Friday, 2024-04-19, 7:39 PM
Welcome Guest | RSS
Categories
My articles [5]
All and Everything
World Literature [1]
Poetry-Prose-Phylosophy
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Publisher

Main » Articles » Non-Armenian Pages » My articles

ՀԵՐՄԱՆ ԲՐՈԽ
1886-1951

Մեթոդապես կառուցված

(փորձարարական պատմվածք)


Յուրաքանչյուր արվեստի ստեղծագործություն պետք է ընդօրինակելի բովանդակություն ունենա, իր եզակիության մեջ այն պետք է հանդես բերի ողջ տեղի ունեցողի միասնականությունն ու համընդհանրականությունը. դա վերաբերում է երաժշտությանը, նրա’ն, առաջին հերթին, և նույն կերպ էլ, նրա նմանողությամբ, պատմողական արվեստի ստեղծագործությունը ևս պետք է կառուցված լինի գիտակից կառույցի և ձայնակարգության վրա:
 Ընդունելով, որ միջին ընդհանրականության հասկացությունները բազմակողմանիորեն պտղավետ արդյունք են տալիս, ապա ուրեմն, նախկին գերմանական փոքր աթոռանիստերից մեկի’ միջին մեծության գավառական քաղաքի միջնախավին պատկանող հերոսին - ժամանակը` 1913 -  կարելի է տեղայնացնել, ասենք, ուսումնարանի տնօրենի օգնականի պաշտոնում: Այնուհետև կարելի է ենթադրել, որ նույն ինքը մաթեմատիկա և ֆիզիկա էր դասավանդում, ճշգրիտ գործունեությունների հանդեպ դույզն-ինչ օժտվածության բերումով այս մասնագիտությանն էր անձնատուր եղել, և որ իր այդ գեղեցիկ նվիրվածությամբ, կարմիր ականջներով ու բարեկիրթ երջանկավետության զգացողությամբ նա ամենայն սրտատրոփությամբ պետք է որ ջանասիրաբար զբաղվելիս լիներ իր ուսումով, անշուշտ, առանց դույզն-ինչ կասկածամտության կամ առանձնահատուկ ձգտում հանդես բերելու իր ընտրած գիտության բարձրագույն առաջադրանքների և սկզբունքների շուրջ, ավելին` համոզված, որ ուսուցչական պաշտոնի համար քննությունը հանձնելով` իր մասնագիտության մեջ հասել է ոչ միայն քաղաքացիական, այլ նաև հոգևոր բարձրագույն սահմանին: Քանզի միջնակարգություններից կառուցված բնավորությունը քիչ է մտածում իրերի ու գիտելիքների հերյուրաստեղծման մասին, դրանք նրան լոկ քմահաճույքներ են թվում, նա գիտե միայն օպերացիոն պրոբլեմները, տարանջատման և համադրման խնդիրները, բնավ երբեք այնպիսիք, որ գոյությանն են առնչվում, տարբերություն չդնելով, թե ընդսմին հարցը կյանքի ձևերին, թե թվաբանության բանաձևերին է վերաբերում, նա մշտապես մոլեռանդորեն ձգտում է նրան, որպեսզի խնդիրը ՙճշգրիտ լուծում ստանա՚: Մաթեմատիկան նրա համար բաղկացած է ՙառաջադրանքներից՚, որոնք ինքը կամ իր աշակերտները պետք է լուծեն, և նույնպիսի առաջադրանքներ են նրա համար դասատախտակի կամ իր դրամական հոգսերի հարցերը. անգամ այսպես կոչված կյանքի ուրախությունը նրա համար առաջադրանք է, մասամբ’ սովորույթի ուժով, մասամբ էլ` գործընկերների կողմից առաջադրված առկա փաստ: Լիովին կողմնորոշաված լինելով դեպի տափարակ հարթության վրա կառուցված արտաքին աշխարհի առարկաները, որտեղ քաղքենիական մանրաշխարհի տնային կառավարիչն ու Մաքսվելյան տեսությունը համերաշխ ու իրավահավասարության հիմունքով’ խառնիխուռն իրար գլխի են թափված, նման մարդն աշխատում է փորձասենյակում, աշխատում է դպրոցում, օժանդակ դասեր տալիս, երթևեկում է էլեկտրակառքով, երեկոյան երբեմն գարեջուր է խմում, այնուհետև հաճախում է հասարակական վայրեր, այցելում է հատուկ բժշկի, տոնական օրերին նստում է մոր պատրաստած սեղանին: Սևեզր եղունգները զարդարում են նրա ձեռքերը, կարմրաշիկավուն վարսերը պճնում են նրա գլուխը, զզվանքի մասին նա քիչ բան գիտե, սակայն լինոլեումը հատակի հարմարավետ ծածկոց է նրան պատկերանում:        
Կարո՞ղ է արդյոք անձնավորության մի այսպիսի նվազագույնը, մի այսպիսի Ոչ-Եսը մարդկային հետաքրքրության առարկա դառնալ: Նույն հաջողությամբ կարելի չէ՞ արդյոք պատմություն զարգացնել մի ինչ-որ մեռած բանի, ասենք՝ բահի մասին: Կյանքի մի այսպիսի մեծագույն իրադարձությունից, այն է` ուսուցչական պաշտոնի համար քննությունը հանձնելուց հետո, էլ ի՞նչ էական բան կարող է տեղի ունենալ: Ինչպիսի՞ գաղափարներ հերոսի գլխում - անունները խնդրի հետ կապ չունեն, այսպիսով նրան կոչում էին Զախարիաս - կարող են դեռ ծնվել, այն էլ հիմա, երբ անգամ մաթեմատիկայի հանդեպ դույզն-ինչ երախտապարտությունն իսկ կամաց-կամաց սկսում էր ընդարմանալ, անզգայանալ: Ի՞նչ է նա հիմա մտածում: Ի՞նչ էր առա’ջ մտածում: Արդյո՞ք նա երբևէ դուրս էր գալիս մաթեմատիկական քննական խնդիրների շրջանակից’ թևակոխելով մարդկային բնագավառները: Դե ահա’. քննությունը հանձնելու ժամանակ այս մտածողությունը մշտապես խտանում, թանձրանում էր ապագայի որոշակի հույսերի ուղղությամբ. այդժամ նա իրեն տեսնում էր, օրինակ, իր սեփական տանը, տեսնում էր, թեկուզ փոքր-ինչ տատանվելով, ապագա ճաշասենյակը, որի իրիկնային խավարի միջից ավելի ու ավելի հստակ երևակվում էին նրբագեղ կիսապահարանի ուրվագծերը և վայելչագեղ նկարազարդումներով լինոլեումապատ հատակի կանաչ շողարձակումը, և դա թույլ է տալիս ճշգրիտ ապառնի ժամանակաձևով գուշակելու պես նախազգալ այդ կաղապարումները, քանզի հարկ է նույն այդ բնակարանին հարմար մի տանտիկին էլ ամուսնության միջոցով ձեռք գցել, ինչի արդյունքում, ինչպես ասվում է, ողջն իր կաղապարների մեջ էր ընկնում: Ընդսմին, որևէ կնոջ ներկայությունը նրա համար անպատկերացնելի հանգամանք էր: Երբ ապագա տանտիկնոջ հենց միայն կերպարանքի առնչությամբ որոշակի ցանկասիրական ծխաքուլաներ էին ուղեղի ծալքերում գոյանում և ինչ-ինչ դժգոհություն էր գլուխ բարձրացնում նրա մեջ, որ ինքը նրա ներքնազգեստները, բոլոր բծերով ու ծակուծուկերով հանդերձ, պետք է ճշգրտագույնս ճանաչի’ ինչպես իր սեփականները, երբ այդ կինն, այդպիսով, մե’րթ կրծկալով, մե’րթ էլ ծնկակապով էր իրեն պատկերանում - այն ժամանակ մեծ զարգացում ստացած էքսպրեսիոնիզմի պատկերազարդ մի առաջադրանքը - այդժամ, մյուս կողմից, նրա համար անպատկերացնելի էր, որ մի որևէ կոնկրետ աղջիկ կամ կին, ում հետ կարելի է նորմալ բաների մասին նորմալ շարադասությամբ խոսել, ինչ-որ ցանկասիրական ոլորտ կարող էր ունենալ: Կանայք, ովքեր նման բաներով էին զբաղվում, խաղից միանգամայն դուրս էին դրված’ մյուսներից բնավ ավելի ցածր չլինելով հանդերձ, սակայն բոլորովին մեկ ուրիշ աշխարհում էին, այնպիսի մեկում, որը այն աշխարհի հետ, ուր մարդիկ են ապրում, խոսում են ու ուտում, ոչ մի ընդհանուր բան չունի. նրանք պարզապես ուրիշ էին, օտարոտի ու խորթ կազմվածքով էակներ, ովքեր իր համար համր կամ առնվազն անծանոթ ու անբանական լեզվով էին խոսում: Որովհետև, երբ մարդ նման կանանց ձեռքն է ընկնում, ապա մնացյալը տեղի է ունենում խստիվ նպատակասլաց ու ամենաաշխույժ հաստատունությամբ, և նրանց շրջապատում իսպառ բացակայում է այն բանի հավանականությունը, թե նրանց հետ կարելի է զրուցել սեղանի ջնջոցների մասին, ինչպես իր մոր հետ, կամ դիոֆանտյան բազմաթիվ անհայտներով հավասարումների մասին, ինչպես գործընկերուհիների դեպքում: Այդ պատճառով նրա համար անբացատրելի էր թվում, որ երբևէ կարող էր անցում կատարվել այս զուտ օբյեկտիվ թեմաներից դեպի ցանկասիրության սուբյեկտիվ թեմաները: Սա իր համար խզում էր, առճակատում, որի կամ-կամ-ը (բոլոր տեսակի սեքսուալ բարոյախոսությունների սկզբնաղբյուրը) հանդես է գալիս ամենուրեք, ուր որ ցանկասիրական անվսահությունն է իշխում, և դրան համապատասխան էլ այն որպես դարաշրջանի արվեստական ազատականության լավագույն առիթ պետք է ընդունվի, և, վերջին հաշվով, իբրև առանձնահատուկ կարգի հետերիզմի արտահայտություն, որի մեջ նրանց գրականության մեծագույն մասն է լուսափայլում:
Զախարիասի բնավ չկոտորակված աշխարհային տրվածության մեջ այստեղ մի խորը անդունդ բացվեց, որն այսպիսով, նայած իր գործողությունների մեքենայականության հանգամանքներին, կարող էր փոխակերպվել որպես թե որոշում կայացնելու մարդկային պարտականության:  
Առայժմ, բնականաբար, դրա նման որևէ բան տեղի չէր ունեցել: Քննություններից շատ չանցած’ Զախարիասը օգնականի պաշտոն ստացավ մանկավարժական գործունեության իրականացման գծով, և նա սկսեց իր գիտելիքի հետայսու այլևս ավարտուն, մաքուր ու կոկիկ կապկպած շարժական փաթեթը մաս-մաս անել փոքրիկ փաթեթիկների մեջ, որոնք նա աշակերտներին էր մատակարարում, այն հաշվով, որպեսզի նրանցից հետ ստանա դրանք’ քննությունների արդյունքների տեսքով: Եթե աշակերտը պատասխանելու ոչինչ չէր ունենում, այդժամ Զախարիասի մեջ ձևավորվում էր այն կարծիքը, թեկուզ և անհստակ, թե վերջինս ցանկանում էր իրեն զրկել վարձակալության տրված իր ապրանքից, նախատում էր նրան ամենայն անողոքությամբ և իրեն անձնապես վիրավորված էր զգում: Այս կերպ էլ’ յուրաքանչյուր դասասենյակը, ուր նա դասավանդում էր, նրա համար դառնում էր իր եսի ինքնապահպանման մի մասնիկը, ինչպես իր վարձակալած փոքրիկ սենյակի պահարանը, որ իր զգեստներն էր հյուրընկալում, քանզի այդ զգեստները ևս նույն այդ եսի առանձին մասերն էին իրենց մեջ կրում: Երբ երրորդ դասասանյակում գտնում էր հավանականության հաշվարկման իր աղյուսակը, տանը` լվացքասեղանին, իր ոտնամանը, այդժամ նա իրեն աներկիմաստորեն զգում էր շրջապատող աշխարհին մատուցված ու նրա հետ փոխկապակցված:  
Բայց որովհետև այդօրինակ կյանքը արդեն մի քանի տարի է ինչ շարունակվում էր, եկավ մի ժամանակ, որ վերևում հիշատակված ցանկասիրական ցնցումը վրա հասավ: Եվ դա պարտադողական ու անբնական մի կառույց կլիներ, եթե որպես հույժ մերձակից լրացում, Զախարիասին մեկ ուրիշը, քան տանտիրուհու աղջնակն էր, Ֆիլիպպինե մականվանյալ, բաժին հանվեր:
Դա համապատասխանում էր կնոջ զախարիասական ընկալմանը, երկար տարիներ մտքի ծայրով իսկ անցկացրած չլինելով, որ կարելի էր մի աղջկա կողքին ապրելու ցանկություն ունենալ, անգամ եթե այդ ժխտողականությունը աղջկա ցանկություններին հավանաբար չէր էլ համապատասխանում, նա հաստատապես այն մարդը չէր, ով կարող էր ըմբռնումով մոտենալ քաղքենիական-աղջնային հոգոցներին: Այստեղից, առանց այլևայլության, կարելի է ընդունել, որ Ֆիլիպպինեի երևակայությունը, որքան էլ այն Զախարիասով զբաղված լիներ կամ ոչ, այսուհետ այլևս ուղղորդված էր արտաքին առարկաներին, և սխալված չենք լինի, եթե այն վերագրելու լինենք նրա ռոմանտիկական բնավորությանը: Օրինակի համար, փոքրիկ քաղաքներում սովորություն կա ամեն աստծո օր գնացքի կայարան այցելել՝ անցող-դարձող ճեպընթաց գնացքներին զարմացական հայացքով նայելու համար, սովորույթ, որին Ֆիլիպպինեն հաճույքով հետևում էր: Դե հնարավո՞ր բան էր միթե, որ երիտասարդ մեկը, դանդաղ ընթացող գնացքի պատուհանին կռթնած, որևէ տգեղ արտահայտություն չնետեր նրան. ՙԿգա՞ս ինձ հետ՚, հանգամանք, որը Ֆիլիպպինեին առաջին պահին հիմարիկ ժպիտով մի ցցասյան էր փոխակերպում, ընդսմինª այնպիսի մեկի, որ ծանր քայլերով մի կերպ տուն էր հասնում, իր հետ, սակայն, նոր տեսակի երազներ բերելով. այսուհետև ամեն գիշեր ինքը պետք է հոգնաբեկ, ուժից ընկած ոտքերով վազեր արագընթաց գնացքների հետևից, որոնք, ձեռք մեկնելու չափ հեռավորությունից, անհետանում են ոչնչի մեջ և իրենց հետևից ոչինչ չեն թողնում, բայց միայն սարսափեցնող արթնացում: Սակայն օրվա ընթացքում, երբ ավելի մոտիկից ես նայում և միառժամանակ հետևում ես սեղանի լամպի շուրջը ճանճերի դյուրագրգիռ ու թերկատար, զիգզագաձև թռիչքին, այդժամ մշտապես աչքիդ առաջ է հայտնվում կայարանային այն տեսարանը, ավելի թունդ ուրվագծերով և առավել հարուստ, քան երազի մեջ, շատ ավելի հարուստ, քան չքացած իրականությունը, և Ֆիլիպպինեի համար կախարդանքի պես պարզ է դառնում, թե ինչպես ինքը կարող էր նետվել ընթացող գնացքի մեջ, նա տեսնում է իր կյանքի մեծագույն վտանգը, տեսնում է, ո’չ, նա զգում է իրեն դիպչող հարվածը, որ այդ հանդուգն ցատկի ժամանակ անխուսափելի պիտի լիներ, և այնուհետ նա իրեն տեսնում է ընկողմանած առաջին կարգի վագոնի փափուկ բարձերով բազմոցին, նրա’ ձեռքը բռնած և խավար գիշերվա միջով ընթանալիս: Ֆիլիպպինեն տեսնում է դա, և թույլ է տալիս վագոնավարին, որը գոյություն չունեցող տոմսակի վարձավճարի հետ մեկտեղ նաև առատաձեռն թեյաբաժին էր ստացել, հլու-հնազանդ մի կողմ չքվի, այնպես որ կմնա միայն ընտրություն կատարել, արդյո՞ք վճռական պահին իր պատվախնդրության պահեստային արգելակը հասանելի կլինի, թե՞ ոչ, քանզի երկուսն էլ շնչարգելության աստիճան տագնապեցնող են:      
Ապրելով մի այսպիսի ոլորտում, նա հազիվ թե աչք ունենար Զախարիասի վրա, ո’չ ամենևին նրա մոխրագույն գծերով գուլպաների պատճառով, որ ինքն էր նորոգել (նաև իր ճեպընթացի սիրեկաններին էլ այլ կերպ, քան մոխրագույն գծերով գուլպայով, ինքը չէր երևակայել), այլ պարզապես նրանց չորրորդական կարգի լինելու պատճառով, որոնցով Զախարիասն իր կիրակնօրյա արշավանքներն էր հոգում` ուսապարկով ու փոթազարդ զանկապաններով: Ինքը նրա ներկայությունն իսկ չէր նկատում, վարձավճարը ժամանակին մուծելու նրա ընդունակության վկայությունն անգամ ի վիճակի չեղավ, որպեսզի դրանից նրա արյունն ավելի արագ հոսեր: 
Եվ իսկապես, հենց միայն տարածաժամանակային պատահականությունը հնարավոր դարձրեց, որ այդ երկու մարդիկ գտան իրարու: Կոպտանյութ խավարի մեջ և զտագույն պատահականության բերումով նրանց ձեռքերն իրար հանդիպեցին, և այն կիրքը, որ այդ ընթացքում հրաբխի պես բռնկվում է տղամարդկանց ու կանանց միջև, հենց այդպես էլ եղավª ի զարմանս նրանց երկուսի: Ֆիլիպպինեն զտագույն ճշմարտությունն ասաց, երբ նրա պարանոցից կախ ընկած միջոցին, կրկնում էր. ՙԵս բնավ չգիտեի, որ երբևէ կարող եմ քեզ այդպես սիրատածել՚, քանզի այդ մասին նախկինում նա իրոք չգիտեր: 
Զախարիասը իրադրության փոփոխության կամ եթե կուզեք` գործի նոր հանգամանքների պատճառով իրեն մի տեսակ անհանգիստ էր զգում: Նրա բերանը հիմա լիքն էր համբույրներով, և մշտապես նա իր առաջ տեսնում էր իրենց գրկախառնումների դռան թեքվածքը, իրենց հաճախակի հանդիպումների գետնասանդուղքը: Ամբիոնի առաջ կանգնած’ նա անձնատուր էր լինում քնատության միջնադադարներին, ուսումնական նյութի մասով էլ’ միայն հետ ընկած կետից էր առաջ ընթանում, քննվողներին ունկնդրում էր լոկ ցրված ուշադրությամբ, այդ միջոցին գրելով ՙՖիլիպպինե՚ կամ ՙես սիրում եմ քեզ՚’ ծծողական թղթի վրա, սակայն երբեք դա չէր անում տառերի նորմալ հերթագայությամբ, այլ տարանջատում էր դրանք, որպեսզի իր սրտի գաղտնիքը չմատներ, տառերը, կամայականորեն մոգոնած ծածկագիր-բանալիով, բաշխում էր ծծողական թղթի ողջ լայնքուերկայնքով մեկ, ընդ որում` այդ կախարդական բառերի հետնահայաց վերականգնումը նրանց մի երկրորդ հմայք էր տալիս:
Այն Ֆիլիպպինեն, որի մասին նա այդ ընթացքում, բոլոր հնարավոր ու անհնարին կապակցումների մեջ, մտածում էր, անշուշտ հենց միայն իր փութանցիկ սեռական պատրաստականության մասով էր ներկա. դռների հետևում` սիրուհի, և, ընդհակառակը, հասարակական միջավայրում’ նորմալ զրուցընկեր, ում հետ կարելի էր խոսել ուտելիքից ու տնային գործերից, այդպիսով այդ աղջիկն իր համար կրկնակի կյանքով ապրող մի էակ էր, և մինչ ինքը, հենց միայն նրա անվանը կարոտելով, խզբզում էր այն ծծողական թղթի վրա, նրա այն երկրորդ գոյության հանդեպ անտարբեր էր’ որպես թե կահույքի մի կտորի հանդեպ: Կարո՞ղ է արդյոք նման վերաբերմունքը որևէ կնոջ կողմից չնկատելու տալով՝ ընդունվի: Ո’չ. նույնիսկ եթե դիմացինի կողմից էլ նույն դրվածքն է, այդ դեպքում ևս դա հնարավոր բան չէ: Ֆիլիպպինեն նույնպես  չէր կարող դա տանել. նա պարտավոր էր նկատել դա: Եվ պատահեց այնպես, որ օրերից մի օր նա հավաքագրեց իր կանացիական ողջ իմացականությունը երջանկագյուտ, երջանկավետորեն ընտրված բառերի մեջ. ՙԴու միայն իմ մարմինն ես սիրում՚. նա երևի թե հարկ չհամարեց կամ չզորեց ասելու, թե ուրիշ էլ ի’նչ սիրելու արժանի բաներ կարելի էր իր մեջ գտնել, և հավանաբար ինքն էլ, թերևս, դեմքի զարմացական արտահայտությամբ կընդդիմանար ցանկացած մեկ այլ տեսակի, մեկ ուրիշ սիրո, սակայն դա ոչ իրեն էր հայտնի, ոչ էլ իր զուգընկերոջը, և բերանից դուրս թռցրած այդ փաստը նրանք ընկալեցին իբրև հիվանդություն: 
Զախարիասն այն շատ սրտամոտ ընդունեց: Քանի որ մինչ այժմ իր սիրախաղը սկսում էր կեսօրից հետո միայն, երբ ինքը դպրոցից տուն էր վերադառնում և մայր-տանտիրուհին արդեն հեռացած էր լինում, և հանդիպումը տեղի էր ունենում խաղաղ պայմաններում, քանի որ առավոտյան ժամերին հույժ գեղագիտական այդ սիրային գործունեության հարաբերական անմաքրությունները դժվար կլիներ թաքցնել, ուստի այսուհետ նա ջանում էր իր սիրո համապարփակությունն ապացուցել’ օրվա բոլոր ժամերի վրա վերջինիս ընդարձակմամբ: Դպրոց գնալու պահին` դեռ շքամուտքին չհասած միջոցին իրեն մատուցված սուրճը արագ-արագ ու անհագորեն խպշտելով, հիմա նա առիթը երբեք բաց չէր թողնում շշնջալու իր նախասիրած մի քանի սրտագին ու կրքոտ արտահայտությունները, չէր խուսափում նաև հանդիպումներից’ ձեղնահարկ տանող սանդուղքի վրա, միմյանց շրթունքների նախկինում հույժ հապշտապ և անընդմեջ հանդիպումներն հիմա արդեն փոխարինվել էին զգայականորեն մունջ մեկմեկու մարմնասեղմումներով և ձեռքսեղմումներով: Իսկ երբ երեկոյան տանը մենակ էին լինում (մոր հաճախակի բացակայություններն առաջվա պես բացատրվում էին իր վարձավճարային կարողություններով), ապա այժմ շատ հաճախ ժամանակն այլևս չէր վատնում մոլեռանդ գրկախառնումներին տրվելով, այլ Ֆիլիպպինեն ստիպում էր նրա չկտրվել իր տետրերի ստուգումից, մի աշխատանք, որը նա կատարում էր ճաշասենյակի սեղանին տեղադրված նավթավառի հարևանությամբ: Այդժամ աղջիկը քայլում էր ոտնաթաթերի ծայրերին, քչփորում էր նրբագեղորեն մշակված կիսապահարանը և միայն շատ հազվադեպ էր մոտենում նրան’ համբուրելու նրա շիկահեր, լամպի լույսի ներքո խոնարհված գլխի գագաթամասը` ուշադրություն չդարձնելով այդ տեղանքում ծածանվող մազաթեփերին, կամ էլª երբեմն-երբեմն համբուրում էր նրա ուսը, երբեմն էլ’ ձեռքը նրա ազդրի վրա հանգստանալու միջոցին, խաղաղ ու սրտալից նստում էր նրա կողքին:
Եվ միայն. հոգևոր բնույթի այս դաշտերից, որոնցում այժմ նրանց սերն էր երկյուղած ինքնածավալվում, նրանք ի զորու չէին վանելու անհաճո զգացմունքները, ինչն անխուսափելիորեն կապված է բազմատեսակ անլուծելի խնդիրների հետ: Դա նույնիսկ ավելին էր, քան անհաճո զգացում, քանի որ Զախարիասը մոտ էր նրան, որպեսզի բացեիբաց, ամենայն վճռականությամբ հուսահատվեր զգացմունքների բարձրացմանն ուղղորդված իր մշտական առաջադրանքից. այն առաջին ՙես քեզ սիրում եմ՚-ը առաջին համբույրի ժամանակ զարմանալի մի բան էր, սակայն գնալով շատ սովորական բառերի կույտ դարձավ, իսկ հիմա արդեն նա իրեն անընդունակ էր զգում այդ բառերը մշտապես լցնել վերամբարձ կրքով, որի զինանոցից օգտվելն այնքան էլ հեշտ գործ չէր, և երբ այդ նույն ՙես քեզ սիրում եմ՚-ը և Ֆիլիպպինեի անունը նա առաջվա պես ծծանի թղթերի վրա էր դրոշմում, ապա այժմ դա կատարվում էր առանց իր մասնակցության, և նա այլևս ընդունակ չէր վերստին իրար հետ միավորելու իրենց արվեստական տարանջատումի մեջ գոյող ինքնակա բառերը, այլ փոխարենը հմայվածի ուշադրությամբ հետևում էր աշակերտներին, որոնք այժմ ավելի քիչ բան գիտեին, քան նախկինում: Իր զգացմունքների մշտատև լարվածությունը նրա միջից դուրս էր մղել գոյություն ունեցողի հասկացությունը. արդյո՞ք այդ գոյը նախկինում ներդրված է եղել իր փոքրիկ մաթեմատիկական գիտելիքներում, այն սահմանափակ գիտելիքներում, որոնք նա փոխանակում էր աշակերտների հետ, հագուստեղենում, որոնց մասին նա հոգ էր տանում հույժ ընդօրինակելի կանոնների համաձայն, պարտականություններին համապատասխանող աստիճանակարգություններում, որով նա հարաբերվում է իրենից բարձրերի և համահավասարների հետ, ապա ուրեմն այս միանգամայն և անտարակուսելիորն իրավացի պահանջները, մի ինչ-որ տհաճության բերումով, այլևս տեղ չունեն իր եսի մեջ. Ֆիլիպպինեի խնդիրը, որը հենց ինքն էլ, ինչպես բոլոր մյուսների պարագայում, ամբողջովին իր վրա էր վերցրել, իր անլուծելիության բերումով նույնիսկ դուրս էր լուծման ենթակա խնդիրների շրջանակից, նա մի անվերջանալի առաջադրանք էր, քանի որ սիրել ավելին, քան նրա մարմինը, կնշանակեր ձգտել անսահմանորեն հեռու մի կետի, և եթե անգամ թշվառական, գետնահակ հոգու բոլոր ուժերը հենց միայն դրան ուղղորդված, դրան կոչված լինեն, եթե այդ հոգին իր այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ մի կողմ դներ, ամեն ինչից հրաժարվեր, նաև այն նշանակությունից, որ իր համար ուներ իրական աշխարհը, այսպիսով’ իր ողջ ընդարձակված մետաֆիզիկական աշխարհաճանաչողությունը, ընդլայնված փորձառությանը, ապա ուրեմն նա պետք է հուսախաբվեր անհասանելիությունից, և ինչպես ինքն իրեն, այնպես էլ իր գիտակցած կեցության ողջ հրաշափառ երևույթները պետք է արժեզրկեր ու ժխտեր:  
Ողջ անսահմանը անկրկնելի է ու եզակի: Եվ քանի որ Զախարիասի սերը հենց միայն անսահմանության մեջ էր արտապատկերվում, այն նույնպես ցանկանում էր անկրկնելի և եզակի լինել: Նրա դեմ-հանդիման կանգնած էր, սակայն, իր գոյության պայմանականությունը: Ո’չ միայն այն, որ ինքը պատահականորեն էր տեղափոխվել այս աթոռանիստ քաղաքի գիմնազիան, ո’չ միայն այն, որ ինքը զուտ պատահաբար էր հենց և հենց Ֆիլիպպինեի մոր կացարանում վարձավճարի դիմաց սենյակի տեր դարձել. դա կյանքի սկզբնափուլում հանկարծակիորեն կատարելությանն ըմբերանած, ընտրության չտրվող պատահականությունն էր, որը նա այսուհետ իբրև հրեշավորություն էր ընկալում, և դա իմացությունն էր այն բանի, որ տարփանքը, որ այն ժամանակվանից ի վեր, իր ձեռքերից բարձրանալով, վերընթաց աճ էր գրանցում, գրեթե չէր տարբերվում նրանից, ինչ նա վերապրել էր այն կանանց գրկում, որոնց նա այսօր, պոռնիկներ անվանելով, հայհոյում էր: Անշուշտ, եզակիության այդ պակասը, քանզի նա միմիայն իր սեփական անձի վրա էր կենտրոնացած, պետք է ի վերջո անուշադրության մատնած լիներ, սակայն տրամաբանորեն, հետևաբանության կարգով նա պետք է որ այն նաև Ֆիլիպպինեի պարագայում ակնառու պատկերացներ, և այդժամ այդ միտքը պարզապես գերցավեցնող էր: Քանզի անսահմանության իր որոնումներում մարդս գուցե կարող է բարձրանալ մինչև իր վերապրած եզակի համընդհանարականությունը, այնուհանդերձ շատ կլիներ պահանջել, որ նա իր զուգընկերուհուն ևս այդ նույն չափով մեծացներ, ընդարձակեր. այստեղ Զախարիասի դեպի անսահմանությունը ձգտող զորությունը պետք է դադար առներ, նա անկարող էր Ֆիլիպպինեի սերն իբրև եզակի ու անսահման ընկալել. նա անդադար տեսնում էր տարփանքի կրակը, առանց ուղղության ու ընտրության, Ֆիլիպպինեի ձեռքերի շուրջ բոցավառվելիս, և չնայած վստահ էր նրա հավատարմությանը, բայց և տառապում էր հենց միայն նրա անհավատարմության հնարավորության առթիվ, շատ ավելի խորը, քան ի վիճակի կլիներ ցավ ապրել ցանկացած նյութական կորուստի առնչությամբ: 
Այսպես նա ոչ միայն անտանելի դարձավ դպրոցում, այլ նաև աղջիկների հանդեպ: Երբ նրանցից մեկը, պարտեզի ծաղիկների պես հրապուրելու սովորությամբ, սրտաբաց ու մտերմիկ նստում էր նրա առաջ, այդժամ նա երբեմն քաղում էր նրան, մինչև որ նրա շուրթերը կարյունոտվեին, որպեսզի հաջորդ անգամ արդեն կոպիտ շարժումով նրան մի կողմ հրեր. կա’րճ, նա իր խանդն արտահայտում էր բռի ու կոպիտ եղանակով: Ֆիլիպպինեն, իր մեղքին անգիտակ, ճգնաժամը տարավ բացարձակ անըմբռնողություն դրսևորելով և օգնության ոչ մի միջոց չգտավ, այլև չձեռնարկեց: Երբ նա մի անգամ իր վերջին բարեհաճությունը, ինչպես ինքն էր այն անվանում (ինչը նախ և առաջ պետք էր նկատի առնել ավելի շուտ իբրև ինքնին հասկանալի մի բան, քան թե խորհրդանշական տիրապետության հաստատում), ահա իր այդ վերջին բարեհաճություն կոչվածը, որքան էլ իր թիկունքում ու երկար ժամանակով զսպելու լիներ’ այն հետագային թողնելով, և հենց այն է, երբ պատրաստ էր արդեն զիջելու, նույն ժամանակ, երբ Զախարիասը, հենց միայն ապացուցելու համար, թե որքան հոգեպես էր սիրում իրեն, որ բնավ այդօրինակ ցանկություններ ու ձեռնարկումներ այլևս չէր էլ արտահայտում, ապա ուրեմն այն պետք է ընկած լիներ իր’ Ֆիլիպպինեի, ուղղագիծ երևակայության ճանապարհին, այն, որ ինքն այժմ փրկությունը անթուլատրելի մարմնական սիրո մեջ էր փնտրում, անզուսպ եռանդով ընդառաջ գնալով Զախարիասին, ինչը, սովորաբար, չարաճճիորեն մատը վերև ցցելով, ինքն հաճույքով մերժում էր: Թշվառական աղջիկը չգիտեր, որ դրանով ինքը յուղ էր լցնում կրակին: Քանզի, դեռ հարց էր, թե արդյո՞ք Զախարիասն իր այդ այսպես կոչված բարեհաճությունը կամ շնորհը չէր մերժի, ինչը շատ ավելի անախորժ մի բան կլիներ, քանզի Զախարիասը հայացքի ամենայն հստակությամբ կհասկանար, որ իրեն նվիրաբերված այդ ընծան նույն հաջողությամբ և նույն կրքոտությամբ էլ կարող էր ցանկացած ուրիշի բաժինը դառնալ, բոլոր այդ երիտասարդ ու վայելչագեղ տղամարդկանցից յուրաքանչյուրինը’ առանձին-առանձին, որոնց ինքը, որ առաջներում նման բան նկատած չկար, հիմա հանկարծակի վխտալիս էր տեսնում վաղ-ամառային փողոցներում:
Նա սկսեց իրեն դեսուդեն գցել: Արդյո՞ք նրանք, բոլորն անխտիր, չէին քմծիծաղում իր վրա, ի’ր, անսահմանության ախտով տառապողի, ինքն իր վրա ձեռք բարձրացնողի, իրենից վեր ձգտողի վրա: Քմծիծաղում էին, չէ՞, այդ անցորդները, ովքեր, դյուրաթեթևության ու չափավորության մեջ մնալով, ո’չ միայն Ֆիլիպպինեի, օ~ ոչ, բոլոր կանանց սերը կուզենային վայելել…: Արդյոք նրանք իր վրա չէի՞ն քմծիծաղում, քանի որ կանայք մինչև հիմա իրեն անձեռնմխելի էին թվում, մինչդեռ նրանք միշտ էլ գիտեին, որ դրանք բոլորը միասին վերցրած այլ բան չեն, քան սովորական կնանիք: Նույնիսկ բարձր դասարանների աշակերտներին նա սկսեց կասկածամտորեն տնտղել: Այնուհետև, Ֆիլիպպինեի մոտ վերադառնալով, նա ձեռքերով օղակում էր նրա պարանոցը ու խեղդում’ պատճառաբանությամբ, որ ո’չ ոք, լսու’մ ես, ո’չ ոք չի կարող և երբևէ չի կարողանա քեզ այնպես սիրել, որքան ինքը, և փաղաքշանքներից սոսկումնահար եղած աղջկա արցունքները հոսում էին’ միախառնվելով իրենին, վճռելով, որ միայն մահը կարող է ազատել այս տառապանքից:  
Ֆիլիպպինեի ռոմանտիկ զգացողությունը, մահ բառից ահաբեկված, մտովի երևակայում էր մահվան ամենատարբեր փոփոխակների ու տարատեսակների առավելությունները: Իր սիրո հախուռն ձևերը նույնքան բուռն ու հախուռն վախճան էին պահանջում: Բայց, քանի որ ոչինչ տեղի չէր ունենում, ո’չ երկիրն էր բացվում ցանկալի ցնցումների համար, ո’չ էլ քաղաքամերձ բլուրն էր պատրաստվում լավա ժայթքելու, ավելին, Զախարիասը, հակառակ դեմքի ցավատանջ արտահայտությանը, ամեն օր դպրոց էր հաճախում և Ֆիլիպպինեն, պարանոցն ու ձեռքերը կապտուկներով պատված, մտմտում էր’ ցանկանալով Զախարիասի վերջը տալ, որովհետև վերջինս մի ատրճանակ էր ձեռք գցել: Զախարիասն զգում էր, ու նաև մենք, քանզի մենք են գործն այստեղ բերել-հասցրել, մենք ևս զգում ենք, որ  դրանով իսկ վիճակը նետված է: Չորացած բերանով և թաց ձեռքերով նա մուտք գործեց զենքի խանութ, կմկմալով’ իր ուզածը նկարագրեց, անմիջապես էլ ներողություն հայցելով, որ այն հարկավոր էր իրեն միայնակ թափառումների ընթացքում’ ինքնապաշտպանական նկատառումներով: Բազմաթիվ օրեր նա թաքուն էր պահում իր գնումը, և երբ Ֆիլիպպինեն մի առավոտ, սուրճ մատուցելիս, գլուխը հետ գցած միջոցին շշնջաց նրան. ՙԱսա’ ինձ, որ դու ինձ սիրում ես՚, միայն այդժամ, իբրև դրա ապացույց, նա զենքը սեղանին դրեց, վեհերոտ ու տիրական շեշտով,  և միաժամանակ’ տառապագին:  
Այժմ արդեն շարունակությունը զարգացում ստացավ մեծագույն արագությամբ: Արդեն հաջորդ կիրակի նրանք հանդիպեցին, ինչպես շատ հաճախ էր լինում, պաշտպանվելով ընկերուհիներից մեկի այցելությունից, հանդիպեցին, սովորականի պես, մերձակա մի վայրում, կարծես գործը մի շատ սովորական համատեղ զբոսանքի էր վերաբերում: Եվ ուրեմն, մի վերջին անգամ իրար գրկում հանգիստ գտնելու նպատակով, նրանք մի խուլ անտառատեղի ընտրեցին’ լեռն ու հովիտն ընդգրկող գեղեցիկ հեռաստանով, և հիմա դեպի այնտեղ էին ձգտում: Միայն թե հայացքը, որի հեռավորությունն իրենք նախկինում գեղեցիկ էին ընկալում ու այդպես բնորոշում, իրենց այդ ճնշվածության հոգեվիճակում նրանց այլևս ոչինչ չէր ասում: Մինչև հետկեսօրյա ժամերը նրանք աննպատակ թափառում էին անտառում, քաղցած, քանզի ուտելը մեռնելուն հարիր չէ, շրջանցեցին անտառապահի տնակը, թերևս և կամ հենց նրա համար, որ այնտեղ կարելի էր կաթ, կարագ, սև հաց, մեղր ձեռք բերել, շրջանցեցին իշխանական հնամենի որսորդական տունը` դեղին պատերով և կանաչ պատուհանագոգերով, որ արևոտ սաղարթներից բարեկամաբար իրենց էր լրտեսում, այսպես գնալով նրանք ավելի ու ավելի էին քաղցում և վերջապես հանգիստ առան, առանց ընտրության, հոգնաբեկ ու հյուծված, թփուտների մեջ: ՙԴա պե’տք է լինի՚, մտածեց Ֆիլիպպինեն, և Զախարիասը դուրս կորզեց զենքը, խնամքով լիցքավորեց այն, զգուշորեն դրեց իր ոտքերի տակ: ՙԴե մի’ հապաղիր, կրակի’ր՚ հրամայեց Ֆիլիպպինեն և մի վերջին համբույր դրոշմելով’ ձեռքերով գրկեց նրա պարանոցը: 
Նրանց գլխավերևում սոսափում էին ծառերը, լույսը տարածվում էր փոքրիկ մասնիկներով’ մթնոլորտում թևածող հաճարենու տերևների միջով, և քիչ բան էր երևում անամպ երկնքից: Ձեռքի հեռավորության վրա կանգնած էր մահը, հարկավոր էր միայն ընդունել այն, հիմա’ կամ երկու րոպեից կամ հինգ, կատարյալ ազատություն էր, և ամառային օրը ավարտվելու վրա էր’ նախքան արևը կդժգունացներ այն: Ձեռքի մի թեթևակի շարժումով կարելի էր վերջ տալ աշխարհի բազմազանությանը, և Զախարիասը զգաց, որ մի նոր ու էական լարվածություն է բացվում իր և այն մեծահսկա համալիրի միջև. մեն-միակ և պարզագույն վճռի ազատության դեմ-հանդիման կանգնած’ նրա ցանկության առարկան ևս մի եզակի ամբողջություն դարձավ, կլորավուն կերպարանք ընդունեց, փակեց իր ճեղքերը և ինքն իր մեջ ամփոփվեց. հարմարավետ’ իր համընդգրկունության մեջ, այն դարձավ անխնդրահարույց և ամբողջական գիտություն, սպասելով, որ ինքն այն ընդունի կամ մի կողմ նետի: Բացարձակապես անէացող տիեզերակարգի մի կառույց, տարրալուծված մի պարզություն առաջ եկավ, բարձրագույն իրականության մի վերնաշենք, և նրա մեջ լույս էր ամենուրեք: Հեռուներից վերադառնում էր աշխարհի տեսանելիությունը, և նրա մեջ խորտակվում էր աղջկա դեմքը, սակայն ո’չ մեկը, ո’չ էլ մյուսը չէր անհետանում ամբողջի մեջ, ավելին, նա իրեն զգում էր աշխարհայնությանը և այն կնոջը շատ ավելի ուժգին անձանտուր եղած ու կապված, քան երբևէ, ճանաչում էր այդ կնոջը ամենայն հաճույքներից անդին: Աստղերն էին պտտվում վերապրումի գլխավերևում, և ամրակուռ աստղային երկնքի միջով նա տեսնում էր նորանոր կենտրոնաձիգ արևների աշխարհները’ իր իմացության օրենքի շուրջը դարձող: Իր գիտելիքն այլևս գլխուղեղի մտածական կարողությունների մեջ չէր, հենց որ իր սրտում թեթևություն զգաց, այլ մի լուսափայլում էր այն, իր եսն ընդարձակող, որ տարածվում է իր մարմնի սահմաններից անդին, հոսելով դեպի աստղերն ու այնտեղից վերստին հետ դառնալով, որ բորբոքվում էր իր մեջ և սառեցնում իրեն ամենահիասքանչ մեղմությամբ, այն բացվում էր’ վերածվելով անսահման համբույրի’ կնոջ շուրթերից ստացած, ում նա ընկալել ու ճանաչել էր իբրև իր ինքնության մի մասը, ընդսմին’ անչափելի հեռաստաններում ճախրող. էրոսի նպատակը, որ բացարձակն էր,  անհասանելին, և այդուհանդերձ’ հասանելի նպատակը, երբ եսը պայթեցնում է իր անկամրջելի, անհույս միայնությունն ու կատարելության տեսլականը, երբ այն, իրենից և իր երկրահակ կապակցումներից դեպի դուրս աճելով’ վախճանվում է, ժամանակն ու տարածությունը իր հետևում թողնելով` հավերժության մեջ ազատությունն է ձեռք բերում: Անսահմանության մեջ իրար հանդիպելով, ուղիղ գծերի նման, որ ամփոփում է նրանց հավերժական շրջանի մեջ, Զախարիասի ճանաչողությունը` ՙես տիեզերքն եմ՚, մի վերջին կենսազգացողության մեջ միավորվում է կնոջ ՙես գնում եմ դեպի տիեզերքը՚ իմացության հետ: Քանի որ Ֆիլիպպինեի համար` մամուռների վրա հանգստացող, տղամարդու հայացքը դեպի ավելի ու ավելի բարձրաբերձ երկինքները բարձրացավ, և այդպիսով այն ավելի խորը ներխուժեց իր հոգու մեջ, անտառի խշշոցին և փայտի ճռնչյունին, մոծակների բզզոցին և հեռու  շոգեքարշների շաչյունին ընդելուզված’ միախառնվեց այն կատարյալ գաղտնազերծումի հուզիչ ու սրտառուչ տառապանքին, որ կյանքի ընդունող և ծնող իմացությունն է: Եվ երբ նա սքանչացավ իր այդ հարաճուն ու ճանաչողական զգայականության անսահմանությամբ, նրա ամենավերջին անհանգստությունն էր, թե չի կարողանալու պահել այն. աչքերը փակ’ նա իր առաջ տեսավ Զախարիասի գլուխը, տեսավ այն արբեցումի մեջ ու աստղերով շրջապատված, և քմծիծաղելով’ նրան իրենից հեռու պահելով, հանդիպեց նրա սրտին, որի արյունն իր քներակի հետ էր ամուսնացել: 
Այո, հենց միայն այսպես էր այս գաղտնիքը մտածելի, այսպես էր այն կառուցելի, այսպես էր այն վերակառուցելի, և սակայն այն նաև այլ կերպ կարող էր լինել: Քանզի դա նատուրալիստների հավակնոտ սխալն է, որ թյուրիմացաբար ենթադրում է, թե մարդկանց կարելի է միջավայրից, տրամադրությունից, հոգեբանությունից և նմանօրինակ բաղկացուցիչներից միանշանակորեն որոշարկել, մոռանալով, որ ընդամենը դրդապատճառների հետ գործ ունեն: Մենք այստեղ չենք ուզում բացատրություններ տալ մատերիալիստական սահմանափակության դիրքերից, այլ ցանկանում ենք  լոկ նկատել, որ Ֆիլիպպինեի և Զախարիասի ճանապարհը հենց միայն դեպի սիրո մեջ մահվան բացառիկ հափշտակությանը կարող էր տանել, որպեսզի նրա մեջ գտնի մարմնականից դուրս գտնվող և սակայն նրա մեջ ամփոփված միացման նպատակի անսահմանորեն հեռու կետը, բայց քանի որ տրորվածից դեպի հավերժը տանող ճանապարհը միջնակարգ մարդկանց համար բացառիկ դեպք, այն է’ ՙանբնականորեն՚ բացառիկ դեպք է ներկայանում, այդ իսկ պատճառով մեծ մասամբ ժամանակից շուտ կամ, տվյալ դեպքում կարելի է նաև ասել, ՙճիշտ ժամանակին՚ ընդհատվում է: Իրոք, հենց միայն համատեղ մահվան պատրաստությունը արդեն իսկ բարոյական ազատագրման գործողություն է, և այն կարող է այնքան ուժեղ լինել, որ շատուշատ սիրահարների համար ի զորու է մինչև կյանքի վերջը հարատևել, նրանց կյանքի ողջ ընթացքին տալով արժեքի իրականության ուժը, որին նրանք այլապես երբեք ընդունակ չէին լինի: Այնուհանդերձ, կյանքը երկար է, և ամուսնությունը մարդուս մոռացկոտ է դարձնում: Եվ այսպիսով, առայժմ պետք է ընդունել միայն, որ այս դեպքում թփուտների միջև իրերը նույնպես սովորական, անտաշ ու բիրտ անշնորհքության մեջ են ինքնադրսևորվում, որպեսզի այնուհետև գլխապատառ սլանան դեպի իրենց պատշաճող, չափակից ու բնական, հաստատապես ոչ անպատճառ երջանկախոստում վախճանը: Ուշ երեկոյան, այսպիսով, Զախարիասն ու Ֆիլիպպինեն վերջին գնացքին հասան և արդեն ամուսնական զույգի պես, օրն առաջին կարգի վագոնում տոնելու սովոր, իրար ձեռք բռնած’ տուն վերադարձան: Եթե այդպես էլ` ձեռք-ձեռքի բռնած միջոցին, նրանց առաջ հառնելու լիներ անհանգիստ սպասման մեջ վախվորած մայրը, և ընդառաջելով կեսօրեի պաթետիկ շարժումներին, ծունկի կիջներ վարձավճարի ունակը կանաչ շողարձակող լինոլեումապատ հատակին` մայրական օրհնանքն ընդունելու: Եվ անտառում` դրսում, հետևում էր մնացել այն ծառը, որի կեղևին Զախարիասի ձեռքով սուր դանակով փորագրված և գեղեցիկ սրտաձև շրջանակի մեջ առնված Զ և Ֆ անձնանունների գլխատառերն էին հիմա ներծծվել: Ողջ հավանականությունը խոսում է այն մասին, որ այն հենց այդպես էլ եղել է:  
Յուրաքանչյուր արվեստի ստեղծագործություն պետք է ընդօրինակելի բովանդակություն ունենա, իր եզակիության մեջ այն պետք է հանդես բերի ողջ տեղի ունեցողի միասնականությունն ու համընդհանրականությունը, սակայն չպետք է նաև մոռանալ, որ այդօրինակ եզակիությունը բնավ էլ խստիվ միանշանակությունն իր մեջ ներառած լինելու կարիքը չունի. կարելի է նույնիսկ հաստատապես պնդել, որ անգամ երաժշտական արվեստի ստեղծագործությունը ձայնակարգության ենթակա լուծման հնարավորությունների բազմությունից մշտապես մի եզակի և գուցե թե լոկ պատահական լուծում է իրենից ներկայացնում…

1918

Թարգմանությամբ Աշոտ Ալեքսանյանի

Category: My articles | Added by: Chateau (2010-11-08)
Views: 805 | Comments: 1 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: