11:56 PM Ես, Յելինեկը և Պետեր Հանդկեն | |
Ես, Յելինեկը և Պետեր
Հանդկեն 21.01.2005 Այս երկու շաբաթը, Երևանից վերադառնալուց հետո, նախ շատ ծանր անցավ, հետո էլ`
խորը մտածությունների տեղիք տվեց: Փորձեցի հասկանալ ինչն է կյանքում առաջնայինն ու
երկրորդականը. պարզեցի, որ առաջնային ու երկրորդական չկա, երկուսն էլ հավասարապես
երրորդական են: Ու՞մ է պետք այս կյանքը, երբ խոպանչու հոգեբանությամբ ծվարել եմ
Վիեննայի 7-րդ թաղամասում և օրավուր կորցնում եմ կապը բացարձակի ու հարատևի հետ,
ասել կուզի` ինձ ծնող միջավայրի և իմ փոքրիկ ու տաքուկ օջախի. Այստեղ ամեն ինչից
սառնություն է փչում, անգամ աշնանային առաջին օրերի ջերմ շնչառությունից: Այստեղ
ամեն ինչ ձև է ու ժամանակավոր իրարանցում, ոչ կանգառ կա, ոչ խորհրդածելու
հանգստություն: Մեկ-մեկ մտածում ես, ի՞նչ ես շինում էս տեղերում վայրենի, չէ՞ որ
կյանքն անցնում է և այնպիսի խելապատառ արագությամբ, որ երբեմն-երբեմն մտածում ես,
թե կարող է պատահել չհասցնես նույնիսկ սիրելիներիդ տեսնես, նրանց կարոտն առնես: Եղածը մի բան չի, պարզապես առօրյա
աշխատանք` իր դժվարություններով ու չկարգավորված տեղեկատվական հոսքերով: Ողջը պետք
է մեկ միասնական նպատակակետի ուղղորդել, կարևորն ու անկարևորը իրարից զատորոշել
կարողանալ: Բայց, արի ու տես, որ երբեմն շատ դժվար է դրանք իրարից տարբերակելը.
կարևորը հաճախ առերևույթ է այդպիսին, իսկ անկարևորները երբեմն հավաքվում են ի մի
ու միասնաբար էլ խժռում են քո ամբարած թվացյալ հարաբերականորեն ազատ ժամանակը: Մի
խոսքով մի իսկական վայրիվերո խառնիճաղանջություն, երբ չգիտես, թե որ պահին և ինչու
աննշան թվացող մի հարց մյուսներից ավելի կարևորություն է ձեռք բերում ու սկսում է
ժամանակդ ծամել-մսխել: Երկրները, որոնց սպասարկում եմ,
որքան իրարից տարբեր, նույնքան էլ միանման են, դե' ինչպես որ մարդիկ են իրար նման
ու իրարից տարբեր: Ավստրիան, ասել է թե Վիեննան, հարազատ տան պես մի բան է դառել,
չնայած շատ էլ չեմ թափառում նրա բանուկ կամ մարդաթափ փողոցներում: Նոյբաուգասսե
12-14-ում խեղդում եմ մենակությանս ամենաառինքնող ցոլացումները, Ցիգլերգասսե
29-ում մենակությունն ինքն է իմ դեմ տմարդի դավադրություններ նյութում: Ես ջարդում
եմ մենակության ողնաշարը, նա իմ, ու այսպես փոփոխական հաջողություններով հատում
ենք լույսումութի փոխնիփոխ իրարահաջորդող սահմանաբաժանը` հոգեզգացական լիցքերի առավել
կամ պակաս կորուստներով: Մի ուշ երեկո ոտքերս ինքնաբերաբար
ինձ դուրս կորզեցին Ցիգլերի տմույն հարկաբաժիններից ու համրաքայլ ընթացքով,
ներքնաբակերի կասկադի միջով դուրս բերեցին Literaturhaus-ի դիմաց, որի
պատուհաններից կախ է տրված նորերս նոբելյան մրցանակի արժանացած Էլֆրիդե Յելինեկի
կյանքի հանդեպ արհամարանքով լեցուն լուսանկարների շղթան: Գրականության մեջ
ֆեմինիզմի կարկառուն առաջամարտիկներից մեկը, այրատյաց, ասել է թե` մարդատյաց մեկը:
Ստոկհոլմի Նոբելյան հանձնաժողովը երկար մտածումներից հետո հենց այս կնոջն էր
շնորհել գրականության ասպարեզում թերևս ամենահեղինակավոր մրցանակը, որից զուրկ են
ոչ միայն շատ ժողովուրդների ներկայացուցիչներ, այլև մենք` հայերս, և,
մասնավորապես, մեզանից ոմանք, ովքեր տարբեր առիթներով զանազան դիմումներ
ներկայացրին հանձնաժողովականներին, բայց ցօրս` անարդյունք: Ի՞նչ է ասում այս կինը և խորհում իր
կամավոր մենության թմբիրին անձնատուր, Շթայերմարկի խորը գյուղակներից մեկում
փակված: Նույն խոհերն են` աշխարհի, կյանքի, մարդ արարածի ու նրա երկրային ուղու
վերաբերյալ: Ընդսմին` մրցանակի տրման առիթով շվեդական ակադեմիայի ձևակերպած
հիմնավորման մեջ չէր նշվում անգամ իրեն ծնունդ տված երկրի` Ավստրիայի անունը, այլ
հիմնավորումն արվում էր որպես թե` ՙիր վեպերում և դրամաներում ձայների ու հակաձայների
երաժշտական հոսքի համար, որոնք մի յուրահատուկ լեզվական կրքով մերկացնում են
հասարակական կաղապարների անհեթեթությունն ու նրանց պարտադրողականության ուժը՚: Շարքային ավստրիացիներն իրենք իրենց հարց էին տալիս, թե ի՞նչ ասել է
ՙհասարակական կաղապարների անհեթեթությունների ու նրանց պարտադրողականության ուժի
մերկացում՚, և գրականության գնահատման չափանիշները մի կողմ դրած` ավելի հակված էին
ենթադրելու, որ սեփական երկրի, նրա հասարական ու պետական կարգի անողոք
քննադատության ոգու համար էր գրողին շնորհվել այդ մրցանակը: Սեփական երկրի դեմ
ուղղված դավադրության պես մի բան: Ավստրիացիների ազգային
ինքնագիտակցության համար ցավեցնող հանգամանք էր նաև այն, որ ավստրիական Շտայերմարկ
երկրամասում ծնված և ուսում առած մրցանակակիրը, մանկության տարիներին անհաշտ
հարաբերություններ ունենալով իր ծնողների հետ, անգամ ատելով նրանց` ծեծուջարդի
տեր-թոդիկյան մեթոդներով իրեն դաստիարակած լինելու համար, մշտապես, ամեն
պատեհ-անպատեհ առիթով հիշեցնում է իր մոր սլավոնական ծագումը և հոր հրեա լինելու
իրողությունը: Ավստրիացիներին պաշարած համատարած տարակուսանքի վերևներից ու
ներքևներից բորբոքվող կրակին յուղ էր լցնում մշակութային հարևան գերմանական
մամուլը` ՙԱվստրիան շնորհավորում է իր չսիրած գրողին՚ և նման կարգի այլ սրացումներով: Միլանի
ՙCorrieare della sera՚-ն ռազմաշունչ միանշանակությամբ արձանագրում էր. ՙՄրցանակի
շնորհումը կարելի է դիտարկել որպես քաղաքական սադրանքª ուղղված Ավստրիայի
աջ-կենտրոնամետ կառավարությանը, որին Յելինեկը բնութագրում է որպես ՙսեփական
բույնը աղտոտող՚՚: ՙԵս գնում եմ ներքին աքսոր: Որպես հասարակական անձ, այստեղ`
Ավստրիայում կյանքն անհնար է հանդուրժել՚, հայտարարում էր նա` 2000 թ. Ավստրիայում
հաղթանակած նոր, այսպես կոչված սև-կապույտ կոալիցիոն կառավարության ձևավորման
արդյունքում: Իր գլխին թափված լուտանքի ու
համատարած կասկածի մթնոլորտում ի՞նչ էր մնում Յելինեկին անելու. սկզբում նա
հրաժարվում է անձամբ ներկայանալ Ստոկհոլմ և ծերակույտի ձեռքից ընդունել իր երկրին
ու իրեն շպրտված պայթյունավտանգ ռումբը: Բայց հետո, իհարկե, չդիմանալով
պարզ-մարդկային գայթակղությանը, համենայնդեպս գնում և ստանում է բավական ծանրակշիռ
դրամագլխով ուղեկցվող մրցանակը: Մինչ այդ, Յելինեկը հրապարակավ տարակուսանք է
հայտնում, թե ինչու՞ հատկապես հենց իրեն են այդ մեծագույն շնորհին արժանացրել, այն
դեպքում, երբ իր ավելի տաղանդավար գործընկերների և, մասնավորապես, իր ավելի
վաստակաշատ հայրենակիցի, ՆԱՏՕ-սերբական ընդհարման արդյունքում` մերձփարիզյան
արվարձաններից մեկում ինքնաքսորյալի կարգավիճակով ապաստանած Պետեր Հանդկեի անունն
անգամ չի ներկայացվել մրցանակի հավակնորդների ցուցակում: Մի գրող, որը վերևում
հիշատակված նույն 1999-ին, դաշնակիցների ռմբակոծումների ներքո, հանգրվանել էր
Սերբիայում, և որն այդ օրերին իրեն պաշարած տրամադրությունները թղթին հանձնելով`
գրում էր. ՙԿա անտարբերության մի տեսակ, որն առավել օգտաշահ է, քան
մարդ լինելու մասին շաղակրատանքը. երբ աջ ձեռքը փայփայում է մեզանից մեկին` Մայր
Թերեզայի հանգույն, այդժամ ձախ ձեռքը մյուսների գլխավերեւում տրիբունալի թուրն է
ճոճում: Բարեբախտության պստլիկ դևեր: Մարդկության բորենիներ: Չկա' մեկը, որն ավելի
քիչ հակվածություն ցուցաբերի տառապանքի հանդեպ, քան դուք` մարդասիրության
պաշտոնյաներդ: Մարսեցիներ, որ հայտնվում եք որպես մարդու իրավունքների պաշտպաններ:
Մարդիկ այստեղ ավելի չար են դարձել, քան կան իրականում: Եվ պատերազմը վերածել է
ձեզ չարաբաստիկ զբոսաշրջիկների, ինչպիսին որ դուք կաք՚ (ՙԿաղնե մակույկը. թատրերգություն պատերազմի վերաբերյալ կինոնկարի մասին՚
պիեսից, 1999 թ.): | |
|
Total comments: 0 | |