Saturday, 2017-12-16, 4:34 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  December 2017  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ՄԱՐԴԸ - հատվածներ

ՄԱՀՄԱՐԴՆ
ԱՌԱՆՑ 
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 

ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ


1   Ինչից, hարկ է նկատել, ոչինչ չի բխում

Ատլանտյան օվկիանոսի վրա մթնոլորտային ցածր ճնշման դաշտն էր իշխում... Այն շարժվում էր արևելյան ուղղությամբ` դեպի Ռուսաստանի վրա հաստատված մթնոլորտային բարձր ճնշման գոտին և առայժմ հակում չէր ցուցաբերում շրջանցելու այն հյուսիսային ուղղությամբ: Իզոթերմերն ու իզոթերերն իրենց գործն էին անում: Օդի ջերմաստիճանը բնականոն հարաբերության մեջ էր գտնվում միջին տարեկան ջերմաստիճանի, ամենացուրտ ու ամենատաք ամսվա, ինչպես և ապերիոդիկ ջերմաստիճանի ամսական տատանումների նկատմամբ: Արևի ու լուսնի ծագումն ու մայրամուտը, լուսնի, Վեներայի փուլերը, Սատուրնի օղաշրջանները և այլ նշանակալի երևույթներ համընկնում էին աստղաբաշխական աղյուսակներում նշված կանխատեսումներին: Ջրագոլորշիները մթնոլորտում իրենց բարձրագույն լարվածության աստիճանին էին և օդի խոնավությունը նվազ էր: Մի խոսքով, չնայած սույն արտահայտության հնաոճությանը, այն բավական ճշգրտությամբ է բնորոշում փաստերը. 1913 թվականի գեղեցիկ օգոստոսյան մի օր էր: 
     Ավտոմեքենաները կրակահերթի պես գլխապատառ սուրում էին նեղլիկ, խորն ընկած փողոցներից դեպի լուսավոր ու հարթ հրապարակների ծանծաղուտը: Հետիոտների մթնդած բույլերը ձգվում էին մգլած հորձանուտների հանգույն: Այնտեղ, ուր իրենց մեղմածոր շտապողականությունը բախվում էր դիմագրավող առավել հզոր արագություններին, նրանք ավելի էին իրար սեղմվում, այնուհետև` առավել փութաջանորեն էին սկսում հոսել և, որոշ երերումներից հետո, վերստանում էին իրենց հավասարաչափ զարկերակը: Հարյուրավոր ձայները միախառնվում էին գերհզոր աղմուկի մեջ`դուրս պարզելով առանձին սրագագաթները, որոնց երկայնքով վեր էին խոյանում ու նորից ընդհանուր հարթության մեջ խորասուզվում դուրսցցուկ կողոսկրերը, որոնց բախվելով` այսուայնկողմ էին թռչում զրնգուն հնչյունները: Այդ աղմուկ-աղաղակին անձնատուր, չնայած նրա յուրահատկության նկարագրման անհնարինությանը, մարդս երկար տարիների բացակայությունից հետո փակ աչքերով էլ կհասկանար, որ ինքը գտնվում է կայսրության մայրաքաղաք և աթոռանիստ Վիեննայում: Քաղաքները, ինչպես և մարդկանց, կարելի է ճանաչել ըստ նրանց քայլվածքի: Աչքերը բացելուն պես` նույն երևույթը նա ավելի շուտ կնկատեր փողոցային եռուզեռի նկարագրից ելնելով, քան թե դույզն-ինչ նշանակալի մանրուք նրան գլխի կգցեր: Անգամ եթե լոկ երևակայելու լիներ, թե ինքն այդպես կարող էր ճանաչել, դա էլ փույթ չէ: Այն հարցի գերագնահատումը, թե որտեղ ես դու գտնվում, գալիս է դեռևս քոչվորական ժամանակներից, ուր հարկ էր ստուգապես իմանալ կերակրավայրերը: Հետաքրքիր կլիներ գիտենալ, թե կարմիր քթի առնչությամբ ինչու են մարդիկ գոհանում այն հույժ անճշգրիտ բնորոշումով, որ այն կարմիր է, և երբեք հարց չեն տալիս, թե հատկապես ինչպիսի’ կարմիր է այն, այնինչ դա հնարավոր է միկրոմիլիմետրի ճշգրտությամբ արտահայտել ալիքի երկարության միջոցով, մինչդեռ երբ խնդիրը վերաբերում է մի այնպիսի շատ ավելի բազմաբարդ իրողության, ինչպիսին քաղաք երևույթն է, ուր մարդս գտնվում է, մշտապես ցանկանում են ճշգրտորեն իմանալ, թե հատկապես ո’ր քաղաքն է այն: Դա շեղում է շատ ավելի կարևոր բաներից: 
     Նշանակում է, հարկ չկա առանձնահատուկ կարևորություն տալ քաղաքի անվանմանը: Ինչպես բոլոր մեծ քաղաքները, սա ևս բաղկացած էր իրերի ու իրադարձությունների անկանոնություններից, փոփոխական, հետուառաջ ընկնող, իրար բախվող երևույթներից, արանքներում` ժամանակ առ ժամանակ սպրդող լռության անհատակ կետերից, տրորված ճամփաներից ու ճանապարհազուրկ հատվածներից, հսկայական ռիթմային աղմուկից և հավերժական տարաձայնություններից ու բոլոր ռիթմերի հակընդդեմ տեղաշարժից, և ամբողջի մեջ նմանվում էր ամուր շրջանակում ամփոփ եփ եկող անոթի, որ բաղկացած էր շենքերի, օրենքների, հրահանգների և անցյալի ավանդույթների ամրակայուն նյութից: Այն երկու մարդիկ, որ ընթանում էին քաղաքիս լայնարձակ, բանուկ փողոցով, նման տպավորություն, բնականաբար, բնավ չունեին: Նրանք, ակնհայտորեն, պատկանում էին հասարակության արտոնյալ խավերից մեկին, նրբաճաշակ էին իրենց հանդերձանքում, պահվածքում ու միմյանց հետ հաղորդակցվելու վարվելակարգում, իրենց հագուկապին ամրակարված` հպարտորեն կրում էին սեփական անձնանունների սկզբնատառերը և նույն կերպ էլ, ասել է թե` ո’չ ամենևին ցուցադրաբար, այլ սեփական ինքնագիտակցության նրբանուրբ սպիտակեղենին մակտպված, նրանք քաջատեղյակ էին, թե ովքեր էին իրենք և ո’ր կայսերական մայրաքաղաքում ու աթոռանիստում էին իրենց պատշաճող տեղը զբաղեցնում: Եթե ենթադրելու լինենք, որ նրանք կոչվում էին Առնհայմ և Էրմելինդա Թուցցի, ինչը, սակայն, իրականությանը չի համապատասխանում, քանի որ տիկին Թուցցին օգոստոսին իր ամուսնու ընկերակցությամբ գտնվում էր Բադ Աուսզեում, իսկ դոկտոր Առնհայմը դեռևս Կոնստանդնուպոլսում էր, ապա ուրեմն հանելուկ է մնում, թե ովքեր էին այդ մարդիկ: Աշխույժ ու կատակասեր մարդիկ հաճախ են փողոցներում նմանօրինակ հանելուկների առնչվում: Նման հանելուկների լուծումն, ըստ ամենայնի, գտնվում է այնու, որ այդ մասին մոռանում են, երբ առաջիկա հիսուն քայլերի ընթացքում չեն կարողանում հիշել, թե որտեղ են այդ երկուսին հանդիպել: Բայց ահա' այդ երկուսը հանկարծակի կանգ առան, քանի որ իրենց առաջ կուտակված մարդկային բազմություն նկատեցին: Դրանից ընդամենը մի ակնթարթ առաջ ինչ-որ բան դուրս թռավ շարքերի միջից, շեղընթաց շարժման պես մի բան, այն շրջապտույտ տվեց, կողքի վրա սահեց, ծանր, կտրուկ արգելակած մի բեռնատար էր դա, ինչպես արդեն պարզվեց, որը մեկ անիվով մայթեզրին էր բարձրացել ու այնտեղ լռվել-մնացել: Ինչպես մեղուները փեթականցքի մատույցներում` մարդիկ մի ակնթարթում խռնվեցին պստլիկ բծի շուրջը` մեջտեղում ազատ տարածք թողնելով: Այնտեղ, իր մեքենայից դուրս գալով, կանգնել էր վարորդը` գորշ, ինչպես փաթեթավորման ստվարաթուղթը, և կոպտատաշ շարժուձևերով բացատրություն էր տալիս պատահարի վերաբերյալ: Մոտեցողների հայացքներն ուղղվում էին նրա կողմը, այնուհետև զգուշորեն ցած սահում դեպի բացված անցքի խորքը, ուր ինչ-որ մեկը, մահացածի պես անշարժացած` պառկած էր մայթեզրին: Նա տուժել էր սեփական անզգուշության պատճառով, ինչպես համընդհանուր մտայնությունն էր: Մարդիկ փոխնիփոխ ծունկի էին իջնում նրա կողքին, որպեսզի ինչ-որ բան ձեռք առնեին նրա հանդեպ, հերթով բացուխուփ էին անում նրա բաճկոնակը, փորձում էին բարձրացնել նրան կամ, ընդհակառակը, վերստին գետնին պառկեցնել: Ո'չ ոք, ըստ էության, չէր ցանկանում այլ բան անել, քան ժամանակը լցնել, մինչև որ արհեստավարժ փրկարարական ծառայության հետ կժամաներ փորձառու ու իրավասու օգնությունը: 
     Բարձրաշխարհիկ տիկինն ու իր ուղեկիցը նույնպես մոտեցան և գլուխների կույտի ու կորացած մեջքերի վերևից նայեցին ընկածին: Հետո նրանք հետ քաշվեցին ու քայլքը դանդաղեցրին: Տիկինը տհաճ մի բան զգաց սրտամկանի ու ստամոքսի միջակայքում, որը նա, իրավացիորեն, ընկալեց իբրև կարեկցանքի արտահայտություն, դա մի անվճռական, ճնշող զգացողություն էր: Պարոնը, որոշ ժամանակ լռելուց հետո, ասաց նրան. ՙԱյս ծանր բեռնատարները, որ gործածվում են այստեղ, արgելակման շատ երկար հետաgիծ ունեն՚: Դրանից տիկինն իրեն թեթևացած զgաց և երախտաgիտություն հայտնեց` ուշադրությունը կենտրոնացրած հայացքով: Նա արդեն քանիցս լսել էր այդ արտահայտությունը, բայց չgիտեր, թե ինչ ասել է արgելակման հետաgիծ, և չէր էլ ուզում իմանալ: Նրա համար բավական էր, որ ասվածն այդ սարսափելի եղելությունը արդեն իսկ մի որոշակի շրջանակի մեջ էր դրել և տեխնիկական բնույթի խնդիր դարձել, որն իրեն անմիջականորեն չէր վերաբերում: Արդեն իսկ միանgամայն լսելի էր նաև փրկարարական մեքենայի կտրուկ ու զիլ շչակի ձայնը, որի հապշտապ հայտնությունը բոլոր սպասողների հոգիները բավականությամբ լցրեց: Ուղղակի հրաշալի են այդ հասարակական ծառայություն կոչվածները: Դժբախտ պատահարից տուժածին տեղադրեցին պատգարակի վրա և վերջինիս հետ միասին` նրան էլ մեքենայի մեջ խցկեցին: Տուժածի շուրջբոլորը միատեսակ համազգեստավոր մարդիկ էին ճիգ ու ջանք թափում, իսկ մեքենայի թափքի ներսում, որքանով որ հայացքով կարելի էր որսալ, ողջն այնպես մաքուր էր ու կարգուկանոնով, ինչպես հիվանդասենյակում: Այլևս կարելի էր հեռանալ գրեթե արդարացված տպավորությամբ, թե տեղի ունեցածն ընդամենը մի ինչ-որ օրինական և ինքնին հասկանալի բան էր: 
     - Ըստ ամերիկյան վիճակագրության,- նկատեց պարոնը,- այնտեղ ավտովթարներից տարեկան միջին հաշվով մահանում է 190.000 մարդ և վնասվածքներ են ստանում 450.000-ը:      
     - Դուք կարծում եք նա մահա՞ցել է,- հարցրեց իր ուղեկցորդուհին, որը դեռևս այն նույն չարդարացված զգացողությամբ էր համակված, թե ինքը արտասովոր մի եղելության էր ականատես եղել: 
      - Հուսով եմ դեռ կենդանի է,- պատասխանեց պարոնը:- Երբ նրան մեքենայի մեջ էին փոխադրում, համենայնդեպս, նա կարծես կենդանի լիներ:

2        Առանց հատկությունների մարդու տունն ու կացարանը

Փողոցը, ուր այս փոքրիկ դժբախտ պատահարը տեղի ունեցավ, մեկն էր այն երկար, խճողված երթևեկ հորձանուտներից, որոնք ճառագայթակերպ դուրս են հորդում քաղաքի միջնամասից, կտրում-անցնում են ծայրամասերն ու  թափվում արվարձանների մեջ: Եթե մեր գեղեցկատես զույգը միառժամանակ ևս նրանով ընթանալիս լիներ, ապա երկուսով ականատեսը կլինեին մի բանի, ինչը նրանց վստահաբար դուր կգար: Դա կիսախնամ մի այգի էր` տասնևութերորդ կամ նույնիսկ տասնյոթերորդ դարից, և երբ անցնում էիր նրա երկաթակուռ կոփածո ճաղաշարի կողքով, ապա ծառերի արանքից կարելի էր տեսնել խնամքով խուզված սիզամարգերի գլխավերևում երևակվող կարճլիկ թևաշարով փոքրիկ դղյակի պես մի բան, անցյալներից մնացած որսորդական կարիքների կամ սիրային փաղաքշանքների համար նախատեսված պստլիկ մի դղյակ: Ավելի ճշգրիտ ասած` շինության կրող սյուները սերում էին տասնյոթերորդ դարից, այգին ու վերնահարկը` տասնութերորդ դարին բնորոշ արտաքին տեսք ունեին, ճակատամասը վերանորոգվել էր տասնիններորդ դարում և դույզն-ինչ խաթարվել, ողջն, այսպիսով, մի տեսակ դզված-փչվածի տպավորություն էր թողնում` իրարահաջորդող լուսանկարչական պատկերների հանգույն, սակայն, համենայնդեպս, հնարավոր չէր ափիբերան կանգ չառնել ու չբացականչել ՙա~խ՚: Եվ երբ ճերմակ, նրբագեղ ու գեղեցկատես շինությունը բացում էր իր պատուհանները, հայացքիդ առաջ հառնում էր պատերի երկայնքով վեր խոյացող գրադարակների առինքնող խաղաղավետության մեջ թաթախված գիտնականի կացարանը:
            Այս կացարանը և այս տունը պատկանում էին առանց հատկությունների մարդուն:
            Նա կանգնած էր պատուհաններից մեկի հետևում, այգին պարուրած նրբականաչ օդազտիչի միջով նայում էր դարչնագույն փողոցին և, ժամացույցը բռնած, արդեն մի տասը րոպեի չափ հաշվում էր մեքենաները, հանրակառքերը, տրամվայներն ու հեռավորության վրա երևակվող  հետիոտների լղոզված դեմքերը, որ հայացքի ցանցկեն կաղապարը լցնում էին անհանգիստ շտապողականությամբ: Նա հաշվարկում էր արագությունները, անկյունները, անցնող-դարձող շարժվող զանգվածների կենսական ուժը, որոնք, կայծակի արագությամբ, աչքն իրենց կողմն են գրավում, իրենց վրա գամում, ապա բաց թողնում այն և, մի որոշակի ժամանակի ընթացքում, որ ենթակա չէ որևէ հաշվարկի, ստիպում են ուշադրությունն իրենց վրա բևեռել, կտրվել նրանցից, ցատկել դեպի հաջորդը և հետամտել նրան: Կարճ` մտքում միառժամանակ հաշվարկներ կատարելուց հետո, ժպիտը դեմքին` նա ժամացույցը գրպանում թաքցրեց և եզրակացրեց, որ դատարկաբանությամբ էր զբաղվում: Եթե միայն հնարավոր լիներ հաշվարկել ուշադրության ցատկերը, ակնամկանների աշխատանքը, հոգու տատանողական շարժումները և բոլոր այն ճիգ ու ջանքը, որ մարդս գործադրում է ոտքի վրա կանգնած մնալու համար փողոցային հորձանուտում, ապա հավանաբար կստացվեր - այսպես էր նա մտածում և զվարճանքին անձնատուր` փորձելով հաշվարկել հաշվարկի անենթակա անհնարինը - մի մեծություն, որի համեմատությամբ ուժը, որ անհրաժեշտ էր Ատլանտին` երկիրն իր ուսերին պահելու համար, չնչին կլիներ, և այդժամ կարելի կլիներ չափել, թե ինչպիսի հսկայական աշխատանք է գործադրում նույնիսկ այն մարդը, որ ոչինչ չի անում:   
            Քանի որ առանց հատկությունների մարդը տվյալ պահին այդպիսի մեկն էր:
            Իսկ ինչ-որ բան անողը…
            ՙՍրանից կարելի է երկու եզրակացություն անել՚,- ասաց նա ինքն իրեն:
            Քաղաքային գործառուի շարժամկանային աշխատանքը, որն ամեն օր հանգիստ իր գործին է գնում, շատ ավելի մեծ է ու նշանակալի, քան մարմնամարզիկինը, որն օրեկան մեկ անգամ հսկայական ծանրություն է բարձրացնում. դա ապացուցված է բնախոսական տեսակետից, և նշանակում է, որ մանր-մունր առօրյա ջանքերն իրենց հասարակական հանրագումարում և շնորհիվ այն բանի, որ դրանք տրվում են հաշվարկման, ըստ էության շատ ավելի մեծ եռանդուժ են ներարկում աշխարհի մեջ, քան հերոսական սխրանքները. հերոսական արարքներն անգամ շատ ավելի աննշան են թվում, քան ավազահատիկը, որն անպատկերացնելի երևակայության ուժով միայն կարելի է լեռան վրա առմտածել: Այս միտքը նրան դուր եկավ: 
             Բայց պետք է հավելադրության կարգով ասել, որ այն իրեն դուր եկավ ո'չ բնավ այն պատճառով, քանի որ ինքը սպառողական հասարակության սիրահար էր, ընդհակառակը, նրան հաճույք էր պատճառում դժվարություններ հարուցել սեփական հակումների համար, որոնք ժամանակին ուրիշ էին եղել: Գուցե հենց սպառողական քաղքենին է, որ մեծ հաշվով կանխազգում է նոր, կոլեկտիվ, մրջնանման հերոսականության ծնունդը: Այն կանվանեն բանախոհական հերոսականություն և կհամարեն ավելի քան գեղեցիկ: Ո±վ դա կարող է արդեն այսօր իմանալ… Մեծ կարևորություն ներկայացնող այսօրինակ անպատասխան հարցեր այն ժամանակ հարյուրավորները կային: Դրանք թևածում էին օդում, դրանք վառվում էին ոտքերի տակ: Ժամանակն առաջ էր ընթանում: Մարդիկ, որոնք այն ժամանակ դեռևս չէին ապրում, ցանկություն չեն ունենա հավատալու դրան, սակայն, այն ժամանակ էլ` ժամանակ կոչվածը շարժվում էր հեծելաուխտի արագությամբ, և ո'չ միայն այսօր: Միայն թե չգիտեին, թե դեպի ուր: Նաև չէին կարողանում ինչպես հարկն է տարբերակել, թե ինչն էր վերևում և ինչը` ներքևում, ինչն էր առաջ ընթանում և ինչը` հետ: ՙՄարդ կարող է անել, ինչ ցանկանում է՚, ինքն իրեն ասաց առանց հատկությունների մարդը` ուսերը թոթվելով, ՙուժերի նման խառնաշփոթում դա բնավ նշանակություն չունի՚: Նա շրջվեց այն մարդու պես, որն ուսանել է հրաժարվել, անգամ հիվանդ մարդու հանգույն, որը խուսափում է ցանկացած  ուժեղ շփումից, և երբ նա, հատելով իր միջանցիկ հանդերձասենյակը, անցնում էր այնտեղ կախված բռնցքամարտիկի տանձագնդակի մոտով, վերջինիս մի այնպիսի փութկոտ ու ուժգին հարված հասցրեց, ինչը հաշտ ու խաղաղ տրամադրության կամ թուլության հաղթարշավի հոգեվիճակում բնավ սովորական երևույթ չէ:

Առանց հատկությունների մարդը ևս ունի հայր` օժտված հատկություններով

Առանց հատկությունների մարդը վերջին անգամ արտասահմանից վերադառնալուց հետո, ընդսմին` սեփական քմահաճույքին տուրք տալով և որովհետև նողկանք էր տածում սովորական բնակարանների հանդեպ, վարձակալեց այս փոքրիկ դղյակը, որը ժամանակին քաղաքային դարպասների հարևանությամբ տեղակայված ամառային նստավայր էր, որ կորցրել էր իր երբեմնի նշանակությունը, երբ քաղաքը աճելով` նրան իր մեջ կլանեց, դառնալով այլևս ոչ այլ ինչ, քան լքված, հողի գնաճին սպասող հողատարածք, ուր ոչ ոք չէր բնակվում: Կապալավարձը համապատասխանաբար ցածր էր, սակայն, անսպասելիորեն, հետագայում շատ փող ծախսվեց ողջը վերստին կարգի բերելու և ժամանակակից պահանջներին կապակցելու նպատակով: Դա մի իսկական արկածախնդրություն դարձավ, որի ելքը նրան ստիպեց դիմելու իր հոր օժանդակությանը, ինչն իր համար բնավ հաճելի չէր, քանի որ սիրում էր իր անկախությունը: Նա երեսուներկու տարեկան էր, իսկ նրա հայրը` վաթսունինը:
            Ծերուկը կատաղել էր: Բնավ ո'չ հանկարծահաս հարձակման պատճառով, թեև դա' էլ կար, քանի որ չէր կարողանում հանդուրժել անխոհեմությունը, ո'չ էլ իր կողմից բերելիք նպաստի պատճառով, որին նա հարկադրված էր գնալ, քանզի, ըստ էության, նրա սրտով էր, որ իր որդին տնավորվելու ու սեփական կարգուկանոնին հետամտելու կարիքն էր դրանով իսկ ազդարարել: Սակայն շենքի ձեռքբերումը, որը, թեկուզև նվազականության ցուցիչով հանդերձ, հնարավոր չէր այլ կերպ, քան դղյակ բնորոշել, վիրավորում էր իր զգացմունքը և սարսափեցնում էր նրան` իբրև դժբախտությամբ հղի հանդգնություն:
            Անձամբ ինքը սկսել էր բարձրաշխարհիկ տներում` որպես տնային ուսուցիչ. այդժամ նա ուսանող էր, ապա և փաստաբանի երիտասարդ օգնական, այնպես որ դրա կարիքը չուներ, քանզի իր հայրը բավական ունևոր մարդ էր: Երբ նա հետագայում դարձավ համալսարանի դոցենտ և պրոֆեսոր, դրա համար նա իրեն վարձատրված զգաց, քանի որ այդ հաստատված հարաբերությունների ջանադիր հոգածության արդյունքում ստացվեց այնպես, որ նա աստիճանաբար դարձավ իր հայրենիքի գրեթե ողջ խոշոր հողատեր ազնվականության իրավախորհրդականը, թեև հիմա արդեն բնավ կարիքը չուներ կողմնակի զբաղմունքի: Եվ անգամ այն բանից շատ ժամանակ անց, երբ այդ ճանապարհով իր ձեռքբերած կարողությունն արդեն իսկ համեմատելի էր հռենոսյան արդյունաբերողների ընտանիքի առավոտյան նվիրատվության չափին, որ իր որդու վաղաժամ վախճանված մայրն էր ամուսնության սնարին իր հետ բերել, երիտասարդության տարիքում ձեռքբերված և տղամարդկային հասակում ամրապնդված այդ կապերը դեռևս չէին ընդհատվում: Թեև մեծարգո և վաստակաշատ գիտնականը այժմ արդեն հրաժեշտ էր տվել իսկական փաստաբանությանը և միայն հազվադեպ էր զբաղվում բարձր վարձատրվող  փորձագիտական գործունեությամբ, համենայնդեպս բոլոր իրադարձությունները, որ առնչվում էին իր նախկին հովանավորների շրջանակին, ամենայն բարեխղճությամբ գրանցվում էին իր նոթագրերում, մեծագույն ճշգրտությամբ փոխանցվելով հայրերից որդիներին ու թոռներին, այնպես որ ոչ մի հարսանիք, ծննդյան կամ անվանակոչության օր չէր մնում չհիշատակված շնորհավորական գրությամբ, որ մատուցվում էր հասցեատիրոջը` մեծարանքի ու համատեղ հիշողությունների նրբանկատ խառնուրդով: Նույն ճշտապահությամբ էլ ամեն անգամ հետևում էին կարճառոտ պատասխան գրությունները, ուր երախտագիտություն էր հայտնվում սիրելի բարեկամին ու մեծատաղանդ գիտնականին: Այսպես` նրա որդին պատանեկության տարիներից լավատեղյակ էր բարձրաշխարհիկ տաղանդի այդ գրեթե անգիտակցական, սակայն ճշգրտորեն ծանրութեթև անող մեծափառությանը, որն անսխալ կերպով չափորոշում է սիրալիրության աստիճանը և, այդպիսով, հոգևոր ազնվականության դասին պատկանող մարդկանց հպատակի այդ կեցվածքը նժույգների, վարելահողերի ու ավանդույթների տիրակալների հանդեպ միշտ էլ նյարդայնացնում էր նրան: Սակայն հաշվենկատությունը չէ, որ իր հորը դրա հանդեպ անզգայունակ էր դարձնում. զտագույն բնական հակումն էր պատճառը, որ նա այս կերպ ընթանալով` ճանապարհի մեծ ասպարեզ էր իր թիկունքում թողել, նա դարձել էր ոչ միայն պրոֆեսոր, ակադեմիաների և բազմաթիվ գիտական ու պետական հանձնաժողովների անդամ, բայց նաև ասպետ, նույնիսկ Մեծ Խաչի բարձրագույն շքանշանակիր, Նորին Մեծությունը նրան ի վերջո շնորհեց ժառանգական ազնվականական կոչում, իսկ մինչ այդ էլ` արդեն նշանակել էր Բարձրագույն պալատի անդամ:  Այդ պաշտոնին արժանանալուց հետո` նա հարեց ազատական-բյուրգերական թևին, որը, երբեմն-երբեմն, հակադրվում էր ազնվականական դասին, սակայն բնութագրական է, որ դա չէր անհանգստացնում իր բարձրաշխարհիկ հովանավորներից և ոչ մեկին, անգամ չէր էլ զարմացնում, բարձրացող բուրժուազիայի ոգուց բացի` նրա մեջ որևէ այլ բան չէին էլ տեսնում: Ծեր պարոնը ջանադրաբար իր մասնակցությունն էր բերում օրենսդրության հարցերով հատուկ մասնագիտական խորհուրդների աշխատանքներին, և անգամ, երբ որևիցե վճռական քվեարկության ժամանակ նա հայտնվում էր բուրժուազիայի կողքին, այդ առթիվ հակառակորդ կողմը բնավ չարությամբ չէր լցվում, ավելի շուտ այն զգացողությունն էր տիրապետում, որ նրան ոչ ոք չէր հրավիրել: Քաղաքականության մեջ նա ուրիշ բան չէր արել, քան այն, ինչը նախկինում էլ նրա բնութագրական գործն էր եղել. նա կապակցում էր գերազանցող և երբեմն թեթևակի բարեշրջված գիտելիքն այն տպավորության հետ, թե նրա անձնական նվիրվածությանը, համենայնդեպս, կարելի է վստահ լինել և, ինչպես իր որդին էր հավաստում, էապես չփոխվելով` տնական վարժապետից դարձել էր պալատական ուսուցիչ:
            Երբ նա տեղեկացավ դղյակի հետ կապված պատմության մասին, այն իրեն պատկերացավ որպես օրենքով չկարգավորված, սակայն պատշաճության սահմանները առավել խստությամբ հարգելու դեմ ուղղված ոտնձգություն, և նա իր որդու հասցեին հանդիմանություններ տեղաց, շատ ավելի դառը նախատինքներ, քան որ նրան նախկիններում էր արժանացրել, որոնք հնչում էին ասես չարաղետ վախճանի մարգարեացում, որն ասես հենց միայն հիմա էր սկիզբ առնում: Վիրավորված էր իր կյանքի գլխավոր զգացմունքը: Ինչպես շատերի պարագայում, որոնք հասել էին որևէ նշանակալի բանի, այն բաղկացած էր, հեռու եսասիրական նպատակներից, խորագույն սիրուց` հանդեպ այսպես կոչված համընդհանուր և վերանձնական օգտակարը, այլ խոսքով` անկեղծ հարգանքից առ այն, ինչի վրա սեփական շահն ես կառուցում, ո'չ այն պատճառով, որ կառուցում ես այն, այլ ներդաշնակության մեջ և նրա հետ մեկտեղ ու նաև համընդհանուր սկզբունքներից ելնելով: Դա չափազանց կարևոր է. անգամ ազնվածին շունը իր տեղն է փնտրում կերակրասեղանի տակ, հակառակ որ` ոտքերի հարվածների է արժանանում, ո’չ բնավ շնային ստորաքարշությունից դրդված, այլ հանուն կախվածության և հավատարմության, մինչդեռ սառը հաշվարկող մարդիկ իրենց կյանքում կիսով չափ անգամ չեն հասնում այն հաջողությանը, որքան ճշմարտապես հունցված հոգիները, որ ընդունակ են իսկապես սիրելու մարդկանց և հանգամանքները, որոնք  իրենց օգուտ են բերում: 

4    Եթե գոյություն ունի իրականության զգացողություն, ապա պետք է նաև հնարավորության զգացողություն գոյություն ունենա

Եթե ուզում ես հեշտությամբ անցնել բաց դռների միջով, պետք է ուշադրություն դարձնես այն հանգամանքին, որ նրանք ամուր շրջանակ ունեն. այս հիմնարար կանոնը, ըստ որի մշտապես ապրել էր ծեր պրոֆեսորը, պարզ ասած` իրականության զգացողության պահանջն է: Բայց եթե գոյություն ունի իրականության զգացողություն, իսկ որ այն գոյության իրավունք ունի, դրանում ոչ ոք չի կարող կասկածել, ապա պետք է այնպիսի մի բան էլ գոյություն ունենա, որին կարելի կլինի կոչել իրականության զգացողություն:
          Ով տեր է դրան, նա, օրինակի համար, չի ասի` ահա’ պատահեց, պատահելու է կամ պե’տք է պատահի այս կամ այն բանը, այլ նա գյուտ անելու պես կմտածի. կարող էր, պետք էր կամ հարկավոր էր հենց այս մեկը տեղի ունենար: Եվ երբ ինչ-որ բանի մասին նրան ասում են, թե այն հենց այնպիսին է, ինչպիսին կա, այդժամ նա կմտածի` շատ հավանական է, որ այն բոլորովին ուրիշ կերպ էլ լիներ: Այսպիսով, հնարավորության զգացողությունը ուղղակի կարելի է սահմանել որպես մի ունակություն` մտածելու այն ամենի մասին, ինչը միանգամայն կարող էր լինել, և նրան, ինչը գոյություն ունի, շատ ավելի կարևորություն չտալ, քան նրան, ինչը գոյություն չունի: Կարելի է նկատել, որ նման ստեղծագործական ընդունակության հետևանքները կարող են չափազանց ուշագրավ լինել, և, ցավալիորեն, ոչ հազվադեպ այն, ինչը մարդկանց հիացմունքն է շարժում, նրանք իբրև կեղծ մի բան են ներկայացնում, իսկ այն, ինչն իրենք արգելում են` թույլատրելի, կամ երկուսն էլ` որպես հավասարապես անիմաստ մի բան: Նմանօրինակ հնարավորության զգացողությամբ օժտված մարդիկ ապրում են, ինչպես ասում են, մանվածապատ թմբիրի մեջ` ծխագոլորշուց, երևակայության խաղից, անուրջներից ու պայմանական եղանակից հունցված: Երեխաների միջից, որոնցում նման հակվածություն են նկատում, ամեն կերպ ձգտում են համառ հաստատակամությամբ թոթափել տալ դա, նրանց ներկայությամբ այդ մարդկանց անվանելով երևակայության գերի, երազողներ, թուլակամներ կամ մանրախնդիր ու չմահավան քննադատամոլներ:
Երբ ուզում են նրանց գովաբանել, այդ հիմարամիտներին անվանում են նաև իդեալիստներ, բայց հայտնապես ա’յս և վերոբերյալ սոսկանունները վերաբերում են սոսկ նրանց այն թույլ տարատեսակին, որն անկարող է հասկանալ իրականությունը կամ թշվառ խեղճուկրակությունից դրդված` խուսափում է նրանից, այսինքն թե` այնպիսիններին, որոնց առնչությամբ իրականության զգացողության բացակայությունը իսկապես էլ թերություն է նշանակում: Մինչդեռ հնարավորն իր մեջ ընդգրկում է ոչ միայն թույլ նյարդեր ունեցող անձանց անուրջները, այլև Աստծո ամբողջի մեջ դեռևս չարթնացած նկրտումները: Հնարավոր իրադարձությունը կամ հնարավոր ճշմարտությունն այն չէ, ինչը մնում է իրական իրադարձությունից և իրական ճշմարտությունից, եթե վերջիններիցս վերառելու կամ հանելու լինենք նրանց իրական գոյության բացարձակ արժեքը, այլ այդ հնարավոր կոչված մեծությունների մեջ, առնվազն, ըստ նրանց հավատավորների հայեցակետի, գոնե մի ինչ-որ աստվածային բան կա պարփակված` կրակ, թռիչք, ստեղծագործելու կամք և գիտակցական ուտոպիզմի պես մի բան, որը չի խորշում ու չի երկնչում իրականությունից, այլ նրան իբրև խնդրի, որպես հայտնագործության է վերաբերվում: Վերջիվերջո, երկիրը բնավ զառամյալ չէ, և, պետք է ենթադրել, դեռ երբեք էլ, ճիշտը որ խոստովանելու լինենք, այսպիսի բարեբանյալ հանգամանքներում չի եղել: Եթե ցանկանում ենք ավելի բարեհարմար, պարզորոշ կերպով պատկերացնել, թե ինչով են իրականության և հնարավորության զգացողություններով օժտված մարդիկ իրարից տարբերվում, բավական է հենց միայն մի որոշակի դրամաքանակի մասին առմտածել: Բոլոր այն հնարավորությունները, որ իր մեջ պարունակում է, օրինակի համար, հազար մարկը, այդ ամենը նա իր մեջ պարունակում է, անկասկած, անկախ այն բանից, քո’ գրպանում է, թե ոչ. այն փաստը, թե այն պարոն եսի մոտ է, թե պարոն դուի, նույնպես ոչինչ չի ավելացնում նրան, ինչպես որ ոչիչն չի ավելացնում որևիցե վարդի կամ կնոջը: Բայց հիմարը այդ գումարը թաքցնում է գուլպայի մեջ, ասում են իրականության մարդիկ, իսկ գործունյա, եռանդուն մարդը նրանով ինչ-որ բան է ստեղծում: Նույնիսկ որևիցե կնոջ գեղեցկությանը նա, ով տիրում է նրան, ակնհայտորեն մի բան ավելացնում է կամ ինչ-որ բան վերցնում է այդ գեղեցկությունից: Այդ հնարավորություններն են, որ արթնացնում են իրականությունը, և չկա ավելի անհեթեթ բան, քան եթե փորձես հերքել դա: Այսպես, թե այնպես, հակառակ ամեն ինչի` արդյունքում կամ միջին հաշվով միշտ էլ մնացողը միևնույն հնարավորություններն են, որոնք շարունակաբար կրկնվում են այնքան ժամանակ, մինչև որ հայտնվում է մի մարդ, որի համար իրական կոչված ցանկացած բան ավելին չի նշանակում, քան մտածվողը կամ մտածելին: Հենց նա էլ, առաջին անգամը լինելով, իմաստ ու որոշակի նշանակություն է տալիս նոր հնարավորություններին և այդպիսով` վերարթնացնում նրանց:
          Սակայն այդպիսի մարդը բոլորովին էլ միանշանակ և շատ թե քիչ պարզ ու մեկին երևույթ չէ: Քանի որ նրա գաղափարները, որքանով որ դրանք չեն պատկանում սնամեջ, ցնորամիտ պատրանքների բնագավառին, ո’չ այլ ինչ են, եթե ոչ դեռևս չծնված իրականություններ, բնականաբար, նա էլ ունի իրականության զգացողություն, բայց դա հնարավոր իրականության զգացողություն է, որը շատ ավելի դանդաղ է հասնում իր նպատակին, քան մարդկանց մեծամասնությանը հատկանշական իրենց իրական հնարավորությունների զգացողությունը: Այդպիսի մեկին, կարելի է կարծել, անտառն էլ քիչ կգա, մյուսին` ծառերն էլ բավական են: Իսկ անտառ ասածը մի ինչ-որ դժվարարտահայտելի բան է, մինչդեռ դրան հակառակ` ծառերը այսուայսքան խորանարդ մետր ծավալով, որոշակի որակի չորափայտ են նշանակում: Կամ, գուցե, այլ կերպ ավելի լավ կլինի ասել, թե սովորական իրականության զգացողությամբ օժտված մարդը նման է այն ձկանը, որ ատամները պարզած դեպի կարթն է ձգտում` չնկատելով նրբաթելին ամրացված կեռիկը, մինչդեռ այնպիսի իրականության զգացողությամբ օժտված մարդը, որ կարելի է նաև հնարավորության զգացողություն կոչել, նրբաթելը ջուրն է նետում` գաղափար անգամ չունենալով, թե կե-ռիկի ծայրին խայծ կա± ամրացված, թե± ոչ: Խայծը կրծոտող կյանքի կրողի նկատմամբ ծայրահեղ անտարբերությունը նրան կանգնեցնում է կատարելապես անհեթեթ արարքներ իրեն թույլ տալու վտանգի առջև: Անգործնական մարդը (իսկ այդպիսին նա ոչ միայն թվում է, այլ հենց այդպիսին էլ կա) անհուսալի ու անվստահելի է մնում, և մարդկանց հետ հարաբերություններում երբեք չես իմանա, թե նրանից ինչ կարելի է սպասել, այնքան որ անբացատրելի ու անկանխատեսելի է: Նա կսկսի գործողություններ կատարել, որոնք իր համար ինչ-որ այլ բան են նշա-նակում, քան ուրիշների, և սակայն ամենայն հանգստությամբ կընկալի այն ամենը, ինչ իրեն կառաջարկվի, եթե միայն դա հնարավորություն ընձեռի տեղավորվել որևիցե անսովոր, նույնիսկ արտասովոր թվացող գաղափարի պատյանի մեջ. մանավանդ որ, այսօրվա դրությամբ, նա դեռևս շատ հեռու է հետևողական լինելուց: Օրինակի համար` միանգամայն հնարավոր է, որ հանցագործությունը` մեկ ուրիշին վնաս պատճառող, նրան սոսկ իբրև հասարակական թերահաշվարկ կամ սխալմունք պատկերանա, որի մեջ մեղավորը ոչ թե հանցագործն է, այլ հասարակական կառուցվածքը: Հակառակ դրան` խիստ կասկածելի է, թե արդյո±ք ապտակը, որը հենց իրեն բաժին կընկնի, նրան իբրև հասարակության դեմ ուղղված անպատվություն կներկայանա կամ, թեկուզ, առնվազն նույնքան անանձնական մի բան, ինչպես, ասենք, շան կծելը կարող է լինել: Ամենայն հավանականությամբ` նա նախ և առաջ կփորձի պատասխան ապտակ հասցնել դիմացինին և ապա միայն, ըստ երևույթին, կգա այն ըմբռնմանը, որ այդ բանն իրեն չպետք է թույլ տար անել: Եվ վերջապես, երբ նրանից խլեն սիրուհուն, ապա նույն օրը ևեթ նա դեռևս ամբողջովին չի կարողանա իր մեջ ուժ գտնել` անտեսելու այդ փաստը կամ հրաժարվելու կատարված եղելությունը որպես իրականություն դիտելու մտքից և վնասը հատուցելու նպատակով իրեն մի նոր, անակնկալ մատուցված զգացումով պարգևատրել: Այդ պահին դեպքերի զարգացումը դեռևս իր ընթացքի մեջ է և առանձին վերցրած մեկ մարդու համար ինչպես թուլության, այնպես էլ` ուժի հնարավոր դրսևորման իմաստ է ստանում:
          Եվ քանի որ հատկանիշների ձեռքբերումը որոշակիորեն արտահայտված ուրախություն է ենթադրում նրանց իրականություն լինելու կապակցությամբ, ապա դա թույլ է տալիս նկատելու, թե ինչպես ցանկացած ոք, ով իր անձի հանդեպ անգամ իրականության զգացողություն չի տածում, անսպասելիորեն կարող է պատահել, որ մի գեղեցիկ օր ինքն իր առջև ներկայանա որպես մարդ առանց հատկությունների:

5   Ուլրիխ

Առանց հատկությունների մարդը, ում մասին այստեղ պատմվում է, կոչվում էր Ուլրիխ, և Ուլրիխը – հաճելի չէ ամեն անգամ անունով կոչել որևէ մեկին, ում հետ դեռևս շատ թռուցիկ ես ծանոթ, սակայն նրա ազգանունը` իր հոր հանդեպ պատկառանքից դրդված` հարկ ենք համարում լռության մատնել – իր մտածողության յուրահատուկ կերպի առաջին օրինակը ցույց տվեց արդեն իսկ մանկական հասակից պատանեկությանն անցնելու սահմանագծին` հայրենասիրության գաղափարն արծարծող դպրոցական իր մի շարադրության մեջ: Հայրենասիրությունը Ավստրիայում խիստ առանձնահատուկ առարկա էր: Քանզի գերմանացի երեխաներն, օրինակ, պարզապես ուսանում էին արհամարել ավստրիացի երեխաների պատերազմները, և նրանց ուսուցանում էին, թե ֆրանսիացի երեխաները խեղճուկրակ անառակաբարոների թոռներն են, որ հազարներով փախչում են իրենց մոտեցող գերմանացի երկրապահ զինվորի տեսքից, մանավանդ երկարամորուս արտաքինով: Դերերի դրափոխությամբ, ապա թե ցանկալի փոփոխություններով` բացառապես նույն բանն էին սովորում նույնքան հաճախակի հաղթանակած ֆրանսիացի, ռուս ու անգլիացի երեխաները: Իսկ երեխաները պարծենկոտ են, սիրում են խաղալ ավազակի ու ոստիկանի խաղը և մշտապես պատրաստ են մեծ X-փողոցի Y ընտանիքը, եթե իրենք պատահաբար նրան են պատկանում, աշխարհի ամենագլխավոր ընտանիքը համարել: Հետևաբար նրանց շատ հեշտ է հայրենասիրությամբ վարակել: Ավստրիայում, սակայն, դա փոքր-ինչ ավելի բարդ էր: Քանի որ պատմության ընթացքում իրենց վարած բոլոր պատերազմներում ավստրիացիները թեև հաղթել են, սակայն այդ պատերազմների մեծամասնության արդյունքում մշտապես ինչ-որ բան ստիպված են եղել զիջել: Դա միտքը մշտարթուն է պահում, և Ուլրիխը, հայրենասիրության թեմայով իր շարադրության մեջ, գրել էր, թե իսկական հայրենասերը երբեք չպետք է իր հայրենիքը լավագույնը համարի: Ավելին, իր վրա իջած պայծառատեսության պահին, որն իրեն որպես առանձնահատուկ գեղեցկություն էր պատկերանում, թեև ինքը ավելի շուտ կուրացած էր նրա փայլից, հասկանալու համար, թե ինչ էր տեղի ունենում իր աչքերի առաջ, նա այդ կասկածելի նախադասությանն ավելացրեց երկրորդը ևս, թե, հավանաբար, Աստված ինքն էլ նախընտրում է իր արարչագործած աշխարհի մասին խոսել Conjunctivus potentialis  եղանակով (hic dixerit quispiam = այստեղ կարելի է առարկել), քանի որ Աստված արարում է աշխարհը, ընդսմին` մտածելով, որ այն կարող էր և այլ կերպ լինել: Ուլրիխը չափազանց հպարտ էր այդ նախադասության համար, սակայն, նա գուցե այնքան էլ հասկանալի չէր արտահայտվել, որովհետև մեծ աղմուկ-աղաղակ բարձրացավ և քիչ էր մնում նրան դպրոցից հեռացնեին, չնայած այդպես էլ որևէ որոշում չկայացվեց, քանի որ չէին կարողանում կողմնորոշվել, թե արդյոք նրա այդ հանդուգն դիտարկումը պետք էր հայրենիքի հանդեպ հանդիմանությու՞ն համարել, թե՞ աստվածանարգություն: Այն ժամանակ նա դաստիարակվում էր համբավավոր Թերեզիանական արքունական վարժարանում, որը պետությանը մատակարարում էր ամենաազնվակարգ հերթափոխով, իսկ նրա հայրը, զայրացած այն ամոթանքից, որի մեջ հայտնվել էր իր ճյուղից հեռու ընկած խնձորի պատճառով, Ուլրիխին օտարության ուղարկեց, մի փոքրիկ բելգիական կրթական հաստատություն, որը գտնվում էր կորած-մոլորված մի քաղաքում, ղեկավարվում էր խելամիտ առևտրական հմտություններով, և, թեև ցածր գնային քաղաքականությանը, մեծագույն եկամտաբերությամբ էր աշխատում` ի հաշիվ ճանապարհից շեղված աշակերտներից գանձվող տուգանքացուցակի: Այնտեղ Ուլրիխը սովորեց ուրիշների իդեալների հանդեպ իր արհամարանքին միջազգային հնչեղություն հաղորդել:
            Այն ժամանակվանից անցել էին տասնվեց կամ տասնյոթ տարիներ` ինչպես քամուց քշվող երկնքի ամպերը: Ուլրիխը ո'չ ցավում էր նրանց համար, ո'չ էլ առանձնապես հպարտ էր դրանց առթիվ, իր կյանքի երեսուներեքերորդ տարում նա միայն զարմացքով նայում էր նրանց հետևից: Այդ ընթացքում նա շատ վայրերում էր եղել, երբեմն էլ` կարճ ժամկետով հայտնվում էր իր հայրենիքում,  ամենուրեք զբաղվելով ինչպես արժանավոր, այնպես էլ` դատարկ բաներով: Արդեն ակնարկվել է այն մասին, որ նա մաթեմատիկոս էր, և այդ մասին չարժե թերևս ավելին ասել, քանզի ցանկացած մասնագիտական բնագավառում, որին եթե անգամ փողի համար չես ծառայում, այլ սիրուց դրդված, գալիս է մի պահ, երբ թվում է, թե տարիների անցնելուն հետ ոչինչ չի կատարվում: Այն բանից հետո, երբ այդ պահը շատ երկարաձգվեց, Ուլրիխը մտաբերեց, որ հայրենիքին վերագրում են խորհրդավոր մի հատկո