Thursday, 2024-03-28, 2:21 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  March 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆՔ
 
Զ Գ Ա Ց Ա Կ Ա Ն Ք 
 
Այն տարիքում, երբ դեռ նեղմիտ ինքնաբավության բնազդային մղումով կարևորություն ես տալիս ազգային նկարագրի առինքնող գանձարանին, միաժամանակ նաև մի երկիր ես պատկերացնում, ուր ազնիվ հերոսացումը առօրյայի մաս է կազմում, սերն ու համերաշխությունը` հասարակական կյանքի անկապտելի մի որակ, երջանկախոստում խանդաղատանքը` պայծառ ապագայի կենդանի առհավատչյա: Այդժամ նաև մի ներքին հրճվանք ես ապրում քո փայփայած հասարակության անտեղիտալի ատաղձը կազմող արհեստավարժ անհատների հոգեմտավոր պաշարների մշտնջենական փայլի ու դրանց գործադրման անսպառ կարողությունների նկատմամբ, սեփական հասարակությունդ առաջադիմության ռահվիրա ես տեսնում ու արդարության մունետիկ, իսկ հոգևոր պլանով` քավության նոխազ ու երկիրդ էլ` դրախտավայր: Այնպես որ մեջդ մի անգիտակից ցանկություն է առաջանում ազգային բացառիկութան գանձերդ շաղ տալու հենց միայն իր նեղ-անձնական կյանքը դասավորող, առօրյա մանր-մունր պետքերը հոգացող առաջին պատահած հոգեզուրկ օտարականի առաջ:
 
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆՔ
 
Այս զգացումները առավել ևս խտանում են ինքնահաստատագրման հոբելյանական տարեդարձների մոտենալուն հետ, երբ քեզ ներքուստ պաշարած հպարտության բացարձակ ու կլորիկ տարեթվերը սկսում ես արտաբերել մի այնպիսի առանձնահատուկ հիացականության ավետաշունչ սպասում-ակնկալիքով, որ ասես ինքդ էլ անմիջական մասնակցությունն ես ունեցել դարերի հեռավորության փոշու մեջ մակտպված մակստացական իրադարձությունների թաքչատես ոգեկոչմանը: Էրեբունի-Երեւան-2750 պլյուս, Քրիստոնյա Հայաստան-1700 մինուս, Նարեկ-1000 պլյուս-մինուս եւ էլի նման բաներ: Եվ քանի որ Երևանը Հռոմից ուղիղ 29 տարով ավելի մեծ է, բնականաբար քրիստոնեությունն էլ հայերս հռոմեացիներից մի 29 տարով ավելի վաղ պետք է ընդունած լինեինք, ուրեմն և մի լման սերնդով ավելի հառաջադիմած ենք: Զարմանալի մի զուգադիպությամբ պատմահայր Խորենացու հարաբերականության սկզբունքով կազմած տոմարագիտական հաշվարկներում ևս հայ արշակունիների ու հռոմեացի կայսրերի հանդիպադրման իրական ժամանակացույցում վերջիններիս գահակալության տարիները դույզնևինչ խախտումով են ներկայացված` ժամանակի մեջ երկուևերեք տասնամյակով ավելի հետ են տարված, կարծես դրանով իսկ ծածուկ նպատակ հետապնդելով` ժամանակախախտության հնարանքի գործադրմամբ հավասարության նշան դնել ի բնէ և ի հարկէ անհավասարների միջև: Օտարամոլության խրտվիլակին ագուցված փոթազարդ պաճուճանքներ… Պատմահայրն ինքը, սակայն, առիթը ներկայանալուն պես, նախընտրում է գեղեցիկ առասպելներ ոգել, քան թե չոր ու ցամաք իրադարձությունների պատահական շղթայից օղակներ առանձնացնելով` ընթերցողի գլուխը տաղտուկ թվաբանությամբ ծանրացնել: Այնպես որ մեր երկրում էլ բազում հերոսության գործեր են գործվել, գործվում են ու դեռ պիտի գործվեն, թեև ածու փոքր ենք և թվով նվազ ու գնալով ավելի ենք նվազելով սեղմվում-բյուրեղանում և հոլով անգամ ընդ օտար իշխանությամբ նվաճյալ, բայց և բնիկ իշխանության ներքո ոչ ևս բարգավաճյալ…. Այնպես որ առասպելները պատմահոր համար հաճախ շատ ավելի գրավիչ են, քան իրականությունը, ինչպես որ կանխակալ, անկշռադատ դատողություններն են ավելի հարմարավետ դիտվում պատմահոր ներկայիս ընդոծին-շառավիղների շրջանում (այլև` ավելի ձեռնտու, քան որ բանական աշխարհատեսությունն է ազգիս սրբազնացված մեծաց): Պատճառն այն է, որ արդի աշխարհում, ուր իրավունքը ուժերի միջնադադարի կարճատև պահերին է դրսևորվում, պատմական կեղծիքները և փաստերի անկշռադատ, յուրովսանն մեկնաբանությունները նախահարձակ զենք են ծառայում քաղաքական վեճերում, մանավանդ որ ապացուցական կռվանները միշտ էլ պակասում են, բացի այն, որ դրանց տիրապետելու համար քրտինք ու ջանք է նախասահմանված Բարձրյալի կողմից: Իսկ մենք, ինչպես մեր հեղինակավոր նախնին է ժամանակին ոգել, ոչ սովորելու մեջ ենք փութաջան, ոչ էլ, հավելադրության կարգով ասենք` աշխատելու, այլ լավագույնս տիրապետում ենք ուսուցանելու ու խրատաբանելու արվեստին... 
Հոբելյանները հիշվում են և տոնականորեն նշվում, քանի որ նախորդած իրադարձության անջնջելի հետքն ու պատմական հիշողության ամենակուլ հետահայացն է նրանց իր ուղեծրի մեջ ներառում: Հայեցողականությամբ դրոշմակնքված կրավորական պահվածքը ինքնին ենթադրել է տալիս, որ իրադարձությունները ծնունդ են առնում անծանոթ հորից, անհրաժեշտությունը, ինչպես գաղիացի իմաստունը կասեր, լոկ նրանց մայրն է: Ծուլամիտ անտարբերության վարշամակով պատենավորված` մենք այսօր կանգնած ենք իրականացված փաստի առաջ, ապրում ենք այլևս ոչ թե ներկայով, այլ անցյալի մեջ արտացոլված ապագայի տեսլականով: 
Հոբելյանական այս բարձր գիտակցականությամբ տոգորված` մենք ոտք ենք դնում պատերազմահեղց այս նոր հազարանյակի` Ջրհոսի դարաշրջանւ դարպասներից ներս, անհամբեր սպասումով, թե երբ է գալու այն չորրորդը, կամ հինգերորդը, որն իր հյուրընկալ դռները կբացի հայոց քրիստոնեական դարձի 2700 կամ 3700-ամյա շռնդալից ընթացքի եւ այլեւայլ ոգեցնցեղ տաերլիցների մի ամբողջ շարք, որն այս հազարամյակի շրջանակներում, ավա¯ղ, այլեւս չի տեղավորվում... Ուրեմն եւ առանձնակի սպասելիքներ էլ չունենք:
 
ՄՈՎՍԻՍԱԿԱՆՔ
Ի՞նչ է, սակայն, 21-րդ դար ոտք դրած, ՙզարկված ու զրկված՚ հայության գերխնդիրը, ի՞նչ հասարակական կյանք ենք մենք մեզ համար ցանկանում ստեղծել և ո՞ր բարոյականությամբ: Այստեղ պետք է, սակայն, ինքնաճանաչմանն ի խնդիր` ինքնաձաղկման ամենախիստ խոսքեր հնչեցվեն` պատմահոր հորդորներին ի վկայակոչումն, հեռու ստությունից և ինչը որ ընդդեմ է ճշմարտության: ՙԱյստեղ ես ամաչում եմ ասել ճշմարտությունը, մանավանդ թե մեր ազգի անօրենությունն ու անբարշտությունը, մեծամեծ ողբերի և արտասուքների արժանի նրանց գործը: Բայց այստեղ ես շեշտելու եմ մեր ազգի խստասրտությունը, այլև ամբարտավանությունը սկզբից մինչև այժմ, որ նրանք անտարբեր եղան դեպի բարին, խորթ լինելով ճշմարտության, կամ թե բնությամբ մեծամիտ և կամակոր լինելով... Այս պատճառով յուրաքանչյուր մեկը իր համար առանձին քուրմ է և պաշտոնյա, ինչպես ասում է սուրբ գիրքը, որ հարմար է գալիս ներկա պայմաններին, երբ շատերն են, որ խոսում են աստվածային նյութերի մասին, բայց առանց հասկանալու խնդրի էությունը, և խոսողները ոչ թե սուրբ հոգու հաճույքով են ընտրված, այլ օտարի: Ուստի ապշեցուցիչ են այս ճառերը և սարսափելի` մտածող մարդկանց համար. որովհետև խոսողը խոսում է աստծու և աստվածային նյութերի մասին, բայց խոսողի միտքն ուղղված է դեպի օտարը: Որովհետև նա հոգում է ոչ թե խոսած նյութի մասին և ոչ էլ խոսում է մեղմ ու հեզաբար..., այլ հոգում է մարդկային փառքի համար, և որոտագին հնչեցնում մարդկանց լսելիքին: Նրանց շատախոսությունը հորդաբար հոսում է իբրև աղբյուրից և բորբոքեցնում կոչունքներն ու հրապարակները: Ո՞ր մտածող մարդը չի ողբա դրանց մասին, այլև,- թող ոչ ոք չնեղանա,- նրանց մասին, որ դրանց հորդորում են այսպես լինել: Մովսես Խորենացի, գիրք 2, գլ. ԼԳ
 
ՀԱՅԿԱԿԱՆՔ
 
Հայ մարդը, երևի թե ավելի շատ, քան աշխարհիս երեսին կենցաղավարող մյուս ՙերկոտանի ուղեղակիրները՚ (մարդ էակին տված Գ. Ի. Գյուրջիևի արտահայտությամբ), իր ազգային սնապարծության կամ մեծամոլության և իրենից օտարված իր իսկ անցյալի արժեքների նկատմամբ տածած բնազդային ոգեկոչմանն ի տրիտուր, սեփական քաղաքական ապագայի հանդեպ զարմանալիորեն անտարբեր է դարձել, մնացել է նախաձեռնությունից զուրկ ու անգործունյա, մնացել է հրաշքին ապավինող այն նախածին զգայականությամբ ներծծված մտայնության սպասավորը, ինչպիսիք որ մեր էպոսի երրորդ ճյուղի հանճարեղ քերթողներն էին ու նրանց հոյակերտած հրաշամանուկը: Անցյալների երազկոտ, անրջային լավատեսությունն այսօր վերափոխվել է աշխարհաքաղաքականորեն պատճառաբանված, իմա` դետերմինացված, դատապարտվածության ու անելանելիության թմբիրի գիրկն ընկած համակերպվածության մարմաջի: Անցյալ դարավերջին կյանքի կոչված ՙհայ կյանքի ոսկի երազը՚` ՙAmerican Dream՚-ի յուրօրինակ նախա- կամ առնվազն զուգագաղափարը, մթագնել-խամրել է դարիս աշխարհացունց վայրիվերումների մգլահոտող, հուսահատեցուցիչ հարվածներից: Հասարակական կյանքի բարելավմանն սպասելը դարձել է քիմերային անիրականանալի երազանք: Առողջ գաղափարը, դատողականության դրոշմը կրող ու աներկմիտ ասված ճշմարիտ խոսքը տեղի է տալիս ճառախոսության, ինքնասիրահարված ու մարտնչող մտագարության շքահանդեսի առաջ: Ինչպես մեծն Գյոթեն է ասում իր հանճարեղ ՙՂպտիական երգի՚ կրկներգում.
 
                        Հիմարություն է հիմարներից բարելավման սպասել, 
                        Իմաստնության մանկտիք, օ~, անխելքներն արդարև 
                        Առ հիմարներն են ձգտում` պատշաճությանն ի խնդիր... 
 
Դաժանությունը, ստորությունը, շահադիտական եսասիրությունը, քինախնդիր ոխակալությունը, քսությունն ու քստմնելի հանդուրժողականությունը մեր կյանքի տարերքն են դարձել: Պատվախնդրության, ինքնասիրության, մեծահոգության, կերտումի երբեմնի աստվածարյալ որակները տեղի են տվել ինքնաբավ ինքնահաճության, եսամոլության, փոքրոգության, ավերածության ոգու հաղթարշավի առաջ: Ժողովուրդը և իշխանավորները զրկված են սեփական երկրի ճակատագիրը տնօրինելու առաքելությունից, առաջինը ստորացված է ու սրդողած, ինչպես Նարեկացին է ասում` ապրում է դժվար, մեռնում` հեշտ, երկրորդը անճարակ է ու ինքնաբավ, անում է այն նվազագույնը, ինչ կարող է` պատենավորված սեփական անսխալականության ու անփոխարինելիության կործանարար բարդույթով: Նյութապաշտության մարմաջը վարակի խարանի հանգույն սողոսկել է հասարակության անխտիր բոլոր շերտերը, ընդ որում` վերից վար: Դեռևս չի երևում, չկա ու չի ծնվել այն պատգամախոսը, մարգարեն, որն իր ետևից կտանի ու ապաստան կտրամադրի աշխարհային այս թոհուբոհից ազատագրվել ձգտող մաքուր հոգիներին, բոլոր նրանց, ում համար թանկ է մարդավայել ապրելու ավյունն ու ստեղծագործ աշխատանքով զբաղվելու անկաշառ նվիրվածությունը: Առուփախի հոգեբանությունը տիրապետող է դարձել. կյանքը, ապրելու երջանկությունը վերափոխվել է գոյությունը քարշ տալու անհեռանկար տաժանքի: Կյանքի էկզիստենցյալ գերլարված պրկվածությունը հասել է իր գագաթնակետին և դուրս գալու սողանցքներ է փնտրում, ավա¯ղ, ցայժմ ապարդյուն: 
Ինչպե՞ս կազմակերպվել որպես ազգ, որպես մեկ միասնական հանրություն, ինչպե՞ս վերանորոգել մեզանից փախ տված հոգեկան անդորրն ու դրության տիրոջ հոգեբանական խթանը: Ինչ-որ մի բան կոտրվել է մեր մեջ, հիմքից արմատախիլ է արվել կարևորագույն մի բան, կյանքը գոյավորող պայմաններից ամենագլխավորը` հավատավոր սերը: Եվ չպետք է մի ինչ-որ տեղ` դրսերում փնտրել մեզ մեր այս անփառունակ վիճակին հասցնող չարիքի որոմը, վարակի հարուցիչը: Ո՞րն է, որտե՞ղ է թաքնված մեր ազգային հիվանդության վարակակիր մանրէն: Ի՞նչն է մեզ խանգարում ապահովելու հասարակական ու տնտեսական մեր առաջընթացը, բավարարելու բարեկեցիկ ու արժանավայել ապրելաձևին հասնելու մեր ազգային իղձը: Մեր մե՞ջ է նստած չարիքի այդ արմատը, թե՞ իշխանավորներն են ապաշնորհ կամ բախտախնդիր: Եթե վերջիններս նույն արմատից չեն մեզ հետ և կամ զույգ, ապա գոնե այն ընդոծիններն են նրանք, որ բարգավաճելով թեկուզ և օտար ծծմոր գրկում` նույն էպոսի երրորդ ճյուղի հերոսի պես, հմուտ դաստիարակի կամ կորեկի արտատեր պառավի հորդորով մի օր մեր միջից պիտի վերստանան հայրերից ժառանգություն ստացած Թուր-կեծակին, նորօրյա ՙլազերային մահասփյուռը՚, մեզ մեր մաքառումի արահետներից դեպի արժանավայել կյանքի մայրուղին առաջնորդելու սրբազան տեսլականով գոտեպնդված: Հայ ժողովուրդ և հայի իշխանություն, ե՞րբ է, վերջապես, իրականանալու սրանց միավորումը մեկ-միասնական բարձրագույն նպատակի մեջ, երբ ժողովուրդը կվստահի իր առաջնորդներին, իշխանություններն էլ` անաչառ հետևողականությամբ, առաջ կմղեն ժողովրդին ծառայելու իրենց նախանշված սրբազան պարտավորությունը:
 
ՈԳԵԿՈՉՈՒՄ-ՀՐԱՎԻՐԱԿԱՆՔ
Արթնացում. ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է 
 
Այն թաքուցյալ և մեզ բոլորիս իշխող ինչ-որ բանը, որի համար մենք վաղուց ի վեր անուն չէինք գտնում, մինչև որ ինքը, ի վերջո, մեր առաջ պարզվեց որպես մեր իսկ սեփական առաջադրանքը կամ գերխնդիրը, մեր միջի այդ բռնակալը, մեր կատարած յուրաքանչյուր անհաջող փորձի, գործած ամեն զանցանքի դիմաց տասնապատիկ ավելի և զարհուրելիորեն դաժան փոխհատուցում է կորզում` իրենից խուսանավելուն ի խնդիր: Այդ անանուն, ապա թե անճանաչելի բռնակալը մեզ շեղում է մեր հիմնական գերխնդրից: Այսու մեզ պետք է մի անվանադիր հանձնաժողով, որ կվավերացնի ու կկնքի մեր մաշեցրած այն անտակ շտեմարանի հատակը, ուր երբեմնի հոգևոր նյութի, կենսահաստատ առաքինությանց մասունքներն են շաղ տրված անգոսնում, ավա¯ղ, անտարբերության բանադրանքին ի կեր: Նրանց հուզավառումն է, որ ի զորու է լինելու շեղելու մեզ այս խոտորընթացից, վերարթնացնելու մեր մեջ ննջող պատասխանատվության կայծն ու անմիջապես էլ պաշտպան կանգնելու հանձնառությունն ուսնելու դաժան խստավարժանքներին: Բայց մենք անդառնալիորեն կկործանվենք, եթե միայն դույզն-ինչ կասկածել ուզենանք մեզ նախասահմանված առաջադրանքի կամ գերխնդրի նկատմամբ մեր իսկ ունեցած իրավունքին, դրանով իսկ փորձելով ինչ-որ տեղ թեթևացնել մեր բեռը, հեշտացնել մեր գործը: Այդպես մենք անդառնալի կորստյան կմատնվենք... Մեր թեթևացումները նրանք են, որոնց մենք դաժանագույնս ձաղկենք պիտի և դրանց թիկունքից ետ դեպի առողջությունը վերադառնանք, ասել է թե` մեզ այսպիսով ընտրություն չի մնում. մենք պետք է մեզ խստագույնս ձաղկենք, քան որ առաջներում ենք այդ բանն արել... 
 
Ինքնաբավ մեծամոլության ճահճի մեջ թաթախված ազգիս կուսակցություններին ամենակարող ու ժողովրդին հայոց գլխահակ, որ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Պատմության դատաստանին հանձնված սեփական խղճի թեթևացման նպատակով մենք այսօր մեղա ենք գալիս մեզ դարեր ուղեկցած մեծագույն արատից ձերբազատվելուն ի խնդիր, մեզ պատրաստ գտնելով թոթափելու մեր անձնական ու հասարակական կյանքը խեղող, մեզ ստրկացնող անձնապաստան սիրո ու անհատական ազատությունների ի չարս գործադրման բեռը և ինքզինքներս ենթարկեցնելու մեծամասնության ահեղագոչ ձայնի հաղթական տիրապետությանը, ընդօրինակելով մեր ազգի Մեծ խելագարներին, որոնք իրենց ամենօրյա երազանքներում ո’չ միայն հոգեշահ իմաստնությունն ու սրդողած առաքինությունն էին իրենց նախատիպար կարգել, այլ նաև քաջասիրտ աստվածավախությունը: Մեծ բազմությամբ հանդես գալով միայն մենք կվերստանանք մեզանից երես դարձրած մեր հասարակական ինքնարտահայտման ազատ կամքը, ի զորու լինելով մեզ ամեն ինչ թույլ տալու` որպես ամբողջի մասնիկը, վերստանալու մեզանից փախ տված, հասարակաց կենաց տեսլականից ածանցվող անհատական ազատությունը, մանավանդ այն, ինչը մարդուս առանձին-առանձին արգելված է: Մեր մեծագույն անհատական ազատությունն այնտեղ է, ուր մենք ուղղորդել կամ կառավարել կկարողանանք մեծ դարձած մենքի նվաճած արտոնյալ բարձունքը: Այսու` մեր գերակա խնդիրն է` առանձին անձանց հարաճուն քաղաքակրթման ու հասարակական հնազանդեցման գործի կազմակերպմամբ հակակշիռ ստեղծել ազգի առանձին հատվածների կենտրոնախույս դիմակայության, պետություն կառուցողների ու համոխոհների միությունների փոխհարաբերությունները թունավորող ապաքաղաքակրթման շարունակական ընթացքներին: Զույգ ծայրաբևեռները զուգամիտվելու կարոտ են. հուզախախտ հավասարակշռության այս ակնհայտ խաթարումը դրված պետք է լինի նախահիմքում Եսի ու Մենքի տիրական հաղթահարման և դրանից բխող բոլոր բարոյական հանելուկների մեկընդմիշտ լուծման:
 
Բոնն-Բեռլին, 24.12.1999