Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  November 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends
Դուռ
 
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Ցանկացած այլ զգացմունք, բացի անսահմանից, անարժեք է: 

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ - Մահը սոսկ հետևանք է մեր ապրելակերպի: 

ԱՐՎԵՍՏ - …ամենայն տգիտութիւն զյանդգնութիւն գործի եւ ծուլութիւն զմեղս… 

ԲՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ - Էզոտերիկ բացատրությամբ Արմենիան պատ է նշանակում: Այն, որ պիտի առաջը առնի, պաշտպանի: Այնտեղից պիտի վերսկսվի նոր աշխարհը:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Քաղաքականությունը պատերազմի շարունակությունն է հարևնման միջոցներով:
 
 

Որտե՞ղ է սկսվում հոգևոր կյանքը
այնտեղ, ուր ավարտվում է ես-ը:


hesse
Իսկ  ի՞նչ կանեիք Դուք
եթե աշխարհի   կառավարումը 
մեկ ամբողջ օրով 
Ձեզ հանձնվեր:  
Աշոտ
musil

Ինձ, թերևս, այլ բան չէր մնա անելու, 
քան պարզապես 
վերացնել իրականությունը:
 


Աշոտ Ալեքսանյան

ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ԻԲՐԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԳԵՐԽՆԴԻՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ


Բանաստեղծներն այս աշխարհում թերևս անելիք չունեն, փոխարենն ունեն ասելիք: Միաժամանակ` ասելիքի հստակ ձևակերպումները խորթ են նրանց: Նրանք մտածում և արտահայտվում են այլ կերպ: Հստակասացությունը, ուղղամիտ ասված հոդաբաշխ խոսքը վերացարկված պայմանականություն է, երբ ասելիքը ցցուն կամ ընկալելի դարձնելու համար կրճատում-սղում ես այն բաղադրող տրամաբանական շղթայի ՙանպարտադիր՚ օղակներից մեկը կամ մյուսը: Ասելիքը դառնում է մերկապարանոց հայտարարություն: Ճշմարտանմանություն, որ հավակնում է փոխարինելու ճշմարտությանը: Միանշանակ ասված խոսք, որ ոչ այլ ինչ է, քան սոսկական պնդում` պարտադրված հավատի, հպատակեցված կյանքով ապրելու պես մի բան:
Բանիմաց, շրջահայաց մարդը կամ իրականությունը ճանաչել հավակնող և, ըստ այդմ, իր երկրային կյանքը դասավորել ցանկացող հասարակ մահկանացուն կենսաճանաչողության առումով իր շրջապատին ընդամենը մոլորություններ է հրամցնում` ավելացնելով կամ նվազեցնելով առկա իմացության քանակը: Այս իմաստով` մարդկային իմացականությունը, ինչպես որ հասարակագիտությունն ինքնին, քանակակազմական երևույթ է, որն ընդամենը վերահայտնաբերելու պես վերամատուցում է լավ մոռացված հինը` նոր հանդերձանքով, այսինքն այն, ինչն ապագայում, ՙառաջընթաց զարգացման՚ թեթև ձեռքով, սովորականի կարգին է դասվելու: Մինչդեռ քերթությունը նորաձևության փոփոխությունների կամ մարդկության գիտատեխնիկական առաջընթացի հետ ուղղակիորեն պատճառակցական հարաբերակցության մեջ չի գտնվում: Այն որոշակիորեն ինքնուրույն է ու ինքնակա` ժամանակից ու տարածությունից հարաբերականորեն դուրս դրված լինելով:
Այդպես և յուրաքանչյուր առարկայի կամ երևույթի մեր առօրեական, թող որ գիտական կամ բանախոհական ճանաչողությունը սկսում է նրանց պարզ տրվածության, առկայության փաստի ի գիտություն ընդունումից: Դա այսպես կոչված առարկայի կամ երևույթի կողմից մեզ պարտադրվող ինքնակա գոյության մեկնակետն է, որում իրերն ու երևույթները մատուցվում են մեզ այնպես, ինչպիսիք նրանք կան թվացողության վիճակում, ինչը կարելի է կոչել նախնական կամ արտաքին իմացություն, իսկ ճանաչողության մեր կերպը` հպանցկագիտություն կամ նախաճանաչողություն:
Քերթությունը, ի շնորհիվ միայն իրեն մասնահատուկ ֆիզիկակաքիմիական շղարշաթաղանթի, մշտապես եղել և մնում է աշխարհի հոգեզգացական, որպես և բանախոհական ճանաչողությանը միտված մարդկային անհամբերության արտահայտությունը: Ժամանակին իր ՙՕրագրերում՚ Ռոբերտ Մուզիլը գրում էր, որ ՙաշխարհի և կյանքի բանախոհական իմացությունն առաջ է ընթանում կրեայի քայլերով, բնագիտությունն ու հասարակական գիտությունները զբաղված են ճանաչելիի հեռաստանները հյուլե առ հյուլե իրար կցմցելով` հաճախ խարխափումների ու մոլորությունների ուղեծրին ընդելուզված՚: Նույնն է իրերի վիճակը նաև մարդկության փորձառության առնչությամբ` լինի պատմական, թե անհատական. փորձառության մի որոշակի քանակություն մշտապես առկա է, սակայն դրանից հետևություններ անելու մարդուս պատրաստակամությունը, հոգեմտավոր ընդունակությունը, այլև իմացականության
ձգտումը հույժ ընտրովի է, հաճախ` պատահական: Մինչդեռ մարդս անհամբեր է, նա սոսկ մի կարճատև կյանք ունի ապրելու, ուստի ձգտում է սպառիչ, համընդգրկուն իմացության, հնարավորինս` ամբողջական և ցանկալի է` միանգամից: 
Քերթությունը` որպես իրականության ճանաչողության բարձրագույն հնարավորություն, նորպլատոնական ոգով հեգած` հանդիսանում է արտահեղման եղանակով արարչագործված աշխարհի մշտանորոգ ինքնաճանաչողության գերակա աստիճանը: Ընդսմին` փիլիսոփայությունը, բարոյականությունը, քաղաքականությունը, բնագիտությունը ևն նույնպես իրականության առմտածման բազմաթիվ կերպերից են, միայն թե` պատահականության աստիճանին սահմանակցող, այլ խոսքով` իրականության կերպավորումներ են, որոնք երբեմնակի կարող են նաև որպես գործադրելի անհրաժեշտություն ներկայանալ: Մինչդեռ քերթության մեջ պատահական ոչինչ չկա, քանի որ ողջն այստեղ համագոյակից է էությանը: 
Պոլ Վալերին քերթության մարզից դուրս դրված, նույնպես ճանաչողականությանը միտված այլազան գիտանքների առնչությամբ արտահայտվելով, որպես վերջիններիս հատկական թերություն էր դիտարկում այն հանգամանքը, որ նրանցում ամբողջականությունը տարրալուծված է և ողջը հանդես է գալիս որպես այն բաղադրող առանձին մասերի պարզագույն, մեխանիկական գումար, ինչը գործնականում անհնարին է դարձնում ճանաչողության իրացումը, արդյունքում` մնում է միայն ամբողջի ընկալման թեականացած պատրանքը: Ընդսմին` այս գիտանքների ընձեռած ճանաչողական հնարավորությունների սահմաններում ՙապագան մնում է անհայտ, ներկան թյուր ճանաչված, տրամաբանությունը անբավարար, գիտելիքը թերի, խորաթափանցությունը պակասավոր, առարկան անբռնելի ու անորսալի, խոսքը կոպտատաշ, անվայելուչ, վճիռը միշտ պատահական...՚:
Քերթությունն ավելին է, քան փիլիսոփաներին մշտապես հուզող մետաֆիզիկական հերթապահ հարցադրումները կյանքի, մահվան սիրո և ազատության մասին: Քերթությունը նույն այդ հարցադրումների ինքնարարչագործվող արտահեղումն է` առանց դույզն-ինչ միանշանակ պատասխանի ակնկալիքի: Քանի որ, երբ սկսում ես փիլիսոփայական, քաղաքագիտական կամ որևէ այլ տրամաբանությամբ առաջ ընթանալ, երբ մի միտքը, որպես շղթայի հաջորդական օղակ, թվում է, թե ինքնաբերաբար հետևում է նախորդին, կացրդվելով հաջորդի դեռևս անկենդան ողնաշարին, ապա վերջում երբեք չես իմանա, թե որտեղ այն կավարտվի: Քերթությունը հենց այդ անավարտության հիմնապատին մակտպված հոգու սահանկող տրամաբանությունն է:
Քերթությանն է պատկանում էապես նաև այն, ինչ մարդս չգիտի. ակնածանքը անհայտի կամ որ նույնն է` չիմացության հանդեպ: Որոշ իմաստով քերթությունը հենց իմացություն է չիմացության մասին, հակառակ պնդմամբ` չիմացություն է իմացության մասին, ինչ-որ առումով` նաև թաքչատեսություն: Պատրաստի աշխարհայեցություն, հետևաբանության օրենքների վրա խարսխված թեականացված աշխարհի համակարգվածություն քերթությունը չի հանդուրժում: Նրա տարերքը այլաբանությունն է կամ վերջինիս վաղնջական դրսևորման կերպը` առակախոսությունը:
Բանաստեղծներն ապրում են միայնակ, երբեք` հոծ խմբերով, առավել ևս` կուսակցական, կոալիցիոն, հակընդդիմադիր կամ ջենթլմենական համաձայնությունների ոգով ինքնարարվող հույժ պարտավորեցնող շրջանակներում: Նրանք, իբրև ՙբանի՚ սպասավորներ, երբևէ իրար չեն հանդիպում, հանդիպելիս էլ` չեն նկատում իրար, որ չլինի թե միմյանց ապավինելու խնդիր ունենան, առավել ևս` առկա կարգերին ընդդիմանան, այլ քննախույզ հայացքով պեղելու պես հետամտում են իր ազատ կամքով եռաչափ աշխարհի սարդոստայնն ընկած ՙմյուս մարդուն՚, որն անհաղորդակից է աներևույթ, անդրենական 
գոյացություններին, անորոշ ազդակներից մղում ստացող գրգիռներին, բազմաչափ աշխարհի անկշռելի կշռույթներին: Նրանք հոգու աչքով տեսանում են երկրի հողեղեն տերերի աչքից ու սրտից վրիպած առնչակցությունները, ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ այն, ինչը չի տրվում միանշանակ ընթերցանության, և ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ են տարիմաստ սպասելիքները գերազանցող, սեփական բանաստեղծական եսը բաղադրող մյուս մարդու անվավեր կյանքը: 
Կյանքը, սակայն, ինչ-որ տեղ ավելին է քան քերթությունը, քանի որ քերթությունը, որոշակիորեն, ավելիի կարիքը չունի` լինելով ինքնաբավ ու ամբողջական: Այն կարիքն ունի սոսկ հասկացված լինելու, դրանով իսկ` կյանքի առավելությունները, որ ստվերների` թվացողությունների աշխարհի հայելային անդրադարձն են, առ ի ոչինչ դարձնելու, լույսով խավարին հաղթելու: Քերթության միջոցով հաղթահարվում է կյանքի անմիարժեքության, բազմահանգրվան կենսաձևերի իրականության մեջ տարրալուծվածության պատրանքը` ողջը միասնականության հուն վերադարձնելով: Կյանքի թվացյալ բովանդակությունը` իբրև արտաքին զգեստ, սեղմաշապիկի հանգույն ագուցվում է բանաստեղծության ոգեղեն մարմնապատյանին, սակայն անհամատեղելիության արդյունքում` պատառոտվելով, ծվեն-ծվեն եղած` վերստին իրեն ծնող հողին է վերադարձվում: Կյանքի տարիմաստությունը նեղ է գալիս բանաստեղծության ամենիմաստ` իմաստից վեր կանգնած մոլախաղին: Չէ ՞ որ ասված է, որ էությունը նախորդում է գոյությանը:
Կյանքն ավելին է, քան նրա սոսկական ներկայությունը բանաստեղծության մեջ: Բանաստեղծությունն ավելին է, քան կյանքի բացակայությունն իր մեջ: Բանաստեղծությունը հավերժի ու երկրային կյանքի անցողիկության միջև տարուբերվող հոգու սահանկող երթևեկն է, որ չորեք տարերքներից ծնունդ առած էակների կեսլուրջ-կեսկատակ հույզերից, կիսատ-պռատ ապրումներից մղում ստանալով` տենչանոք տենչում է անդրենական հեռաստաններում կենցաղավարող իր բուն իսկ նախագաղափար-սկզբնապատճառին: Այսպես կյանքն հետզհետե պակասում է նրա մեջ` դառնալով վերհուշ ու չապրված խոհ, անդառնալի կարոտ ու աշխարհաթող ոգի:
Բանաստեղծությունը կյանքի ու նրա հակոտնյա ախոյանի` հավերժի սահմանաբաժանին արթուն հսկող այն պահապան հրեշտակն է, որ իր հետ առնչակցվողին հուշում է, թե այս կյանքը, որ մենք ենք ապրում, ավելին չէ քան սոսկական վարկած, որը յուրաքանչյուր մասնակիցն ընկալում ու տեսանում է իրականությանն անձնատուր իր սահմանափակության դիտանկյունից, մեկն ավելի լայնախոհ, մյուսը` նեղմիտ, երրորդն ավելի սուր, ոմանք բութ անկյան տակ, ոմանք էլ` ավելի դեպի դուրս բացվածությամբ: Վարկած, որը դեռ չես հասցրել մի կողմ նետել: Բանաստեղծությունն այդ փոփոխակ-վարկածի հարանփոփոխ տարընթերցվածքն է ու անպարտադրելի վավերագիրը:
Բանաստեղծները խոսքաշատ չեն, ոչ իսկ խոսքաշեն: Բառը ծնունդ է առնում ամպափոշում ծրարված երկնառաք հրեշտակի հետագծից` նրա չքվելու պահին: Դա այն պահն է, երբ նրբափետուրե շղարշաքողից հյուսկեն տեսիլապատկերներից` ակնթարթի մեջ հավերժության մշտակենդան ու կենարար մասունքներն են մաղաքամվում: