Tuesday, 2017-08-22, 8:05 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  August 2017  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ԱՅԴՊԻՍԻՔ ՉԵՆ


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՔ ԴԱՐԵՐԻՑ

1729

Երբ մարկիզ ֆոն Էպատանին նետեցին վայրի գազաններին ի կեր, - պատմություն, որը ցավոք չի հիշատակվում տասնևութերորդ դարի ոչ մի ժամանակագրության մեջ,- նա հանկարծ մի այնպիսի սարսափելի իրավիճակում հայտնվեց, որի մեջ նախկինում երբեք չէր եղել: Նա հաշիվները փակեց կյանքի հետ ու հեռացավ` ուրախ ժպիտով, այնպիսի մի հայացքով, որն ասես մի զույգ փայլատ ազնվաքարերի տաշվածքից բխելիս լիներ, սակայն այլևս ոչինչ չտեսնող, ոչնչին չուղղորդված: Սակայն այդ ոչինչը նրան հավերժության գիրկը չփոխադրեց, ընդհակառակը, վերածվեց մի ինչ-որ որոշակի բանի. մի խոսքով, ոչ միայն ոչինչ չեղավ, այլև ոչինչ տեղի չունեցավ, և երբ նրա աչքերը նորից տեսնելու ընդունակություն ձեռք բերեցին, նա իր առաջ տեսավ մի հսկայական վայրի գազանի, որն անվճռականորեն իրեն էր զննում: Մարկիզի համար, պետք է ենթադրել, հիմա դա այնքան էլ սարսափելի չէր - նա վախ զգաց, բայց գիտեր, թե ինչպես էր պետք այն տանել - եթե միայն այդ նույն պահին չզգար, որ իր դեմ-դիմաց գիշատչի էգ տեսակն էր կանգնած: Ստրինդբերգյան աշխարհայացք այն ժամանակ դեռևս գոյություն չուներ, մարդիկ ապրում ու մեռնում էին տասնութերորդ դարի հայացքներով, և Էպատանի բնական շարժումն էր` ամենայն սիրալիրությամբ գլխարկը օդում ճոճել ու գալանտ նրբավարությամբ խոնարհվել: Սակայն այդ պահին նա տեսավ, որ իրեն ուշիուշով զննող տիկնոջ դաստակները գրեթե նույն հաստությանն էին, ինչ և նրա զիստերը, իսկ ատամները, որ տեսանելի էին ագահ հետաքրքրասիրությամբ բացված երախում, իր առաջ ներկայացնում էին սպանդի տեսարանը, որ իրեն էր վիճակված: Անձնավորությունը, որին տեսնում էր իր առաջ, վախ էր ներշնչում, գեղեցիկ էր, ուժեղ, սակայն հայացքն ու կերպարանքը բացառապես կանացի էին: Նա զգում էր, թե ինչպես էր այդ գիշատիչ կատվի բոլոր անդամների մեջ խլրտացող քնքշությունը իրեն ակամայից ստիպում հիշելու սիրո սքանչելի, համրախոս պերճանքի մասին: Նա հարկադրված էր ոչ միայն սարսափից ցնցվել, այլև դիմանալ այն ամոթալի պայքարին, որ մղում էր այդ վախը` ի պետս ցանկա-ցած հանգամանքներում կին էակի վրա տպավորություն թողնելու տղամարդկային պահանջմունքի, վախեցնելու ու հաղթելու իր մեջ կնոջը: Փոխարենը` նա իրեն զգում էր իր հակառակորդի կողմից շփոթմունքի մատնված ու հնազանդեցված: Կանացի սեռի գազանը իր գազանային էությամբ նրան վախ էր ներշնչում, իսկ այն կատարյալ կանացիությունը, որ հորդում էր նրա յուրաքանչյուր շարժումից, հանգեցրեց նրան, որ ամենայն դիմադրության անիմաստությանն ավելացավ նաև ուշագնացության հրաշքը: Նա, մարկիզ դ’Էպատանը, բերվեց էգի վիճակին ու դրությանը, և դա եղավ նրա կյանքի վերջին րոպեին: Նա այլևս ոչ մի հնարավորություն չէր տեսնում խուսափելու իր հանդեպ նյութված այդ չարաղետ խայտառակությունից, ուստի կորցրեց տիրապետությունն իր բանականության վրա և, ի երջանկություն իրեն, այդպես էլ բնավ չիմացավ, թե այնուհետև ինչ կատարվեց իր հետ:

2197 թ. մեր թվականությունից առաջ

Մենք այստեղ բնավ չենք պնդում, որ տարեթիվը հավաստի է, բայց եթե Ամազոնուհիների պետությունը իրականում գոյություն ունենար, ապա հարկ կլիներ այնտեղ ապրող կանանց միանգամայն լրջագույն վերաբերմունքի արժանին մատուցել: Քազի, եթե նրանք կանացի իրավունքների համար պայքարող բռնության հակված իրավապաշտպան ինչ-որ միություն ներկայացնելու լինեին, ապա պատմության մեջ նրանք, ամենաշատը, աբդերիտների կամ սանչո պանսաների համբավը կվայելեին և մինչև մեր օրերը կհիշվեին որպես ապականացիության զավեշտալի մի օրինակ: Փոխարենը` նրանք մեր հիշողության մեջ ապրում են որպես հերոսականության մարմնացում, որից կարելի է միայն եզրակացնել, որ իրենց ժամանակին` բարձրագույն աստիճանի սքանչելագործ եղանակով վառում էին, սպանում ու թալանում: Մեկից ավելի հնդեվրոպացի տղամարդկանց նրանք պետք է որ ահ ու սարսափի մատնած լինեին` մինչև իրենց այդ փառքին տիրանալը: Անշուշտ, մեկից ավելի հերոսների նրանք հարկ է որ փախստյան մատնած լինեին: Մի խոսքով, նրանք պետք է որ նվազ քանակի վնաս հասցրած չլիներին նախապատմական ժամանակների տղամարդկային հպարտությանը, մինչև որ վերջիններս, վերջիվերջո, ի քավումն սեփական ծայրաստիճան նշանակալի վախկոտության, նրանց առասպելա-կան էակների շարքը չդասեին, հետևելով այն հայտնի օրենքին, համաձայն որի` ամռանը բնության գիրկ դուրս եկած քաղաքացին, որ մազապուրծ ճողոպրում է կովից, միշտ էլ պնդելու է, թե այն առնվազն ցուլ է եղել:

Իսկ ի՞նչ կասեք, եթե կույսերի այդ պետությունը երբեք էլ գոյություն չի ունեցել: Եվ դա շատ հավանական է հենց միայն այն պատճառով, որ դժվար է պատկերացնել, թե նրանց մեջ էլ կային վաշտային ու գնդային արագիլներ, որոնք զորակոչիկներ էին հավաքագրում ի պետս տղամարդակործան կույսերի: Ուրեմն ումի՞ց էին այն ժամանակ վախենում անտիկ հերոսները: Իսկ գուցե այդ ամենը լոկ բռնության գործադրման զարմանալի մի երազա՞նք էր: Ակամայից մտաբերում ես այն մասին, որ նրանք նաև աստվածուհիներին էին երկրպագում, որոնց կողմից, պատահում էր, երկրպագության հափրանքին իրենց անձնատուր եղած միջոցին, պատառ-պատառ էին արվում, և որ իմաստուն թեբեացիները սֆինքսի ոտքն էին գնում` ինչպես գիշերաթիթեռները մայր սարդի: Համոթ քեզ ստիպված ես լինում նույնիսկ զարմանալ, թե որպիսի՞ սարդամիջատային երազանքներ էին դասավանդելու պես հրամցնում երկրորդական վարժարանային կրթությամբ մեր այդ նախահայրերը: Հիանալի մարմնամարզիկներ, որ շատ էլ չէին հետաքրքրվում կանանցով, և երազում էին այնպիսի կանանց մասին, որոնցից սարսափելով սոսկում էին: Ի վերջովերջ, մի՞թե պարոն Զախեր-Մազոխը իր նախնիների այդօրինակ երկար շարան է ունեցել: Նման բան շատ դժվար է նույնիսկ ենթադրել: Այլապես մենք կտրվենք մեզ համար հաճելի այն պատկերացմանը, թե առաջներում հենց այն պատճառով էլ խավարն է իշխել, որպեսզի ներկայումս ողջը մեզ պարզ լույսի ներքո երևա: Բայց այն հանգամանքը, որ հումանիստական կրթության ակունքներում նմանօրինակ խառնաշփոթ էր տիրում, մեզ համար դժվար է հավատալ: Իսկ գուցե նրանք կատակու՞մ էին, այդ հին հույները: Կամ թե չէ` Լևանտի բոլոր ժողովուրդների սովորությամբ նրանք ողջը ծայրաստիճան չափազանցրել էին: Կամ էլ` գուցե նրանց նախա-նախա-այլասերվածության հիմքում նախա-նախա-անմեղությու՞նն է ընկած, որը, շատ ավելի ուշ ժամանակներում, ախտահարույց փախստական-ճանապարհորդներին հալածական դարձրեց:
Մութ են քաղաքակրթության ակունքները:

1927

Ինչպե՞ս վարվեցին ՙարդի ժամանակների՚ երկու հարյուրամյակները այս պատմության հետ:

Ոմն տղամարդ բաց ճակատամարտի դաշտում հաղթում է ամազոնուհիների զորքին և գլխավոր ամազոնուհին սիրահարվում է իր տիրակալին: Հիմա արդեն ամեն ինչ կարգին է: Կամակոր էգը սանձահարված է, նա վայր է դնում վահանն ու սուրը, և տղամարդիկ իրենց շոյված զգալով, քմծիծաղում են` շրջան կազմած: Ահա թե ինչ մնաց հին առասպելից: Կրթյալ բյուրգերության դարաշրջանը վայրենաբարո երիտասարդ գիշատիչ կնոջից, որ այրվում էր իր տեգի սայրը տղամարդու կողերի մեջ խողխողելու տենդից, թողեց միայն այն բարոյախրատա-ուսուցողական օրինակը, թե ինչպես են անբնական պոռթկումները կրկին բնականի վերածվում: Բացի այդ, լավագույն դեպքում, անցյալների լոկ խղճուկ մնացորդները թատրոնում, կինոյում և կենսագրգիռ տասնվեցամյա տղեկների ուղեղներում, ուր դիվական կինը, սալոնային օձ-տիկինը կամ ճակատագրական գիշատիչ գեղեցկուհին սոսկ հեռավոր կերպով հիշեցնում են տղամարդասպան իրենց նախնիների մասին:

Սակայն ժամանակները հոսում են: Էլ չասած արդեն գրասենյակավար կանանց մասին, որոնց ներկայությամբ ենթակա-տղամարդը, շողոքորթ հարգամեծարությամբ ջարդուկտոր գալով, այնպես է պատատուկի պես քսմսվում-կպչում` ինչպես համեստագունակ բաղեղը գերհզոր, հաստաբուն կաղնուն: Կարելի է վերհիշել պատմություններ, որոնք ավելի խորն են դիպչում տղամարդկային փառամոլությանը, այդպիսի մի պատմություն տեղի է ունեցել ոչ շատ վաղուց, երբ նշանավոր հետազոտող Քվանտուս Նեգատուսը ներկա էր գտնվում մի հավաքի, ուր ընդդիմությունը կանանց կողմից էր ղեկավարվում: Այդ համաժողովը ամենևին էլ քաղաքական բնույթի չէր, բայց, համենայնդեպս, նրանց թվին էր պատկանում, երբ հոգևոր նորահայտ աշխարհային հովերը առճակատման մեջ էին գտնվում հնի հետ: Քվանտուսը, որպես բազմավաստակ մի այր, հարմարավետ տեղավորվեց հնի փափուկ բարձերի մեջ: Նա դույզն-ինչ ցանկություն չուներ աշխարհայեցողական բանավեճի մեջ ներքաշվելու, և սկզբում ողջունեց կանանց հայտնությունը` որպես հաճելի փոփոխության ազդանշան: Այն ժամանակ, երբ նրանք` վերևում, ճառախոսում էին, ինքը ներքևում նրանց կիսաոտնամաններն էր ուսումնասիրում: Բայց հանկարծ նրա ուշադրությունը գրավեց մասնավոր մի հանգամանք. նրա ականջն ընկավ մի նախադասություն, թե իբր տղամարդիկ, որ մեծամասնություն են կազմում, է’շ են: Նրանք այդ մասին արտահայտվում էին շատ նրբաճաշակ ոճով, և պարտադիր չէ, որ հենց այդ բառն օգտագործեին, սակայն, անպայմանորեն նկատի ունեին հարգանքի մոտավորապես հիշյալ աստիճանը: Եվ մեկը դեռ չնստած, մյուսը, որ հանգստի էր մատնված, անմիջապես վեր էր թռչում և կրկնում էր մեղադրանքը, միայն թե փոքր-ինչ այլ ձևակերպումներով: Նրանց ճակատներին, զայրույթի ու լարվածության ցույցերից, հայտնվել էին փոքրիկ ուղղահայաց կնճիռներ. նրանց ձեռնաշարժությունները նման էին մանկավարժների պահվածքին, որոնք նախատինքներ էին տեղում երեխաների հասցեին` ծուլամտության մեղադրանքով, նախադասություններն արտաբերելով մի այնպիսի բարեխնամությամբ, ինչպես փորձառու խոհարարներն են մաշկազերծում ձեռքի տակ ընկած փասիանը: 

Նշանավոր հետազոտող Նեգատուսը ժպտաց. ինքը բնավ էշ չէր, և իրեն զգում էր իրադրության տերը. նա կարող էր թույլ տալ իրեն առանց նախապաշարումների հանձնվել նրանց գայթակղությանը, քվեարկության ժամանակ արդեն հստակ կերևա, թե ինչն է ինքը ճշմարտացի համարում: Սակայն, ի դժբախտություն իրեն, նրա հայացքը պատահաբար ընկավ մեծամասնությունը ներկայացնող մյուս այրերի վրա: Եվ նրան անմիջապես էլ թվաց, թե նրանք ահա, համառ բթամտության արտահայտությունը դեմքներին նստած էին` որպես կնանիք, որոնց տղամարդը փորձում էր ներկայացնել տրամաբանության ամենահաղթ հրաշքները, որոնց դիմաց իրենք այլ զենք չունեին, քան միայն յուրաքանչյուր նոր եզրահանգում-կրակոցին տրված պատասխանը. ախր ես չեմ ցանկանում… Միայն այդժամ նա նկատեց, որ ինքը ևս մյուսներից ոչնչով չի տարբերվում: Զվարճաբան կոկետությամբ նա սկսեց ուսումնասիրել ոտքերն ու մատները, բերանների շուրջ գոյացած կնճիռներն ու մարմինների դիրքերը, թեև այդ ընթացքում ստիպված էր լսել, որ իր կամքը քնած է, իսկ ինտելեկտն էլ հաստլիկ բյուրգերի ինտելեկտ է, որն առանձնապես հակված չէ այն շարժելու կամ գործի գցելու: Այդժամ տեղի ունեցավ մի բան, ինչը միշտ չէ, սակայն, որ տեղի է ունենում, Քվանտուսն զգաց, որ իրեն կիսով չափ համոզեցին: Երբ նա մտածում էր իր` որպես հետազոտողի համբավի մասին, նա ինքն իրեն թվաց ազնիվ տնային տնտեսուհու կարգավիճակում, որ կռիվ է տալիս սալօջախի շուրջը շարված շշեղենի ու աման-չամանի հետ, մինչդեռ այս տիկնայք ներխուժում են բացազատ աշխարհի սիրտը` փրփրակալած նժույգը սանձած: Իհարկե, գոյություն ուներ առանձնահատուկ իմացությունների մի ամբողջ խմբաքանակ, ուր շատ քչերը կարող էին իր հետ ոտք մեկնել, բայց ի՞նչ օգուտ կարող էիր ակնկալել դրանից, երբ խոսքն այժմ այնպիսի պարզ բաների մասին էր գնում, որոնց անորոշությունը տղամարդու, իր մտքով անցավ նույնիսկ` մի ամբողջական տղամարդու մասնակցություն էր պահանջում: Նրան այլևս թվում էր, որ առարկությունները, որ իր բանականությունը առաջադրելու պես հարուցում էր այդ երիտասարդ կանանց ըմբոստ պահվածքի դեմ, ծնունդ էին առնում վախի զգացումից, իսկ մտքերն էլ քեթխենային ոգևորությամբ հետևում էին նրանց մտքի ու հոգու վայրիվերո դրսևորումներին:
Եթե դեռևս կար մի բան, որ իրեն հավասարակշռության վիճակում էր պահում, դա այն հանգամանքն էր, որ իրենց հակառակորդների շարքերում ևս ոտքի էին կանգնում տղամարդիկ, որոնք անկապություններ էին դուրս տալիս: Ժողովը դրանով իսկ երբեմն-երբեմն մի իսկական եռուզեռի էր վերածվում, բոլորը խանգարում էին իրար` թույլ չտալով, որ մյուսը խոսի: Քվանտուս Նեգատուսը ուշիուշով զննում էր, թե ի՞նչ էին անում իր այդ ճառասացուհիները: Տղամարդկանց բարձրացրած այդ անհեթեթ աղմուկ-աղաղակի բովում` ժպիտները դեմքին նրանք լուռ նստած էին, և իրեն թվաց, թե նրանք աղերսական նշաններ էին ցուցանում: Հետո ամեն անգամ վեր էր կենում յուղոտ ու մկանուտ երիտասարդ մի պարոն` մեծ դեմքով և խիտ գանգուրներով, ի հայտ բերելով ձայնային ելևէջումների մի իսկական ֆենոմենալ ունակություն, ընդ որում` առանձին ձայնարկումներում իմաստը, կարելի է ասել, ընդհանրապես բացակայում էր, բայց ամեն մի նման ձայնարկությամբ նա տեղնուտեղը ջարդուփշուր էր անում ու լռեցնում առնվազն մի քսանի չափ թշնամական ձայնային ելևէջումներ, այնպես որ այդ ընթացքում լսելի էր, թե ինչպես վերահաս լռության միջից բոլոր այդ քսան ընդհատված ճառասացուհիները կրկին ու կրկին շարունակում էին խոսել: ՙԱ’յ քեզ տղամարդ եմ ասե~լ՚, անցավ Նեգատուսի մտքով, սկզբում շոշոքորթ նախանձով: Բայց երբ նա, իր այդ հոգեվիճակում, ավելի հիմնավոր սկսեց խորհրդածել եղելության մասին, եկավ այն եզրակացության, որ ձայնի ուժգնությունն ինքնին լոկ զգայական մի բան է, ինչպիսին երիտասարդ հասակում պատկերանում էին իրեն երկար վարսերը կամ ճոխ ու փարթամ կուրծքը: Մի տեսակ հոգնածություն իջավ վրան, նրա գլուխը սկսեց ցավել այդ մտքերից, որ իր համար միանգամայն խորթ ոլորտի էին վերաբերում: Նա մեծագույն հաճույքով իր կուսակցությունը կթողներ բախտի քմահաճույքին ու կհեռանար այս ժողովատեղից: Հանկարծ ծնունդ առան վարժարանային տարիների աղոտ հիշողությունները. ամազոնուհինե՞ր: ՙԳլխիվայր շրջված աշխարհ՚,- մտածեց նա: Հետո մեկ ուրիշ միտք այցելեց. ՙՇատ ինքնատիպ կլինի` աշխարհը մեկ անգամ գլխիվայր շրջված պատկերացնել: Համենայնդեպս, որոշ առումով, հաճելի փոփոխություն է՚: Այս գաղափարները վերստին խթանեցին նրա մտքի աշխատանքը. նրանցում համարձակության պես մի բան կար, ինքնիշխան տղամարդկային հետաքրքրասիրության պես մի բան: ՙԻ~նչ մութ է քաղաքակրթության ապագան՚, մտածում էր նա: ՙԵս տղամարդ եմ, սակայն, վերջին հաշվով, տղամարդն, ըստ երևույթին, ծայր աստիճան կանացի մի բան պետք է նշանակի, եթե միայն շուտով հետ չվերադառնա իսկական տղամարդկանց ժամանակը՚: Սակայն, երբ քվեարկությունն սկսվեց, նա, այնուհանդերձ, քվեարկեց հօգուտ ռեակցիայի:
Ընդդիմությունը խայտառակ պարտություն կրեց, ժողովն ավարտվեց: Քվանտուսը սթափվեց և, ասպետաբար, ծանրացած խղճի մտոք, հայացքով սկսեց որսալ իր համբերատար հակառակորդուհիների հայացքները: Սակայն վերջիններս սկսել էին թարմ դիմափոշու շերտադրության գործընթացը, նախապես դուրս կորզելով իրենց պստլիկ արծաթափայլ հայելիները: Այն նույն անդրդվելի գործնական պահվածքով, որ քիչ առաջ իրենց մահացու խոսքերն էին արտաբերում, այժմ ջանադրաբար այս մյուս գործին էին լծվել: Քվանտուսը զարմացել էր: Եվ երբ նա դուրս էր գալիս սրահից, մի վերջին, անչափ շվարած դատողություն էր դեռ զբաղեցնում իր միտքը. ՙԵվ որտեղի՞ց են այդ նրբագեղ տղամարդկային գլուխներում ծնունդ առնում այդօրինակ դատարկամտությունները՚: