Friday, 2024-03-29, 10:14 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  November 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2010 » November » 8 » Ես, Յելինեկը և Պետեր Հանդկեն
11:56 PM
Ես, Յելինեկը և Պետեր Հանդկեն

Ես, Յելինեկը և Պետեր Հանդկեն

21.01.2005

Այս երկու շաբաթը, Երևանից վերադառնալուց հետո, նախ շատ ծանր անցավ, հետո էլ` խորը մտածությունների տեղիք տվեց: Փորձեցի հասկանալ ինչն է կյանքում առաջնայինն ու երկրորդականը. պարզեցի, որ առաջնային ու երկրորդական չկա, երկուսն էլ հավասարապես երրորդական են: Ու՞մ է պետք այս կյանքը, երբ խոպանչու հոգեբանությամբ ծվարել եմ Վիեննայի 7-րդ թաղամասում և օրավուր կորցնում եմ կապը բացարձակի ու հարատևի հետ, ասել կուզի` ինձ ծնող միջավայրի և իմ փոքրիկ ու տաքուկ օջախի. Այստեղ ամեն ինչից սառնություն է փչում, անգամ աշնանային առաջին օրերի ջերմ շնչառությունից: Այստեղ ամեն ինչ ձև է ու ժամանակավոր իրարանցում, ոչ կանգառ կա, ոչ խորհրդածելու հանգստություն: Մեկ-մեկ մտածում ես, ի՞նչ ես շինում էս տեղերում վայրենի, չէ՞ որ կյանքն անցնում է և այնպիսի խելապատառ արագությամբ, որ երբեմն-երբեմն մտածում ես, թե կարող է պատահել չհասցնես նույնիսկ սիրելիներիդ տեսնես, նրանց կարոտն առնես:

          Եղածը մի բան չի, պարզապես առօրյա աշխատանք` իր դժվարություններով ու չկարգավորված տեղեկատվական հոսքերով: Ողջը պետք է մեկ միասնական նպատակակետի ուղղորդել, կարևորն ու անկարևորը իրարից զատորոշել կարողանալ: Բայց, արի ու տես, որ երբեմն շատ դժվար է դրանք իրարից տարբերակելը. կարևորը հաճախ առերևույթ է այդպիսին, իսկ անկարևորները երբեմն հավաքվում են ի մի ու միասնաբար էլ խժռում են քո ամբարած թվացյալ հարաբերականորեն ազատ ժամանակը: Մի խոսքով մի իսկական վայրիվերո խառնիճաղանջություն, երբ չգիտես, թե որ պահին և ինչու աննշան թվացող մի հարց մյուսներից ավելի կարևորություն է ձեռք բերում ու սկսում է ժամանակդ ծամել-մսխել:

          Երկրները, որոնց սպասարկում եմ, որքան իրարից տարբեր, նույնքան էլ միանման են, դե' ինչպես որ մարդիկ են իրար նման ու իրարից տարբեր: Ավստրիան, ասել է թե Վիեննան, հարազատ տան պես մի բան է դառել, չնայած շատ էլ չեմ թափառում նրա բանուկ կամ մարդաթափ փողոցներում: Նոյբաուգասսե 12-14-ում խեղդում եմ մենակությանս ամենաառինքնող ցոլացումները, Ցիգլերգասսե 29-ում մենակությունն ինքն է իմ դեմ տմարդի դավադրություններ նյութում: Ես ջարդում եմ մենակության ողնաշարը, նա իմ, ու այսպես փոփոխական հաջողություններով հատում ենք լույսումութի փոխնիփոխ իրարահաջորդող սահմանաբաժանը` հոգեզգացական լիցքերի առավել կամ պակաս կորուստներով:

          Մի ուշ երեկո ոտքերս ինքնաբերաբար ինձ դուրս կորզեցին Ցիգլերի տմույն հարկաբաժիններից ու համրաքայլ ընթացքով, ներքնաբակերի կասկադի միջով դուրս բերեցին Literaturhaus-ի դիմաց, որի պատուհաններից կախ է տրված նորերս նոբելյան մրցանակի արժանացած Էլֆրիդե Յելինեկի կյանքի հանդեպ արհամարանքով լեցուն լուսանկարների շղթան: Գրականության մեջ ֆեմինիզմի կարկառուն առաջամարտիկներից մեկը, այրատյաց, ասել է թե` մարդատյաց մեկը: Ստոկհոլմի Նոբելյան հանձնաժողովը երկար մտածումներից հետո հենց այս կնոջն էր շնորհել գրականության ասպարեզում թերևս ամենահեղինակավոր մրցանակը, որից զուրկ են ոչ միայն շատ ժողովուրդների ներկայացուցիչներ, այլև մենք` հայերս, և, մասնավորապես, մեզանից ոմանք, ովքեր տարբեր առիթներով զանազան դիմումներ ներկայացրին հանձնաժողովականներին, բայց ցօրս` անարդյունք: 

          Ի՞նչ է ասում այս կինը և խորհում իր կամավոր մենության թմբիրին անձնատուր, Շթայերմարկի խորը գյուղակներից մեկում փակված: Նույն խոհերն են` աշխարհի, կյանքի, մարդ արարածի ու նրա երկրային ուղու վերաբերյալ: Ընդսմին` մրցանակի տրման առիթով շվեդական ակադեմիայի ձևակերպած հիմնավորման մեջ չէր նշվում անգամ իրեն ծնունդ տված երկրի` Ավստրիայի անունը, այլ հիմնավորումն արվում էր որպես թե` ՙիր վեպերում և դրամաներում ձայների ու հակաձայների երաժշտական հոսքի համար, որոնք մի յուրահատուկ լեզվական կրքով մերկացնում են հասարակական կաղապարների անհեթեթությունն ու նրանց պարտադրողականության ուժը՚: Շարքային ավստրիացիներն իրենք իրենց հարց էին տալիս, թե ի՞նչ ասել է ՙհասարակական կաղապարների անհեթեթությունների ու նրանց պարտադրողականության ուժի մերկացում՚, և գրականության գնահատման չափանիշները մի կողմ դրած` ավելի հակված էին ենթադրելու, որ սեփական երկրի, նրա հասարական ու պետական կարգի անողոք քննադատության ոգու համար էր գրողին շնորհվել այդ մրցանակը: Սեփական երկրի դեմ ուղղված դավադրության պես մի բան: 

          Ավստրիացիների ազգային ինքնագիտակցության համար ցավեցնող հանգամանք էր նաև այն, որ ավստրիական Շտայերմարկ երկրամասում ծնված և ուսում առած մրցանակակիրը, մանկության տարիներին անհաշտ հարաբերություններ ունենալով իր ծնողների հետ, անգամ ատելով նրանց` ծեծուջարդի տեր-թոդիկյան մեթոդներով իրեն դաստիարակած լինելու համար, մշտապես, ամեն պատեհ-անպատեհ առիթով հիշեցնում է իր մոր սլավոնական ծագումը և հոր հրեա լինելու իրողությունը: Ավստրիացիներին պաշարած համատարած տարակուսանքի վերևներից ու ներքևներից բորբոքվող կրակին յուղ էր լցնում մշակութային հարևան գերմանական մամուլը` ՙԱվստրիան շնորհավորում է իր չսիրած գրողին՚ և նման կարգի այլ սրացումներով: Միլանի ՙCorrieare della sera՚-ն ռազմաշունչ միանշանակությամբ արձանագրում էր. ՙՄրցանակի շնորհումը կարելի է դիտարկել որպես քաղաքական սադրանքª ուղղված Ավստրիայի աջ-կենտրոնամետ կառավարությանը, որին Յելինեկը բնութագրում է որպես ՙսեփական բույնը աղտոտող՚՚: ՙԵս գնում եմ ներքին աքսոր: Որպես հասարակական անձ, այստեղ` Ավստրիայում կյանքն անհնար է հանդուրժել՚, հայտարարում էր նա` 2000 թ. Ավստրիայում հաղթանակած նոր, այսպես կոչված սև-կապույտ կոալիցիոն կառավարության ձևավորման արդյունքում:

            Իր գլխին թափված լուտանքի ու համատարած կասկածի մթնոլորտում ի՞նչ էր մնում Յելինեկին անելու. սկզբում նա հրաժարվում է անձամբ ներկայանալ Ստոկհոլմ և ծերակույտի ձեռքից ընդունել իր երկրին ու իրեն շպրտված պայթյունավտանգ ռումբը: Բայց հետո, իհարկե, չդիմանալով պարզ-մարդկային գայթակղությանը, համենայնդեպս գնում և ստանում է բավական ծանրակշիռ դրամագլխով ուղեկցվող մրցանակը: Մինչ այդ, Յելինեկը հրապարակավ տարակուսանք է հայտնում, թե ինչու՞ հատկապես հենց իրեն են այդ մեծագույն շնորհին արժանացրել, այն դեպքում, երբ իր ավելի տաղանդավար գործընկերների և, մասնավորապես, իր ավելի վաստակաշատ հայրենակիցի, ՆԱՏՕ-սերբական ընդհարման արդյունքում` մերձփարիզյան արվարձաններից մեկում ինքնաքսորյալի կարգավիճակով ապաստանած Պետեր Հանդկեի անունն անգամ չի ներկայացվել մրցանակի հավակնորդների ցուցակում: Մի գրող, որը վերևում հիշատակված նույն 1999-ին, դաշնակիցների ռմբակոծումների ներքո, հանգրվանել էր Սերբիայում, և որն այդ օրերին իրեն պաշարած տրամադրությունները թղթին հանձնելով` գրում էր. ՙԿա անտարբերության մի տեսակ, որն առավել օգտաշահ է, քան մարդ լինելու մասին շաղակրատանքը. երբ աջ ձեռքը փայփայում է մեզանից մեկին` Մայր Թերեզայի հանգույն, այդժամ ձախ ձեռքը մյուսների գլխավերեւում տրիբունալի թուրն է ճոճում: Բարեբախտության պստլիկ դևեր: Մարդկության բորենիներ: Չկա' մեկը, որն ավելի քիչ հակվածություն ցուցաբերի տառապանքի հանդեպ, քան դուք` մարդասիրության պաշտոնյաներդ: Մարսեցիներ, որ հայտնվում եք որպես մարդու իրավունքների պաշտպաններ: Մարդիկ այստեղ ավելի չար են դարձել, քան կան իրականում: Եվ պատերազմը վերածել է ձեզ չարաբաստիկ զբոսաշրջիկների, ինչպիսին որ դուք կաք՚ (ՙԿաղնե մակույկը. թատրերգություն պատերազմի վերաբերյալ կինոնկարի մասին՚ պիեսից, 1999 թ.):



Views: 625 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: