Thursday, 2024-03-28, 11:48 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  March 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ՎԱՍՆ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ



1937, Վիեննա

Մեկը, որ ձեռնարկում է այսօր հիմարության մասին խոսել, ինչ-որ իմաստով իրեն վնասելու վտանգին է ենթարկում. դա կարող է նրա կողմից որպես հանդգնություն մեկնաբանվել, կարող է նույնիսկ իբրև ժամանակակից զարգացման կամ առաջընթացի խաթարում նկատվել: Դեռ տարիներ առաջ մի առիթով ես գրել եմ. ՙԵթե հիմարությունը առաջադիմության, տաղանդի, հույսի կամ բարելավման հետ շփոթվելու կամ նույնանալու հակումներ չցուցաբերեր, ոչ ոք չէր ուզենա հիմար լինել՚: Դա 1931-ին էր, և ոչ ոք չի համարձակվի կասկածել, որ աշխարհը դրանից հետո էլ առաջընթաց ու բարեփոխումներ է տեսել... Այսպիսով աստիճանաբար հարցի մի որոշակի անհետաձգելիություն է ծագում. Ի՞նչ է իսկապես ասած հիմարությունը: 

Ես չէի ուզենա նաև ուշադրությունից դուրս թողնել այն, որ ինքս էլ` իբրև ստեղծագործող մեկը, շատ ավելի վաղուց եմ հիմարությունը ճանաչում և նույնիսկ, կարող եմ ասել, երբեմն նրա նկատմամբ պաշտոնակցական հարաբերության մեջ եմ գտնվելիս եղել... և հենց որ քերթության մարզում մի մարդ աչքերն է բացում, նա իրեն, դրանից բացի, տեսնում է հազիվ միայն նկարագրելի հակառակությանը դեմառդեմ կանգնած, որ թվում է, թե ի զորու է բոլոր ձևերն ընդունելու. լինի դա մասնավոր-անձանական կարգի, ինչպես, ասենք, արժանապատվությունը գրականության պատմության մի պրոֆեսորի, որը սովոր լինելով անվերահսկելի հեռաստանները նշանառության տակ առնել, ներկայումս չարիք սերմանելով` վրիպում է թիրախից. լինի դա օդակերպ համընդհանուրը, ինչպես քննադատական դատողականության փոխակերպումը առևտրա-չարչիականով` սկսած այն ժամանակներից, երբ Աստված մեզ համար դժվարըմբռնելի իր բարեհաճության արտահայտությունը հանդիսացող մարդկային լեզուն նաև ձայնային ֆիլմեր արտադրողներին փոխ տվեց: Ես առաջներում էլ` մեկ, թե երկու կամ գուցե ավելի անգամներ նման երևույթներ նկարագրել եմ, բայց այն կրկնելու կամ ամբողջականացնելու անհրաժեշտությունը չկա (և, ըստ երևույթին, դա նույնիսկ անհնար կլիներ ի դեմս առ ի Մեծահռչակությունը ձգտման, որն այսօր տիրապետություն ունի ամեն ինչ նկատմամբ). բավական է, իբրև վստահելի արդյունք ընդգծել այն, որ մի ժողովրդի հակագեղարվեստական հոգեկերտվածքը ոչ միայն վատթար ժամանակներում ու կոշտ ձևով է դրսևորում գտնում, այլ նաև լավագույններում և բոլոր ձևերով, այնպես որ ճնշամիջոցներն ու արգելափակումները սոսկ ըստ ծանրության աստիճանի են տարբերվում պատվավոր դոկտորություններից, ակադեմիական կոչումներից ու պետական մրցանակաբաշխությունից: 

Ես մշտապես ենթադրել եմ, որ արվեստի ու նրբագեղ հոգու հանդեպ իր արվեստասիրությամբ փառաբանվող ժողովրդի այդ բազմակերպարան ու բազմաձև հակազդեցություն-դիմակայությունն այլ բան չէ, քան հիմարություն, գուցե վերջինիս մի առանձնահատուկ տարատեսակը, մի յուրահատուկ արվեստական և հավանական է նաև զգացական հիմարություն, որովհետև այն, ինչը մենք նրբագեղ հոգեկանություն ենք կոչում, միևնույն ժամանակ պետք է նաև նրբագեղ հիմարամտություն լինի, և այսօր անգամ, անկեղծ ասած, ես շատ հիմքեր չեմ տեսանում իմ այդ տեսակետից հետ կանգնելու: Բնականաբար չի կարելի ամեն ինչ հիմարությանը վերագրել կամ հիմարության մարզին դասել, դրանով իսկ այնպիսի զուտ մարդկային մի բնագավառ, ինչպիսին արվեստն է, կայլանդակվի, կխեղաթյուրվի: Հարկավոր է, ինչպես հատկապես վերջին տարիների փորձն է մեզ սովորեցրել, տեղ թողնվի նաև բնավորութենազրկության տարբեր ձևերի ու դրսևորումների համար: Սակայն չպետք է առարկություն անել, թե հիմարության հասկացողությունը այստեղ փնտրելու ոչինչ չունի, որովհետև այն դատողականության ոլորտին է վերաբերվում և ոչ թե զգացմունքներին, արվեստը, հակառակ դրան, վերջիններիցս պետք է կախված լինի: Այդպես կարծելը սխալմունք կլիներ: Ինքը` գեղագիտական հաճույքը ևս դատողականություն է և զգացմունք: Եվ ես հայցում եմ Ձեր թույլտվությունը` այս մեծ բանաձևը, որ ես Կանտից եմ փոխ առել, ոչ միայն հիշողությանը հավելելու կարելիության, որովհետև Կանտը գեղագիտական դատողականության ուժի և ճաշակի դատողականության մասին է խոսում, այլև միաժամանակ անտինոմիաները կրկնելու կարելիության համար, որոնց առնչությամբ ասվում է.

Դրույթ. Ճաշակի դատողականությունը չի հիմնվում հասկացությունների վրա, այլապես այն կարելի կլիներ վիճարկել (ապացուցման միջոցով որոշել): 
Հակադրույթ. Այն հիմնվում է հասկացությունների վրա, այլապես դրա վերաբերյալ վեճ իսկ չէր ծագի (համաձայնության ձգտում): 

Եվ հիմա ես ուզում եմ հարցնել, թե արդյո՞ք դրա պես մի դատողություն, նմանօրինակ անտինոմիայով հանդերձ, նաև քաղաքականության հիմքում չի ընկած և պարզապես կյանքի խառնաշփոթության հիմքում: Եվ չպե՞տք է արդյոք այնտեղ, ուր դատողականությունն ու բանականությունը իրենց տանն են, նաև իրենց քույրերին ու քույրիկներին, հիմարության տարբեր կերպերին, սպասել: Այսքանը կարևորության մասին: Էրազմուս Ռոտտերդամցին իր հիասքանչ և դեռ այսօր էլ չհնացած ՙԳովք հիմարության՚-ում գրել է, որ առանց որոշակի հիմարություների մարդս երբեք չէր կարողանա լույս աշխարհ գալ: 

…Այսօրինակ հանգամանքներում, սակայն, գրեթե միևնույն է, թե ինչպես կսկսես, ուրեմն թողեք ինչ-որ ձևով սկսել: Այս դեպքում ամենից լավը, թերևս, հենց սկզբնավորման դժվարությամբ սկսելն է, այն, որ յուրաքանչյուր ոք, ով ուզում է հիմարության մասին խոսել կամ մի այդ-պիսի խոսակցությանը ներկա գտնվելուց օգուտ քաղել, իր մասին պետք է կանխավ ենթադրի, որ ինքը հիմար չէ, և այդպիսով ցուցադրաբար ներկայացնի, որ իրեն խելացի է համարում. թեև այդպես վարվելը արդեն իսկ ինքնին համընդհանուր ընդունելություն գտած հիմարության նշան է… Եթե հիմա կանգ առնելու լինենք այն հարցի վրա, թե ինչու է մարդուս խելացիության ցուցադրական ներկայացումը հիմարություն հանդիսանում, այդժամ ամենից առաջ մի պատասխան է աներեսությամբ կպչում, որն ասես նախնյաց ընտանեկան խորհրդի փոշին իր վրա կրելիս լինի, որովհետև պատասխանը ենթադրում է, որ շատ ավելի զգուշավոր է ո’չ խելացի լինելու ինքնացուցադրանքը: Հավանական է, որ այդ խորապես տարակուսելի, այսօր գերազանցապես անհասկանալի նախազգուշությունը ծագում է դեռևս այն հանգամանքներից ու հարաբերություններից, որ թույլերի համար իսկապես ավելի խելամիտ էր խելացի մարդու համարում չունենալը. նրա խելացիությունը կարող էր ուժեղի կյանքին սպառնալիք դիտվեր… Դրան հակառակ` հիմարամտությունը անվստահությունն է օրրելով քնեցնում. նրան ՙզինաթափ է անում՚, ինչպես դեռ այսօր էլ ասվում է: Այսօրինակ հնամաշ, ճարպիկ խորամանկության ու հիմար նենգմտության հետքեր իսկապես էլ դեռ կարելի է գտնել կախվածության հարաբերություններում, ուր ուժերը այնպես անհավասարաչափ են բաշխված, որ ավելի թույլը իր փրկությունը փնտրում է իրեն ավելի հիմար ցույց տալու մեջ, քան որ կա. դրանք հանդես են գալիս, օրինակի համար, իբրև այսպես կոչված գեղջկական խորամանկության դրսևորումներ, նույնը և քաղաքակիրթ և ուսյալ լեզու բանեցնող տերերի հետ սպասավորների հարաբերություններում, վերադասների նկատմամբ` զինվորների, ուսուցիչների նկատմամբ` աշակերտների և ծնողների հանդեպ երեխաների փոխհարաբերություններում: Նրան, ով իշխանություն ունի, շատ ավելի քիչ է հուզում կամ հրապուրում այն, երբ թույլը չի կարողանում, քան որ նա չի ուզում: Հիմարությունը նրան նույնիսկ ՙտարակուսանքի՚ գիրկն է նետում, այսպիսով` ակնհայտորեն շատ ավելի թույլ մի վիճակի մեջ: 

Այսու` ամենայն դիպուկությամբ և միանշանակորեն հարմար է գալիս ասելու, որ խելացիությունը նրան հեշտությամբ հունից հանում է, մոլեգնության մեջ գցում (ասել է, թե` չարամիտ հիմարությունը խելամտության հանդեպ զենքի ուժ է գործադրում)… Հավանաբար այդ խելացիությունը հլու-հնազանդության գնահատանքի է արժանանում, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն կապված է անվերապահ նվիրվածությամբ: Այն պահին, երբ նրան պակասում է այս համբավի վկայանշանը և անհաստատուն է դառնում, թե արդյոք այն իշխողների գերազանցությանն ու շահին է ծառայում, այն ավելի հազվադեպ է խելացի համարվում, քան թե անքաղաքավարի կամ անհամեստ, հանդուգն ու նենգմիտ: Այսպես հաճախ մի հարաբերակցություն կամ հանգամանք է առաջ գալիս, որ կարծես այն իշխանավորի առնվազն պատվի ու հեղինակության դեմ ուղղված լինի, նույնիսկ երբ այն իսկապես չի էլ սպառնում նրա անվտանգությանը: Դաստիարակության մարզում դա արտահայտվում է նրանում, որ անհնազանդ, ըմբոստ և օժտված աշակերտի նկատմամբ, մեծագույն դյուրահաճությամբ, ջանադիր ինքնազսպվածութուն են հանդես բերում, քան թե բթամիտ ու դժկամորդ հակառակվողի հանդեպ: Բարոյականության մարզում դա հանգեցնում է այն պատկերացմանը, որ կամքը պետք է այնքան ավելի չարամիտ լինի, որքան որ բարեբաստիկ է այն բանի իմացությունը, որի դեմ նա գործում է: Անգամ արդարադատությունը ամբողջովին անձեռնմխելի ու կուսական չի մնացել այս անձնապատկան, կանխակալ նախապաշարմունքից և խելացիության կնիքը կրող որևէ հանցագործությունը դատապարտվում է առանձնահատուկ խստությամբ` որպես ՙգերնուրբ՚ ու ՙզգացմունքի համար վիրավորական զտագույն նենգմտություն՚: Իսկ քաղաքականության բնագավառից յուրաքանչյուր ոք կարող է օրինակներ քաղել ըստ սեփական ճաշակի, ուր էլ որ մատը դնի: 

Բայց հիմարությունն ինքնին (այստեղ թերևս հարկ է այս մասին հիշատակել) ի զորու և ի վիճակի է հուզելու կամ մեղմելու բնավ ոչ բոլոր հանգամանքներում: Կարճ լինելու համար` ասենք, որ այն սովորաբար համբերությունից հանում է, արտակարգ դեպքերում էլ` դաժանություն է հանդես բերում. և այդ հիվանդագին դաժանության նողկալիորեն հոսանուտ օրինազանցություններին, որ հանրաճանաչ արտահայտությամբ իբրև սադիզմ են բնութագրվում, զոհի դերում շատ հաճախ հենց հիմար մարդիկ են հանդես գալիս: Ակնհայտորեն դա պատճառաբանվում է նրանով, որ հիմարները մյուսներից ավելի հեշտ են ավար դառնում դաժանաբարո սադիստներին: Սակայն, թվում է, թե դա կախում ունի նաև նրանից, որ վերջիններիս բոլոր կողմերից զգայելի դիմադրողականության անընդունակությունը վայրենացնում է երևակայությունը, ինչպես որ արյան հոտն է զորեղացնում որսկանի բնազդային հաճույքը, հետապնդվող զոհին մի ամայի, խուլ անապատային վայր հրապուրելով, ուր վայրենաբարո դաժանությունը սոսկ նրա համար է ՙհեռու հորիզոններ կտրում-անցնում՚, քանզի իր առաջ այլևս ոչ մի սահմանափակում կամ արգելք չի տեսնում: Դա հենց տառապանքի հանդեպ տանջարարի հակումն է, ըստ էության` մի թուլություն, որը անքակտելի բաղադրիչն է կազմում բիրտ ուժի ցուցադրանքի. և չնայած վիրավորված կարեկցանքի զգացողության արդարամիտ երևալու հուզախախտ մոլուցքը հազվագյուտ է այն նկատելի դարձնում, սա-կայն, ինչևէ, այս երկուսն էլ անհրաժեշտաբար դաժանությանն են պատկանում, ինչպես նաև` սիրույն, երկուսն ի մի, որ շատ հարմար են գալիս իրարու… 

Ինչպես հիմար երևալու, այնպես էլ` պատշաճությունը չվնասելու վախից դրդված, շատ մարդիկ իրենց խելացի են ձևացնում, բայց այդ մասին գերադասում են բարձր չարտահայտվել: Սակայն, երբ նրանք հարկադրված են զգում այդ մասին խոսելու, ասելիքին մեկ այլ ձևակերպում են տալիս` կարծես քթի տակ քրթմնջալով. ՙԵս մյուսներից ավելի հիմար չէմ՚: Շատ ավելի մեծ սեր ու ժողովրդականություն է վայելում այն այսպես կոչված անմասն և հնարավորինս առարկայական նկատառումը, որն ասում է. ՙԻմ մասին, համենայնդեպս, ես կարող եմ ասել, որ խելքի ու բանիմացության առումով ինձ մոտ ամեն ինչ կարգին է՚: Երբեմն էլ սեփական խելացիության համոզմունքը հայտնվում է շատ ինքնաբուխ եղանակով, ինչպես, օրինակ, հետևյալ արտահայտության մեջ. ՙԵս թույլ չեմ տա, որ ինձ հիմարի տեղ դնեն՚: Շատ ավելի ուշարժան է այն, որ ոչ միայն ինքնաբավ, առանձին մարդն է իր մտքում իրեն չափազանց խելացի, լավագույնս օժտված համարում, այլ նաև պատմականորեն գործող մարդը, հենց որ նա դրա համար իշխանություն է ձեռք գցում, ասում կամ ասել է տալիս, որ ինքը բոլոր առումներով չափազանց խելացի է, լուսավորյալ, արժանապատիվ, վեհանձն, գթառատ, Աստծուց ընտրված և պատմության կողմից կոչված: Նա հաճույքով նույնն է ասում նաև այն ուրիշի մասին, որի արտացոլանքից նա իրեն լուսաճառագած է զգում: Տիտղոսներում, պատվանուններում ու դիմելաձևերում, ինչպես Ձերդ Մեծություն, Սրբազնություն, Գերազանցություն, Վսեմափայլություն, Ողորմածություն և համանմաններ, այն պահպանվել է քարացած վիճակում և դույզն-ինչ ոգեշնչված է բանախոհությամբ. սակայն, ամբողջական աշխույժով այն վերստին իրեն ի ցույց է դնում հենց այն ժամանակ, երբ մարդս այսօր որպես զանգված է խոսում: Մասնավորապես ոգու և հոգու մի որոշակի ստորին միջնախավ ինքնահավան, ամբարտավան պիտոյականության հանդեպ կատարյալ անպատկառություն է դրսևորում, հենց որ այն հանդես է գալիս կուսակցության, ազգի, աղանդի կամ արվեստի ուղղության պաշտպանության դիրքերից և կարելիությունն է ունենում եսի փոխարեն մենք ասելու: 

Մի վերապահումով, ինչը ինքնին հասկանալի պատճառով կարելի է նաև մի կողմ թողնվել, այդ գոռոզամիտ, ամբարտավան ինքնահավանությունը կարելի է նաև մեծամտություն, կամ որ նույնն է` ունայնամտություն կամ փառամոլություն կոչել, և, իսկապես էլ, շատ ժողովուրդների ու պետությունների հոգիներն այսօր զգացմունքներով են համակված, որոնց թվում ունայնամիտ մեծամոլությունը, անուրանալիորեն, առաջնակարգ տեղ է գրավում: Հիմարության և մեծամոլության միջև, սակայն, հնուց անտի ներքին կապ գոյություն ունի, ինչը, թերևս, հիանալի ցուցում կամ ակնարկ կարելի է համարել: Հիմար մարդը, սովորաբար, հենց միայն նրա համար է ունայնամիտ-փառամոլ, որովհետև նրան խելացիությունն է պակասում այն թաքցնելու. բայց, իսկապես ասած, դրա կարիքը բոլորովին չկա, քանի որ հիմարության ու ինքնահավան մեծամոլության ազգակցականությունը անմիջական տեսակի է: Մեծամոլ մարդը տպավորություն է արթնացնում, թե նա շատ ավելի քիչ աշխատանք է թափում, քան կարող է. նա նմանվում է մի մեքենայի, որն ի շոգին ու եռանդուժը գերնոսր մթնոլորտում է արտաժայթքել տալիս: Հին ասացվածքը, թե ՙհիմարությունն ու գոռոզամտությունը նույն արմատից են՚, այլ բան չի նշանակում, քան այն արտահայտությունը, որ մեծամոլությունը ՙկուրացնում է՚: Դա, պարզ ասած, նվազ կատարողականության սպասումն է, այն, ինչը մենք մեծամոլության կամ ունայնամտության հասկացության հետ ենք կապում, որովհետև ՙունայն՚ բառը իր հիմնական իմաստով գրեթե նույն նշանակությունն ունի ինչ և ՙապարդյունը՚ կամ ՙզուրը՚: Եվ կատարողականության այդ նվազելիության երևույթը սպասելի է նաև այնտեղ, ուր իսկապես ասած աշխատանք է ենթադրվում. քանզի ունայնամտությունն ու տաղանդը, սնապարծությունն ու օժտվածությունը շատ հաճախ իրար հանդեպ կապվածության հարաբերության մեջ են գտնվում. այդժամ մենք այն տպավորությունն ենք ստանում, որ մեծամոլը կարող էր և ավելի մեծ արդյունքի հասնել, եթե նույն այդ ունայնամտությունը դրան խանգարելիս չլիներ: Կատարողականության անկման այս համառորեն կպչուն տպավորությունը հետագայում շատ ավելի համընդ-հանրականության գծեր է ձեռք բերում, որ մենք ուղղակի հիմարությանն են առնչակից դարձնում: 

Սին, մեծամոլական պահվածքը, սակայն, ինչպես հայտնի է, ոչ թե այն պատճառով պետք է թոթափվի կամ խուսանավվի, որովհետև այն հիմար կարող է լինել, այլ որովհետև այն գերազանցապես դեմ է պատշաճության կանոններին: ՙԻնքնագովասանքը գարշահոտում է՚ ասում է թևավոր ասացվածքը, ինչը նշանակում է, որ մեծախոսությունը, սեփական անձի մասին շատ խոսելու սովորույթը, ինքնափառաբանումը ոչ միայն իբրև ոչ խելացի, այլ նաև որպես անվայելուչ անպատշաճություն է ընկալվում… 

Միանգամայն ակնհայտ է, որ քաղաքակիրթ հասարակություններում արգելքները բխում են անպատշաճության և անվայել պահվածքի դեմն առնելու մտահոգությունից: Եվ քանի որ խոսքն այստեղ` վերևում ինքնահավան մեծամոլությանն էր վերաբերում, որին կուսակցություններն ու ժողովուրդները, ուռճացնելով սեփական լուսավորչական էությունը, այսօր ինքնակամ հանձնվել են, պետք է անմիջապես էլ հավելել, որ ողջը և ամենայն ինչ իր տիրապետության տակ առնել ցանկացող մեծամասնությունը, - ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես որ մինչև ուղն ու ծուծը մեծամոլության երևակայական ցույցերի մեջ է ներծծված - որը ոչ միայն իմաստությունն է որպես իր սեփականությունն հայտարարել, այլև առաքինությունն ու քաջասիրտ աստվածավախությունը, որոնք ինքնին ավելի հերոսական են պատկերանում, այլև ազնիվ, անպարտելի, հնազանդ ու գեղեցիկ. մասնավորապես այս աշխարհում հատկապես մի տիրապետող հակում կամ տրամադրություն կա, այն, որ մարդիկ այնտեղ, ուր իրենք մեծ բազմությամբ են հանդես գալիս, իրենց ամեն ինչ թույլ են տալիս` ինչը իրենց առանձին-առանձին արգելված է: Մեծ դարձած Մենքի նվաճած այդ արտոնություններն այսօր այնպիսի տպավորություն են ստեղծում, թե առանձին անձանց հարաճուն քաղաքակրթումն ու հնազանդեցումը պետք է հավասարակշռվի նրանց հետ ուղղակի կապակցության մեջ գտնվող առանձին ազգերի, պետությունների ու համոխոհների միությունների ճշմարիտ հարաբերություններում ներդրված հարաճուն ապաքաղաքակրթմանը. այստեղ ակնհայտորեն հուզախախտություն կամ հուզագրգիռ հավասարակշռության խաթարում է ի հայտ գալիս, որը, սկզբունքորեն, խորքում, նախորդում է Եսի ու Մենքի հակադրությանը, ինչպես նաև բոլոր տեսակի բարոյական գնահատականներին: 

Բայց արդյո՞ք դա - այստեղ կարող է անխուսափելի մի հարց ծագել - առաջվա պես այն նույն հիմարությունն է, կամ արդյո՞ք այն ինչ-որ ձևով դեռ կապ ունի հիմարության հետ:

Ազնիվ հիմարամտության հանդեպ ճչացող հակադրության մեջ է գտնվում այս հասկացության հավակնոտ, վերամբարձ տարատեսակը: Դա ավելի շուտ ոչ թե պակասամտությանն է վերաբերում, այլ մտավոր ընդունակության խաթարմանը` որպես հետևանք հասնելու նրան, ինչը վեր է իմացականության սահմաններից: Մի քանի տարի առաջ ես արդեն գրել եմ այդ մասին. ՙՉկա որևէ նշանակալի միտք, որին հիմարությունը քսմսված չլինի, այն ամենուր ներկա է և ընդունակ է կրելու ճշմարտության ցանկացած հանդերձանքը: Իսկ ճշմարտությունը ընդամենը մեկ զգեստ ունի և մեկ ճանապարհ, և նա միշտ տանուլ տվողի դերում է՚: Վերոհիշյալ հիմարությունը թեև հոգեկան հիվանդություն չէ, սակայն, ամեն դեպքում, ամենավտանգավոր, բուն իսկ կյանքին սպառնացող հոգու հիվանդություն է: 

Մտավոր հիմարությունը հակադրվում է ոչ այնքան բանականությանը, որքան որ, ավելի լայն առումով, հոգուն, եթե վերջինիս մեջ նկատի ունենանք ոչ թե զգացմունքների որոշակի քանակ, այլ հոգեկերտվածքը: Քանի որ մտքերը և զգացմունքները ծնվում են միաժամանակ և պատկանում են մի և նույն մարդուն, ապա ուրեմն ինչպես մտածողության, այնպես էլ զգացմունքների խմբին կարելի է հատկացնել միևնույն հասկացությունները. նեղմտություն, լայնություն, շարժունություն, հեզություն, հավատարմություն: Թող որ գծագրվող փոխկապակցվածությունը դեռևս մինչև վերջ հստակ չէ, սակայն, համենայնդեպս, արդեն իսկ կարելի է ասել, որ բանականությունը կապված է հոգեկերտվածքի հետ, իսկ մեր զգացմունքները զերծ կամ ազատ չեն մտքից ու հիմարությունից: Ահա հենց այս կարգի հիմարության դեմ պետք է գործել օրինակով և խոսքով: 

Շարադրված տեսակետը տարբերվում է համընդհանուր ճանաչում ունեցողից, ինչը բնավ կեղծ չէ, սակայն վերին աստիճանի միակողմանի է և կարիքը չունի բանականության ու զգացմունքի խորը, իսկական փոխներթափանցման, դա միայն կպղտորեր այն: Ճշմարտությունն այն է, որ շարքային մարդը տիրապետում է որոշակի թանկարժեք հատկությունների. հավատարմություն, հաստատակամություն, զգացմունքների մաքրություն, միմիայն այն պատճառով, որ մյուսների մրցակցությունը շատ թույլ է. այդպիսի բնավորության ծայրահեղ դեպքը արդեն իսկ մեր առաջ ներկայացվեց պատրաստակամ-ծառայամիտ թուլամտության օրինակով: Ես շատ հեռու եմ իմ այս դատողություններով նվաստացնելու առողջ, առաքինասեր բնավորությունը – նրա բացակայությունը համապատասխանաբար նկատելի է նույնիսկ ՙմտավոր՚ հիմարության առնչությամբ – բայց այժմ շատ ավելի կարևոր է այն ենթարկեցնել նշանակալիի հասկացությանը, որի մասին, իհարկե, կարելի է խոսել միայն մտահայեցողական եղանակով:

Նշանակալին միավորում է ճշմարտությունը, որը մենք նրա մեջ զգում ենք, զգացմունքների հատկությունների հետ, որոնց մենք վստահում ենք, մի ինչ-որ նոր բանի մեջ, արդյունքի և նպատակադրման, վերաթարմացված համառության, մի բան, որն ունի և’ ոգեղեն և’ հոգևոր բովանդակություն, որն ինչպես մեզ, այնպես էլ մյուսներին ՙհամարում է՚ որոշակի վարվեցողության ընդունակ: Կարելի է ասել. իսկ հիմարության առնչությամբ դա ամենակարևորն է, նշանակալին ենթակա է քննադատության ինչպես բանականության կողմից, այնպես էլ` զգացմունքի: Նշանակալին ամենահամընդհանրական հակադրությունն է հիմարության ու դաժանության, և ներկայումս սովորական դարձած անհավասարակշռությունը, դեպի ուր հույզերը մղում են դատողությունը, փոխանակ այն թևավորելու, դրանով իսկ վերառվում է: Ավելացնենք, թերևս, նաև հետևյալը. ողջ ասվածը դույզն-ինչ հիմք չի տալիս նշանակալին հասկանալու և բացահայտելու ճանապարհին, և հազիվ թե դրան հասնելը հեշտությամբ տրվի: Այսպիսով մենք ձեռք ենք բերում վերջին և ամենակարևոր միջոցը հիմարության դեմ – հրաժարումը: