Friday, 2024-04-26, 3:24 AM
Welcome Guest | RSS
Categories
My articles [5]
All and Everything
World Literature [1]
Poetry-Prose-Phylosophy
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Publisher

Main » Articles » Non-Armenian Pages » My articles

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ

(1918թ. Ցյուրիխ)

  

Կար-չկար մի մեծ, գեղեցիկ, սակայն ոչ հարուստ մի երկիր, որտեղ մի քաջարի ժողովուրդ էր ապրում, համեստ, բայց կորովի, և գոհ էր իր ճակատագրից: Հարստությունն ու բարեկեցիկ կյանքը, նրբագեղությունն ու շքեղաշուքությունը նույնպես տեղ չունեին այնտեղ, և ավելի հարուստ հարևան երկրները երբեմն-երբեմն ոչ առանց հեգնանքի կամ հեգնախառն կարեկցանքով էին նայում այդ մեծ երկրի համեստագույն ժողովրդին:

Որոշ բաներ, սակայն, որ դրամով չես կարող ձեռք բերել և որոնք, այնուհանդերձ, գնահատվում էին մարդկանց կողմից, լավագույնս բարգավաճում էին այլ առումներով ոչ հանրաճանաչ այդ ժողովրդի մեջ: Եվ այնպես լավ էին բարգավաճում, որ ժամանակի ընթացքում այդ աղքատիկ երկիրը, չնայած իր նվազ հզորությանը, դարձավ մեծահռչակ ու գնահատված: Այնտեղ ծաղկում էին ապրում այնպիսի երևույթներ, ինչպես երաժշտությունը, ստեղծագործ միտքն ու բանական իմաստությունը, և ինչպես որ մեծամեծ իմաստունից, քարոզչից կամ բանաստեղծից չէին պահանջում, որ նա հարուստ, նրբագեղ, հասարակավար կամ շփվող լիներ, և նրան, այնուհանդերձ, ըստ հարգի ու պատշաճի պատիվներին արժանացնում, այդպես էլ հզորագույն ժողովուրդներն էին վարվում այդ զարմանահրաշ, բայց ընչազուրկ ժողովրդի հետ: Նրանք ուսերն էին թոթվում այդ ժողովրդի թշվառության և աշխարհիս երեսին նրա ինչ-որ տեղ ծանրաշարժ ու տարաբախտ կենցաղավարության առնչությամբ, բայց և առանձնահատուկ բավականությամբ ու առանց նախանձի դույզն-ինչ նշույլի էին խոսում նրա մտածողների, բանաստեղծների ու երաժիշտների մասին:

Աստիճանաբար այնպես պատահեց, որ ստեղծագործ մտքի այդ երկիրը խրվեց աղքատության ճիրանների մեջ` հաճախ հարևանների ճնշումներին ենթարկելով, սակայն նույն այդ հարևաններին և ողջ աշխարհին ամենայն առատաձեռնությամբ, մեղմածոր մի խաղաղավետությամբ իր ջերմության ու իմաստնության արգասաբեր շիթն էր մշտնջենապես զեղում:

Բայց կար մի բան, հնամենի ու աչքի զարնող մի հանգամանք, որի պատճառով ժողովուրդը ոչ միայն ծանակվում էր օտարների կողմից, այլև ինքն էլ խորապես տառապում ու ցավ էր ապրում. այս գեղեցիկ երկրի բազում տարբեր ցեղերը դեռ հնուց անտի անհաշտ էին ու իրարու հանդեպ մշտապես թշնամաբար տրամադրված: Հավերժական կռիվ ու նախանձ կար նրանց մեջ: Եվ երբ ժամանակ առ ժամանակ որևէ գաղափար էր ծնունդ առնում` ժողովրդի լավագույն զավակների շուրթերից արտաբերվելով, որ պետք էր միավորվել և համատեղ ու միասնական ուժերով խաղաղ աշխատանքի լծվել, այդժամ սակայն այն գերիշխող գաղափարը, ըստ որի բազում ցեղերից մեկը կամ նրա իշխանը պետք է մյուսներից ավելի բարձր դիրք զբաղեցներ ու ղեկավարությունը ստանձներ, մեծամասնությանն այնպես էր դիմադարձ կանգնեցնում, որ միավորման գործը երբեք գլուխ չէր գալիս:

Հաղթանակն օտար իշխանի ու զավթիչի նկատմամբ, որը երկիրը ծանրածանր լծի տակ էր դրել, թվում էր վերջապես գլուխ էր բերելու այդ միավորումը: Բայց նորից մի ակնթարթում գժտվում էին իրար հետ, բազում մանր-մունր իշխանիկները ընդդիմանում էին դրան, և այդ իշխանների հպատակները նրանցից այնքան շատ ողորմածություն էին ստանում պաշտոնների, տիտղոսների ու գունագեղ ժապավենների տեսքով, որ համընդհանուր գոհունակություն էր տիրում և ոչ ոք նորարարությունների հանդեպ հակվածություն չէր ցուցաբերում:

Մինչ այս, մինչ այն` աշխարհով մեկ ընթանում էր այն ինքնահնար հեղաշրջումը, մարդկանց և իրերի այն տարօրինակ փոխակերպումը, որն ինչպես մի ուրվական կամ հիվանդակիր որոմ վեր բարձրացավ առաջին շոգեմեքենաների ծխագոլորշիներից և ամենուր վերափոխեց կյանքը: Աշխարհը լցվեց աշխատանքով ու ջանադիր ջերմեռանդությամբ, այն կառավարվել սկսեց մեքենաների կողմից և մշտապես քաջալերանք կարդալով նորանոր աշխատանքների էր մղում: Մեծամեծ հարստությունների կուտակումներ առաջ եկան, և աշխարհի այն մասը, որ մեքենաներ էր հայտնագործել, առաջվանից ավելի մեծ չափով իր տիրապետությունը հաստատեց երկրիս երեսին, հողագնդի մնացած մասերը բաժանեց իր հզորների միջև, և նա, ով զորեղ չէր` դատարկաձեռն մնաց ու ոչինչ չստացավ:

Անսպասելիորեն ամեն ինչ հանկարծ այլ ընթացք ստացավ: Հնում հնչած ձայները, որ ցեղերի միավորումն էին պահանջում, բնավ խլացված չէին: Մի հզոր, կորովի պետական այր հանդես եկավ. մեծազոր հարևան ժողովրդի նկատմամբ տարած երջանկախոստում, ըստ ամենայնի փառահեղ հաղթանակն ուժեղացրեց ու միավորեց երկիրը, որի բոլոր ցեղերն այժմ միաբանված էին ու մի զորավոր տերություն էին հիմնադրել: Երազողների, մտածողների ու երաժիշտների ընչազուրկ երկիրն արթնացել էր, այն այլեւս հարուստ էր ու զորեղ, միաբանվել էր ու երկնային ճանապարհ էր ոտք դրել որպես մի հավասարազոր պետություն` իր նույնքան մեծ ու հնամենի եղբայրների կողքին: Դրսում` հեռասփյուռ աշխարհում թալանելու ու ձեռք գցելու այլևս շատ բան չկար, երիտասարդ տերությունն աշխարհի հեռավոր ծայրերում արդեն իսկ վիճակները բաժանված գտավ: Բայց մեքենայի ոգին, որը մինչև հիմա այս երկրում չափազանց դանդաղ էր իշխանության եկել, այժմ զարմանալիորեն ծաղկում էր ապրում: Ողջը` երկիրն ու ժողովուրդը, շատ արագ փոխակերպվեց: Այն դարձավ ավելի մեծ, ավելի հարուստ, դարձավ ավելի զորեղ ու սարսափազդու: Հարստությունների կուտակումներ առաջացան, և նա շրջապատեց իրեն զինվորականների, հրանոթների ու ամրոցների եռակի պատնեշով, և հարևաններին, որոնց սկսել էր անհանգստացնել երիտասարդ նորագոյացությունը, շուտով կասկածն ու վախը պաշարեցին, և նրանք էլ սկսեցին պաշտպանական պատնեշներ կառուցել և հրանոթներ ու ռազմանավեր հայթայթելու պատրաստություններ տեսնել:

Սակայն դա դեռ վատթարագույնը չէր: Այդ հրեշավոր պաշտպանական պատնեշների համար միջոցներ տրամադրելու բավականաչափ փող կար, և պատերազմի մասին ոչ ոք չէր մտածում, զինվում էին միայն հենց այնպես` հավուր պատշաճի, ամեն հնարավոր դեպքերի ու զարգացումների համար, որովհետև հարուստները հաճույք են ստանում իրենց փողերի շուրջը երկաթակուռ պատնեշներ տեսնելուց:

Շատ ավելի վատթար էր այն, ինչը երիտասարդ տերության ներսում էր կատարվում: Այս ժողովուրդը, որը երկար ժամանակից ի վեր աշխարհում կես-ծանակված, կես-հարգված վիճակում էր եղել, որն այնքան շատ ոգի և անչափ նվազ փող էր ունեցել, ահա այդ ժողովուրդը հիմա հասկացավ, թե ինչ հրաշալի բան էր փողն ու պետականությունը: Նա կառուցում էր ու խնայողություններ անում, առևտրով զբաղվում, փող էր փոխ առնում ու փոխ տալիս, ոչ ոք չէր կարող արագորեն բավականաչափ հարստանալ, և ով մի ջրաղացի կամ դարբնոցի տեր էր, այժմ պետք է շտապ կարգով գործարան ձեռք բերեր, ով երեք ենթավարպետ ուներ, հիմա պետք է տասը կամ քսանն ունենար, շատերն էլ այդ թիվն արագորեն մինչև հարյուրի կամ հազարների էին հասցնում: Եվ բազմաթիվ ձեռքերն ու մեքենաները որքան ավելի արագ էին աշխատում, այնքան ավելի արագ էր փողը կուտակվում, և կուտակվում էր այն առանձնաշնորհյալների ձեռքում, որոնք այն դիզելու բախտին էին արժանացել: Շատուշատ աշխատավորներ էլ, սակայն, այլևս մեկ վարպետի մոտ աշխատող ենթավարպետներ ու գործավորներ չէին, այլ հարկադիր աշխատանք կատարողի ու ստրկության աստիճանին էին իջել:

Մյուս երկրներում էլ ամեն ինչ նույն կերպ էր ընթանում, այնտեղ էլ արհեստանոցը գործարանի էր վերածվում, վարպետը իշխանավոր էր դառնում, աշխատավորը` ստրուկ: Աշխարհում ոչ մի երկիր չէր կարող խուսափել այդ ճակատագրից: Բայց երիասարդ տերությունն այն երջանկությունն ունեցավ, որ աշխարհում սկզբնավորված այդ նոր ոգին և հակվածությունն իր առաջ գալուն զուգադիպեց: Ետևում չկային ո°չ հին ժամանակներ, ո°չ էլ հին հարստություններ, այն արագընթաց դեպի նոր ժամանակն էր ընթանում որպես մի անհամբեր երեխա, ձեռքերը լիքն էին աշխատանքով ու նաև փողով:

Հիշեցնողներն ու նախազգուշացնողները, սակայն, ժողովրդին ասում էին, որ սխալ ճանապարհով են ընթանում: Նրանք հիշեցնում էին այն վաղեմի ժամանակների, երկրի խաղաղավետ, ծածուկ փառքի մասին, հոգևոր տեսակի առաքելության ու հաղորդակցման ոգու մասին, որ նա երբեմնի ժամանակներում ունեցել էր, ստեղծագործ մտքի մշտնջենական ու ազնվագույն, ոգեղեն շիթի մասին, երաժշտության ու բանաստեղծական ոգու տիրապետության, որ ժամանակին որպես շնորհ էր ընծայում աշխարհին: Սակայն երջանկության մեջ ապրող երիտասարդ տերության մեջ դա միայն ծիծաղ էր առաջ բերում: Աշխարհը կլոր էր ու պտույտներ էր գործում, և այն, որ նախապապերը մի ժամանակ բանաստեղծություններ էին հորինել և իմաստասիրություններ գրի առել, դա իհարկե շատ հրաշալի էր, բայց թոռներն ուզում էին ցույց տալ, որ այս երկրում նաև այլ կերպ էր կարելի ու հնարավոր գործել: Եվ այսպես, իրենց հազարավոր գործարաններում նրանք նոր մեքենաներ էին կռում ու կոփում, նորանոր երկաթուղագծեր, նոր տեսակի ապրանքանմուշներ թողարկում և ամեն հնարավոր դեպքի համար` նաև մշտապես նորանոր զենքեր ու հրանոթներ: Հարուսները հեռանում էին ժողովրդից, աղքատ աշխատավորներն իրենց մենակ ու լքված էին զգում և այլևս երբեք չէին մտածում իրենց ժողովրդի մասին, որի մասն էին կազմում իրենք, այլ դարձյալ ու վերստին իրենց համար էին հոգ տանում, իրենց մասին մտածում ու սեփական տենչանքների բավարարմանը ձգտում: Եվ հարուսներն ու հզորները, որ բոլոր այդ թնդանոթներն ու հրացանները արտաքին թշնամիների դեմ էին պատրաստել, հրճվում էին իրենց հոգածու հեռատեսության առթիվ, որովհետև այժմ ներսում էլ թշնամիներ կային, որոնք առաջիններից գուցե թե շատ ավելի վտանգավոր էին:

Այս ամենն իր վախճանը գտավ մեծ պատերազմի հորձանուտում, որը տարիներ շարունակ այնպես սարսափելիորեն ամայացնում էր աշխարհը, և որի ավերակների մեջ մենք դեռ կանգնած ենք` խլացած նրա աղմուկ-շառաչից, դառնացած նրա անհեթեթությունից և հիվանդ` հեղված արյան շիթերից, որ վարգում են մեր բոլորի երազների միջով:

Պատերազմն ավարտվեց նրանով, որ այս երիտասարդ, ծաղկուն տերությունը, որի զավակները, ջերմեռանդ տաքգլուխությամբ ոգեշնչված, ճակատամարտի դաշտերն էին նետվել, կործանվեց: Նա տանուլ տվեց, սոսկալի պարտություն կրեց: Հաղթողները, սակայն, նախքան որ խոսքը խաղաղություն հաստատելուն կվերաբերեր, ծանր ռազմատուգանք էին պահանջում պարտված ժողովրդից: Եվ պատահեց այն, որ մինչ ջախջախված զորաբանակները երկարուձիգ օրեր ու գիշերներ շարունակ կենաց եւ մահու կռիվներ մղելով ետ էին նահանջում, հայրենիքի խորքից երկար շարասյուներով նրանց ընդառաջ էին բերվում մինչայժմյան իշխանության խորհրդանիշերը` հաղթանակած թշնամուն հանձնելու համար: Մեքենաներն ու փողը երկար ու ձիգ շիթերով պարտված երկրից դուրս էին հորդում դեպի թշնամու ամենակուլ գրպանը:

Այդ ընթացքում, սակայն, պարտված ժողովուրդը, մեծագույն նեղության պահին սթափվեց, ուշքի եկավ: Նա վռնդեց իր առաջնորդներին ու իշխանավորներին և ինքն իրեն խելահաս հայտարարեց: Նա ինքն իր ներսից խորհուրդներ կազմեց և իր կամքն արտահայտեց` սեփական ուժերով ու սեփական ոգու գերլարմամբ իր դժբախտության միջից ելք գտնելու հաստատակամությամբ տոգորված:

Այս ժողովուրդը, որ նման մի ծանրագույն քննության ենթարկվելով` չափահաս էր դարձել, դեռ այսօր էլ չգիտե, թե ուր է իր ճամփան տանում և ով է լինելու իր առաջնորդն ու աջակիցը: Երկնայինները, սակայն, քաջ գիտեն դա, ու գիտեն նաև, թե ինչու են իրենք այս ժողովրդի ու աշխարհի վրա պատերզմի արհավիրքն ուղարկել:

Եվ այդ օրերի խավարի միջից մի ճանապարհ է լուսաճառագում, մի ուղի, որով պետք է ընթանա պարտության մատնված ժողովուրդը:

Նա չի կարող վերստին երեխա դառնալ: Այդ բանը ոչ ոք չի կարող: Նա չի կարող իր հրանոթները, իր մեքենաներն ու իր փողը պարզապես դուրս նետել և վերստին մի փոքրիկ, խաղաղավետ քաղաքում ծվարած` բանաստեղծություններ հորինել ու սոնատներ նվագել: Բայց նա կարող է այն ճանապարհով առաջ ընթանալ, որով նաև առանձին մարդը շարժվի պիտի, երբ որ կյանքն իրեն դեպի մոլորությունն ու խորը տառապանքն է առաջնորդում: Նա կարող է իր մինչայժմյան ճանապարհի մասին մտաբերել, իր ծննդյան ու մանկության, իր հասակ առնելու մասին, իր փառքի ու կործանման մասին, և կարող է այդ հիշողությունների վերարթնացման ճանապարհին ուժեր գտնել իր մեջ, որոնք բանիբուն, հիմնավորապես ու անկորնչելիորեն իրեն են պատկանում: Նա պետք է ՙինքն իր մեջ խորասուզվի՚, ինչպես բարեպաշտներն են ասում, և իր մեջ` հոգու խորքում, իր սեփական էությունը գտնի` անկործան ու անապական, և այդ էությունը չի ուզենա խուսանավել իր ճակատագրից, այլ կստանձնի նրա բեռը և իր վերագտած լավագույն ու առինքնող հիմնակետից ողջը նորովի կվերսկսի:

Եվ եթե դա այդպես լինի, երբ ճնշված ու տառապած ժողովուրդը ճակատագրի նախանշած ճանապարհով ինքնակամ և ուղիղ ընթանա, այդժամ նրանից, ինչն առաջներում կար, ինչ-որ բան կվերանորացվի, կվերականգնվի: Նրանից վերստին մի մշտնջենական ու խաղաղարար հոսանքաշիթ կարտահեղվի ու աշխարհի մեջ կխորասուզվի, եւ նրանք, որ այսօր դեռ իր թշնամիներն են, ապագայում, այդ խաղաղարար շիթով վերստին համակված, ականջալուր կլինեն:

1927

Թարգմանությամբ Աշոտ Ալեքսանյանի 
Category: My articles | Added by: Chateau (2010-11-14)
Views: 849 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: