Tuesday, 2024-04-23, 7:01 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Ճակատամարտ ՀՌԵՆՈՍԻ համար

Հռենոս

Հռոմեական լեգեոնների ասպատակություններից և միջնադարյան անհաշտ հակամարտություններից ի վեր, Բաստիլի առումից և Նապոլեոնյան արշավանքներից տասնամյակներ անց, Եվրոպայի համար ճգնաժամային 1840 թվականին, Ֆրանսիան հերթական անգամ պահանջ ներկայացրեց Գերմանիային` Հռենոս գետն իբրև երկու երկրների միջև բնական սահման դիտարկելու իր հավակնությունների առնչությամբ: Գերմանիայում վախեցած էին, որ Ֆրանսիան լրջագույն նախապատրաստություններ է ձեռք առնում իրեն բռնակցելու Հռենոսի ձախ ափը: Վերահաս վտանգն աչքի առաջ ունենալով, Գերմանիայում վերստին կոչեր էին հնչում վե’րջ տալ գերմանական թագավորությունների ու իշխանությունների միջև թշնամություններին և միասնական պետություն ստեղծել: Օդում թևածող այս գաղափարին ի պաշտպանություն, այդ նույն` 1840 թվականին, գերմանացի բանաստեղծ Մաքս Շնեքկենբուրգերը (1819-1849) երկնեց ՙՀռենոսի պահակը՚ բանաստեղծությունը, որը, հեղինակի մահվանից տարիներ անց, 1854 թ. Կարլ Վիլհելմի (1815-1873) կողմից երգի վերածվեց: Երգ, որն այնուհետև` 1870-1871 թթ. դարձավ Ֆրանսիայի դեմ պատերազմող գերմանական բանակների օրհներգը: 

Կոչնակն է հնչում` որոտ ու կայծակ, 

Սուսերաշառաչ ալեբախություն, 

Դեպի Հռենոսը մեր գերմանական, 

Ո՞վ կուզի գետի պահակը դառնալ: 

Քաղցր Հայրենի’ք, խաղաղ մնա դու, 

Պահակն Հռենոսի կանգնած է ամուր: 

1840 թ. սեպտեմբերի 18-ին, երբ առկախված էր Հռենոսի ձախ ափը Ֆրանսիայի տիրապետության ներքո անցնելու հարցը, տակավին անհայտ գերմանացի մեկ այլ բանաստեղծ` Նիկոլաուս Բեքկերը, գրեց ՙԳերմանական Հռենոս՚ մարտաշունչ երգ-բանաստեղծությունը, ստեղծագործություն, որը Գերմանիայում անմիջապես էլ դարձավ ֆրանսիական ՙՄարսելյեզի՚ պես մի երևույթ:   

Չե'ք ստանա դուք այն երբեք
Հռենոս գետը գերմանական,
Որքան էլ որ դուք կռավեք
հանց ագռավներ խռպոտաձայն: 
 
Հռենոս գետը գերմանական
Չեք ստանա երբևէ դուք,
մինչև նրա մեջ կանթեղվեն
ոսկորները վերջին մարդու:

Ստեղծագործությունն ուղղված էր ֆրանսիացի բանաստեղծ Ալֆոնս դը Լամարթինին, որին, սակայն, մինչ վերջինս 1841-ին կհակադարձեր իր երկարաշունչ ու իդեալիստական ՙԽաղաղության Մարսելյեզ՚ պոեմով, շատ արագ պատասխանեց ֆրանսիացի մեկ այլ հայտնի բանաստեղծ Ալֆրեդ դը Մյուսսեն` իր ՙԳերմանական Հռենոս՚ բանաստեղծությամբ: Մյուսսեի բանաստեղծությունը գրված էր մեկ շնչով, կարճ էր ու խայթող: Այս բանաստեղծությունը լայն ճանաչում գտավ Ֆրանսիայում և մի քանի մեղեդի գրվեց նրա համար:

Մե’րն է եղել ձեր Հռենոս գետը գերմանական,
Թե՞ մոռացել եք արդեն անցքերը ձեր պատմության,
Ձեր աղջիկներն ու քույրերը նաև, վստահաբար,
Ավելի լավ են մեզ հիշում, քանզի լուսաճերմակ
ու վտիտ գինին մատռվակել են մեզ շարունակ:

Եթե ձերն է նա` Հռենոս գետը գերմանական,
Փետուրները ձեր լվացեք նրա ջրերում պաղ,
Բայց գոռոզանալ շատ էլ մի’ք շտապի, հանգստացեք:
Հիշե’ք, թե ինչպես ձեր մեռնող արծվին` շունչը փչող,
պատառ նետեցին ագռավներն իրենց ավարից ճոխ:
 
Թող հոսի խաղաղ ձեր Հռենոսը գերմանական,
Եվ ձեր երկնուղեշ տաճարներն հպարտ ու գոթական
Թող արտացոլվեն ջրերում նրա` համեստաբար;
Բայց վախենամ թե խրախճանական ձեր պարերգից
Մեռելները ձեր հազիվ թե հառնեն արնոտ քնից:

Լամարթինի պոեմն ավելի խաղաղասիրական էր, հաշտարար: Հռենոսը նա անվանում է ՙԱրևմուտքի Նեղոս և ժողովուրդների գավաթ՚, ՙԵփրատի հետ` երկրի զարկերակը՚, ՙԳետ Արմինիուսի, գաղիացիների, գերմանների՚:

Հոսիր ազատ, թող վարարեն ալիքներդ գարնանային,
Եվ արբունքից փրփրակալեն եղեգնուտներդ շրջասփյուռ:
Եվ գույներում քո յոթներանգ, որ դրոշներն են մեր ներկում,
Խաղաղության ծիածանը թող փողփողա քո ջրերում:
 
Լամարթինի խաղաղասեր տրամադրություններին Գերմանիայից ձեռք է մեկնում Հայնրիխ Հայնեն, ով դեռևս 1823 թվականին իր գրած հայտնի ՙԼորելայ՚ բանաստեղծությամբ պանծացրել էր Հռենոսի մասին հյուսված ամենագեղեցիկ լեգենդներից մեկը: 1844-ին Հայնեն իր նշանավոր ՙԳերմանիա` ձմեռային հեքիաթ՚ պոեմում զրույցի է բռնվում Հռենոսի հետ, ով գանգատվում է իր գլխին եկած փորձանքներից, բայց առավել ևս` իրեն ժողովուրդների միջև կռվախնձոր դարձնելուն միտված անառողջ խոսքային փոխհրաձգություններից. 
 

Բարի գալուստ, իմ պատանի,
Ուրախ եմ, որ չես մոռացել:
Քեզ չեմ տեսել այսքան տարի
Գլխովս այնքան բան է անցել:

Բիբերիխում քարխեղդ եղա,
Դրանք իրոք համեղ չէին:
Շատ ավելի ծանր էր սակայն
Գովերգը Նիկլաս Բեքկերի:
 
Գովել է ինձ, թե կույս եմ ես
Դեռ անարատ մի պատանի,
Որ թույլ չի տա գետնով զարկել
իմ պատիվը` բարձր ու ազնիվ:

Երբ լսում եմ երգն այդ հիմար,
Մորուքս եմ ես ուզում փետտել,
Ճերմակ մորուքն իմ, և իրոք
Ուզում եմ ինքս իմ մեջ խեղդվել:
 
Որ ես կույս չեմ կամ պատանի,
Ֆրանսիացիք շատ լավ գիտեն,
Իմ ջրերն են նրանք հաճախ
Հաղթանակին իրենց խառնել:

Հիմար մի երգ, խակ պատանի…

Ինձ խայտառակ է նա արել,
Վարկաբեկել աշխարհով մեկ,
Քաղաքական գետնին նաև:
Եթե հետ գան ֆրանսիացիք,
Նրանց առաջ պիտի կարմրեմ,
Ես, որ նրանց վերադարձին
Երկնքի դեմ աչք եմ թացել:

Ես միշտ նրանց շատ եմ սիրել`
ֆրանսիացոց իմ ժրաջան,
Երգում-պարու՞մ են դեռ նրանք,
Դեռ տաբա՞տ են հագնում Ճերմակ:

Կուզենայի տեսնել նրանց,
Բայց վախ ունեմ խայթածաղրից,
Երգի համար այդ անիծյալ,
Որ խայտառակ է արել ինձ:

Ալֆրեդ Մյուսսեն` շրջմոլիկն այդ,
առաջնորդի նրանց նորից,
Որպես թմբուկ` նա իմ առաջ
Չար կատակներն իր կպարպի՚:

Հայր Հռենոսն այսպես խոսեց,

ԵՎ ոչ մի կերպ չէր խաղաղվում:
Ես փորձեցի մխիթարել,
Շահել նրա սիրտը տրտում:

ՙՄի’ վախեցիր, Հայր իմ Հռենոս,

Ֆրանսիացոց խեթ ծաղրանքից,
Նրանք արդեն նախկինը չեն,
Ու տաբատ են հագնում ուրիշ:
Կարմիր տաբատ և ոչ ճերմակ,
Նաև ուրիշ կոճակներով,
Էլ չեն երգում, չեն թռչկոտում,
Մտածկոտ են դարձել այսօր:  

Դարձել են լուրջ փիլիսոփա` 
Կանտ, Ֆիխտե, Հեգել են կարդում,
Գարեջուր են խմում հիմա,
Ծխում են ու վեգ են խաղում:
 
Քաղքենի են դարձել մեզ պես,
Մեզանից էլ շատ եռանդուն,
Վոլտերական չեն այլևս,
Հենգշտենբերգեր են դավանում:
 
Միշտ է, որ Ալֆրեդ դը Մյուսսեն,
Նույն շրջմոլիկն է, և սակայն
Մի’ վախենա, մենք կկապենք
Նրա լեզուն խեթ-ծաղրական: 
 
Թե նա նորից քեզ ծանակի,
Մենք էլ մերը կասենք նրան,
Տեսնենք ինչպե՞ս դուրս կցատկի
Փեշի տակից սիրուն կանանց:

Հանգիստ եղիր, Հայր Հռենոս,
Հոգ չէ, թե վատ երգ ես լսում,
Շուտով լավերն էլ կստանաս,
Ո’ղջ լեր, մինչև նոր հանդիպում:

Պատմության ընթացքում Հռենոսի աջ ու ձախ ափերին խաղարկված այս դրաման 20-րդ դարասկզբին թևակոխեց իր արհավրալից ընթացքի ամենից ավելի սահմռկեցուցիչ հանգրվանը` երկու աշխարհամարտերի բովում, թվում է, թե վերջնականապես ջլատելով ու ծվատելով առափնյա ժողովուրդների մարմինն ու զգացական թաղանթը, բայց ոչ բնավ միտքն ու հոգին: Վերջիններս որպես փյունիկ հառնեցին մոխրափոշուց, վերստին պանծացնելով Հռենոսի կենարար, արարչագործ ոգին, ապրեցնելով, նոր հույս, նոր սեր ու նոր հավատ սերմանելով քրիստոնյա Եվրոպայի ժողովուրդների, տա Աստված, այլևս խաղաղությանն ապավինած հոգում, ինչի մասին իրենց տվնջյան խոհերում անրջել են ֆրանսիացի ու գերմանացի մտքի ու ոգու տիտանները, ինչպես որ մեծն մարդասեր ու հռենոսապաշտ ֆրանսիացի հանճարը` Վիկտոր Հյուգոն:


Հյուգո
ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ
1802 - 1885
 
 ՙՀՌԵՆՈՍ, ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՐԵԿԱՄԻՍ՚, ՆԱՄԱԿ XIV-ից,
Սբ. Գոար, 17 օգոստոս, 1840 թ.
 
 
Դուք գիտեք, այդ մասին ես ձեզ հաճախ եմ ասել, ես սիրում եմ գետերը: Գետերը գաղափարներ են փոխադրում, որպես և ապրանքներ: Ամեն ինչ իր սքանչելագործ դերակատարումն ունի արարչության մեջ: Գետերն` իբրև անծայրածիր շեփորներ, օվկիանոսին են տարփողում երկրի գեղեցկությունը, դաշտերի մշակույթը, քաղաքների շքեղաշուքությունը և մարդկանց փառքը:
          Ես ձեզ նաև ասել եմ, որ բոլոր գետերի մեջ ես սիրում եմ Հռենոսը: Առաջին անգամ երբ ես տեսա Հռենոսը, ընդամենը մեկ տարի առաջ էր, Քեհլում, նավակամուրջը հատելիս: Գիշերն իջնում էր, մակույկը սահում էր դանդաղ: Հիշում եմ, այն ժամանակ ես մի տեսակ պատկառանք զգացի, երբ հատում էի այդ հինավուրց գետը: 
          … Այդ երեկոյան… ես երկար ժամանակ զննում էի այդ հպարտ ու ազնվական գետը, անսանձ, բայց ո’չ մոլեգին, վայրի, բայց վեհապանծ: Այն պահին, երբ ես անցնում էի նրա վրայով, այն փքված էր ու հիասքանչ: Նա մաքրում էր նավակամուրջներին իր խարտյաշ բաշը, իր մամռակալած մորուքը, ինչպես Բուալոն է ասում: Նրա երկու ափերը կորսվում էին մթնշաղի մեջ: Նրա շառաչը հզոր ու անվրդով մռնչյուն էր: Ես նրանում ինչ-որ բան էի նկատում մեծ ծովից:
          Այո’, բարեկամս, դա մի ազնվական գետ է, ավատատեր, հանրապետական, կայսերական, արժանի լինելու միաժամանակ ֆրանսիական ու գերմանական: Եվրոպայի ողջ պատմությունը դիտարկելի է այս մի զույգ մեծազոր հայեցակետերից, ռազմիկների ու մտածողների այս գետի մեջ, նրա այն ճոխ ու վեհապանծ ծփանքում, որ վրդովում է Ֆրանսիան, այն խորը մրմունջի մեջ, որ Գերմանիայի մասին է հիշեցնում:
          Հռենոսը միավորում է ողջը: Հռենոսն արագ է ինչպես Ռոնը, լայնարձակ է ինչպես Լուարը, զառիվայր ծերպերով` ինչպես Մյոզը, գալարապտույտ` ինչպես Սենան, մաքրաթափանց` ինչպես Սոնը, պատմական` ինչպես Պոն, արքայական` ինչպես Դանուբը, խորհդավոր` ինչպես Նեղոսը, ոսկեծուփ` ինչպես Ամերիկայի գետերը, առասպելներով ու տեսիլքներով պատված` ինչպես Ասիայի գետերը:
          Մինչև պատմությունը գրի կառնվեր, մինչև որ իսկ մարդու գոյությունը գուցե, այսօրվա Հռենոսը ծխում էր ու հուրհրատում զուգադիր հրաբխային շղթաներով, որ հանգած են այսօր` հողի վրա թողնելով լավայի ու բազալտի երկու զանգվածեղ կույտեր, զուգամետ տեղակայված` մի զույգ երկարուկ որմնապատերի հանգույն: Նույն դարաշրջանում, մեծահսկա հոսանուտ կուտակումները` նախաստեղծ լեռները, չորանում էին, սարսափազդու քարազանգվածը, որ մենք այսօր Ալպեր ենք անվանում, դանդաղորեն սառչում էր, ձյուներն այնտեղ էին կուտակվում: Այդ ձյուների երկու մեծահսկա հորձանքները տարածվում էին երկրի երեսին. մեկը` զառիթափ հյուսիսային հորձանքը, կտրեց-անցավ հարթավայրերը, հանդիպեց հանգած հրաբուխների կրկնակ լեռնաշղթաներին և դրանց երկայնքով դեպի օվկիանոսն ընթացավ: Մյուսը` զառիվայր արևմտյան հորձանքը, սարերից սարերի վրա ընկնելով, հոսելով հանգած հրաբխի հակոտյա հատվածի երկայնքով, որը մենք Արդեշ ենք անվանում, կորսվեց Միջերկրածովում: Այս հորձանքներից առաջինը Հռենոսն է, երկրորդը Ռոնը…
          …Հռենոսը, Եվրոպայի ճակատագրերում մի տեսակ նախախնամական նշանակություն ունի: Դա մի փոխհանդիպահայաց մեծ խառնարան է, որ հարավը բաժանում է հյուսիսից: Նախախնամությունը դարձրել է նրան գետ-սահմանաբաժան: Ամրոցները նրան դարձրել են գետ-որմնապատնեշ: Հռենոսը տեսել է և անդրադարձրել է գրեթե բոլոր մեծ պատերազմիկների ստվերները, ովքեր, երեսուն դարերի ընթացքում, հերկել են հին աշխարհամասը սույն քարակոփ խոփով: Կեսարն է կտրել-անցել Հռենոսը` բարձրանալով հարավից: Աթիլլան է հատել Հռենոսը` իջնելով հյուսիսից: Քլովիսն (1) այնտեղ հաղթել է Թոլբիակի ճակատամարտում: Կառլոս Մեծն ու Բոնապարտն են թագավորել այնտեղ: Կայսր Ֆրիդրիխ Բարբարոսան, կայսր Ռուդոլֆ Հաբսբուրգը (2) և Փֆալցի իշխան Ֆրիդրիխ I-ը (3) իշխանավարել են այնտեղ, հաղթական և միահեծան: Գուստավ-Ադոլֆն (4) այնտեղ ղեկավարել է իր զորքերը Քաուբի ապաստարանի բարձունքից: Լուի XIV-ը տեսել է Հռենոսը: Անգիենն ու Կոնդեն (5) անցել են նրա վրայով: Ավա~ղ, Թյուրենը (6) նույնպես: Դրուսուսն (7) այստեղ իր գերեզմանաքարն ունի Մայանսում (8), ինչպես Մարսոն Քոբլենցում (9) և Հոշը Անդերնախում (10): Մտածողի աչքին, ով տեսնում է կենդանի պատմությունը, երկու մեծ արծիվներ են մշտնջենապես ճախրում Հռենոսի վրա` հռոմեական լեգիոնների արծիվը և ֆրանսիական զորամասերի արծիվը…
          …Այս ազնվական Հռենոսը, որը հռոմեացիներն անվանում էին Renus superbus, դեռ կրում է նավակամուրջները` բզկտված նիզակներից, գեղարդներից ու սվիններից, որ Գերմանիայի վրա են նետել Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի բանակները, որ ընդդիմացել են հին հռոմեական աշխարհին, մշտապես աշխարհագրորեն սահմանակից, հին բարբարոսական հորդաները, հար և նույն կազմով: Նա իր ափերին խաղաղությամբ կրում է Մուրգի և Սեն-Գալլի բրգաձև սոճիները, Բալի ծիրանաքարն ու օձաքարը, Բինգենի կարբոնատը, Կարլսհալլի աղը, Շտրոմբերգի կաշվեղենը, Լենսբերգի սնդիկը, Յոհաննիսբերգի ու Բաշարաշի գինիները, Քոբի թիթեղնաքարը, Օբերվեզելի սաղմոնաձուկը, Զալցիգի կեռասը, Բոպպարի անտառների ածուխը, Քոբլենցի սպիտակ մետաղի ամանեղենը, Մոզելի ապակեգործությունը, Բենդորֆի կոփածո մետաղները, Անդերնախի տուֆն ու շաղափաքարը, Նոյվիդի թերթավոր մետաղը, Անտոնիուշթայնի հանքային ջրերը, Վալլենդարի մահուդն ու խեցեգործական արտադրանքը, Թաարի կարմիր գինիները, Լինցի պղինձն ու կապարը, Քյոնիգսվինթերի հղկված քարեղենը, Քյոլնի բրդեղենն ու մետաքսը: Արդ` Եվրոպայի սրտում, Աստծո կամքի համաձայն, նա իրագործեց մեծաշքեղորեն խաղաղության գետի իր կրկնակի գործառույթը` առանց ընդհատման, բլուրների կրկնակ շարքերին ընդելուզված, որ պարփակում է իր ընթացքի ամենաազնվական հատվածը, մի կողմում` կաղնիներ, մյուս կողմում` խաղողի որթեր, ասել է թե` մի կողմից հյուսիս, մյուս կողմից` հարավ, մի կողմից բռնություն, մյուս կողմից` խրախճանք…

1. Ֆրանսիական Քլովիս կամ գերմանական աղբյուրներում` Խլոդվիգ (466-511թթ.), Ֆրանկների առաջին թագավորը, ով 496 թ. Հռենոսին ափամերձ բնակավայրում (ֆրանս.` Թոլբիակ, գերմ.` Ցյուլպիխ) երկրորդ անգամ հաղթելով Զիգիբերտ Քյոլնեցու ղեկավարած Ալեմաններին, միավորեց բոլոր ֆրանկյան ցեղերն իր իշխանության ներքո: Ալեմանների դեմ 506 թ. Քլովիսի մղած երրորդ և վերջին ճակատամարտը` Ստրասբուրգի մատույցներում, վերջնականորեն ջախջախեց Ալեմանների կայսրությունը: 6-րդ դարի գաղղիացի պատմիչ Գրեգոր Թուրացին այս վերջին իրադարձությունն անվանել է նաև քրիստոնեական դարձի ճակատամարտ, որից հետո քրիստոնեությունը տարածվեց Ֆրանկների կայսրությունում:
2. 13-րդ դար:
3. 17-րդ դարասկիզբ:
4. Շվեդիայի թագավոր 1792-1809 թթ.:
5. 16-18 դդ. Բուրբոնների հարստության կրտսեր` ֆրանսիական ճյուղի հայտնի ներկայացուցիչներին տրված ազնվականական տիտղոսներ,: Տվյալ դեպքում թերևս նկատի ունի Լուի XIV-ի օրոք պաշտոնավարած ֆրանսիացի զորահրամանատար Լուի II Բուրբոնին` Կոնդեի IV իշխան և Անգիենի դուքս (1621-1686 թթ.) մականվանյալ:
6. Անրի դե լա Տուր դ’Օվեռն, վիկոմտ դը Տուռեն, 1648-1656 թթ. Ֆրանսիայի թագավորության դեմ ուղղված ներքին խժդժությունների ակտիվ մասնակիցներից, գլխավոր մարշալ, հուգենոտ:
7. Ներո Դրուսուս Կլաուդիուս Գերմանիկուս (ն.Ք. 38-9 թթ.), հռոմեացի քաղաքական և ռազմական գործիչ` Օկտավիանոս կայսեր չճանաչված զավակը, կայսր Տիբերիուսի եղբայրը, կայսրեր Կալիգուլայի և Ներոնի պապը (առաջինինը` հայրական գծով, երկրորդինը` մայրական):
8. Գերմանական Մայնց քաղաքը:
9. 1794 թ. Քոբլենցը գրավվեց ֆրանսիական հեղափոխական բանակի կողմից` Ֆրանսուա Սեվերին Մարսոյի (1769-1796թթ.) գլխավորությամբ, ով ընկավ 1796 թ. նահանջի ճանապարհին: Նա եղել է 1789 թ. հուլիսի 14-ին Բաստիլի առման մասնակիցը:
10. Նապոլեոնի բանակի գեներալ Լազար Հոշը սպանվեց 1797 թ. Նոյվիդի մատույցներում մղված ճակատամարտում և թաղվեց Անդերնախի մոտ, ուր և կանգնեցված է նրա հուշարձանը: