Friday, 2024-04-26, 8:30 PM
Welcome Guest | RSS
Categories
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

File Catalog

Main » Files » My files

Պոլ Վալերի
2010-11-05, 8:55 PM

ՊՈԼ ՎԱԼԵՐԻ
1871-1945

ՀՐԵՇՏԱԿԸ

          Հրեշտակի տեսքով մեկը նստած էր շատրվանի քարակոփ շուրթին: Նրա հայացքը սուզվել էր ջրերի մեջ, և նա տեսնում էր իր Մարդկային կերպարանքը` արցունքակալած աչքերով, նա հույժ սքանչացած էր մերկ ալիքների մեջ անսահմանորեն տխրամած այդ զոհի անսպասելի հայտնությամբ:
         
(Կամ եթե կուզեք, կար Մարդու տեսքով մի Տխրություն, որն անպաճույճ ու պարզկա երկնքի ներքո չէր գտնում կոչումն իր նախագծված):
          Այն կերպարանքը , որ վերստացել էր նա , ցավը, որ ներսից իրեն հալումաշ էր անում, թվում էր նրան օտարոտի ու չնչին: Այդ թշվառական կերպարանքը ապարդյուն ճիգով փորձում էր իրեն, անհանգստացնում ու հարցաքննում էր իր ոգեղեն էությունը հրաշալիորեն մաքուր:
          - ՙՈ~վ իմ ցավ, սակայն,- ասում էր նա,- ի՞նչ ես ինձանից ուզում:
          Նա փորձում էր ժպտալ, սակայն լալիս էր անվերջ: Այդ աններդաշնակությունն իր դեմքի հետ` պղտորում էր նրա կատարալ բանականությունը: Եվ այն բացառիկ կերպը, որով նա զննում էր զուտ պատահական փոխշաղկապվածությունը իր այս նորընծա դիմագծերի և անպաճուճ գիտակցության ամենակարող համընդգրկումի, նրանց զարմանալիորեն պարզ ու հարափոփոխ արտահայտության կերպերը` այդ ամենը մի վերին խորհրդով ասես տարրալուծում էին միասնականությունն իր նրբանուրբ էության:
          - ՙԵս լաց լինելու պատճառներ չունեմ,- ասում էր նա,- և իսկապես որ ես այն չեմ կարող ունենալ երբեք՚:
          Հար ընդելուզված էր իր հավիտենական սպասումների ազնիվ լույսին` նրա Բանականության Շարժումը ծնունդ տվեց մինչև այդ իրեն անծանոթ մի հարցի, որ տարակույսի թաղանթով էր պատում իր արարքների անսխալության պարագան, քանզի այն, ինչը տառապանքն է առաջ բերում մեր այս կիսախարխուլ, անհուսալիորեն լքված հոգիներում` բացարձակի ոլորտում ապրող էությունների առնչակցությամբ, ընդսմին մի պարզագույն հարցի ծննդյան պատճառ է դառնում, մինչդեռ մեզ համար ողջ խնդիրն այն է, թե մարմնի ո՞ր մասում է ցավը ծվարում:
         
- Ո՞վ է, սակայն, նա, այդ ինքնասիրահարվածը, որ խոշտանգում է իրեն ու տանջում,- ասում էր նա:- Ես հասկանում եմ ամենայն ինչ, սակայն պարզ աչոք ես տեսնում եմ նաև իմ տառապանքը: Այդ դեմքը հենց իմ դեմքն է` մշտապես անփոփոխ, այս արցունքները իմ արցունքներն են… Սակայն մի՞թե ես այն թափանցումի ուժը չեմ, որի նկատմամբ այս դեմքը, այս արցունքները, պատճառները, այս ամենը սոսկ որպես գոյության աննշմարելի սերմեր են ընկալվում՚:
          Սակայն այս խավարածին գաղափարներն ավելի լավ են իրենց իրացնում ու բազմապատկվում գաղափարների ոլորտի հսկայածավալ լիառատության դաշտերի վրա, ուր նույնությունները համընկնում են միշտ, հակադրությունները բացահայտվում են ինքնաբերաբար ու մեկընդմիշտ լուծվում, ուր պայծառատեսության ու մտաճառագումի մաքուր տեսիլը թանձրանում է անընդհատաբար, գաղափարները իրար մեջ ագուցված հարառկայծում են աղոտ լույսերի հանգույն` երջանկախորհուրդ ժպիտով պսակադրելով մեր միասնական գիտակցությունը: Տառապանքների ոլորտներից, սակայն, նրա հայացքի առաջ ոչինչ առանց արատի չէր պատկերանում, և նա ոչ մի կերպ չէր կարողանում բացատրել իր այս վշտալի դեմքն ու արցունքները, որ արտասուքների հեղեղի միջից տագնապոտ իր կողմն էին նայում:
         
- ՙԱյն, ինչը մաքուր է իմ մեջ,- ասում էր նա,- ամենազոր բանականությունը, որն առանց գերագույն ճիգեր թափելու խժռում-լափում է հորինվածքները, և փոխարենը ոչ մի բան իրեն չի խաթարում և չի փչացնում իր էությունը, ահա այդ բանականությունը ոչ մի հնարով չի կարողանում ինքն իրեն ճանաչել այս արտասովոր դեմքի, այս պղտոր աչքերի հարևանությամբ, ուր առկայծող լույսն ասես մեղմացած լինի արցունքների խոնավ-անխուսափելիության սպառնալիքի առաջ՚:
          - ՙԻնչպե՞ս հասկանալ, սակայն, իմ մեջ հանգրվանած այս գեղեցկատես լացուկոծողի տառապանքը, որն ինձանից է սերել, որովհետև ես պարզ տեսնում եմ նրա էությունը, քանզի ես գիտակցությունն եմ ամենայն ինչի, և գիտեմ, որ նա տանջվում է միայն մի ինչ-որ ուրիշ, առավել դժնի իրողություն մոռացության մատնելու համար՚:
          - ՙՈ`վ իմ զարմանք,- ասում էր նա,- հմայիչ ու տխրատեսիլ Գլուխ, մի՞թե լույսից զատ ուրիշ բան էլ գոյություն ունի՚:
          Եվ նա շարունակ հարցեր էր տեղում իր գլխին` իր սքանչելիորեն մաքուր ոգեղեն էության տիեզերական սահմաններում հարամփոփ, ուր գաղափարները ապրում էին հավետ իրարից անջատ, և իրենից էլ հավասարաչափ հեռու տարածված, մեկուսի ու բաժան, մի այնպիսի կատարյալ ներդաշնակության ու խելամիտ հավասարակշռության մեջ, որ ասես ինքը տարրալուծվելիս լիներ նրանցում: Եվ համակարգությունը տիեզերածավալ, որ ինքնաբավ խանդով առկայծում էր ադամանդաշար ապարոշի պես, իր վեհապանծ լիության սահմաններում ամփոփ` շարունակում էր իր հավերժամատույց ու անայլայլ գոյությունը:
          Մի ողջ ինքնակա հավիտենություն նա ճգնում էր հասկանալ բանի խորհուրդը վերին ու միշտ ապարդյուն:
Category: My files | Added by: Chateau
Views: 1098 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: