Friday, 2024-04-19, 11:18 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Մի ոջիլի պատերազմական օրագիրը

ՈջիլԱռաջաբան
 
Ես գիտեմ, որ իմ ցեղը հիգիենայի դարաշրջանում բնավ բարենպաստ վիճակի մեջ չի գտնվում: Ոջլերգությունը միանգամայն մոդայից դուրս է եկել: Սակայն մինչև օրս ճանճերի ու շների մասին դեռ գրքեր են գրվում: Այսու` ոչ ոք թող չվիճաբանի ինձ հետ, թե մենք չափից ավելի ռազմամոլ ենք ու քաջարի: Ռազմամոլության դարաշրջանում, ինչպես և սպորտի, հարկ է, որ մենք էլ մեր տեղին հավակնենք:
          Այսպիսով մենք` մարդկանց հավատարիմ ուղեկիցները լինելով - այդ տիտղոսին արժանանալու մեր հավակնությունն ավելի մեծ է, քան շներինը, որովհետև, ընդհանուր առմամբ, մարդիկ ավելի շատ ոջիլներ ունեն, քան շները, հենց միայն այն պատճառով, քանզի յուրաքանչյուր շան վրայից ավելի մեծ թվով ոջիլներ են թափվում - մենք այնքան նշանակալի նպաստ ենք բերել մարդկության առաջընթացին, զի մեր հանդեպ վախը նպաստել է ձեր մաքրության գործի կազմակերպմանը, և օճառի գործածությունը, հայտնապես, քաղաքակրթության աստիճանի ցուցիչն է. մեր մասին այսօրինակ անորոշ պատկերացումներ են տարածված մարդկանց շրջանում:
          Սակայն մեր կյանքի տևողության մասին նրանք չգիտեն...
          Եվ ես կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը մեզ սեզոնային կենդանինիերի կամ մոծակների տեղ է դնում: Ինչևէ, մահացության տոկոսը մեր` ոջիլներիս շրջանում, սոսկալիորեն բարձր է, սակայն զուտ այն պատճառով, որ մենք ամենադաժան հալածանքների ենք ենթարկվում և հազվադեպ է պատահում, որ բնական մահով վախճանվենք: Բայց ես կարող եմ ապացուցել, ընդսմին` խաղաղությամբ ընդունելով գիտության կողմից բերվող հակափաստարկը, որ ոջիլի կյանքի բնական տևողությունը այնքան էլ քիչ չէ: 1914 թվականին ես որպես ոջիլ արդեն իսկ գտնվում էի իմ հոգեկերտվածքի լիակատար հասունության վիճակում և այսօր, ահա, գրի եմ առնում իմ հիշողությունները: Իմ հիշողությունը գերազանց է և առաջացած տարիքի դառնությունը, ինչպես Կազանովան` իր հիշողությունները թղթին հանձնելիս, ես դեռ չեմ զգում:
          Երկրորդ առավելությունը վերաբերում է մեր ձանձրալիության աստիճան տաղտուկ բնությանը: Այստեղ ես պետք է խոստովանեմ, որ, համենայնդեպս, կա շատ սովորական ոջիլների մի տեսակ, որի համար մեր մեծամասնությունը գուցե արժանի է ոչնչացման դատավճռին, ինչը ցանկացած ժամանակ կարելի է գործնականում կիրառել: Միայն թե, իմ պատկերացմամբ, այդ հատկությունները գալիս են մարդկանց հետ երկարատև համագոյակցության հանգամանքից: Մենք անպատասխանատու ենք, անխնա, կազմվածքով ջղուտ, այլև ճկուն, մահն արհամարող, անդրդվելի, երբ մեր առաջ որևէ նպատակ ենք դրել, զոհում ենք այլ էակների արյունը և արագ բազմանում ենք, քանի որ մենք ակնածանքով ենք վերաբերվում սիրոն և ընտանիքին. սրանք ուժեղ մարդու հատկություններ են, որպիսիք նա, համենայնդեպս, չի հանդուրժում մյուսների պարագայում:
          Երբ ես կանխորոշված դատավճռի մասին եմ խոսում, նկատի ունեմ հենց այն, որ ոջիլների հարցում նույնպես պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել, ինչպես որ մարդկանց պարագայում է: Այն, ինչ մարդս բռնում կամ հայտնաբերում է, դրանք համառ պնդերեսությամբ աչքի ընկնող ոջիլներն են, իսկ հոգեշնորհ, զգայունակ, բարեկիրթ, նրբազգաց ոջիլները նրա իմացությունների շրջանակից դուրս են դրված, էլ չասած, որ սա նշանակում է անարդարացի պահանջների հարուցում ոջիլների հանդեպ, երբ պահանջ է դրվում, որպեսզի բարձրակարգ էակները, հենց իրենց մեջ, անհրաժեշտ մեծամասնություն կազմեն:
          Ինձ նույնպես հարկ է այդպիսի մեկը նկատել, այդ իսկ պատճառով ես կարող եմ ինձ թույլ տալ խուսափել ավելորդ նկարագրությունից, բայց միայն մեկ նկատառում հայտնելով. Նրբոջիլը արժեվորում է նշանակալից մի մարդու հետ համակեցություն հաստատելը: Նա երկար է փնտրում, մինչև որ համապատասխան մեկը իր համաձայնությունն է տալիս, սակայն, այնուհետև, նա հեշտությամբ չի բաժանվում իր ուղեկցից, որի հոգևոր ու մարմնական ճակատագրին նա իր գործուն մասնակցությունն է բերում: Իրենց համատեղ տնտեսվարության մարզում նա ջանում է հնարավորինս քիչ անհարմարություններ պատճառել իր ուղեկցին (խնայելով նրան), և այդ պատճառով էլ սնվում է բացառապես մարդկանցով, կամ կենդանիներով, նրանցով, ում հետ իրենք շփման մեջ են մտնում, և երբեմն էլ որս է անում շրջակայքում, բայց հնարավորինս շուտ հետ է վերադառնում: Նա ունի – սա ես պե’տք է հիշատակեմ` հետագայում հասկանալի լինելու համար – ընդսմին մի տեսակ կողմնորոշման կարողություն, ինչպես չվող թռչունը: Եվ միայն արտակարգ դեպքերում նա հարձակվում է իր տիրոջ կամ իր հետաքրքրությունների տիկնոջ վրա: Մի քանի ամիսը մեկ մեծ քաղաքի բնակիչը զայրույթով հայտնաբերում է – սա ավելի հաճախ է պատահում գյուղական բնության գրկում` մենության մեջ – որ էլեկտրական շարժակառքում, գնացքում, առօրյա հրմշտոցի մեջ կամ անիծյալ շների միջոցով, որոնք աղտոտում են տուն ու տեղ, ինքը ոմն ոջլի այցելությանն է արժանացել. սակայն երբեմն մարդս բնավ չի էլ գիտակցում, որ տարիներ շարունակ դա հենց այն նույն, արտակարգ համեստությամբ աչքի ընկնող իր անձնական հոգեշահ ոջիլն է, որն իր հետ է ապրում:
          Ճիշտ է, ինչևէ, որ մենք աղտոտության մեջ ենք ծնունդ առնում: Սակայն ոչ սակավաթիվ լույս աշխարհ եկած մարդիկ էլ հենց միայն դրանով են հպարտանում: Եվ, ընդհանրապես, մարդուս ծննդյան գործողությունը, ինչպես և նրան վերաբերող և նրա մեջ եղող շատուշատ այլ բաներ նույնպես ամենամաքուրների թվին չեն պատկանում:
          Ճիշտ չէ նաև, թե մենք նախընտրում ենք անբարեխնամ մարդկանց: Սովորական ոջիլները հավանաբար նույն կերպ են վարվում, ինչպես սովորական մարդիկ: Նրբոջիլը սիրում է մաքուր մաշկը և անուշաբուրող սպիտակեղենը: Ես իմ կյանքի ընթացքում բավական հաճախ եմ երթևեկել բարձրաստիճան հասարակական շրջաններում: Այն, ինչը ինձ թույլ է տալիս խայթել, զուտ հոգևոր գերազանցության զգացողությունից է, կատաղի անհանդուրժողականության պես մի բան` հանդեպ հաջողակ մարդկանց: Որևէ հանճարի ես բնավ երբեք ցավ չեմ պատճառել:
          Նրբոջիլը, բնականաբար, հասկանում է մարդկանց լեզուն: Հակառակը, հայտնապես, չկա և երբևէ չի եղել: Հասկանալի պատճառներով, քանզի հալածյալի կարգավիճակը խթանում է մտավոր զարգացմանը: Դրա համար էլ դեռ երբեք որևէ հոգեշնորհ ոջիլ չի բռնվել: Օդի մեջ ճայթճայթող խանդավառ մոլուցքի խոսքերը մատնում են նրան սպանություն իրագործելու դիմացինի նպատակը և հնարավորություն ընձեռում` ճիշտ ժամանակին թաքնվել: Նա, ով մարդկանց մատների արանքն է ընկնում, լոկ սովորական ոջիլներից մեկն է, որը համապատասխան լեզվական գիտելիքների չի տիրապետում: Ես նաև չեմ ուզում ժխտել, որ այդ կոպտատաշ էակների մահվան հանդեպ սառը անտարբերություն եմ զգում: Ընդհակառակը, ինչքան շատ դրանցից ոչնչացվեն, այնքան ավելի լավ: Ես իմ մեջ բնավ ազգային զգացմունք չունեմ: