Կապը մեծազոր առարկաների հետ - 22 November 2010 - Armenian Pataphysics
Monday, 2017-02-20, 0:16 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  November 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2010 » November » 22 » Կապը մեծազոր առարկաների հետ
7:39 PM
Կապը մեծազոր առարկաների հետ

Կապը մեծազոր առարկաների հետ

Վաղուց արդեն պետք է մի հանգամանքի մասին մտաբերվեր, որը շոշափվում էր տարբեր կապակցություններում: Նրա ձևակերպումը մոտավորապես հետևյալ կերպ կարելի է տալ. Չկա' ոչինչ, որ ավելի վտանգավոր լինի ոգու համար, քան նրա կապը մեծազոր առարկաների հետ:

Մարդս թափառում է անտառում, մագլցում է լեռը և տեսնում իր ոտքերի տակ փռված աշխարհը, զննում է իր մանկանը, որին առաջին անգամ են իր ձեռքը տալիս, կամ երջանկությունն է ըմբոշխնում ինչ-ինչ հասարակական դիրք զբաղեցնելու, որը շրջապատի նախանձն է շարժում: Մենք հարցնում ենք, ի՞նչ կարող է այդժամ նրա հոգում տեղի ունենալ: Անշուշտ, այդպես է նրան թվում, ինչ-ինչ ամենաբազմազան բաներ, խորը և կարևոր, միայն թե նա իր մեջ հոգու արիություն չի գտնում դրան, այսպես կոչված, բառային արտահայտություն տալ: Նրա առաջ և նրանից դուրս եղող հրաշափառ հիացարժանությունը, որ շուրջառում է նրան մագնիսային թաղանթապատյանի պես, դուրս է կորզում նրա միջից իր մտքերը: Այդժամ նրա հայացքները սևեռվում-գամվում են հազարավոր մասնավորությունների, բայց ներքուստ նրան այնպիսի զգացողություն է համակում, որ կարծես ինքը բոլոր իր ռազմապիտույքները մսխած-վերջացրած լինի: Արտաքուստ` հոգու ու արեգակի փայլով ողողված, խորունկ կամ վեհապանծ այդ ժամը իր գալվանական արծաթով պարուրապատում է ողջ աշխարհը` մինչև ամենավերջին տերևն ու աննշմար ջիլը: Նրա մյուս` անձնական ծայրում, սակայն, շուտով նկատելիության աստիճան զգայելի է դառնում նյութի մի որոշ, ներքին պակասություն, այնտեղ, ասես, գոյավորվելիս լինի, այսպես կոչված մեծղի, դատարկ, կլոր մի զրո` ՙ0՚: Այդ հոգեվիճակը դասական հայտանիշն է ամենայն հարատևի և մեծամեծի հետ շփման, ինչպես նաև ախտանշանը` մարդկության ու բնության բարձրակետում հավիտյանս կենալու: Անձինք, ովքեր նախապատվությունը տալիս են մեծազոր առարկաների ընկերակցությանը (իսկ դրանց թվին են պատկանում գերազանցապես և նախ և առաջ մեծազոր հոգիները, որոնց համար մանր-մունր բաներ ասածը ընդհանրապես գոյություն չունի), այդ անձանց ներաշխարհը ակամայից ներկայանում է որպես մակերեսայնության աստիճան դեպի դուրս, դեպի արտաքին աշխարհը միտված ու մատուցված:

Այդ պատճառով մեծազոր առարկաների հետ կապի վտանգը կարելի է նաև հոգևոր նյութի պահպանության օրենք համարել, և թվում է, որ այդ օրենքը պետք է բավականաչափ համընդհանրական լինի: Բարձրաստիճան, մեծազոր գործերի համար ծնված անձանց ճառերը, սովորաբար շատ ավելի բովանդակազուրկ են, քան մեր սեփական խոսք ու զրույցը: Մտքերը, որոնք առանձնակի մերձավորագույն հարաբերությունների մեջ են գտնվում առանձնահատուկ արժանավայել առարկաների նկատմամբ, սովորաբար այդպես են ներկայանում, քանի որ, առանց այդ առավելության, նրանց չափազանց հետամնաց իրողությունների տեղ կարելի կլիներ դնել: Մեզ համար ամենից ավելի թանկարժեք խնդիրները ազգի, խաղաղության, մարդկության, առաքինության և այս կարգի ուրիշ-ուրիշ նույնքան թանկարժեք իրողություններ, իրենց մեջքի վրա կրում են ամենաէժանագին ու աղքատիկ հոգևվոր բուսականությունը: Այս կտրվածքով հատկապես աշխարհը առավել ևս խեղաթյուրված է պատկերանում, բայց եթե ընդունելու լինենք, որ թեմայի մեկնաբանումը կարող է այնքան ավելի աննշան լինել, որքան որ նշանակալի է թեման ինքնին, ապա հենց դա էլ կանոնակարգվածության աշխարհն է:

Ընդսմին այդ օրենքը, որն այնքան մեծ չափով օժանդակել է եվրո-պական հոգևոր կյանքի հասկացմանը, միշտ չէ որ պարզորոշ կերպով ակնհայտ է, և մեծազոր առարկաների մի խմբից մեկ այլ նոր խմբի անցնելու ժամանակ` մեծազոր առարկաներին ծառայելու հետամուտ հոգին կարող է նույնիսկ ընդվզող ու հարձակողական պատկերանալ, չնայած որ նա միայն սպասավորի իր հանդերձանքն է փոխում: Այդպիսի անցումը նկատելի է արդեն իսկ այն ժամանակ, երբ մարդիկ, որոնց մասին պատմվում է այստեղ, ապրում էին իրենց հոգսերով ու ցնծալից հաղթանակներով: Այդպես օրինակ, որպեսզի կոնկրետ առարկայից սկսելու լինենք, որն հատկապես մեծ նշանակություն ուներ Առնհայմի համար, արդեն կային գրքեր, որ վաճառվում էին ամենամեծ տպաքանակներով, բայց նրանց դեռևս շատ մեծ հարգանքով չէին վերաբերվում, չնայած արդեն իսկ խորին ակնածանք էին տածում միայն որոշակի տպաքանակը գերազանցող գրքերի նկատմամբ: Ունենալով արդյունաբերության այնպիսի ազդեցիկ ճյուղեր` ինչպես ֆուտբոլը կամ թենիսը, չգիտես ինչու, դեռ հապաղում էին տեխնիկական ուսումնական հաստատություններում համապատասխան ամբիոններ հիմնել: Ըստ ամենայնի, արդյոք իր ժամանակին երանելի կռվարար և ծովակալ Դրե՞յկը կարտոֆիլը ներմուծեց Ամերիկայից, որով և սկիզբը դրվեց Եվրոպայում պարբերական սովահարությունների վերջի, կամ արդյոք այդ բանն արեց նվազ երանելի, չափազանց կրթյալ և նույնքան կռվազան ծովակալ Ռեյլի՞ն , գուցե դա անանուն իսպանացի զինվորնե՞րն էին կամ էլ` նույն ինքը ազնիվ խաբեբա ու քաջարի զեղծարար, ստրկավաճառ Հո՞քինսը , - երկար ժամանակ ոչ ոքի մտքով իսկ չէր անցնում կարտոֆիլի պատճառով այդ մարդկանց շատ ավելի նշանավոր համարել, քան, ասենք, ֆիզիկոս Ալ-Շիրազիին, որի մասին հայտնի է միայն, որ նա ճիշտ է բացատրել ծիածանը: Սակայն բուրժուական դարաշրջանի սկզբնավորման հետ սկիզբը դրվեց նման կարգի մեծագործությունների վերարժեքավորման, իսկ Առնհայմի ժամանակներում այն շատ ու շատ առաջ էր գնացել, նրան զսպողը միայն ու միայն հին նախապաշարումներն էին: Ներգործության քանակը և քանակի ներգործությունը, որպես նորահայտ, ցերեկվա լույսի պես պարզ երկրպագության առարկա, դեռևս մարտնչում էին մեծազոր որակի հանդեպ արդեն իսկ հնացող, կույր ազնվականական երկրպագության դեմ, սակայն ընդհանուր պատկերացումների աշխարհում դրանից արդեն իսկ ծնունդ էին առել ամենաանհեթեթ փոխզիջումային տարբերակները. այնպիսիք, ինչպես օրինակ ինքնին պատկերացումը մեծագույն ոգու կամ ուղեղի մասին, որը, եթե դատելու լինենք ըստ մարդկության այս վերջին հարյուրամյակի ընթացքում նրա հետ մեր ունեցած ծանոթության պարբերաչափի, պետք է որ այդ ոգու սեփական և կարտոֆիլային իմաստների համադրությունը եղած լիներ, քանի որ սպասում էին մի մարդու հայտնությանը, որը միայնակ ու մեկուսի պիտի լիներ` ինչպես հանճարը, բայց և, դրա հետ մեկտեղ, բոլորին հասկանալի` ինչպես սոխակը:

Դժվար կլիներ` առաջ գնալով ասել, թե ինչ դուրս կգար այդ կերպ ընթանալուց, քանզի մեծազոր առարկաների հետ կապի վտանգավորությունը սովորաբար միայն ա'յն ժամանակ է տեսանելի դառնում, երբ այդ առարկաների մեծազորությունը արդեն կիսով չափ անցյալ է դարձած լինում: Չկա ավելի դյուրին բան, քան աստիճանավոր մարդուկին ծաղրելը, որը Նորին Մեծության անունից ստորացրել էր այս կամ այն նորահայտ կուսակցությանը, բայց արդյոք այն մարդուկին, որը վաղվա օրվա անունից մեծարում է այսօրը, աստիճանավոր կամ պետական պաշտոնյա՞ պետք է համարել, թե՞ ոչ, դա սովորաբար ոչ ոք չգիտե, մինչև որ չգա վաղը չէ մյուս օրը: Մեծազոր առարկաների հետ կապի վտանգավորությունը մի շատ տհաճ հատկություն ունի, այն, որ առարկաներն այդ փոփոխվում են, իսկ վտանգը միշտ նույնն է մնում:

Մուզիլ

Views: 305 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: