Saturday, 2017-04-29, 4:45 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2017  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ՄՈՒԶԻԼ` ՕՐԱԳՐԵՐԻՑ

Մուզիլ տառ
ՕՐԱԳՐԵՐԻՑ
1898-1919 թթ.
 
Թերթոններ մսյո Վիվիսեկտորի գիշերատետրից

 
Ես ապրում եմ բևեռային տեղանքում, որովհետև հենց որ մոտենում եմ պատուհանիս, տեսնում եմ միայն սպիտակ, խաղաղավետ տարածություններ, որոնք գիշերվան իբրև բարձրահարթակ են ծառայում: Իմ շուրջբոլորը օրգանական մեկուսացում է, որ կարծես ծածկված լինեմ 100 մետր հաստության սառցե պատյանի ներքո: Այդ ծածկի տակ խորը թաղվածի աչքերի առաջ բացվում է մի յուրահատուկ հեռաստան, որը միայն նա գիտի, ով 100 մետրանոց սառցապատ է վեր խոյացրել իր աչքերի առաջ:
       Դա այսպիսի տեսք ունի, եթե նայում ես ներսից դեպի դուրս: Իսկ դրսից դեպի նե՞րս: Ես մտաբերում եմ մի մոծակի, որին ես մեկ անգամ տեսել եմ լեռնային բյուրեղի բեկորի մեջ զմռսված: Մի ինչ-որ գեղագիտական նախապաշարմունքի արդյունքում, որը ես դեռ առիթը չեմ ունեցել ենթարկեցնելու բանախոհական քննության, մոծակներն ինձ համար այնպիսի մի բան են, որ վիրավորում են իմ, այսպես ասենք` գեղեցկության զգացողությունը: Բոլորովին այլ էր բյուրեղապակու մեջ ներփակված այն մոծակը: Շնորհիվ օտար միջավարում իր ամփոփվածության` նա կորցրել էր այն մասնահատուկ, այսպես կոչված մոծակին հատկանշականը, և ինձ մի տեսակ սև բիծ թվաց` նրբանուրբ զարդանախշերի օղաշրջաններում զետեղված: Ես հիշում եմ, որ նույն զգացողությամբ եմ համակվել այն մարդկանց հանդեպ, որոնք, որոշ երեկոների, ցերեկային լույսից հոգնած իմ երևակայությանը ներկայանում էին սև կետերի տեսքով, որ շարժվում էին կանաչապատ թմբերի վրայով` նարնջադեղին երկնքի հենապատին: Այն զգացողությունը, որ եթե այդ կերպարանքներն ինձ` որպես որոշակի մասնահատկությունների համադրություն, մոտիկից պատկերանային, վստահաբար ինչ-որ կերպ կխրտնեցներին ինձ, սակայն հեռավորության վրա իմ մեջ գեղագիտական բավականություն արթնացրին, համակրանքի պես մի զգացում ոգեկոչելով:
       Հիմա էլ ես նայում եմ դրսից դեպի ներս և, վերջնարդյունքում, այդ դրսից դեպի ներս և ներսից դեպի դուրս հայացք նետելու միագումարն ինձ փիլիսոփայի հայեցողական խաղաղությունն է պարգևում:
Ես այսօր հանկարծ, առաջին անգամը լինելով, ՙընկալեցի՚ իմ սենյակը, հայտնագործեցի ոճական մղձավանջների այդ զարհուրելի խառնակույտը որպես մի ինչ-որ ամբողջականություն, գունավոր հարթությունների մի համադրություն, որն օրգանապես միավորված էր դրսում սփռված այդ սառցանիստ գիշերվա հետ, որ դարպասում էր իմ մենավոր հայացքը, ինչպես նաև ի’նձ հետ, ինչի շնորհիվ ձյունածածկ տանիքների գլխավերևում հառնող այս միջին-եվրոպական հունվարյան գիշերը ներկայանում է ինձ որպես բևեռային մի տեսարան, մի վիթխարահսկա սառցանիստ գերեզմանաթումբ, որի մեջ, խաղաղավետ թալկությամբ, իմ ներքին հայացքն է բեկվում: Բնապաշտության պես մի բան` բնախոսական ծագումնաբանությամբ: Ես ցանկանում եմ օրագիր գրել և այն, որպես երախտիքի նշան, կանվանեմ գիշերատետր, և միայն այնժամ ես լուծված կնկատեմ այս խնդիրը, երբ զգամ, որ ոչ մի դրսեկ բառ կամ հնչյուն չի խաթարում իմ ներկա զգացողության սքանչելի միասնականության ճախրը:
 
       Գիշերատե’տր: Ես սիրում եմ գիշերը, քանի որ այն քողազերծ է, ցերեկները նյարդերը բզկտվում են` կուրանալու աստիճան, սակայն գիշերը, երբ կարծես գիշատիչ գազաններն իրենց մահացու ճիրանների մեջ աքցանում են կոկորդդ, այդժամ նյարդերի կյանքը հանգիստ է առնում ցերեկային թմբիրից` բացվելով դեպի ներս, և մարդս նորովի է զգում ինքն իրեն, այդժամ մութ սենյակում մոմը ձեռքիդ մոտենում ես հայելուն, որն օրվա ընթացքում լույսի ոչ մի հատիկ ճառագայթ չի ընդունել և հիմա ագահորեն այն իր մեջ է ներծծում` վերադարձնելով քեզ քո իսկ դեմքը:
       Գիշատիչ գազանները` մահացու ճիրաններով: Հնում կային արքաներ, որ հովազներ էին լծում իրենց մարտակառքին և, հավանաբար, նրանց մեծագույն հաճույք էր պատճառում այն, որ ամեն վայրկյան կարող էր հավասարակշռությունը խախտվել ու իրենք, օդաճախր սահանկումով, գիշատիչների կողմից պատառոտվելու վտանգին ենթարկվեին:
       Վերջերս ես ինձ համար մի շատ գեղեցիկ անուն հայտնաբերեցի. մսյո Վիվիսեկտոր :
       Բնականաբար, դա միշտ էլ կեցվածք է, երբ մեկն իր համար մի այդպիսի գեղեցկահունչ անուն է հորինում, սակայն, ծայրագույն հյուծվածության պահերին, գերհոգնածությունից անտրամադիր դարձած, մարդս զգում է դրա կարիքը` նրա օգնությամբ ուղղվելու, մեն-միակ բառի մեջ դրոշմելու բոլոր այն գլխավորագույն դրդիչները, որոնք առաջներում իրեն ուժ, կենսասիրություն ու ձգտում էին հաղորդել: Դրանում ամոթալի ոչինչ չկա: Մսյո Վիվիսեկտոր. այդ ե’ս եմ:
       Իմ կյանքը` Արկածներն ու մոլորությունները հոգիների վիվիսեկտորի` քսաներորդ դարասկզբին:
       Ի՞նչ է մսյո Վիվիսեկտորը: Գուցե ապագա ուղեղի մարդու տեսա՞կը, գուցե: Միայն թե յուրաքանչյուր բառ այնքան շատ կողմնակի իմաստ, կրկնակի իմաստ, կողմնակի զգացողություն, կրկնակի զգացողություն ունի, որ ավելի լավ է բառերից հեռու մնանք:
       Ես մոտենում եմ պատուհանին, որպեսզի նյարդերս վերստին իրենց մեջ ներծծեն մենության սարսափազդու բարեբաստությունը:
       100 մետր հաստության սառցաշերտ: Ոչինչ չի թափանցում այստեղ օրվա ամենաբազմազան ազդակներից, որ ծագում ու մայր են մտնում են արեգակի հետ, քանզի մեզ ոչ ոք այլևս այստեղ չի տեսնում: Օ~, գիշերը միայն քնելուն չի ծառայում, գիշերը կարևորագույն դեր է խաղում կյանքի հոգեբանական տնտեսվարման գործում:
       Ցերեկները մեզանից ամեն մեկը պարոն Ա-ն է կամ պարոն Բ-ն, այս կամ մյուս հասարակության անդամ, այս կամ այն պարտավորություններով ծանրաբեռնված, մենք հարկադրված ենք ապրելու այն ալտրուիստական օրենքներով, որ մեր բանախոհությունն է ճանաչում: Գիշերը, սակայն, երբ մեր հետևից փակում ենք ծանրածանր դուռը, բոլոր տեսակի ալտրուիզմները թողնում ենք դրսում, - նրանք այլևս ոչ մի դերակատարություն չունեն, - և մեր անհատականության մյուս երեսն է մտնում իր իրավունքների մեջ. եսասեր-անձնապաստանությունը: Այդ ժամին ես սիրում եմ կանգնել պատուհանի առջև: Հեռվում, ինչ-որ տեղ մի սևաթույր, գերկարծր ստվեր է տնկված, որի մասին ես այն գիտեմ, որ պարտեզներից անդին, տնակների շարքերի առջևով ձգվող մի փողոց է: Այս ու այնտեղ, մեկումեջ դեղին քառակուսիներ են պսպղում` ինչ-որ կացարանի լուսամուտներ: Դա այն ժամն է, երբ մարդիկ վերադառնում են թատրոնից կամ պանդոկներից: Ես տեսնում եմ նրանց ստվերագծերը` որպես դեղին քառակուսիների առաջ վետվետացող սև շերտագծեր, տեսնում եմ, թե ինչպես են նրանք հանում անհարմար թատերական հանդերձանքը և կարծես կամաց-կամաց իրենք իրենց վերադառնում: Կյանքը ծավալվում է նրանց համար` շնորհիվ բազմապիսի մտերմիկ, միջանձնական հարաբերությունների, որ իրենց դերի մեջ են մտնում: Սենյակներում, որ հաճախ մունջ վկան են եղել նրանց մենության, ծվարել է գայթակղությունը` իրենց ազատություն տալու, մոռանալու օրվա պարտականությունները:
       Մեկը մյուսի հետևից քնից արթնանում են ամենատարբեր հույզերը. ահա’, ոմանց պարագայում դրանք կարող են ամենապարզ բնազդներն ու հոգևոր ազդակները լինել, մյուսների դեպքում` տանը գտնվելու հանգստավետության զգացումը կամ էլ` էժանագին գինու պարգևած զգայական հաճույքը:
       Ինձ համար կատարյալ երանություն է ինքս ինձ հետ մենակ մնալը, մեն-մենակ: Պատեհությունը` թերթելու ոչ այնքան անհետաքրքիր պատմությունը մսյո Վիվիսեկտորի, առանց դույզն-ինչ պարտադրվածության` այստեղ վրդովվելու, այնտեղ` սքանչանալու, պատեհությունը` լինել քո իսկ անձնական պատմագիրը կամ գիտնական մեկը, որ մանրադիտակի տակ ուսումնասիրում է սեփական օրգանիզմն ու ուրախանում` յուրաքանչյուր նոր հայտնագործության առթիվ: Հարկ է ասել, որ այս մի եզակի դեպքում այստեղ որևէ կեցվածք չկա: Պարզապես ինքդ քեզ ես ընկերակցում: