Saturday, 2017-04-29, 4:41 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2017  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ...ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիվանագիտություն. ի՞նչ է, ինչպիսի՞ ինչ է և ինչի՞ համար է
 
Դիվանագիտության` որպես պետական-հասարակական գործունեության առանձնահատուկ ոլորտի առարկան համակողմանիորեն սահմանելու համար նպատակահարմար է դիմել նորպլատոնական հասկացողությունների զինանոցից փոխառված երեք հիմնարար, ելակետային հարցադրումների. ի՞նչ է, ինչպիսի՞ ինչ է և ինչի՞ համար է:
 
Ընդսմին` դիվանագիտությունը
- միջոց է (կամ գործիք) միջպետական փոխհարաբերությունների ապահովման, այլև կայացման
- պետական շահի պաշտպանությանը միտված իրականացվող գործնական քաղաքականությանը սպասարկող միջոց է (կամ գործիք)
- պետական կազմավորումների միջև իրականացվող արտաքին քաղաքականության արդյունավորման կամ հնարավորման համար է:
 
Հունարեն διπλώμα = ՙերկծալ՚ եզրույթի Diploma լատիներեն փոխառությունը նախասկզբնապես նշանակել է ՙձեռագիր վավերացված փաստաթուղթ կամ վավերագիր՚: ՙԴիվանագիտությանը՚ տրված հունա-լատիներենից սերող ֆրանսերեն Diplomatie անվանումը նեղ առումով հատկանշում է տվյալ երկրի արտաքին քաղաքական շահերի սպասարկման մեթոդը, լայն առումով` այն բանակցելու, բանավիճելու, հակաճառելու, փաստարկելու, համոզելու, այլև դիմացինին ՙմոլորեցնելու՚ արվեստ է: Ասել է, թե` լուծման կարոտ հրատապ կամ հեռանկարային խնդիրները սեփական քաղաքական շահի հետապնդման տեսակետից (շահագրգիռ տուրևառությունների ծիրում) ցանկալի հանգրվան հասցնելու, իսկ իրադարձությունների ոչ բարենպաստ զարգացումների պարագայում` առկա հիմնահարցերի սուր անկյուները հարթելու` շաղափելու, հնարավորինս մեղմելու, այլև ձգձգելու, մանևերելու, քիչ թե շատ նպաստավոր հուն փոխադրելու մասնահատուկ հմտությունների գործադրման ամբողջություն է:
 
Էդ. Աղայանի ՙԱրդի հայերենի բացատրական բառարանում՚ դիվանագիտության երկրորդ` ՙլայն իմաստը՚ ներկայացված է որպես ՙնրբամիտ հաշիվներով ու հնարագիտությամբ որևէ նպատակի հասնելու հնարքների ու գործողությունների ամբողջությունը՚: Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը, առաջինի համաբանությամբ, դիվանագետին համարում է ՙնրբորեն և հնարամիտ գործող անձ՚: Գործունեության բուն առարկայի, հետապնդած նպատակների եթե ոչ ամբողջական համընկնման, ապա առնվազն խիստ մերձակցության պատճառով երբեմն նաև նույնականացվում են դիվանագիտություն և քաղաքագիտություն, դիվանագետ և քաղաքագետ հասկացությունները:
 
Դիվանագիտություն և քաղաքագիտություն
 
Յուրաքանչյուր երկրի արտաքին քաղաքականությունը և վերջինիս բաղկացուցիչն հանդիսացող ու գործնական իրականացմանը սպասարկող դիվանագիտությունը մի կողմից, և արտաքին քաղաքական հետազոտական միտքը` մյուս կողմից, որպես միևնույն երևույթի գործնական ու տեսական գործառութային մակարդակներ, ներկայացնում են նույն մեդալի երկու կողմերը: Նույնիսկ, եթե ելնելու լինենք այն հանգամանքից, որ ի տարբերություն երևույթների առավելապես ճանաչողությանն ուղղված քաղաքագիտության տրամաբանության` քաղաքականության կամ դիվանագիտության գործնական տրամաբանությունն այլ կանոններով է շարժվում, միևնույն է` դրանք իրարից հստակորեն տարանջատել հնարավոր չէ: Քաղաքական խորհրդատվական ծառայությունը, հիմքում առավելապես գիտա-տեղեկատվական ծառայություն լինելով, մի կողմից որոշակի գիտական հեռահարություն է ենթադրում, սակայն, մյուս կողմից էլ, իր գործնական դերակատարության համար, քաղաքականության նկատմամբ հաղորդակցականության առումով առավելագույն մերձակցության պահանջ է դնում: Այս իմաստով, քաղաքական խորհրդատվությունն իր հիմքում խորապես հետազոտական է, ժամանակակից քաղաքագիտության առաջադրած հարցադրումների առումով` խստիվ արդիական, իսկ օգտակարության առումով` գործնական քաղաքականությանը հնարավորինս մերձակից:
 
Այս երկու բևեռների փոխմերձեցման առաջնահերթ դժվարությունը պայմանավորված է գիտական փորձաքննության (գործառու) նկատմամբ իրականացվող պրակտիկ քաղաքականության (գործատու) համարժեքության ձգտման ծիրում վերջինիս մոտ ժամանակի մշտական պակասի իրական զգացողությամբ: Քաղաքական խորհրդատվության գործնական կիրառության կարևորագույն չափանիշը հետազոտական միավորի կամ միավորների խմբի հնարավորինս սերտ մերձակցությունն է արտաքին և անվտանգության քաղաքականությանն ու վերջինիս սպասարկմանը ենթակա համապատասխան գերատեսչություններին:
 
Խորապես մտածված և գործողության մեջ դրված արտաքին և անվտանգության քաղաքականությունը յուրաքանչյուր երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր է: Ճկուն և արդյունավետ արտաքին ու անվտանգության քաղաքականության իրականացումը պահանջ է դնում բարձրակարգ, այլև համակողմանի ուսումնասիրությունների արդյունքում հիմնամշակված քաղաքագիտական-հասարակագիտական խորհրդատվության, առանց որի քաղաքական որոշումների կայացումը, լուծումների ընտրությունը, մեծ հաշվով, պատահական բնույթ է կրում, շրջանառության մեջ դրված բանաձևումները` ավելի քան պարզունակ են ու հակասական, քաղաքական ծրագրերը` մի կողմ են թողնվում, զերծ մնալով քաղաքագիտական մտքի վայրկենական լուսաճառագումներից, գործնական քաղաքականությանն սպասարկող կանխարգելիչ գործառույթներից, իրատեսական ու ՙհաղթական՚ հակահարվածներից: Սրանով իսկ` վտանգավորության աստիճան աճ կարող է արձանագրել լոկ հորինաստեղծ ու անքննադատ ինքնավստահության արդյունքում կյանքի կոչվելիք անգիտության քանակը. Պոլ Վալերին կասեր` ապագան անհայտ, ներկան թյուր ճանաչված, տրամաբանությունն անբավարար, գիտելիքները թերի, խորաթափանցությունը պակասավոր, առարկան անըմբռնելի, այլև անորսալի, խոսքը չչափաբերված, անվայելուչ, այլև անհամոզիչ, վճիռը միշտ պատահական: Քաղաքագիտական-դիվանագիտական մտքի աշխատանքը, արդյունքում, կարող է նույնանալ բացահայտելիք առարկաների իրական խառնաշփոթին:
 
Խորհրդատվական խախուտ հիմքի արդյունքում վտանգ կա, որ քաղաքագիտությունը կարող է վերածվել լոկ առօրեականության իմաստով հրատապ մարտավարական կարիքների լուծմանն սպասարկու պրակտիկ գործիքի, մոռացության մատնելով անզգայելի, աննկատ ու տևականության դրոշմը կրող, հեռահար, ռազմավարական նշանակության, աշխարհաքաղաքականորեն պայմանավորված օբյեկտիվ, գլոբալ գործընթացների զարգացումները, որոնք իվերջովերջ շրջանակային պայմաններ են ապահովում իրադարձությունների հարահոսից ժամանակ առ ժամանակ դուրս սպրդող մասնահատուկ խնդիրների դաշտի կարգավորման համար: Միայն համընդհանուր զարգացումների շղթան ճանաչելով կարելի է ուղղություն տալ պատահականության դրոշմը կրող մասնավոր հատկականության դրսևորումներին:
 
Դիվանագիտություն և քաղաքականություն
 
Դիվանագիտությունն այնպես է հարաբերվում քաղաքականությանը, ինչպես օդը` ջրին: Ընդ որում` պետական կյանքի կազմակերպման կազմախոսական պլանում քաղաքականությունն այն հոսանուտ, հեղուկ զանգվածն է, որին թթվածնի որոշակի պաշարի առկայությունն անհրաժեշտ է` կենցաղավարող առանձնյակների առաջնահերթ, կենսապահովիչ նշանակության շնչառական գործառույթի ապահովման տեսակետից: Կամ կարելի է ասել որ քաղաքականությունն ու դիվանագիտությունը այնպես են հարաբերվում իրար, ինչպես` մատերիան և ձևը, ընդ որում` ձևը դիվանագիտությունն է:
 
Ավելորդ է ասել, որ և' առկա չլուծված հակամարտությունների կարգավորումը և' ծառացած արտաքին-քաղաքական, սոցիալ-հոգեբանական ու տնտեսական խնդիրների լուծումը և' տարածաշրջանային ու գլոբալ տուրևառությունների ծիրում տվյալ երկրի տեղի ու դերի որոշարկման հարցերը զուգակցման, փոխկապակցված ամբողջականության վերստեղծման ու համարժեք ներկայացման հրամայական պահանջ են դնում, որով միայն կարելի է երկիրն ամբողջականորեն տեղակայել գլոբալ զարգացումների փոթորկահույզ ընթացքների մեջ, որտեղ, չնայած մեծագույն վտանգներին, քաղաքականության սուբյեկտների համար մանևրելու` փոխլրացման ընդարձակ խաղադաշտ է վերապահված: Խնդիրը իրավիճակից օգտվել կարողանալուն է վերաբերում: Այլապես, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դրդապատճառների բերումով, սեփական կամքով կամ պարտադրանքի ուժով մեծ քաղաքականությունից <ինքնադուրսմղումը> կարճաժամկետ հեռանկարում կարող է ջլատել ու փոշիացնել փոքր երկրների ուժերը:
 
Գործնական դիվանագիտության առաջնային դրսևորումը երկրների ու միջազգային կառույցների միջև բնական ընտրությամբ կամ գործնական հողի վրա համագոյակցության կայացման համար երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող օրախնդիր թեմաների շուրջ (կանխակալ դատողությունների ու նախապաշարումների բեռից ձերբազատված, փոխշահավետ կապերի վրա խարսխված) շահագրգիռ շփումների մթնոլորտում ոգեկոչվող փոխադարձ վստահության կամ ուժային գործոնի վրա խարսխված հավակնոտության առերես կամ թաքնված ցույցերն են:
 
Նպատակն է` տպավորություն ստեղծել, որ չլուծված, չարչրկված խնդիրները հատկական են լոկ իրենց հոսանուտ-հեղհեղիկության պատճառով անկառավարելի, ներհակ հասարակական զանգվածներին, իսկ բյուրեղացվածության առումով գերկարծր, անոսրական, անհատականացված, իմա` անձնավորված պետական կազմավորումները և քաղաքականությունն իրականացնող պետական այրերն ու դիվանագետները ավելի ճկուն են ու խորաթափանց և փոխհասկացողության առումով պատրաստակամ են շատ ավելի հեշտությամբ են դիմացինի հետ ընդհանուր լեզու գտնում:
 
Միաժամանակ` միջպետական հարաբերություններում կարևորվում է միջազգայնորեն մշակված համընդհանուր վարվեցողության կամ խաղի կանոններով առաջնորդվելու և դրանցից որոշակի հետևություններ անելու պետական կազմավորումների ընդունակությունը, կանոններ, որոնք պարտադրողականության ուժով ձևակերպված լինելու կարիքը չէին ունենա զուտ նրա համար, որպեսզի միջպետական կապերի խնամքին հետամուտ առանձնաշնորհյալ, նախանձախնդիր պաշտոնեից անձնական հատկանիշների` հոգեմտավոր պատրաստվածության, իրադրային ելքերի փնտրտուքում հաջողակ ճկունության, կամ ընդհակառակը` ապաշնորհության, փորձառության պակասի կամ մարտնչող անմեղսագիտության բարդույթի ապավինությամբ` իրենց լուծումը գտնեն կամ էլ` վարպետորեն շրջանցվեն:
 
Չլուծված քաղաքական խնդիրներով ծանրաբեռնված փոքր երկրների քաղաքական շահը մշտապես թելադրված և պայմանավորված է տվյալ երկրի ներքաղաքական կյանքում ՙդինամիկ կայունության՚ արմատավորմամբ` քաղաքական ճեղքում նախապատրաստելու և այն բարեհաջող հանգրվան հասցնելու կամ հանգուցալուծման բերելու հրամայականով: Դրա համար անհրաժեշտ է տվյալ երկրի քաղաքական ղեկավարության, ողջ ազգաբնակչության և արտերկրի համակիր ուժերի համերաշխ համագործակցությունը ո’չ բնավ քաղաքական այս կամ այն ուժի կամ դեմքի, այլև գաղափարական գծի շուրջ: Դրա համար մշտապես խնդիր է դրված քաղաքական և գաղափարական առաջնորդի փնտրտուքի: Սեփական երկրի և ժողովրդի հետ անողջախոհ մրցակցության մեջ մտնելու կամ պահմտոցի խաղալու, պետությունն ու ազգաբնակչությանը քմահաճ զարգացումների հովերին հանձնելու արատավոր պրակտիկան ի սկզբանե հղի է անդառնալի սխալներ գործելու վերահաս ծանր հետևանքներով:
 
Երկրներում, ուր դեռևս ոչ ևս է կամ չի գործում պետության շահերի սպասարկմանը կոչված քաղաքագիտական-ռազմավարական ուսումնասիրությունների որևէ արդիական, համադրված կառույց, անհնար է դիվանագիտությունը բարձրացնել դիսցիպլինար նորմի մակարդակի: Պատեպատ խփվելու, պատեհապաշտ, պահի թելադրանքով ինքնարարվող հակազդեցական և ոչ կանխարգելիչ դիվանագիտության գոյությունը մեծ հաշվով պայմանավորված է պետական, հասարակական-քաղաքական կյանքում քաղաքագիտական մտքի խանձարուրային գոյությամբ, երբ միայն ուժային կառույցների թելադրանքով, ամենակարող տնտեսվարող սուբյեկտների կամքով, դրսեկ խմբակցային կառույցների անձնավորված շահերով պայմանավորված և նախապատրաստական համակողմանի փորձաքննություն չանցած ու թերամշակված, բեկանման անենթակա հրահանգներից են բխեցվում պետության ներքաղաքական, արտաքին ու անվտանգության քաղաքականության հիմնարար որոշարկիչները:
 
Երկրների կառավարման իրականացման արտաքին քաղաքական պլանում ի հայտ եկած, աշխարհաքաղաքական մշտառկա բարդություններով պայմանավորված օբյեկտիվ դժվարություններն ինքնին ենթադրում են առաջնահերթության կարգով պետության աշխատունակությունն ապահովող կենսահաստատ հիմնասյուների խմբակազմից հատկապես սուբյեկտիվ գործոնների (միջազգայնորեն ազդեցիկ քաղաքական ընտրանու ձևավորման, կադրային գերճիշտ նշանակումների, հասարակության ներսում քաղաքացիական ազատությունների խրախուսման) առավելագույն ակտիվացում: Այլապես, թեև հավակնոտ, սակայն նախաձեռնությունից զուրկ, կրավորական գործելակերպի որդեգրման արդյունքում` պատմաաշխարհագրկան կամ աշխարհաքաղաքական դատապարտվածության, անսխալականության բարդույթի ընդարմացնող թմբիրին անձնատուր` կարելի է կորցնել ողջը և ամենայն ինչ:
 
Արտաքին աշխարհի հետ փոխհարաբերություններում այսօր, առավել քան երբևէ, որոշակի դերակատարություն ունի և գնալով կարծես ավելի հստակ գծագրություն է ձեռք բերում պատմականորեն գոյավորված նախապաշարվածության իներցիայի ուժի թոթափումը, որին, առավել կամ նվազ պարբերաչափով, հատկանշական է կուտակված անվստահության որոշակի լիցքի առկայությունը, հանգամանք, որը ոչ միայն չի կարելի թերագնահատել, այլև, պայթունավտանգության պարբերաչափից ելնելով, առավել ևս` անտեսել: Ինչպես անհատները` դիմացինի նկատմամբ իրենց ամենօրյա փոխհարաբերություններում առաջնորդվում են սեփական ճանաչողական ծարավը բավարարող քարացած, կաղապարված պատկերացումների կցմցում-հարմարեցմամբ (թեկուզև դիմացինի մասին առաջնահայաց ամբողջականության պատրանք կազմելու նպատակով, մանավանդ որ ավելի խորազնին ճանաչողության համար թե' ժամանակը և թե' հատուկ տրամադրվածությունը միշտ էլ պակասում են), այդպես էլ` պետությունների կյանքում անցյալներում ձևավորված փոխվստահության դրական կամ բացասական հաշվեկշռի կախարդական շրջանակը, գործնական հետաքրքրվածության պատրանաթափության որոշակի որակական աստիճանում, մեքենայաբար դեպի ելման դրությանը վերադառնալու սահմանին է հակվում: Այսօրինակ անցանկալի զարգացումները, թերևս, կարելի է դեպի մարման հուն ուղղորդել, եթե, իհարկե, հստակ են առաջիկա խնդիրները ու որոշարկված գործակցության հեռանկարային ուղղությունները:
 
Մեծ տերությունները, ինչպես որ հզոր անհատականությունները` մանր խնդրարկուների պարագայում, հաճախ որոշակի թերահավատությամբ են վերաբերվում արտաքին քաղաքական կողմնորոշիչների որոնումներում փոքր երկրների քաղաքական ընտրանու որդեգրած ելակետային որոշարկիչներին: Մեծերի տեսակետից` սեփական հեռանկարային քաղաքական շահերը հստակորեն չգիտակցելու արդյունքում` փոքր երկրները կարող են հայտնվել ուժերի զուգահեռագծի բերմուդյան եռանկյունու ընդհատականության ջրերում լող տվող և վերջիններիս ապավինությանն ի տրիտուր` իրենց պարտադրված թեականացված իրականությունն ընդունելու ջրապտույտում և, որ ամենակարևորն է, տվյալ երկրի կողմնորոշման թիրախ հանդիսացող կամ ապավինած արտաքին ուժի թելադրանքով` այլ երկրների նկատմամբ ցանկացած պահի որպես պատժիչ մահակ գործածության համար միշտ պատրաստ կարգավիճակում: Հեռանկարային զարգացումների տվյալ երկրի համար անբարենպաստ ծիրում երկրի քաղաքական ընտրանուն, պետական ու հասարակական կառույցներին պաշարելիք հիասթափությունն ու պատրանաթափությունն ինքնին հղի կարող են լինել իրական ժամանակի մեջ չտեղավորվելու, բաց թողածի անվերականգնելիության, ինքնիշխանության պարբերաչափի անդառնալի կորստյան ճակատագրական սպառնալիքով:
 
Փոքր երկրներում իշխանության համար մղված և մղվող, երկրի առանց այն էլ սահմանափակ ներուժը ջլատող անհաշտ պայքարը որոշակիորեն արգելակում է սեփական ռազմավարական գերակա շահերի հետապնդմանն ուղղված տվյալ երկրի ազատ գործելու հնարավորությունը: Մշտառկախված, թեև որոշակիորեն իրական հիմք ունեցող, արտաքին կոնկրետ սպառնալիքի վերաբերյալ իշխող համընդհանուր դարձած գիտակցությունը կարող է այնքան իրատեսական չլինել, քան որ, մասնավորապես, այլ գործոնների` թաքնված, բայց իրական հեռանկարային զարգացումները:
 
Փոքր երկիրներին պարտադրված մանևրելու քաղաքականությունը, կարող է որքան փոխլրացման, նույնքան էլ` փոխչեզոքացման քաղաքականություն հանդիսանալ, նմանվելով այն զուգահեռ գործողությանը (երկիմաստ երկակիության շրջանակներում խաղարկվող), որին դիմում ես (ուժերի իրական հարաբերակցության տարամիտման արդյունքում)` ենթահամակարգի ներսում չտեղավորվող ճարահատ դատապարտվածությանն ի խնդիր:
 
Եթե պետության արտաքին քաղաքականության որոշարկման ընթացքը առաջնահերթության կարգով նպատակաուղղված է ներքաղաքական պլանով ընդդիմադիր ճամբարի դիմադրողականության ընկճմանը, իսկ արտաքին քաղաքական պլանով, արտաքին ներխուժման տեսական հավանականությամբ պայմանավորված, ռիսկայնության գործոնի ընդհուպ մինչև 0-ական աստիճանի նվազեցմանն ու հնարավորինս վերառմանը, ապա այս հանգամանքն ինքնին նեղացնում է մանևրելու համար անհրաժեշտ խաղադաշտը: Արդյունքում` գնալով ուժգնացող որևէ արտաքին ուժի ապավինությանն հետամուտ կողմնորոշմամբ կարող է ընտրվել արտաքուստ թեև ամենահեշտ ու ցնցումներից զերծ, ուղեղի աշխատանքային երանելի դադար ենթադրող, սակայն ինքնահաստատիչ ռազմավարության առումով նվազ հեռանկարային ճանապարհը: Ընտրության գործողությունը կատարվում է, որովհետև դրան այլ գործողություններ են նախորդած լինում, այն է` իշխանությունն ամեն գնով պահելու կամ նվազ անցանկալի ուժերին փոխանցելու հանգամանքը:
 
Փոքր երկրների քաղաքական կյանքում հաճախակի ուղեկցվող ներիշխանական անհաշտ պայքարը (որը, պարբերաբար բերելու է ներիշխանական անխուսափելի ճգնաժամերի), եթե դրան գումարվում է արտաքին քաղաքական բնագավառում երկրի պասիվությունը (սահմանափակ թվով գործիչներին վերապահված) իր միջից ծնունդ կարող է տալ սեփական ինքնիշխանությունը երրորդ ուժի կամ ուժերի ամենափրկիչ դերակատարությանը վերագրելու հարկադիր համակերպվածությանը: Իսկ միջազգային ատյաններում և վերջինիս ազդեցությամբ գոյավորվող հասարակական կարծիքում դժգոհությունը կարող է աստիճանաբար գլուխ բարձրացնել, եթե տվյալ երկրի հետապնդած քաղաքական կոնկրետ խնդիրները և, միաժամանակ, պատմական զարգացման ներկա փուլի տրամաբանությանն ընդդիմանալը, մանավանդ որ դա չի ամրապնդված բոլոր մակարդակներով սպասված դիվանագիտական ակտիվությամբ կամ, առնվազն, պետությունների որոշակի խմբի կողմից միջազգային ասպարեզում տվյալ երկրի հետապնդած խնդիրների հետևողական, համարժեք սատարմամբ, կարող է թուլացնել տվյալ երկրի արտաքին քաղաքականության աշխարհաքաղաքականորեն պայմանավորված առանց այն էլ տկար ելակետային դիրքերը:
 
Արտաքին քաղաքական պլանում դրսևորած ոչ լայնամասշտաբ գործելակերպի և պասիվ-կրավորականության հետևանքով երկիրը կարող է հայտնվել մի այնպիսի ծայրահեղ բարդ քաղաքական իրավիճակում, որն անգամ իշխանական ու հասարակապետական կառույցների ամրության ֆոնի վրա հուսադրող չի կարող ներկայանալ: Իրավիճակի աննախադեպ ծանրությամբ պայմանավորված` երկիրը ստիպված կլինի իր համար առաջնահերթ կարևորության արտաքին քաղաքական հարցերում առաջինը զիջումների գնալ:
 
Մեծ տերությունների համար, պարզ ասած, պետք է հասկանալի, այլև հստակեցված լինեն սատարման դիմաց տվյալ երկրից սեփական սպասելիքները:
 
Երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների կտրվածքով այսօրինակ անհասկացողությունների արդյունքում` օբյեկտիվ, բայց միաժամանակ սուբյեկտիվ պատճառներով, տվյալ երկրի և մեծ տերությունների հարաբերությունները կարող են գալ-ըմբերանալ մի անշարժ կետի, երբ հայցվոր երկիրն արդեն չի կարող, իսկ հայցորդն էլ կարծես այլևս չի ուզում դույզն-ինչ մղում հաղորդել գոյավորված դիմակայության, մեղմ ասած` սառն-անտարբերության մթնոլորտին: Իրերի ստեղծված վիճակը հաղթահարելու համար փոքր երկրի կողմից գերմարդկային ճիգ ու ջանք է պահանջվելու` նախ ինքն իրեն, ապա և դիմացինին ապացուցելու, եթե ոչ գլոբալ մասշտաբով, ապա առնվազն տարածաշրջանային կտրվածքով սեփական դերախաղացության նշանակալիությունը, սեփական քաղաքական շահի գիտակցությամբ տոգորված` գործընկերական հարաբերությունների հիմքի վրա որոշումներ կայացնելու ընդունակ, միջազգային իրավունքի ինքնուրույն միավոր լինելու հանգամանքը:
 
Իրադարձությունների զարգացման ներկա աննախադեպ ու հարափոփոխ արագընթացի պայմաններում փոքր երկրներին մնում է մի վերջին ճիգով պրկելու բոլոր կենսական ու մտավոր ուժերը` մեծ անհայտին դիմագրավելու պատրաստ: