մարմին`
փակված սենյակում անմարդաբնակ,
ուր առաջնորդեց մեզ աստղաքամին
իր աննյութեղեն սլացքում վհատ,
շուրջառելով մեզ խավարում քնատ:

Երբ լույսը բացվեց` ես համբարձվեցի,
չքվեցիր և դու` կայծոռիկի պես,
կասկածները իմ չփարատվեցին
արևագալի հայտնությանն ի տես,
առավոտ լուսո` ժամ էր վեց և կես:

Խավարումի այս գիշերն էլ անցավ`
չթողնելով ո’չ դեմք, ո’չ դիմագիծ,
աստղափոշու մեջ թաթախված ընթացք
լուսանցագիր դարձած ստվերագիծ,
խելահեղ հրճվանք, անամոք թախիծ:

Ես քեզ գտա ու կորցրեցի դարձյալ,
անէացար դու` կարծես չես եղել,
նույն լուսնկան է` բայց չքմեղացյալ,
աստղափոշին նույն` սակայն նյութեղեն,
չկա հետագիծ, որքան էլ պեղեն:

Խամրում է, ահա', արեգակն արդար
երկնակամարում բովանդակազուրկ,
խանձարուրի մեջ անապատացյալ, 
ուր մենք սուզվեցինք` իրարից ծածուկ, 
աստղերից անդին` խավարում անձուկ:

Ես փնտրել եմ քեզ մեռյալների մեջ,
և կասկածել եմ գոյությանը քո,
ցերեկվա լույսով, մայթերին անվերջ
ես փնտրել եմ քեզ արևի ներքո
և կասկածել եմ գոյությանը քո: