Wednesday, 2024-04-17, 0:11 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ՓԱՐԻԶՅԱՆ ՇԱՐՔԻՑ

Հավիտեանս հավիտենից

 

Մութ գիշեր է և Ակն Աստծո

անրջում է խուփ կոպի տակ,

և խավարն է ահագնացող

պատսպարում երազ և կյանք:

 

Զարթնել եմ ու աչք եմ ածում

ստվերներին մանվածապատ,

և նվվում է մեջս, հածում

հոգեզեղումն աստվածամարտ:  

 

Կյանքն իր հունով է ընթանում,

մահն իր ճամփեն անգիր գիտի,

հանդիպում է ու բաժանվում

զույգն այդ` առանց հրաժեշտի:

 

Ո՞վ և ինչու՞, ե՞րբ կամ որտե՞ղ`

որոշված է ողջը նախուստ,

այնպես որ չի'ք Տիրոջ աչքից

ո'չ վրիպում, ո'չ իսկ փախուստ:

 

Գգվանք, կտղանք ու եռուզեռ`

մահախուճապ իրարանցում,

ո՞ր հտպիտն է ողջն այս բուծել

արարչության մսաղացում:

 

Բացվի՞ պիտի կոպը Աստծո

զսպօղակի մղլակի պես,

որ խմբերթն այս սևամաղձոտ

մի օր անի արևերես:

 

Լույսն այնուհետ պիտի խուժի՞

շիթերով գիրթ ու ցիրուցան,

և ներխուժմամբ իր այդ գուժի

սկիզբը վերջի արարչության

 

Զի երթևեկն ինքնամատույց

երբ հասնի իր վերջնակետին,

խորշակնահար Ակն անպաճույճ

իր վախճանը գտնի պիտի:   

 

Ե՞րբ կավարտվի, ու՞ր կպարպվի

հերթափոխն այս խոտորընթաց,

վերևն Աստված` չի իմացվի          

խոկն անեղին խոր քուն մտած:

 

Հայտնի է լոկ, որ կոպն Աստծո

ծանրացել  է հուր-հավիտյան,

զի նրա'ն էլ չկա պրծում

բիրտ օրենքից ձգողության:

 

Օտարումի շքահանդես

 

Օրերն անկարգ ու անկամորդ

հավաքվում են մի օր ի մի

ու կատարվում է հոգեխորթ

շքահանդեսն օտարումի:

 

Մնում ես դու մերկ ու մոլար

աշխարհի դեմ`ականջը խուլ,

ներսում` մտքեր խռովարար,

դրսում`տագնապ ամենակուլ:

 

Կրկնվում ես ամենայն օր`

ինքդ քեզ ես արդեն ցիտում,

ու քայլում ես մտամոլոր`

տնից գործի ու գործից տուն:

 

Դատարկվել է միտք ու հոգի

ու ողորկվել հերկն առաթուր,

ցանքսը սակավ եղավ կրկին,

բերքը մնաց անտերուդուս:

 

…Մի' վհատվիր, քայլի'ր անկանգ,   

արբեցումի դուռը թակիր,

ու թե բացվի` խրախճական       

սեղաններին մատռվակվիր:            

 

Հակի'ր աչքդ աստանդական,

ձիրքդ մսխի'ր`հանուն գոյի,

ու ցասումով արարչական

գոցիր դուռը երկնավորի:

 

Հոգ չէ' սակայն, կգան օրեր

բազմախոստում ու հոգեշահ,     

և դու նորից կնորոգես

անցյալների վարկն անկաշառ:      

 

Պեղես ընդերքն ու գտածոն

շաղ տաս դատարկ օրերի մեջ,

և լիացումն անմնացորդ                     

մսխես իսպառ ու անտնտես:

 

Վերջին օրով` այս կյանքի հետ

հաշիվները դեռ չփակած,

դեռ մի բան էլ պիտի անես`

վարկատուին օրհնելուց զատ.

 

վարկի տոկոսը պիտ մարե'ս`

պարտամուրհակն ապակնքած,

դողդոջ ձեռքդ անուժ հակես

ու մրափես` աչքերդ բաց:


ԵԹԵՐ

Տիեզերական գաղտնարան`

                               հրաշքների զարդատուփ,

քեզ այդ ո՞վ է հորինել

                               այդքան բաց և այդքան խուփ.

ո'չ վերև կա, ո'չ ներքև,

ո'չ իսկ կենտրոն ծանրության,

ա'րդ, որտե՞ղ է զետեղվել

                               հիմնաքարդ շինության:

Առեղծված ես, որ չունի

ո'չ լուծմունք, ո'չ ապացույց,

վարկածների խաչուղի`

                               հավիտյանս անմատույց :   

Մենք, որ ապրում ենք այստեղ`

                               զնդանում այս հարկադիր,

միշտ քո լույսին ակնդետ,

քո կոչնակին ունկնդիր,

հիմնաքարն ենք գուցե այն,

որ թրծվում է ու հղկվում`

շաղափվելով շարունակ

                               գնդաձև իր պատյանում,

և սեղմվելով ինքն իր մեջ`

խտանյութն այս հազվագյուտ

վերածում է սնամեջ

                               փորձանոթի հողանյութ:

Մեր հաշվին ես օրեցօր

                               ընդարձակվում շարունակ,

արտահեղվում նորիցնոր`

                               պարունակ առ պարունակ:

Մենք կորչում ենք, սակայն դու

                               հորինվում ես վերստին,  

կլանելով մակաբույծ                        

                               մեր ավիշը կաթնծիր:

Մեր երկուսին շաղկապող

                               մի մալուխ կա զանգվածեղ,

աներևույթ շոշափող,

                               զոր կոչի ԵԹԵՐ:

Գաղտնաբառն այս մոգական`     

                               հնում միտք էր ու ոգի,           

հաղորդակ էր բացազատ`

                               տիեզերական կապուղի,     

բայց դարձել է անթափանց

                               պատ ու պատնեշ մշտագոց,  

թափոնների գերեզման`

տիեզերական աղբանոց :

Խոր վիրապն է մեզ նետել`

                               Սանդարամետն անիծյալ,

հանել երկինք` զգետնել

                               այժմ, միշտ և հավիտյան:


24. 12. 2010

Կհագնես ներկայի պատմուճանը,

Կկապես հուշերիդ հնոտին,

Կհեծնես գալիքի երիվարը,

Կսուրաս, ուր որ աչքդ կտրի:

 

Աշխարհում ամեն ինչ առաջվանն է,

Զարկերակդ տնքում է` մտի'ր,  

Որտեղ փա'յլ`այնտեղ քո հանգրվանը,

Ըմբոշխնի'ր և բնավ երկմտիր: 

 

Կանգնեցրու' ուղտերի քարավանը,

Խլխլի'ր քո ավարը անգին,                    

Գրիչն ա'ռ ու ընկի'ր թղթի ջանը,

Վերագրի'ր պատահարը կյանքին:

 

Կգրես հերթական շարականը,

Թղթառաջքն ու պատգամն` ըստ հերթի,

Կնշես ճշմարիտ թվականը,

Կծալես, կդնես մեկդի:

               

Կշրջե'ս չապրածիդ դարձերեսը,  

Մայրուղու կփոխես փակուղին.

Թուղթուգի'ր էր կյանքի ասպարեզը, 

Վերջնագիրն էլ դաջված է կողին:

 

Կմսխե'ս օրերիդ պարտաթուղթը,

Կհանձնե'ս մուրհակներդ տողին,            

Ինքը կյա'նքն էլ նժույգ է և ուղտ է`

Քառատրոփ` տապալվում է հողին:


Խաղից դուրս` ոչ-ոքի

 

Ո'չ օրենք կա, ո'չ հոգի,

խաղից դուրս են ամենը,

կա ՞ մեկը, որ ամոքի,

անբարեհույս մեր գենը:

 

Գուցե դու՞ ես այդ մեկը,

բայց լուր չունես տակավին,

ուրիշ ո՞վ կա, ո'չ մեկը`

անապատ է ամայի:

 

Աշխարհն իր շուրջն է դառնում,

դիցուք` մարդ ես դու մի քիչ,

փակվել ես քո տակառում

խիղճդ խաղաղ ու հանգիստ:

 

Փոքրացել ես ու մտել,

խփվում ես չորս պատերիդ,

քո մեջ այդ ի՞նչ ես գտել,

այդքան ջերմ ու մտերիմ:

 

Ե'լ, էլ հերի'ք մրափես,

ո'չ խլուրդ ես, ո'չ հավկուր,

տե'ս թե ինչպես են լափել

շրջակայքը` մաս-մաքուր:

 

Ոտատեղ իսկ չմնաց,

որ ծնրադիր աղոթես,

քո բաժին բախտը ողբաս

ու աշխարհը նզովես:

 

Մնա քո մեջ, մի' շեղվիր,

և մի' փորձիր ընկալվել,

ինքդ քո մեջ անթեղվի’ր,

կանթեղվելու չկա բեմ:

 

Ո'չ օրենք կա, ո'չ հոգի,

խաղից դուրս են ամենը,

ֆուտբո՞լ է սա…, դե չոքի'ր,

երբ ջարդում են ոտքերը: