File Catalog
Main » Files » My files |
2010-11-05, 11:25 PM | |
ՇԱՏՐՎԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Շատրվանների մասին ես հնում տեղյակ էի քաջ, Անըմբռնելի ծառերի մասին այդ ապակեձույլ: Նրանց վկայել, նույնն էր թե խոսել արտասուքներից մեր իսկ սեփական, որ ծնունդ առած երազանքներից մեծ ու հոգեցունց վատնել էի ես մի օր ու հետո մոռացել իսպառ: Մոռացե՞լ, քանզի ձեռքը Երկնքի ձիգ-առաձգական մխրճվում է բյուր առարկաների, նեղությունների մեջ սրտակեղեք: Չե՞մ տեսել արդյոք վեհությունն անլուր ու անզուգական ճախրանքում վերձիգ ծերուկ պարտեզի, մեղմածոր, մրսկան, սպասմամբ առլի երեկոյան դեմ,- դալուկ, չխոսկան օտար աղջնակից դեպի վեր հառնող երգերում բեկ-բեկ, որ ցած են թափվում ափեզերքներից մեղեդահնչուն, հետո իրական դառնալով կարծես` մշտաբաց լճում, արտացոլվում են ասես գերբնական ավազաններում այդ մշտաթեթև: Ես պետք է հիմա վերհիշեմ կրկին ամենի մասին, ինչը պատահեց շատրվանների և անձամբ ինձ հետ,- այնժամ անկումի ծանրությունը ես զգացի անսիրտ, որի մեջ ջուրը ամփոփված տեսա` քարացած ինչպես: Գիտեի նաև ճյուղերի մասին` ետշրջիկ, ճկվող, նաև ձայների, որ վառվում էին թույլ կրակներով, ավազանների մասին, որ կրկին ետ էին հրում հուզավառ տենդով ափեզերքները հավերժաշարժուն ու տկարացած, և երկինքների մասին իրիկվա, որոնք ածխացած ու օտարոտի հայտնվում էին խոր անտառներից արևմտամերձ, որոնք այլ կերպ էին կամարակապվում մութուլույսի մեջ, որ կարծես թե այն նույն աշխարհը չէր` իրենց մտածած: Մոռացել էի գուցե, քանի որ աստղը կողքի՞ն էր աստղի ծվարել փակելով ճամփան մոլորակների մոտ, մերձամատույց: Կամ գուցե քանզի արցունքակալած աշխարհներն ամեն տարածության մեջ ծանո՞թ են իրար:- Գուցե մե'նք ենք լուրթ երկնքում ուրիշ արարածների հար ընդելուզված, այն, որ անիմա մեզ են կարկառում հայացքներն իրենց ուշ երեկոյան: Գուցե մեզ հիմա բանաստեղծներն են գովերգում նրանց: Եվ շատերն էլ բիլ վերառաք դեմքով մեզ են աղոթում: Գուցե թե օտար բյուր անեծքների նպատակակետ ու թիրախ ենք մենք, որ տեղ չեն հասնում մեզ հար ու բնավ, հարևաններն ենք գուցե այն Աստծու, որին մշտապես կարծել են նրանք բարձունքներում է մեր բնավորվել, ու երբ լալիս են նրանք ներքևից առ նա, ում իրենք հավատում են ու կորցնում հաճախ, պատկերը նրա ջահերի միջից իրենց խուզարկու, առկայծասփյուռ ու հողմահալած` հանց շողարձակում ու երկնափայլ մեր շփոթահար դիմերիզով է ճանապարհ հարթում: | |
Views: 1249 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 0.0/0 |
Total comments: 0 | |