Thursday, 2024-04-25, 11:01 PM
Welcome Guest | RSS
Categories
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

File Catalog

Main » Files » My files

Ռայներ Մարիա Ռիլկե
2010-11-05, 11:25 PM
ՇԱՏՐՎԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շատրվանների մասին ես հնում տեղյակ էի քաջ,

Անըմբռնելի ծառերի մասին այդ ապակեձույլ:

Նրանց վկայել, նույնն էր թե խոսել արտասուքներից մեր իսկ սեփական,

որ ծնունդ առած երազանքներից մեծ ու հոգեցունց

վատնել էի ես մի օր ու հետո մոռացել իսպառ:


Մոռացե՞լ, քանզի ձեռքը Երկնքի ձիգ-առաձգական

մխրճվում է բյուր առարկաների, նեղությունների մեջ սրտակեղեք:

Չե՞մ տեսել արդյոք վեհությունն անլուր ու անզուգական

ճախրանքում վերձիգ ծերուկ պարտեզի, մեղմածոր, մրսկան,

սպասմամբ առլի երեկոյան դեմ,- դալուկ, չխոսկան

օտար աղջնակից դեպի վեր հառնող երգերում բեկ-բեկ,

որ ցած են թափվում ափեզերքներից մեղեդահնչուն,

հետո իրական դառնալով կարծես` մշտաբաց լճում,

արտացոլվում են ասես գերբնական ավազաններում այդ մշտաթեթև:


Ես պետք է հիմա վերհիշեմ կրկին ամենի մասին,

ինչը պատահեց շատրվանների և անձամբ ինձ հետ,-

այնժամ անկումի ծանրությունը ես զգացի անսիրտ,

որի մեջ ջուրը ամփոփված տեսա` քարացած ինչպես:

Գիտեի նաև ճյուղերի մասին` ետշրջիկ, ճկվող,

նաև ձայների, որ վառվում էին թույլ կրակներով,

ավազանների մասին, որ կրկին ետ էին հրում հուզավառ տենդով

ափեզերքները հավերժաշարժուն ու տկարացած,

և երկինքների մասին իրիկվա, որոնք ածխացած

ու օտարոտի հայտնվում էին խոր անտառներից արևմտամերձ,

որոնք այլ կերպ էին կամարակապվում մութուլույսի մեջ,

որ կարծես թե այն նույն աշխարհը չէր` իրենց մտածած:


Մոռացել էի գուցե, քանի որ աստղը կողքի՞ն էր աստղի ծվարել

փակելով ճամփան մոլորակների մոտ, մերձամատույց:

Կամ գուցե քանզի արցունքակալած աշխարհներն ամեն

տարածության մեջ ծանո՞թ են իրար:- Գուցե մե'նք ենք լուրթ

երկնքում ուրիշ արարածների հար ընդելուզված, այն, որ անիմա

մեզ են կարկառում հայացքներն իրենց ուշ երեկոյան: Գուցե մեզ հիմա

բանաստեղծներն են գովերգում նրանց: Եվ շատերն էլ բիլ

վերառաք դեմքով մեզ են աղոթում: Գուցե թե օտար բյուր անեծքների

նպատակակետ ու թիրախ ենք մենք, որ տեղ չեն հասնում մեզ հար ու բնավ,

հարևաններն ենք գուցե այն Աստծու, որին մշտապես կարծել են նրանք

բարձունքներում է մեր բնավորվել, ու երբ լալիս են նրանք ներքևից

առ նա, ում իրենք հավատում են ու կորցնում հաճախ,

պատկերը նրա ջահերի միջից իրենց խուզարկու,

առկայծասփյուռ ու հողմահալած` հանց շողարձակում ու երկնափայլ

մեր շփոթահար դիմերիզով է ճանապարհ հարթում:


Category: My files | Added by: Chateau
Views: 1197 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: