Wednesday, 2017-10-18, 10:12 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  October 2017  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԹՅՈՐԼԵՍ` Հատվածներ

 

Մուզիլ դեմքԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԹՅՈՐԼԵՍԻ ՀՈԳԵԽՌՈՎՔԸ 


Հատվածներ


Մտքերով տարված, Թյորլեսը միայնակ իջավ այգի` զբոսնելու: Կեսօրվա կողմ էր, և ուշ աշնանային արևը իր աղոտ հիշողություններն էր նետել մարգագետիններին ու ճանապարհներին: Քանի որ իրեն պաշարած անհանգստության պատճառով Թյորլեսը ցանկություն չուներ երկար-բարակ զբոսնելու, նա պարզապես շրջանցեց շինությունը և իրեն նետեց գրեթե անպատուհան կողապատի տակ աճած գունաթափ, շնկշնկացող խոտի մեջ: Նրա գլխավերևում տարածված էր երկինքը` ամբողջապես գունատ, ցավեցնող երկնագույնի մեջ թաղված, ինչը հատկանշական է աշնանը, ու երկնքում սահում էին փոքրիկ, ճերմակաթույր, թանձր ամպերը:

Թյորլեսը երկար ժամանակ պառկած մնաց, մեջքի վրա տարածված, և աչքերը կկոցած, անորոշ անուրջներին անձնատուր` հայացքը հառել էր իր առջև վեր խոյացող զույգ ծառերի մերկացող ցողունների միջև բացվող տարածությանը:

          Նա մտածում էր Բայնեբերգի մասին. և սակայն ի~նչ տարօրինակ մարդ էր նա… Նրա խոսքերը շատ հարմար կգային մի հնամաշ հնդկական տաճարին, կոպտատաշ կուռքերին ու կախարդված օձերին` խորափոսերում պատսպարված: Բայց ի՞նչ կապ ունեին դրանք օրը ցերեկով, ուսումնարանում, ժամանակակից Եվրոպայում… Եվ սակայն այդ խոսքերը, ձգվելով հավերժության հեռաստաններում, ասես վերջ չունեցող, հազարավոր ոլորաններով ու կեռմաններով ձգվող ճանապարհի նման, թվաց, թե ի վերջո եկան-հասան մի շոշափելի նպատակի…

          Եվ հանկարծ նա նկատեց, նրան այնպես թվաց, թե դա առաջին անգամ էր պատահում իր հետ, նկատեց, ըստ էության, թե որքան բարձր էր երկինքը:

          Դրանից նա սարսափահար եղավ: Հենց ուղիղ իր գլխավերևում լուսափայլում էր փոքրիկ, կապույտ, անասելիորեն խորունկ մի հորատանցք` ամպերի մեջ երևակվող:

          Նրան այնպիսի զգացողություն էր պաշարել, որ կարծես հարկավոր էր այնտեղ մագլցել մի երկար, շատ երկար սանդուղքով: Բայց որքան նա ավելի բարձր էր այնտեղ թափանցում, աչքերով վերև մագլցելով, այնքան ավելի նահանջում էր այդ կապույտ, լուսափայլող շերտը: Եվ սակայն թվում էր, որ դրան, այնուամենայնիվ, կարելի էր հասնել և հայացքով կանգնեցնել այն: Այդ ցանկությունը գնալով ավելի ցավեցնող և ուժգնացող դարձավ:

          Թվում էր, թե դույզն-ինչ անհնարին թվացող, գերլարված տեսողական ուժը նիզակների պես այսուայնկողմ էր նետում հայացքները` ամպերի մեջ բացված այդ ճեղքի մեջ մխրճվելով, և որ ինքը, որքան ավելի հեռուն էր իր հայացքն ուղղում, այն մշտապես, վրիպելով, չէր հասնում թիրախին:

          Հենց այդ մասին էլ մտածում էր Թյորլեսը. նա ջանում էր հնարավորինս հանգիստ և խելամտության սահմաններում մնալ: ՙՀիրավի վերջ չկա,- մտածում էր նա,- այդպես ողջը գնում է ու գնում, ավելի հեռու, հեռու, մինչև անսահմանությունը՚: Նա հայացքը չէր կտրում երկնքից և շարունակ կրկնում էր այդ միտքը, որ կարծես դրանով ցանկանում էր փորձարկել ոգեհարցության կամ կախարդանքի բանաձևը: Սակայն անհաջող կերպով. բառերը ոչինչ չէին ասում, կամ ավելի ճիշտ, բոլորովին ուրիշ բան էին արտահայտում, որ կարծես, թեև խոսում էին միևնույն առարկայի մասին, սակայն նրա մեկ ուրիշ, օտարոտի, անտարբեր կողմի մասին:

          ՙԱնսահմանությունը…՚: Թյորլեսն այդ բառին ծանոթ էր մաթեմատիկայի դասընթացից: Նա դրա մեջ երբեք մի ինչ-որ արտասովոր բան չէր պատկերացրել: Նա շարունակ կրկնում էր այդ բառը. ինչ-որ մեկը ժամանակին հայտնագործել էր այն, և այդ ժամանակից սկսած նրա օգնությամբ կարելի էր հաշվարկներ կատարել այն նույն վստահությամբ, որպես թե ամրապինդ մի բանի միջոցով: Դա հենց այն էր, ինչ հարկավոր էր հաշվարկներ կատարելիս. իսկ դրանից ավելին Թյորլեսը երբեք էլ որևէ այլ բան չի փնտրել:

          Այդժամ նրա մեջ կայծակի արագությամբ թափանցեց այն զգացողությունը, որ այդ բառի մեջ սարսափելիորեն անհանգստացնող մի բան կա: Այն իրեն պատկերացավ իբրև սանձահարված, ընտանեցված մի հասկացություն, որի միջոցով նա ամեն օր կատարում էր իր փոքրիկ ձեռնածությունները և որի վրայից այժմ ընկել էին ձեռնաշղթաները: Բանականությունից անդին ընկած, վայրի, ոչնչացնող մի բան թվաց այն, ինչ-ինչ հայտնագործողների աշխատանքի արդյունքում քնեցրած մի բան, որն հիմա հանկարծակի արթնացել էր և վերստին սարսափելի դարձել: Ահա’, այս երկնքում,  այժմ կենդանացյալ, այն կանգնած է նրա գլխավերևում և սպառնում է ու ծաղրում:

           Վերջապես նա աչքերը փակեց, քանի որ այդ տեսարանն անչափ տանջում էր իրեն:

          Երբ դրանից քիչ անց, թոշնած խոտի վրայով անցնող քամու հորձանքի շնկշնկոցը վերստին արթնացրեց նրան, նա գրեթե չէր զգում իր մարմինը, իսկ ոտքերից դեպի վերև հոսում էր հաճելի մի սառնություն, որ լցնում էր իր ծայրանդամները քաղցր-մեղցր ծուլության թմբիրով: Իրեն պաշարած նախկին սարսափին այժմ ինչ-որ փափուկ ու հոգնած մի բան էր խառնվել: Նա դեռ շարունակում էր զգալ, թե ինչպես էր իրեն նայում հսկայական ու լուռ երկինքը, բայց այժմ հիշեց, թե որքան հաճախակի էին մինչ այդ էլ այցելել իրեն նման տպավորությունները, և ասես կեսքուն-կեսարթմնի` նա ջոկջկում էր բոլոր այդ հիշողությունները և զգում էր իրեն նրանց այդ կապակցումների մեջ ներհյուսված:

          Դա նախ և առաջ մանկական այն հիշողությունն էր, ուր ծառերը կանգնած էին այնպես լուրջ ու լռակյաց, ինչպես կախարդված մարդիկ: Արդեն այն ժամանակ նա պետք է զգացած լիներ այն, ինչը հետագայում մշտապես վերադառնում էր: Անգամ Բոժենայի մոտ ծնված մտքերում ինչ-որ բան կար դրանից, ինչ-որ առանձնահատուկ մի բան, նախազգացման պես մեկը, որ ավելին էին, քան իրենց նշանակությունը: Եվ հրուշակեղենի խանութ-սրահի լուսամուտների առաջ, այգում տարածվող լռության այն ակնթարթը, նախքան որ կիջնեին զգայականության մթնդած վարագույրները, այդպիսին էր: Եվ Բայնեբերգն ու Ռայթինգը շատ հաճախ, մի ինչ-որ մտքի արանքներում հայտնվելով, դառնում էին օտար ու անիրական: Եվ վերջապես Բազինին… Միայն այն պատկերացումը, թե ինչ կատարվեց նրա հետ, Թյորլեսին ամբողջովին պատառոտեց, երկու կես արեց` երկփեղկեց: Այդ պատկերացումը մերթ խելամիտ էր ու առօրեական, մերթ էլ պատկերների բազմազանությամբ ու լռությամբ լեցուն, որոնք ընդհանուր էին բոլոր այդ զգացողությունների ու տպավորությունների համար, որ կամաց-կամաց, աստիճանաբար սողոսկում էր Թյորլեսի ընկալումների մեջ և այժմ հանկարծակի հավակնում էր, որպեսզի իրեն վերաբերվեն իբրև իրական, կենդանի մի բանի. ճիշտ այնպես, ինչպես նախկինում անսահմանության մտահայեցումին:

          Թյորլեսն այժմ զգում էր, որ այն իրեն շուրջառել էր բոլոր կողմերից: Հեռավոր, խավար ուժերի հանգույն, արդեն այն ժամանակվանից ի վեր այն սպառնում էր իրեն, սակայն ինքը բնազդաբար խուսանավում էր նրանից և միայն ժամանակ առ ժամանակ դիպչում էր նրան ամոթխած հայացքով: Իսկ հիմա, ինչ-որ պատահար, մի իրադարձություն սրեց նրա ուշադրությունը և դեպի այնտեղ ուղղորդեց, և ասես միանշանակ ակնարկելու պես` այն հիմա դուրս պոռթկաց բոլոր կողմերից. իր հետ բերելով մի հսկայական հոգեխռովք, որը յուրաքանչյուր ակնթարթ վերստին ու նորովի շարունակում էր ծավալվել:

          Դա գրոհեց Թյորլեսի վրա, ասես մի խելահեղություն, իրերը, երևույթները, մարդկանց որպես երկիմաստ մի բան զգայելու այդ զգացողությունը: Որպես մի բան, որն ինչ-ինչ հայտնագործողների շնորհիվ ու նրանց միջամտությամբ շղթայակցվել էր անվնաս, միամիտ ու բացատրական խոսքին, որպես միանգամայն օտարոտի մի բան, որն ամեն վայրկյան սպառնում էր պոկվելու նույն այդ խոսքից:

          Անշուշտ. ամեն ինչի համար կա մի պարզ, բնական բացատրություն, Թյորլեսը նույնպես գիտեր այդ մասին, սակայն իր վախվորած սքանչացման բերումով, իրեն թվում էր, թե այն ընդամենը պատռում էր լոկ ամենաարտաքին թաղանթը, առանց ի հայտ բերելու ներքին էությունը, որը Թյորլեսը, ասես գերբնականին սահմանակցող մի ինչ-որ անբնական դարձած հայացքով մշտապես տեսնում էր որպես մի երկրորդը’ առաջինի թիկունքից առկայծող:

          Այսպես Թյորլեսը պառկած էր’ ամբողջովին հանձնված հիշողություններին, որոնց միջից, որպես թե օտարոտի ծաղիկներ, տարօրինակ մտքեր էին վերընձյուղվում: Այն ակնթարթները, որոնք ոչ ոք չի մոռանում, իրավիճակները, ուր դադարում են կապակցումներն ու պատճառները, նրանք, որոնց շնորհիվ սովորաբար մեր կյանքը, առանց ընդհատումների արտացոլվում է մեր բանականության մեջ, ասես զուգահեռ են ընթանում և հավասար արագություններով, իրար կողք-կողքի, հիմա վրդովեցուցիչ մի սեղմվածքի մեջ’ դրանք ի մի ձուլվեցին:

          Որոշ երեկոների սարսափելիորեն խաղաղ, տխուր գույներով լռության հիշողությունը հանկարծ փոխարինվեց ամառային կեսօրվա շոգ ու դողացող անհանգստությամբ, որը մի անգամ վառել էր իր հոգին, կարծես նրա վրայով աղմկաձայն սրարշավելիս լիներ ոտքերի ամուր դոփյունով ողջը ցնցող մողեսների պարսը:

          Հետո նա հանկարծ մտաբերեց այն փոքրիկ իշխանիկի ժպիտը, նրա հայացքը, նրա մի շարժումը, այն ժամանակ, երբ իրենք ներքնապես բաժանվել էին իրարից, այն ամենը, ինչի օգնությամբ այդ մարդուկը կտրուկ և ամենայն նրբանկատությամբ ազատվեց այն ամենից, ինչով իրեն կապում էր Թյորլեսը, և ազատագրվելով այդ ամենից, առաջ ընթացավ դեպի մի նոր, օտարոտի ու անծանոթ հեռաստան, որը, միաժամանակ ասես սեղմվելով, կենտրոնանալով մի աննկարագրելի վայրկյանի կյանքի մեջ, անսապասելի բացվեց նրա առաջ: Այնուհետև նորից այցելեցին հիշողություններն անտառի մասին’ դաշտերի ու մարգագետինների միջև ընկած: Ապա և այն լռակյաց նկարը’ իրենց տան մթամած սենյակներից մեկում, որն ավելի ուշ նրան իր մի կորուսյալ բարեկամի մասին էր հիշեցնում: Նա հիշեց մի բանաստեղծության խոսքերը…

          Կան այլ բաներ ևս, որոնցում վերապրումի և զգայումի միջև իշխում է այդ անհամապատասխանությունը, անհամեմատելիությունը: Սակայն, միշտ էլ այնպես է պատահում, որ այն, ինչը մենք մի ինչ-որ պահի վերապրելու պես ճանաչում ենք` առանց որ մասնակցությունն ունենալու, և առանց հարցեր տալու,  դառնում է անհասկանալի ու խառնիխուռն, երբ մենք ցանկանում ենք, փորձում ենք մեր մտքերի շղթաներով կապկպել այն’ դարձնելով մեր հաստատուն սեփականությունը: Եվ այն, ինչը որպես մեծ ու անմարդկային մի բան է երևութանում, քանի դեռ մեր բառերը դրան են ձգվում հեռվից, դառնում է պարզ մի բան և կորցնում է իր անհանգստացնող հատկությունը, հենց որ այն մուտք է գործում մեր կեցության գործողությունների դաշտը:

         Եվ բոլոր այդ հիշողությունների համար հատկանշականն այն էր, որ հանկարծ պարզվեց, որ դրանք մի ընդհանուր գաղտնիք ունեին: Ասես նրանք միասնական լինեին, իրար պատկանեին, և բոլորը նրա դեմ հառնեցին շոշափելիության աստիճան պարզ ու հստակ:

          Ժամանակին դրանք բոլորն ասես ուղեկցվելիս լինեին մի մութ զգացումով, որին նա նախկինում այնքան էլ ուշադրություն չէր դարձնում:

          Հիմա հենց դա էլ մտահոգում էր իրեն: Նա մտաբերեց, թե ինչպես էր ինքը, այն ժամանակ, երբ կանգնած էր իր հոր հետ այն տեսարաններից մեկի դիմաց, հանկարծ բացականչեց. օ~ ինչ գեղեցիկ է… և վրդովվեց, երբ հայրն ուրախացավ: Քանզի ինքը նույն հաջողությամբ կարող էր նաև ասել. սարսափելիորեն տխուր է: Դա բառերի անհամապատասխանությունն էր, սնամեջությունը, որ այն ժամանակ տանջում էր իրեն, կիսատ-պռատ գիտակցությունը, այն, որ բառերն ընդամենը պատահական սողանցքներ էին զգացածի նկատմամբ:

          Եվ այսօր նա մտաբերեց այն նկարը, հիշեց խոսքերը և հստակագույնս մտաբերեց այն զգացմունքը, որը ստում էր, թեև չգիտեր, թե ինչու: Հիշողություններին տրված’ նրա հայացքը վերստին անցնում էր ամեն ինչի միջով: Սակայն կրկին ու կրկին անգամ այն հետ էր վերադառնում’ առանց նրանցից ձերբազատվելու: Հիշողությունների այդ հարստության հանդեպ ծնունդ առած սքանչացման ժպիտը, որը նա, թեև ցրիվ եկած, դեռ շարունակում էր պահպանել, կամաց-կամաց հազիվ միայն նկատելի տառապանքի գույն ընդունեց…

          Նրա մեջ մի անբեկանելի պահանջմունք էր արթնացել’ փնտրել-գտնելու մի կամուրջ, մի ինչ-որ կապ, որևէ համեմատություն, գտնելու իր և նրա միջև, ինչն անբառ ու անխոս կանգնած էր իր ոգու առաջ:

          Բայց հենց որ նա հանգստանում էր որևիցե մտքի վրա, վերստին հայտնվում էր այդ անհասկանալի առարկությունը. դու ստում ես: Կարծես նա անընդհատ բաժանումներ կատարելիս լիներ, որի արդյունքում մշտապես և համառորեն մի մնացորդ էր ցցված մնում, կամ էլ նա կարծես արյան մեջ էր թաթախում մատները’ քանդելու, բացազատելու համար անվերջանալի հանգույցը:

          Վերջապես նա ընկրկեց, տեղի տվեց: Նրա շուրջը ինչ-որ բան ասես ամուր սեղմվեց և հիշողությունները սկսեցին աճել ու աճել անբնական աղճատումներով:

          Նա նորից աչքերը հառեց երկնքին: Կարծես դեռ իրեն հաջողվելու էր, զտագույն պատահականության բերումով, երկնքից կորզելու իր գաղտնիքը և դրա միջոցով ըմբռնելու այն, ինչն իրեն’ Թյորլեսին, ամենուր և ամեն ինչում հոգեկան խռովք էր պատճառում: Բայց նա հոգնել էր, և խորը մենության զգացողությունը սեղմվեց իր շուրջը: Երկինքը լռում էր: Եվ Թյորլեսն զգաց, որ այդ անշարժացյալ, համր երկնակամարի ներքո ինքը կատարելապես միայնակ է, նա իրեն զգաց իբրև մի պստլիկ կենդանի կետ այդ հսկայական, թափանցիկ դիակի ներքո:

          Բայց այն իրեն այլևս չէր սարսափեցնում: Ինչպես մի հին, վաղուց ծանոթ ցավ, այն թափանցեց իր մարմնի ամենավերջին աննվաճ անկյունը:

          Նրան թվաց, թե լույսը կաթնային փայլ ձեռք բերեց և դժգունած ու սառը մառախուղի պես պար էր գալիս իր աչքերի առաջ:

          Դանդաղորեն և զգուշավորությամբ նա շրջեց իր գլուխը և շուրջը նայեց, հավաստիանալու համար, թե արդյո՞ք ողջը իրապես փոխվել էր իր շուրջբոլորը: Այդժամ նրա հայացքը պատահաբար սահեց այն գորշ, անպատուհան պատի վրայով, որ վեր էր խոյանում ճիշտ իր գլխավերևում: Թվաց, այն խոնարհվել էր իր վրա և լռելյայն ու ակնդետ իրեն էր նայում: Ժամանակ առ ժամանակ պատից ջրաշիթեր էին ցած սահում’ նրա մեջ մի թաքուն կյանք արթնացնելով:

          Ինքն հաճախ էր դրան ունկնդիր եղել, թաքստոցում պահ մտած, երբ Բայնեբերգն ու Ռայթինգը անկաշկանդ ի ցույց էին դնում իրենց երևակայական աշխարհը, և ինքը հրճվում էր դրանից, որպես թե ունկնդրելիս լիներ գրոտեսքային թատերական ներկայացմանն ուղեկցող զարմանահրաշ երաժշտական ձևավորումը:

          Բայց հիմա պարզկա օրը կարծես վերափոխվել էր անհատակ թաքստոցի, և կենդանի լռությունը շրջապատել էր Թյորլեսին բոլոր կողմերից:

          Նա ի զորու չէր գլուխը մի կողմ շրջել: Նրա կողքին, խոնավ ու մութ անկյունում փարթամորեն աճում էր պայտաձև ձարխոտը, իր լայնակի տերևներից հյուսելով աներևակայելի թաքստոցներ’ խխունջներին ու որդերին պատսպարող:

          Թյորլեսը ունկնդրում էր իր սրտի խփոցները: Ապա նորից լսելի եղավ ցած հոսող դանդաղ, շշնջացող, կաթկթացող ջրաշիթի ձայնը…… Եվ այդ շշուկները միակ կենդանի բանն էին ժամանակից դուրս հայտնված աշխարհային լռության մեջ……