ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ - My articles - Non-Armenian Pages - Publisher - Armenian Pataphysics
Monday, 2017-02-20, 0:15 AM
Welcome Guest | RSS
Categories
My articles [5]
All and Everything
World Literature [0]
Poetry-Prose-Phylosophy
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Publisher

Main » Articles » Non-Armenian Pages » My articles

ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ
(1890-1945)

Հյուրանոցի սանդուղքը

Վերելակավար տղան աչքերն հուսահատ պտտեց, սակայն վերելակն արդեն լեփ-լեցուն էր: Ավելի մեծ հաճույքով նա երիտասարդ կնոջը կտեղափոխեր, քան չորս անգլիացիների չորուցամաք բեռը, ովքեր համբերատար սպասում էին, թե իրենց վերև էին բարձրացնելու: 
Ֆրանսինը ձեռքին բռնել էր կարևոր նամակը, որն ինքը ստացել էր ճաշասենյակից վերադառնալիս և դեռ չէր հասցրել գոնե աչքի անցկացնել: Նա չգիտեր, թե ինչ կար նամակում, ո’չ մի բառ, ո’չ մի մասնակիություն, բայց նաև գիտեր, որ այն իրեն էր բերել իր Ֆիլիպի պարզ ու անխառն սիրտը, և հենց այն պահին, երբ ինքը վստահ էր, որ այլևս ազատվել է Գուիդոյից:
Երիտասարդ աղջիկը զարմանում էր, որ այդ փրկարար ակնթարթը, որն այնպես ջերմեռանդորեն փայփայել էր ինքը վերջին յոթը գիշերների ընթացքում, այժմ, երբ իր սպասումն ի կատար էր ածվել, ո’չ մի մեծազոր զգացողություն, ո’չ իսկ երջանկավետ մարտական պատրաստության իր մեջ չարթնացրեց:
Հավանաբար դա պետք էր վերագրել այդ զմայլանքին և ավելի հստակ զգացմունքների ցանկությանը, որ Ֆրանսինը չսպասեց վերելակի վերադարձին, այլ իրեն նետեց դեպի ընդարձակ, կարմիր ու մարդահոծ սանդուղքը, որն իր նրբագեղ վերընթաց անկյունակներով փառահեղորեն շուրջառում էր շքեղաշուք հյուրանոցի մեծահսկա  խորափոսը: 
Ազատագրումը հարկ էր տոնել, որքան էլ հնարավոր չլիներ այն ավելի ճոխ գույներով պատկերացնել: Դեռ այսօր էլ, այն բանից հետո, երբ շաբաթավերջի անորոշության սահմանն արդեն իսկ գրեթե հետևում էր մնացել, թվաց, թե բոլոր հույսերն ի դերև էին ելել, և Ֆրանսինի վճիտ ու բարեկարգ հոգին ծվատվում էր անողոք նախապատրաստություններից, ստերից ու զազրելի հետևանքներից, որոնք պետք է որ անհրաժեշտաբար ներկա լինեին:
Նա ամեն ինչ շատ լավ էր մտածել: Ինքն իր հանդեպ կոշտ լինելու հարցում նրա մեջ պակասություն չկար: Ֆիլի՞պ: Հիմա Ֆիլիպի իրավունքներն իրեն ամենից քիչն էին անհանգստացնում: Եվ արդյո՞ք նա իրավունքներ ուներ իր հանդեպ: Իրավունքնե՞ր, բայց այդ ի՞նչ առավելությունների ու վաստակների դիմաց:
Սակայն իր ծնողներին ստելու պարտադրվածությունը, նրանց առաջ նվաստացուցիչ պատրվակներ ու վստահությունը վերականգնելուն միտված ստեր մոգոնելը, և այդ ամենը` բաց ճակատով ու ցուցադրական հրճվանքի արտահայտությամբ, ինչպե՞ս միայն ինքը կարող էր դրա տակից դուրս գալ: Նրա ծնողները շատ էին ծեր և համակված վաղուց մոռացված ժամանակների բանից անտեղյակ ու միամիտ բարքերի խստությամբ: Բայց թող չկարծվի, թե Ֆրանսինն այդ բարքերի խստության դեմ, հենց թեկուզ իր սրտի մի ինչ-որ անկյունում, ապստամբելիս է եղել: Նա միանգամայն համաձայն էր նրանց հետ’ որպես և կյանքի ամենայն հաստատականությանն ու բարդացումներին: 
Թեև այդօրինակ բաների վերաբերյալ նա ոչ մի հաստատուն տեսակետ չուներ, բայց և այնպես զարմանալի էր համարում այն, որ իր հայրը, նախկինում կայսերական-թագավորական նախարար, անտեսում էր ներկան, որ իր վաղուղ մահացած, առասպելական միապետի ծննդյան օրը նա իր տան ճաշասեղանին մշտապես տոնական հանդերձանքով էր ներկայանում և, եթե անգամ առիթը ոչ մի բառով չէր հիշատակվում, նա լուռ հանդիսավորությամբ հիշատակի տոնն էր նշում: Ինքը շատ էր երիտասարդ, որպեսզի ներկայի հանդեպ դառնանար, զայրույթ ապրեր’ խաթարված հասարակական դիրքի պատճառով, այնուհանդերձ նա մի տեսակ նողկանք էր զգում կյանքի էժանացման բոլոր դրսևորումների հանդեպ և այդ կերպ’ իր ձևով ընդդիմանում էր ժամանակին, նաև նրանով, որ իր դեղին մազերը համառորեն չէր կարճացրել: Եվ սակայն, իր մազերի պահպանողական երկարությունն անգամ անկարող էր զորավիգ լինել իրեն… 
Բայց հիմա արդեն փրկությունը մոտ էր… Այլևս հուսահատվածին իր երկրպագած Աստվածը ընծա մատուցեց: Միայն թե այնքան արագ ցրվեց դարչնագույն մշուշը, որ յոթն օր ու գիշեր շարունակ ծանրացել էր իր վրա, որ ամեն ինչ, ինքնին հասկանալի կերպով, մնաց հին ձևով, այնքան որ արագ իր վերապրումը մի անհաճո երազի վերափոխվեց, բայց դա երազ էլ չէր, քանզի նա իր մոռացության կայծակնային աշխուժությունն իբրև անառակաբարո մի բան ընկալեց: 
Ֆրանսինը կանգնել էր սանդուղքի առաջ: Նա տեսավ, որ սրահում սեղաններն արդեն հարմարեցնում էին երեկոյան երաժշտությանն ու պարերին: Դա լավագույն պահն էր փախուստի դիմելու: Նա բարձրացրեց գլուխը և չափեց հեռավորությունը, որն իրեն բաժանում էր վերջին հարկում գտնվող իր սենյակից: Տաճարի բարձրության տարածությունը, գլխապտույտ առաջացնելով, վերընթաց աճում էր իր գլխավերևում: Եվ հատակի բարձրությանը մոտ կախված էր հսկայական թագաձև ջահը’ իր փայլատ լուսարձակումով, հուշիկ զրնգացող կոներով և թվում է, թե տարուբերվում էր խորհրդավոր օդի հոսանքից:
Նա հիշեց այն ուխտագնացության վայրը, ուր նրան իր մայրը, մի անգամ, երբ ինքը դեռ երեխա էր, իր հետ տարել էր: Հարյուրից ավելի աստիճաններ էին վեր խոյանում դեպի բարձրաբերձ, ժայռերով զրահապատված եկեղեցին: Եվ մայրը, բոլոր այդ հարյուր աստիճանները, իր գործած մի ինչ-որ զանցանքին ի քավություն, ընկճված, ծնկների վրա սողալով, վերև մագլցեց:
Որքա~ն չնչին պետք է եղած լիներ իր թշվառական, մշտապես լռակյաց մոր մեղքը, որի համար նա, այսպիսով, բարեպաշտ ջերմեռանդությամբ քավություն էր մուրում: Ժամանակները փոխվել էին և հավատը թուլացրել: Ինքը, Ֆրանսինը, ծնկաչոք չէր մագլցի բարձրուղեշ եկեղեցու հարյուրավոր աստիճանները, այլ ամեն անգամվա պես անուշադրության մատնելով այս շքեղ հյուրանոցի հարմարավետ վերելակն ու կարմրագորգ սանդուղքը, համենայնդեպս իր լավագույն երեկոյան հանդերձանքով` մերկ ուսերով ու թևքերով, քավությանը պատրաստ դեպի վեր կմագլցեր: 
Կամացուկ’ նա ոտքը դրեց առաջին աստիճանին:
Ճանապարհը, որ ընկած էր իր առաջ, իրեն հեռու ու դժվարին թվաց, որպես միայնակ լեռնամագլցում, քանզի այդ րոպեին հյուրանոցի ընդարձակ սանդղահարթակին ոչ ոք չէր երևում և Ֆրանսինն իրեն ամբողջովին լքված էր զգում այդ տարածության մեջ, որն հաղթահարելու նպատակ էր նա իր առաջ դրել: Բայց խնդիրը միայն տարածությունը հաղթահարելուն չէր վերաբերվում:
Դեռևս երեխա ժամանակ նա սովորել էր գլխապտույտի և թուլության համար սեփական անձը պատասխանատու դարձնել, իրեն հաշիվ տալ: Նա սովորել էր, որ բոլոր ցնորքները, անորոշ զգացմունքների հեղեղը մեղք են, և որ կրոնը մշտապես խղճի ուսումնասիրություն է իրագործում: Այժմ, մի հարվածով, անտեսանելի խռովքը վերառվեց: Վերջին պահին կատարվեց անսպասելին, Աստված ինքն էլ ողորմածություն հանդես բերեց և հիրավի գութը շարժեց: 
Այսպիսին էր ուրեմն իր պատասխանատվությունը, մինչ նա Գուիդոյին հավիտյանս խորխորատը կնետեր, մինչ ողջը հավիտյանս չիրագործված կմնար, այո’, հիմա նա մի խստագույն պատասխանատվություն ուներ` այդ մարդու դեմքը մեկ անգամ ևս ոգեկոչելու: Բայց ինչ խստությամբ էլ նա հոնքերը կիտեց և իր ճակատին կնճիռներ գոյացրեց, Գուիդոն բնավ դեմք չուներ:
Ֆրանսինը լարված նայեց աստիճաններից ցած` հայացքը գորգից կտրելու նպատակով, բայց նա այլ բան չտեսավ, բացի իր նիհարուկ ու թեթև կոշիկներով ոտքերից, որոնք, և դա հուզիչ մի բան ուներ իր մեջ, հավասարաչափ իր առաջ հայտնվեցին: Այն մարդուն, սակայն, նա անկարող էր իր մեջ վերակերտել: Նրանից ներկա պահին ոչինչ չկար, ո’չ գնացք, ո’չ իսկ մի բառ, բայց միայն նրա շշնջոցը այն սարսափելիորեն դանդաղ Բոսթընի մեղեդու նվագակցությամբ, որի ներքո ինքը, ցավոք, պարել էր նրա հետ:
Այդ շշնջոցը ոչ մի բովանդակություն չուներ: Նա չէր մտաբերում ո’չ մի փաղաքշական խոսք, ո’չ մի սիրատածության նշան: Այն ոչ այլ ինչ էր, քան սոսկական ՙշշնջոց՚, ինչպես որ քամին այլ բան չէ, քան պարզապես քամի, և քամու նման էլ այդ շշնջոցը, զվարճալիորեն սրածայր լեզվով, համբուրեց իր ականջախեցին: 
Ֆրանսինը մի նոր ճիգ գործադրեց, ավելի շատ Գուիդոյից, քան թե խուտուտ տվող այն շշնջոցից ձերբազատվելու համար: Սակայն, որքան էլ իր կամքն իրեն ենթարկեցնելու նպատակով ատամները սեղմեց, այլ բան նա չկարողացավ ոգեկոչել, քան սմոքինգ հագած’ անդամատված ու անթերի մի տիկնիկ, որ կարող էր մեկը կամ մյուսը լինել, բոլոր-բոլորը, միայն թե ո’չ Ֆիլիպը, որ փոքր-ինչ ավելի գիրուկ էր ու կարճահասակ, քան Գուիդոն, կամ էլ այստեղ’ հյուրանոցում գտնվող ինչ-որ մեկը: 
Միանգամայն ծիծաղելի տեսք ուներ այդ ամբասրելիորեն անդամատված տիկնիկը, որ առանց կիսաշրջազգեստի նստած էր` սև մետաքսաթելով մկդակված բաճկոնակը իրանին կիպ քաշած: Ավելին, այն նստած էր իր’ Ֆրանսինի իսկ սենյակում, որ ի դժբախտություն 517 համարն էր կրում: Արևի առաջին ճառագայթների հետ` նա նստած էր արդուզարդի սեղանիկի առջև և Ֆրանսինի դիմաքսուկով տրորելով մաքրում էր ճերմակաթույր-կիսակլոր ու ինքնավստահ շրջանակը, որը նա դեմքի փոխարեն էր կրում: Ֆրանսինը, անկողնու միջից, ուր նա պառկած էր անամոթ դիրքով, ակնապիշ զննում էր անդամատված տիկնիկի սնամեջ ու մանրակրկիտ նախապատրաստությունները, որ կարծես այդ ամենն այլ բան չէր, քան ինքնին հասկանալի մի երևույթ:   
Նա անկեղծորեն դա ոչ սարսափելի էր համարում, ոչ էլ ողբալի, այլ ընդամենը անտարբեր մի բան: 
Հենց դա էլ սերն էր…
Եվ ինչու՞ պետք է սերը մեկ այլ բան լինի: Խուտուտ տվող շշնջոց ականջի մեջ… Շփոթահար արբեցում… Մի դեմք, որ ընդամենը դատարկ շրջանակ է, որի վրա կարելի է բոլոր հնարավոր դեմքերը հարմարեցնել…
Սակայն ուրիշ մի բան էլ կար սիրո մեջ ամփոփված, լրջագույն ու անողոք մի բան, որը բնավ կապ չուներ սմոքինգի, Բոսթըն պարելու, անդամատված տիկնիկների, քամու շշնջոցի, դիմաքսուկի և դատարկ դիմաշրջանակի հետ: Անվստահ երկյուղածության բոլոր այս օրերին Ֆրանսինը լոկ մի իրական ամոթահարության պահ էր վերապրել: Դա դեղատանը տեղի ունեցած տեսարանն էր:
Տասնհինգ րոպե շարունակ նա չէր համարձակվում կրպակը մտնել: Նա շարունակ իրար էր կցմցում օտար լեզվի բառերը, որոնցով պետք է իր ասելիքն արտահայտեր, և հուսահատ ճիգով, իր մտքում, վերստին դրանք տարանջատում էր իրարից: Այնուհանդերձ, նա հույս էր փայփայում, որ կրպակում իրեն ընդառաջ կգար սպիտակամորուս, ծերունազարդ դեղատան աշխատակիցը, մի բարեհոգի ծերուկ, որին կարելի կլիներ վստահել ամեն ինչ: 
Այնուհետև` նա կանգնած էր ո’չ ամենևին երիտասարդ մեկի, բայց ոչ էլ ծեր դեղագործի առաջ, այլ, ինչպես իր ծնկների միջի թուլությունն էր ապացուցում, ամենագարշելի տարիքի մի տղամարդու դեմ-հանդիման: Սկզբում նա ոչ մի բառ չարտաբերեց, գնալով ավելի ու ավելի էր շառագունում, դեղագործի անպատկառ աչքերին բավականության աղբյուր ու հոգեկան տվայտանքի սնունդ ծառայելով, ինչը սակայն ինքնապաշտպանության պես մի բան էր` իր հուսահատությունն ու դիմացինի բավականությունը կրճատելուն միտված: Շատ չանցած, որոտընդոստ լռությունը խախտելով` նա վերջապես ճայթեցրեց ամենաանկապագույն բառամթերքը և քիչ էր մնում ուշաթափվեր:
Դեղագործը, տեսարանի զմայլանքը մինչև ամենավերջին պահը համտեսելուն վճռականորեն տրամադրված, բժշկական ուղղամիտ գործիմացությամբ ու քիթը վեր ցցած կեցվածքով անպատկառ հարցերի մի իսկական տարափ սկսեց, խորհուրդներ տվեց, նախազգուշացրեց և ավելի ու ավելի խորը ներքաշեց նրան իր լարած որոգայթի մեջ: Երբ անելու այլևս ուրիշ բան չէր մնացել, նա աղջկան մեկնեց կարմիր հաբերով սրվակը, որի ազդեցությունը, սակայն, նա ամենադաժան վավաշոտությամբ կասկածի տակ դրեց, և ի վերջո Ֆրանսինին մեկնեց վստահելի ու գիտակ մի տիկնոջ գրավոր հասցեն, այդ ընթացքում նրբորեն շոշափելով նրա ձեռքը: 
Եթե ինքը երբևէ մեղք էր գործել, ապա այնտեղ’ դեղատանը, ինքն այն քավել էր հավիտյանս հավիտենից: Երկինքն ինքն էլ, թվում էր, թե գոհ էր այդ քավությամբ, քանզի այսօր այդ զազրելի մարդու դուրս գրած պատրաստուկը, հակառակ բոլոր տարակուսանքներին, իր ներազդեցությունն ապացուցեց: 
Այժմ արդեն Ֆրանսինն այլևս ինքզինքը կշտամբելու ոչինչ չուներ: Գուիդոն մի անթերի սմոքինգ էր’ օձիքից վերև անպատկերացնելի դեմքով, նա դժգունած, դանդաղ Բոսթըն էր, որի ծամոնանման մեղեդին նույնքան շուտ ես մոռանում, որքան և այն նրբանուրբ շշնջյունը: Երեկ ինքը, առանց բացելու, այդ մարդուն հետ էր ուղարկել նրա գրած երկրորդ նամակը: Հաստատապես դեռ գալու էին երրորդ և չորրորդ նամակները ևս: Բնականաբար: Ինքն այդքան արժանավոր մեկն էր… Սակայն յոթներորդ կամ իններորդ ապարդյուն փորձերից հետո պարոնը դադարեցրեց իր գրավոր պնդերեսությունները: Ծնողների վերադառնալուց հետո ինքն այլևս անհրաժեշտություն չէր ունենա փոստը վերահսկելու: 
Մինչ Ֆրանսինը հերթական քայլը կդներ առաջին հարկի գորգով խլացվող սանդղահարթակին, այլևս վճռված իրողություն էր, որ այժմ, երբեք և հավիտյանս հավիտենից երբեք, Գուիդոն ոչ եղել էր ու ոչ էլ երբևէ գոյություն էր ունեցել:
Թեթևացած ու կայտառ ոտքերով` նա հիմա սկսեց նորանոր աստիճաններով բարձրանալ, մինչև այն պահը, երբ իր հայացքը, անծանոթ բարեբանությամբ լեցուն, կխորասուզվեր Ֆիլիպի նամակի մեջ.
ՙԻմ սիրելի Ֆրանսին՚, - կարդաց նա - ՙվերջապես ձեռնտու գործարքը հաջողվեց: Ես մեր երկուսի համար ամենագեղեցիկ ապագան կարգադրեցի: Հպարտությամբ կարող եմ ասել, որ իմ այս անսպասելի հաջողության համար ես պարտական եմ միմիայն իմ գործունեությանը և ոչ ամենևին որևէ հովանավորչության: Նյու-յորքյան գրասենյակն ինձ առաջատար պաշտոնի է ուղարկում Ժնև, ուր ես պետք է հիմնեմ ու վարեմ մեր ձեռնարկության եվրոպական մասնաճյուղը: Մենք, իմ քաղցրիկ սիրուհի, մեր ամուսնության առաջին տարիները կապրենք Ժնևյան լճի ափին’ Մոնբլանի ստորոտին: Մի՞թե դա սքանչելի չէ…՚:

Անծանոթ բարեհաճությունն անցել էր: Ֆիլիպի խոսքերի քաղցր-մեղցր, սիրալիր մեղեդին հետապնդում էր նրա վերընթացին:
ՙՁեռնտու գործարքը հաջողվեց՚ … ՙԵս մեր երկուսի համար ամենագեղեցիկ ապագան կարգադրեցի՚ … ՙԳործունեություն՚ … ՙՄեր ամուսնությունը՚ … ՙՄոնբլանի ստորոտին՚:
Գուիդոն ոչ մի դեմք չուներ, իսկ Ֆիլիպը ուներ դեմք, ճիշտ և ճիշտ այն դեմքը, որ նրա նամակի ոճն էր իրեն բերել Ամերիկայից: Հուզագրգիռ աղջիկն ամենայն հստակությամբ այն տեսավ իր առաջ: Նա տեսավ քամուց ծածանվող խարտյաշ մազափունջը ճաղատացող գլխին: Ֆիլիպի կապույտ աչքերը (ի դեպ` նրա ունեցած ամենագեղեցիկ բանը) հասնում էին իրեն` ընդհուպ մինչև բերանը: Առանց գլուխը շարժելու, նա երբեմն համբուրում էր նրա աչքերը, սակայն զուտ կարեկցանքից դրդված, քանի որ ինքն այնքան մեծ էր, իսկ նա այնքան փոքր: Արդյո՞ք մի մարդ, որի աչքերը հենց միայն ուղիղ գծով իր բերանին էին հասնում, նա, որ Ամերիկայում գործարքներ էր անում և իր այդ ՙգործունեության՚ մասին կրքոտ գրավոր ճառեր արտասանում, ասես դրանք ասպետական սխրագործություններ լինեին, արդյո՞ք նման մարդը իրավունք ուներ այդ աստիճան վստահելու իրեն: Ո՞վ էր ուրեմն նա: Արդյո՞ք իր այդ գովազդի ընթացքում նա չէր հասկացել հայրիկի նուրբ ու ճակատագրի հետ համակերպվող կեցվածքը:
Ֆրանսինն անկարող էր շարունակությունն ընթերցել և հանկարծակի նկատեց, որ ինքը զայրույթից, թեև կարծես ոչինչ չուներ ինքն իրեն կշտամբելու, միանգամից երկու աստիճան էր հաղթահարում: 
Հանկարծակի սարսափ իջավ նրա վրա ու նա դանդաղեցրեց իր ընթացքը:
Մի մարմնեղ, շքեղ հագած-կապած ու պճնված պարոն, սերթուկով ու թիկնոցով, ընդառաջ էր գալիս իրեն, աստիճաններով դեպի ցած: Մինչ ինքը հայացքն անտարբերությամբ մի կողմ կթեքեր, մի պահ խիստ մոդայիկ` կոշտ ու ոսկրոտ դեմք ընդունեց, որն իրեն, հակառակ ամեն ինչի, դուր էր գալիս, ու նաև կիտեց կանաչավուն լուսափայլող քունքերը: Պարոնն իր հերթին հանգամանալից ու տպավորիչ շրջանցման նախապատրաստություններ ձեռք առավ:
Ֆրանսինի համար հանդիպման հույժ տհաճ այդ ակնթարթն անսահմանորեն անվերջանալի թվաց: Նա այդ ընթացքում կարող էր, մինչ կլանում էր մարմնի առանձին հատվածներն ու իրեն նետված հայացքները, որ ասես կենդանի շունչ լինեին, կարող էր տալ զարմանահրաշ այն հարցը, թե արդյոք երկու մենավորիկ նավերը, որ դրսերում` բաց ծովում, իրար կողքով են անցնում, արդյո՞ք նրանք էլ այդօրինակ ցավալիորեն շփոթահար զգացողություն են ունենում, ինչպես ինքն այժմ:  
Պարոնն արդեն անհետացել էր իր թիկունքում… Ինքը սակայն զգում էր, ամենայն հստակությամբ և ինքնահաճությամբ առլեցուն, որ նա կանգ առավ, շրջվեց և նայում էր իր հետևից: Այստեղ Ֆրանսինը փոխակերպվեց և կորցրեց մտքի թելը: Որպես մի ձի` նա համաչափ ընթանում էր տղամարդու հայացքին լծված, որ կարծես ամուր սանձում էր իրեն թիկունքի կողմից: Նա խոնարհեց գլուխը, ասես առաջ ընթանալիս լիներ փորձառու կառապանի կողմից ուղղորդվող լծասարքի փաղաքուշ դիմադրությանն ընդդիմանալով: Ծպտյալ ամոթխածության փայլփլուն զանգուլակները, աջից ու ձախից, կուրացնում էին նրա աչքերը, որոնք, սակայն, ո’չ սարսափելի պատկերներ կարող էին տեսնել, ո’չ էլ ուրիշ որևէ բան` հյուրանոցի կեղծ մարմարով երեսպատված պատերից զատ: Դանդաղ` նա ոտքը ոտքի առաջ էր դնում` գրաստին բնորոշ զգուշավոր նազանքով: Նա ընթանում էր անդամներն ամուր իրար սեղմած: Նրա ծնկները շարունակ իրար էին քսմսվում, ասես նպատակ ունենալով աղալու իր քայլերը` անտեսանելի հացահատիկի հանգույն: 
Ֆրանսինն անկարող էր ինքն իրեն խաբել, թե իրեն պարտադրված հավասարաչափ քայլքն ու ամպածրար մտացրիվությունը հաճելի չէին իր համար, դրանք թեթևացնում էին իր ճանապարհը: Երբ պարոնի քայլքը, ներքևում վերստին հնչելով, հեռացավ, ինքը դրանից համարյա թե ցավ զգաց, որ հիմա պետք է առանց կապանքների, սեփական կամքին անձնատուր իր ընթացքը շարունակեր:
Թագաձև ջահը դեռևս շարունակում էր անսահմանորեն բարձր կախված մնալ գմբեթից: Նա գայթակղությունն զգաց, այնքան որ հոգնած էր, սեղմելու վերելակի զանգի կոճակը, որպեսզի այն իրեն հինգերորդ հարկ բարձրացնի և տանի իր սենյակը, որի թվերի գումարը, ինչպես ինքն էր այն, սնահավատորեն, վաղուց արդեն հաշվել, տասներեք էր կազմում: Սակայն անմիջապես նա թոթափեց իրեն պաշարած այդ վեհերոտ մոլորությունը: Դա բնորոշ չէր իրեն` սեփական որոշումներից այդքան հեշտությամբ հրաժարումը, թեթևակի ինքնաձաղկումը և իր կամքը զոհելու հարմարավետությունը, երբ ինքը այն, կարևոր չէ թե ինչ պատճառով, զոհաբերել էր նաև մի մարդու, որի դեմքը ինքն հիմա այլևս չի կարողանում վերհիշել, փոխարենը մի ճերմակ շրջանակ էր պատկերացնում:
Շարունակելով վերելքը` նա սկսեց վերընթերցել Ֆիլիպի նամակը: Նրա դժկամությունն անհետացել էր. այդ պատճառով նա բաց թողեց այն էջը, որն իրեն զայրացրել էր: Այդժամ նրա հայացքն ընկավ մի նախադասության վրա, որն այնպես ուժգին գրավեց իրեն, որ նա կանգնած մնաց սանդուղքի մեջտեղում. 
ՙԵս արժանի չեմ Քեզ, իմ արքայական մեծություն Ֆրանսին: Դու կանգնած ես ինձանից վերև, բոլոր իմաստներով, որպես մարմին և արյուն, որպես մարդ և հոգի: Ինչպե՞ս կարող եմ ես Քեզանից այլ բան պահանջել, քան միայն այն, որ Դու թույլ տաս ինձ ծառայելու Քեզ և հասկանալ Քեզ, որքան իմ կյանքի ժամանակը կների: Ամենը, ինչ Դու անում ես, ինձ համար հավերժապես բարիք ու բարեբանություն է լինելու, թեկուզ դա իմ սեփական անձին վնասակար լինի, դավաճանություն, անգամ ոչնչացում իմ անձի: Քեզանից ես ոչինչ չունեմ պահանջելու: Փոխարենը ես Քեզ իշխանություն եմ տալիս իմ կյանքի և իմ մահվան հանդեպ՚:
Ֆրանսինը համբուրում էր, տեղում անշարժացած մեխված, Ֆիլիպի բարի աչքերը: Առաջին անգամ էր նա համբուրում այս կապույտ աչքերը (որ ասես ծովի պես նրանց երկուսին բաժանելիս չլիներ) խաղաղավետ խանդավառությամբ: Ինչպե~ս միայն ինքը կարող էր նախկինում նրա հանդեպ անիրավացի գտնվել: Օ~, Ֆիլիպն հասկանում էր իր գրաված դիրքը` ճշմարիտ, ազնիվ մեծահոգությամբ: Նա ամենաքնքուշն էր ու հաստատունը, նա միակ վստահելի հոգին էր, ում կողմից ինքը մշտապես սիրված է լինելու: Իր հրաշափառ նրբաքնքուշ հոգով նա այնտեղից` հեռու-հեռուներից ա մ ե ն - ա մ ե ն ինչ զգում էր: Նա նախազգում էր ամեն ինչ և ոչնչի չէր հավակնում, չէր համարձակվում: Ինքն համոզված էր, որ մի ինչ-որ խորհրդավոր ձևով նա նախազգացել էր իր հետ կապված այս միջադեպը, և որ նրա նամակը պատասխանն էր իր ապրումների: Եվ սակայն, ի~նչ հեքիաթային նյարդեր ուներ Ֆիլիպը` չնայած իր ՙգործունեության՚-ը: Նա ամեն ինչ գիտի` առանց որ մի բան իմանալու, և ինքը հավերժապես լռելու է պատահարի մասին` առանց որ սուտասան լինելու:  
Ֆրանսինը երջանկությունից մի քանի արցունք կուլ տվեց: Այսքան անհամար օրերից հետո, առաջին անգամը լինելով, նրա ճակատից ջնջվեց քնատությունը: Հիմա նա ամբողջ ուժով զգաց ողորմածության լիությունը, որ վիճակվել էր իրեն: Նա տեսավ, բաց աչքերով, թե ինչպիսի նվաստացումներից ու գարշելիություներից էր գլուխն ազատել, որոնց մեջ ինքը գրեթե արդեն թաղվելիս էր եղել: Եվ Ֆիլիպի նամակը իրականությունից պոկեց իր հոգեկան խռովքի նրբանուրբ արմատները, նրա ամենազոր ու հանդիսավոր խոստումը իր ճակատագրից ջնջեց Գուիդոյի վերջին ստվերաբծերը: Հիմա իսկապես էլ պառկած էր անթերի անդամատված տիկնիկը ամենախորը անդունդում և մի անոսր գերեզմանաթումբ շուռումուռ էր գալիս նրա գլխավերևում: Ոչինչ էլ չէր պատահել: Ֆրանսինն ազատ էր: Ֆրանսինը կրկին Ֆրանսինն էր:  
Նա շարունակեց սրտատրոփ վեր մագլցել աստիճաններով: Հուզագրգիռ սրտառուչության մի իսկական արբեցումի մեջ` նա այժմ երևակայում էր այն բնակարանի առանձին պատկերները, ուր ինքը, իր սրտակից խոսնայրի հետ, շուտով պիտի տեղափոխվեր: Հընթացս նա երևակայում էր սենյակների առանձին հատվածները և ամենայն նրբանկատությամբ մտովի պատկերացնում իր ապագա ամուսնուց ճառագող ջերմության, խաղաղավետության, հաճելի զգացողութան մթնոլորտը: Ժնևը նա չգիտեր, սակայն միանգամայն պարզ էր, որ իրենց բնակարանը չէր կարող գտնվել մի ինչ-որ անհրապույր վայրում, այլ հաստատապես Մոնբլան թաղամասում, դեպի լիճը բացվող պատուհաններով: Նա փորձում էր նաև հավատալ, որ երեխաների հանդեպ իր անտարբերությունը բուժելի հատկություն է` Ֆիլիպով պայմանավորված: Ինչ լավ էր ամեն ինչ ընթանում… Իր ապագան այլևս զերծ էր խոչուխութերից: Ֆիլիպը տեղյակ էր պահել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին իր` Եվրոպա վերադառնալու մասին: Ֆրանսինը վճռական որոշում կայացրեց` ուղևորվել Համբուրգ` նրան դիմավորելու և այլևս երբեք չլքելու հաստատակամությամբ: Նա բնավ պատահականություն չհամարեց այն հանգամանքը, որ Ֆիլիպն հավանաբար հենց այսօր ևեթ նավ էր նստել Նյու-Յորքում:
Ֆրանսինը, ջերմող ձեռքերով, նամակն էր ծալում: Հանկարծ նա նկատեց, որ իր առջև, սանդուղքին, դեռևս չբացված հեռագիր էր ընկած: Ֆիլիպի նամակի հետ միաժամանակ այն իրեն էր փոխանցվել իր ճակատագրական շրջադարձի ակնթարթին: Ինքն այն, առանց այդ մասին իմանալու, այս ամբողջ ընթացքում իր մոտ էր պահել: Նա անմիջապես գլխի ընկավ. Ծնողներից էր…
Հայրն ու մայրը այս անգամ ճամփորդություն էին ձեռնարկել դեպի Սիցիլիա: Ինքը, սակայն, արդեն հոգնած լինելով տխուր ընկերակցությունից և ծերունիների հանդեպ հոգսատար ծառայություններ մատուցելու հեռանկարից, իր սեփական ցանկությամբ հրաժարվեց ուղեկցել նրանց: Այնուհանդերձ, իր այդ ցանկության բավարարմանը միայն ծանր մարտերի գնով հնարավոր եղավ հասնել: Հայրիկը ոչ մի դեպքում չէր ուզում հանդուրժել, որ դուստրը լիակատար ազատության մեջ և առանց որևէ վերահսկողության ժամանակն այստեղ անցկացներ: Եվ միայն շնորհիվ մայրիկի բանեցրած խորամանկ ու արվեստական հնարքների, կյանքի փոփոխված հանգամանքների ու բարքերի առնչությամբ ինչ-ինչ դառնացուցիչ ակնարկների, համընդհանուր էմանսիպացիայի և Ֆրանսինի մոտալուտ ամուսնության վկայակոչմամբ, հաջողվեց հայրիկին հետ պահել իր հաստատական մտադրությունից: Զգայունակ հրաժարում, այո, դա հայրիկի կենսական տարրերից էր: Բայց որքա~ն իրավացի էր այս անգամ հայրիկը` իր այդ ծերունական անհանգստության առումով: 
Ֆրանսինը լուր էր սպասում Պալերմոյից: Նա բացեց հեռագիրը: Այն ուղարկված էր Նեապոլից, որտեղից ծնողներն իրեն հաղորդում էին, որ արդեն վաղը, մինչև կեսօր, իրենք կժամանեն, կվերցնեն իրեն ու միասին ճանապարհ կընկնեն դեպի տուն:
Ֆրանսինը քիչ էր մնում բղավեր: Այդ հեռագրի մեջ նա տեսավ մի վերջին երկնառաք ընծան: Նա զգաց մարմնապես, թե ինչպես էին իր առաջ ամեն կողմից բացվել բոլոր սերերը, իրեն ազատագրելու համար` որպես պաշարվածի: Նա զգաց փրկարար ուժերի վայրկենական մոտեցումը: Աստծո ողորմությունը լիակատար էր: Ընդամենը մի գիշեր ևս ինքը պետք է դիմանար այս անիծյալ սենյակում, միայն մի գիշեր դեռ պետք է քներ այդ անիծյալ անկողնում… Ամբողջապես իր բեռան ծանրության տակ կքած` նա վերադարձավ իրականության գիրկը: Մեկնումի առավոտյան թարմացնող պատկերի առաջ տամկացավ կեղտամոխրագույն մղձավանջի վերջին մնացորդը:
ՙԱնհապաղ ճամպրուկները կապել՚:
Եվ նա գրոհեց տասներորդ սանդղաշարի ուղղությամբ:
Խորը շունչ քաշելով` նա կանգնած էր վերևում: Բայց նա գերագնահատել էր իր սրտի կարողությունները: Նրա աչքերը ևս այժմ ի վիճակի չէին հստակորեն տեսնելու իրերի գծագրություններն ու գույները: Ամեն ինչ իրար մեջ էր ներթափանցում: Մի վայրկյան նա պետք է կանգնած մնար, դադար առներ, հանգստանար, մինչ կշարունակեր դեպի իր սենյակ տանող ճանապարհը` մի վերջին կարճառոտ միջանցքի միջով, որն իրեն այժմ այնքան հեռու ու տանջալի էր թվում:
Նրա առաջ, իր աչքերի բարձությամբ կախ էր ընկած աղոտ շողարձակող մեծահսկա ջահը, խուլ զրնգացող հեքիաթային այդ սարքը, որ առաջին իսկ պահից գրավել էր Ֆրանսինի հայացքը` մանկական անուրջներով: Ջահն այդ, իսկապես, թեթևակի տարուբերվում էր` կախարդական թեքանկյուն ձողին ընձյուղված, կամ, ավելի ակնդետ նայելու դեպքում, այն կարծես մի փոքրիկ, հազիվ նկատելի թռիչքի կլոր շրջանակ էր իրենից ներկայացնում: Ֆրանսինը մոտեցավ սանդղահարթակի բազրիքին, քանզի նա հանկարծակի պահանջմունք զգաց մերձենալու այդ հուրհրատող հսկայական թռչունին, որ լայն թևերը տարածած` ճախրում էր անդունդի գլխավերևում:
Ճաղաշար բազրիքը, որ բաժանում էր միջանցքը սարսափազդու խորխորատից, բարձր չէր: Ֆրանսինը կարող էր իրանի ազատ վերնամասով խոնարհվեր նրա վրա: Եվ միայն հիմա նա նկատեց, նրա սիրտը նորից հանգիստ էր, առանց գլխապտույտ ունենալու` նայեց դեպի ցած ու տեսավ, թե ինչպես էր սրահը լցվում հյուրանոցում արձանաարված մարդկանցով և լսում էր երաժշտական գործիքների ձայները:  
Երեկ, այս նույն ժամին, նա այդ նույն հայացքով անդունդի մեջ էր նայել: Այդժամ, երեկ, կամաց-կամաց գայթակղությունն իր արյան մեջ էր սողոսկել.
ՙԻնչ կլիներ, եթե ես հիմա ավելի առաջ խոնարհվեմ ու հավասարակշռությունս կորցնեմ…՚
Բայց անմիջապես էլ այդ գայթակղությունը նա կտրուկ իրենից մի կողմ էր վանել: Այդ խորությունն էր, անդունդը, դատարկ տարածությունը և իր սրտի ձգողականության ուժը, որ ինքը հստակ գիտակցում էր, բայց ո’չ իր կյանքին վերջ տալու ցանկությունը: Նա այնքան հստակ էր դա գիտակցում, որ միառժամանակ ճակատով համառորեն հենված կմնար անդունդին` մինչ կլքեր բազրիքը… երեկ…  
Դեռ երեկ իր մեջ պատճառ կար այդ տարակուսանքներին տրվելու: Իսկ այսօր և այս պահին պատճառը միայն ուրախությանն ու երախտագիտության աղոթքին էր վերաբերում: Ֆրանսինն, անհամբեր մղումով, երախտագիտություն էր փնտրում իր մեջ, փնտրում էր փրկության ու երջանկության զգացողությունը, որ դրանից րոպեներ առաջ Ֆիլիպի խոստովանությունն էր իր մեջ արթնացրել: Բայց նա ընդամենը մի մեծ ամայություն գտավ, որ խշշում էր իր ականջներում` աստվածամերժ ջրի հանգույն: Այդ ամայության հնչողությունը գնալով ավելի ու ավելի նողկալի էր դառնում իր լսելիքին: Բայց այն չէր խարխլում իր գիտակցությունը, ո’չ, այն խթանում էր իր զգաստամտությունը: Իմացությունները խշշոց էին արձակում. 
ՙԵրեկ ես կարծես մոլեգնած, համակված մեկը լինեի: Անհանգիստ մտավախություններ, բախումներ, որոշումներ… Ես լիքն էի: Փրկությունն ինձ դադարկեց, ամայացրեց: Ինձ, թվում է, թե ես այսօր մի մեծագույն կորուստ եմ ապրել: Երջանկությունը ծաղրում, քմծիծաղ է տալիս: Եվ այն, ինչ ես եղել եմ, այլևս երբեք նույնը չեմ լինելու…՚:
Ֆրանսինն հաստատապես գիտեր, թե որքան սարսափելի, որքան վտանգավոր էր ամայության այդ մտքերի շարունակական հյուսումը: Նա հույս ուներ, որ ինչ-որ դուռ կբացվեր, սենյակից մի հյուր կհայտնվեր, մի աղախին կամ սպասավոր հիմա կանցներ իր մոտով: Ջղաձիգ լարումով նա ականջը ոտնաձայներին էր պահել: Միայն այդ քայլերը բավական էին` պոկելու իրեն բազրիքից և նրբավար սահքով իրեն դեպի իր սենյակը առաջնորդելու: 
Բայց ոչինչ չէր շարժվում:
Հուրհրատող մարտադաշտի ստորոտում, սակայն, պայթեց ջազային նվագախումբը: Սաքսոֆոնի հեծկլտոցը, շեփորի շնչակտուր հևոցը, հարվածային գործիքների գորգի մեջ խլացված զարկերը հավաքվեցին այստեղ` վերևում, անդրադարձ արձագանքի մեջ` որպես մի զարհուրելի ժխոր: Տարուբերվող ջահի շուրջբոլորը, սակայն, թրթռաձայնում էր անտեսանելի միջատների խարդավանող տզզոց-բզզոցը: Եվ ներքևում սկիզբ էր առել պարերաժշտության խլացնող ու սառնարյուն թմբիրը:
Ֆրանսինն ամբողջ մարմնով դողում էր: Կապկանման վերուվարվող հնչյուններում թվաց հիմա, թե նա հայտնաբերեց Բոսթընի դժգունած երաժշտությունը, որն այլ բան չէր, քան հսկայամեծ ամայության մեղեդին, որ տիրապետություն էր հաստատել իր վրա, որով լցված էր ողջը և ամենայն ինչ: Մեկ անգամ էլ նա բազրիքից պոկվելու վախվորած փորձ ձեռնարկեց, սակայն այժմ արդեն նրա յուրաքանչյուր մատը իր սեփական խտղտալից շղթաներով ասես ձուլված լիներ երկաթաձողին: Եվ միայն առջևում ընկած ճանապարհն էր ազատ մնացել: Այդժամ նա անձնատուր եղավ նրան: 
Բայց անմիջապես էլ այդ անաստված պաղարյուն թմբիրի, ամայության միջից տաքարյուն ու մահախուճապ մի կիրք ծնունդ առավ:  Եվ այդ շիկացած կիրքը մթնոլորտը գերխիտ ու միատարր զանգվածի վերածեց, ողջ ջրազանգվածն ու անդունդը բեռնադիմացկուն մի բանի փոխարկելով: Մեկ-երկու լողաշարժումով ոսկու մեջ հուրհրատող աշտանակը պետք է որ հասանելի լիներ… 
Ինչու՞ հյուրերից ոչ ոք դուրս չէր գալիս իր դռնից: Ինչու՞ ոչ մի մարդ չէր մոտենում իրեն, չէր անցնում իր կողքով: Ինչու՞ հյուրանոցի հեռավոր միջանցքներից և ոչ մի քայլ, մարդկային ոչ մի ոտնաձայն դուրս չէր սպրդում ողորմածաբար: 
Համբուրգ-Ամերիկա գծի հսկա շոգենավը առաջ էր ընթանում մառախլապատ օվկիանոսը ճեղքելով` շչակներից արձակվող սնամեջ օգնության կանչերով: 
Գնացքը Հռոմից մեկնել էր և շնչապատառ առաջ էր սլանում` խելացնորվածի պես պատռելով գիշերվա կուրծքը: 
Սակայն Ֆրանսինին այլևս ոչինչ չէր կարող փրկել: 

1927
 
Թարգմանությամբ Աշոտ Ալեքսանյանի
Category: My articles | Added by: Chateau (2010-11-08)
Views: 425 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: